Դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասով Եկեղեցու դիրքորոշմանը ԿԳՄՍՆ-ը հարգանքով է վերաբերվում: Այդ մասին ԱԺ-ում բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թեմայի շրջանակում Եկեղեցու հետ ունեցած քննարկումներին:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Եկեղեցու պատմության մասով կարևոր գիտելիքը, արժեքները շարունակելու են մնալ դպրոցում: Նա որպես օրինակ ներկայացրեց 5-րդ, 6-րդ դասարաններում դասավանդվող «Ես և իմ հայրենիքը» առարկան, որի շրջանակում հայկական ծեսերի, տոնակատարությունների մասով շատ կարևոր գիտելիք կա, որը փորձ է արվում դարձնել կիրառելի և արժեքային դաստիարակության հիմք:
Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, ապա այդ մասով պատմությանն առնչվող գիտելիքը ներառվում է «Պատմություն», արժեքները՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում:
«Այնպես որ, կարծում եմ՝ այն մտավախությունները, որն ունի Եկեղեցին, որ առանձին առարկա չունենալը որևէ կերպ կվտանգի այն կարևոր գիտելիքներն ու արժեքները, որ բոլորս պատկերացնում ենք, հասկանում ենք, ես կարծում եմ, որ մանկավարժական տեսանկյունից այդ մտավախությունը չկա»,- ասաց նախարարը: