18:56   23-09-2020
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հելեն Ֆեյզիին, անդրադարձ է արվել նաև ապօրինի ծագման գույքի բռնագանձման բրիտանական փորձի ուսումնասիրության հնարավորություններին
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին, տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման ընթացքում հատկապես արդարադատության ոլորտում կարձանագրվեն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հաջողություններ։

Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանում 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող հավակնոտ բարեփոխումների օրակարգը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության ամրապնդմանը, ոստիկանության բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Արդարադատության նախարարն ընդգծել է նաև, որ այդ բարեփոխումների ճանապարհին Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարարության, սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ այդ համատեքստում կարևորելով Միացյալ Թագավարության հետ իրականացված մի շարք ծրագրերը՝ ուղղված սնանկության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն։

Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և բարեփոխումներին ուղղված աշխատանքները համալիր ներկայացնելու համար ու ընդգծել, որ կանի առավելագույնը Արդարադատության նախարարության և դեսպանության միջև առկա արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար։

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի բացահայտման ոլորտներում բրիտանական փորձի ուսումնասիրության հնարավորություններին։

Loading...