12:41   03-06-2023
Image Description
Կարևորվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 2-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էին նաև ծառայության տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Ողջունելով հյուրերին՝ ծառայության տնօրենը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։ Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Փրկարար ծառայության համատեղ աշխատանքը հաջողված է, կան երկկողմ արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ։

Մասնավորապես, նա նշել է օրեր առաջ էլենթակայանում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը, որը հնարավորություն է տվել կանխել հրդեհի հետագա տարածումը: Ինչպես նաև հավելել է տարիներ առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Թումանյան կայարանի մոտակայքում երկաթգծի ուղիներում վառելիքով բեռնված վագոնների մասնակցությամբ մասշտաբային պատահարի ժամանակ Ծառայության բարձր մակարդակով իրականացված գործողությունները, խոսել քարաթափման վտանգ ներկայացնող հատվածներում փրկարարների ցուցաբերած աջակցության մասին, որոնց ընթացքում երկկողմ ակտիվ և արդյունավետ համագործակցություն է իրականացվել։

Մելնիկովը կարևորել է այն հանգամանքը, որ իրենց մասնագետները Ծառայությունում անցել են վերապատրաստումներ և ստացել «փրկարարի» որակավորում, ինչը հնարավորություն է տվել վերջիններիս, մինչև մասնագիտացված ուժերի դեպքի վայր հասնելը, ճիշտ գնահատել իրավիճակը և կազմակերպել նախնական արձագանքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ուղղություններով իրականացրած նաև այլ աշխատանքներ: Կողմերն անդրադարձել են հետագա փոխգործակցության ընդլայնմանը. մասնավորապես՝ անտառային հերդեհների ժամանակ տեխնիկական աջակցության, տարերային և տեխնածին արտակարգ դեպքերի կանխարգելման և այլ հարցերի շուրջ։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ կուտակած փորձը և կատարված աշխատանքները կարող են արդյունավետ հիմք հանդիսանալ հետագա ծրագերի իրականացման համար։

Տնօրենը նաև շեշտել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը, պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում Ծառայության մասնագետներին ներգրավել թիրախային տեղանքների ընտրման, պլանների մշակման աշխատանքներում և անցկացնել վարժանքներ առավել իրատեսական պայմաններում: Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ջանքերի մեկտեղման, սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ։

Loading...