«Կարծում եմ, որ իրենք
իրենց համար նոր Վազգեն Սարգսյան հաստատ կբացահայտեն »,- այս մասին նշում է Վազգեն
Սարգսյանի եղբոր դուստրը՝ Նոնո Սարգսյանը:
Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն.
վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն
Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։
Ֆիլմի տնօրեն Արմենուհի Ստեփանյանը
հիշում է, թե ինչպես է ծագել ֆիլմի ստեղծման գաղափարը:
«Նոնոն դեռ 2023-ի վերջին
ասեց, որ ցանկանում է հորեղբոր մասին ֆիլմ նկարել, միայն այդ գաղափարից փշաքաղվեցի»:
Ֆիլմարտադրողները նշում են, որ էկրանին
տեսնելու եք Վազգեն Սարգսյանի կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են
մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։
Գլխավոր պրոդյուսերն ու մտահղացման
հեղինակը՝ Նոնո Սարգսյանը, ասում է, որ բոլորը Սպարապետին հիշում են ջղային ու
հոգնած:
«Ինքն ասում էր, չէ՞, որ
բոլորն ինձ ճանաչում են ջղայնացած, հոգնած ու մորուքով, բայց իրականում կերպարը լուսավոր,
բարի, հրաշալի հորեղբայր ու եղբայր, մի տեղ ջղային, բայց մի տեղ շատ բարի: Այդ ամենը
ֆիլմում կտեսնեն հաստատ»:
Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ
Խորեն Լևոնյանն է, իսկ հերոսի մոր դերում հանդես է եկել հայտնի դերասանուհի Մարջան
Ավետիսյանը, հորը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը:
Սպարապետի դերը մարմնավորած Խորեն Լևոնյանն ասում է:
«Դերասանի կյանքում դա
կյանքի դեր է, ու ես փորձել եմ 100 տոկոսանոց աշխատել և փորձել եմ՝ ինչքան ուժ, եռանդ
և առողջություն ունեմ, դնեմ այս ֆիլմի մեջ: Փորձել եմ չկրկնօրինակել, որպեսզի չվերածվի
«տնազի» կամ «պարոդիայի», այլ փորձել եմ մի ուրիշ տեսակ անել, որովհետև մենք նստեցինք
բոլորս, խորհրդակցեցինք ու ասեցինք. եթե ուզում ենք մեկին մեկ անենք, կարծում եմ՝ այդքան
էլ ճիշտ չէ: Փառք Աստծո, որ բոլորը համաձայնեցին և ստացվեց այն կերպարը, որ դուք կտեսնեք ֆիլմում»:
Մոր կերպարը կերտած Մարջան Ավետիսյանն անկեղծացավ,
թե ինչ հոգեկան ապրումներ է ունեցել դերը խաղալիս, և որքան բարդ է եղել իր համար
նկարահանումների ավարտից հետո դերից դուրս գալն ու ապրելը իր սովորական կյանքով:
Նշում է, որ Խորեն Լևոնյանն ինքնին ունեցել է բնական նմանություն Վազգեն
Սարգսյանին, իսկ Գրետա մայրիկի դերում հանդես գալու համար մեծ աշխատանք է տարվել,
որպեսզի մաքսիմալ նման ստացվի կերպարը:
«Իզուր չէ, որ ասում են
Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է: Իմ դեպքում չափազանց դժվար էր դերը կերտելը: Ե՛վ դիմահարդարների, և՛ այլ մասնագետների շնորհիվ ենք փորձել դա ստանալ: Հուսամ՝ այն հոգեկան ապրումները,
որ ես ունեցել եմ, կարողացել եմ փոխանցել: Այն մեծ սերն իր ընտանիքի հանդեպ, իր որդու
հանդեպ և այն մեծ սերն իր հայրենիքի հանդեպ, որ Գրետա մայրիկն ունեցել է»:
Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛
մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Սպարապետի մասին հիշողությունները:
Ալբերտ Ավետիսյան