18:19   24-09-2020
Հայկական և ռուսական ուժերը համահունչ են գործել. «Կովկաս-2020» զորավարժություն
Թողնել մեկնաբանություն

«Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլի ընթացքում ՀՀ զինված ուժերը հարձակվեցին պայմանական հակառակորդի վրա: Կատարված աշխատանքի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ասաց, որ զորավարժության արդյունքները կամփոփի մի փոքր ուշ:

«Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 21-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 26-ը: Այսօր ավարտվեց կրակային փուլը, կլինեն մարդիկ, ովքեր կխրախուսվեն: Սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին, թե ովքեր են աչքի ընկել, ինչպիսի խոցումներ են եղել, որպեսզի խրախուսումները լինեն ըստ արժանվույն»,- նշեց Փարվանյանը և հավելեց, որ զինծառայողները լավ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդը «խախտել էր» սահմանը, հայկական կողմը «հետ է շպրտել» հակառակորդին և «վերականգնել» պետական սահմանը:

Loading...