13:07   29-09-2023
Image Description
«Հայաստանը պետք է կատարի միջանցքը բացելու խոստումները». Թուրքիայի ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիեթ»-ին, որում անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին, միջանցքի խնդրին և հոկտեմբերի 5-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ 

Գյուլերը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, հատկապես՝ միջանցքի բացումը և արդյունքի վրա հիմնված բանակցությունների շարունակության ապահովումը, կայունության հաստատման միակ ուղիներն են։

Մենք ուշադիր հետևում ենք բանակցություններին, որոնք կողմերը կանցկացնեն առաջիկա օրերին՝ Իսպանիայում։ Արժե նորից ասել՝ մենք, ինչպես միշտ, աջակցում ենք մեր սիրելի եղբայր Ադրբեջանին՝ «երկու պետություն, մեկ ազգ» ըմբռնումով»,- ասել է նա։

Ըստ Գյուլերի՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում Ալիև-Փաշինյան հանդիպումը կարևոր կլինի․ «Հիմա Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Ադրբեջանից ունեցած ամեն պարտություն ցնցում է Փաշինյանի աթոռը Երևանում։ Եթե ​​Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երեւանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը։ Փաշինյանը Իսպանիա պետք է գա՝ չանտեսելով այդ վտանգը»։

Loading...