16:21   07-06-2023
Image Description
Ալեն ՍԻմոնյանը համոզված է, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալություն համար՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ու նույնն ակնկալում է Միացյալ Թագավորությունից:

Հանդիպմանը նշվել է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Կողմերը քննարկել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, և այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Հայաստանը՝ որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, առավել կարևորում է արդյունավետ միջխորհրդարանական համագործակցությունը և խորհրդարանականների միջև փոխգործակցությունը: Գոհունակությամբ եմ արձանագրում մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի վերջին երկու տարվա ընթացքում փոխայցերն ու առկա ակտիվ գործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա առանձնացրել է ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 24-ին Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ՄԹ խորհրդարանում կազմակերպված հատուկ քննարկումները:

Գործընկերներն անդրադարձել են Հարավային Կովկասում ներկա իրավիճակին, մասնավորապես, զրույց է ծավալվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած բազում, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է այս ուղղությամբ միջազգային անվտանգության մանդատով օժտված Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: Նա հիշատակել է ՄԹ կառավարության կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով տուժածներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:

Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ խորհրդարանում նկատվող իրազեկվածության մակարդակի զգալի աճը՝ երախտագիտություն հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ՄԹ խորհրդարանի դիրքորոշման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Loading...