ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։
«Խորհրդանշական է, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա՝ պետական տոնի հետ»,– բժշկագիտական խոշորագույն համագումարի բացմանը, ողջունելով աշխարհի բոլոր կողմերից Հայաստան ժամանած անվանի բժիշկներին, գիտնականներին, բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Միասին կարող ենք ավելին» համահայկական համագումարի այս տարվա կարգախոսը ավելի քան երբևէ արդիական է. մեկտեղելով Հայաստան-Արցախ-Սփյուռք ամբողջ ներուժը՝ հնարավոր կլինի հզորացնելու առողջապահական համակարգը։
4 տարին մեկ կազմակերպվող կարևորագույն այս միջոցառումը համահայկական բժշկագիտական մտքի հայրենիքում մեկտեղման, փորձի փոխանակման, մարտահրավերների դիմակայման ուղիների մշակման բացառիկ հարթակ է։
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 8-ը։