11:41   31-05-2023
Image Description
Կմշակվի մայրաքաղաքի թվային փոխակերպման ռազմավարություն
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը:  Այն առաջնահերթ ուղղված է քաղաքի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ապահովմանը: 

Ռազմավարության մշակման վերաբերյալ հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Ընդգծելով գործակցության համար առկա լայն դաշտը՝ փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի համար առանցքային է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջական թվայնացումը: Մասնավորապես Տիգրան Ավինյանը մատնանշել է շինթույլտվությունների տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի, այդ թվում «Թեժ գիծ» ծառայության թվայնացման ու պարզեցման գործընթացի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով գործիքակազմին՝ քննարկվել է քաղաքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների համար միասնական հարթակի ստեղծման գաղափարը: Այն քաղաքացիներին հասանելի կլինի կայքի և բջջային հավելվածի միջոցով: Հատուկ ընդգծվել է օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովումը:

«Մեզ համար առաջնային խնդիրներից է բնակիչների համար քաղաքային ծառայություններն առավել հասանելի ու մատչելի դարձնելը: Այս առումով հարկավոր է քաղաքի համար նախատեսված թվային փոխակերպման առանձին ռազմավարություն ունենալ, թեև Երևանը ներառված է նաև Հայաստանի թվայանցման ռազմավարության միջոցառումների ծրագրում: Հաշվի առնելով Վաշինգտոն այցի ընթացքում ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններն ու նաև այսօրվա քննարկումները, հուսով ենք առաջիկայում գործնական առաջընթաց կունենանք և Համաշխարահային բանկի աջակցությամբ կկարողանանք իրագործել կարևոր այս նախագիծը»,- ընդգծել է փոխքաղաքապետը: 

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Խուրամ Ֆարուկն ու Արման Վաթյանը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել գործընթացին՝ միաժամանակ երևանյան կողմից ակնկալելով առաջնահերթ ծառայությունների հստակեցված ցանկ:  Կողմերը խոսել են նաև համատեղ այլ ծրագրերի իրագործման հեռանկարներից և պայմանավորվել առաջիկայում առավել առարկայական քննարկում անցկացնել: 

Loading...