ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի
ժամանակ ասել է, որ հայ-հունական համագործակցությունը
բավականին արդյունավետ է նաև բազմակողմ հարթակներում, որը Հայաստանը մտադիր է շարունակել:
«Իմ գործընկեոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումից
հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները,
ծրագրերը և նախաձեռնությունները որոնցով Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել,
մասնավորապես «Խաղաղության խաչմերուկը» որպես լուծում, օրինակ՝ տարածաշրջանում տրանսպորտային
և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և մյուս մանրամասները», - ասել է Արարատ
Միրզոյանը:
Նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած
դանդաղեցումներին և որոշ դեպքերում ապակառուցողականությանը՝ Հայաստանի Հանրապետությունը
վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու
խաղաղության բանակցությունները:
«Մենք
հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական
կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության
հաստատման հարցում», -հավելել է ԱԳՆ Արարատ Միրզոյանը և եզրափակելով՝ շնորհակալություն
հայտնել Հունաստանի ԱԳ նախարարին այցի համար:
Անի Էվինյան