12:39   03-06-2023
Image Description
Գեղարքունիքում կիրականացվի վերականգնվող էներգիայի ավելացմանն ուղղված ծրագիր
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հրավիրված քննարկում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նախատեսված նոր ինտերգրված ծրագրի բովանդակության վերաբերյալ, որը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը: Տռեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիսթիան Հենշելը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, միջազգային փորձագետներ:

Հյուրերն իրազեկել են, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ներկայումս պլանավորում է նոր ինտեգրված ծրագիր, որը ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և վերաբերում է լավ կառավարման, մասնավոր հատվածի զարգացման և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև էներգիայի և կլիմայի ոլորտներին։

Էներգիայի և կլիմայի ոլորտներում գործողությունները նպատակաուղղված են լինելու քաղաքային ծառայություններում էներգոարդյունավետությունը բարձրացնելուն և վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ավելացնելուն։ Թիրախավորվելու են մասնավորապես ջրի հետ առնչվող ծառայությունները, բայց նաև քաղաքային շենք-շինությունները և մասնավոր տնտեսությունները։

Ծրագրի նպատակն է՝ այս կերպ ուժեղացնել համայնքների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ կրճատելով ջերմոցների գազերի արտանետումները, ինչի արդյունքում համայնքների կախվածությունը հանածո վառելիքից և էներգիայի ներմուծումից կնվազի։

2023 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գնահատման հանձնախմբի այցի շրջանակներում ուսումնասիրվելու են քաղաքական գործընկերների հետաքրքրությունները, ներուժը, համայնքներում տիրող իրավիճակը և առկա կարիքները։ Ծրագիրն իրականացվելու է 2024 թվականի ապրիլից մինչև 2027 թվականի մարտ ամիսը, Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։


Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցները տեղեկատվություն են ներկայացրել մարզում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, խմելու և ոռոգման ջրամատակարարման ընդհանուր վիճակի, այդ ոլորտներում իրականացված և կամ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, գնահատված կարիքների մասին, պատասխանել են հյուրերին հուզող հարցերին։

Loading...