11:09   10-05-2025
Image Description
Անցյալից դեպի ներկա. հայ մշակույթի ուղին երիտասարդների հայացքով
Թողնել մեկնաբանություն

Հայկական տարազ, մշակութային ինքնության վերաբերյալ պանելային քննարկում և մի խումբ մշակութասեր երիտասարդներ։ Մայիսի 8-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը կազմակերպել էին «Բացահայտելով հայի մշակութային ինքնությունը» խորագրով կրթական միջոցառում։

Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձան այն հարցին, թե ինչպես է ձևավորվել հայի ինքնությունը դարերի ընթացքում, ինչ արժեքներ են պահպանվել և որքան կարևոր են դրանք ներկա ու ապագա սերունդների համար։

ԵՊՀ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանը շեշտեց, որ երիտասարդների համար այսօր առաջնային է ինքնության արմատներին վերադառնալու գաղափարը։ Նրա խոսքով՝ հաճախ մոռացվում է՝ «թե ինչից ուր ենք հասել»։

«Սա ինքնության մասին ծրագիր էր, որի ժամանակ մենք բացահայտեցինք հայի մշակութային
ինքնություը: Հասկացանք, որ լեռնական միջավայրում ձևավորված ազգին ու ժողովրդին միավորել
է երգը, պարն ու այն բոլոր ծիսական արարողությունները, որոնք ձևավորել են հայի կերպարն
ու ինքնությունը և այդ ինքնությունը մենք հաճախ մոռանում են՝ հետևելով շատ եվրոպական
արժեքների, որոնք մեզ տանում են դեպի «կործանման»»:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը կարևորում է ինքնության երեք հիմնասյուն՝ լեզուն, մշակույթը և կրոնը։

«Ինչի եմ այս երեքն առանձնացնում, որովհետև բոլորիս միավորող այն կետերն են, որոնք
առանց խտրականության կարող են իրենց մեջ ամփոփել բոլոր հայերին՝ անկախ ունեցած տարատեսակ
հայացքներից և արժեհամակարգերից»:

Նա նաև ընդգծեց, որ այս միջոցառումը նվիրված է մայիսյան հերոսամարտերի հիշատակին՝ որպես ուղերձ ներկաներին՝ հիշեցնելու դեպի ինքնություն տանող ճանապարհը։ Միջոցառման մեկ այլ կարևոր նպատակի մասին խոսեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մանե Մանյանը՝ նշելով.

«Միջոցառման մեկ այլ նպատակ է ուսանողներին իրազեկել և ցույց տալ պատմական Հայաստանի,
ինչպես նաև Արցախի և Սյունիքի առանձնահատկությոնները»:

Այս նախաձեռնությունը ոչ միայն ուսուցողական էր, այլև հիշեցում՝ մեր արմատներին, ինքնությանը և մշակույթին վերադառնալու կարևորության մասին։ Երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու մտահոգ հայացքը վկայում են, որ մշակութային ժառանգությունը կենդանի է, երբ այն ճանաչվում, գնահատվում ու փոխանցվում է սերնդեսերունդ։


Ալբերտ Ավետիսյան

Loading...