17:24   24-09-2020
Փոքր ու միջին բիզնեսի եկամուտները նվազել են, վարկերի այնպիսի վերակառուցումներ են պետք, որոնք թույլ կտան բիզնեսին նոր շունչ ստանալ. Արկադի Խաչատրյան
Թողնել մեկնաբանություն

Անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, ըստ որի՝ միայն քաղաքացու խնդիրն է, եթե կնքել է վարկային պայմանագիր և այժմ դժվարությունների առաջ է կանգնել դրա հետևանքով։

Այս մասին ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ պետությունը պետք է հարթակներ ստեղծի, որպեսզի քննարկման առարկա դարձնի այս խնդիրները, լուծումներ գտնի և քաղաքացուն մենակ չթողնի իր խնդրի հետ:
 
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսավարող սուբյեկտներ վարկերի մարման հետ կապված դժվարություններ ունեն:

«Եվ սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ, ակնհայտ է եկամուտների անկումը, շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները: Փոքր, միջին բիզնեսի եկամուտներն էապես նվազել են, խնդիր կա վարկերի սպասարկման մասով»,- ասաց նա։

Պատգամավորը կարևոր համարեց, որ մասնավորի հետ համագործակցությունը լինի արդյունավետ, վարկերի վերակառուցման այնպիսի լուծումներ տրվեն, որոնք թույլ կտան բիզնեսին նոր շունչ ու թթվածին ստանալ, ժամանակ շահել, որ կարողանան վերականգնվել:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...