Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշմանը:
«Մեր խմբակցությունը հայտարարում է, որ մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների, իսկ դա անելու համար ընդամենը պետք է ներկա չգտնվենք առաջին նիստին: Մենք ներկա չենք լինելու, որպեսզի քվորում չլինի, քաղաքապետ չընտրվի, նիստը տապալվի»,- ասաց նա` հիշեցնելով, որ նույն որոշումն է կայացրել նաև ընտրապայքարին մասնակցած և մանդատներ ստացած «Մայր Հայաստան» դաշինքը:
Մարությանի խոսքով` սպասում են «Հանրային ձայն» կուսակցության որոշմանը: Նա նշեց` եթե «Հանրային ձայն»-ի ավագանու անդամներից որևէ մեկը չներկայանա նիստին, ապա քվորում չի լինի, քաղաքապետ չի ընտրվի, և կգնան նոր ընտրությունների, հակառակ պարագայում ընտրվում է իշխանական թեկնածուն:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ:
«Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- ասված էր դաշինքի հայտարարության մեջ։