17:08   25-09-2020
ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն  ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո էլ նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները զեկուցել են սեպտեմբերի 24-25-ը կատարած հիմնական աշխատանքների մասին:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերին, համապատասխան հանձնարարականներ տվել կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումներին:

«Առավելագույն զգոնություն ցուցաբերեք, տարվա ցանկացած ժամանակահատվածում կարող ենք դեպքերի թվի ավելացում ունենալ: Դուք միշտ պետք է պատրաստ լինեք ցանկացած խնդրի կատարմանը, իսկ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը: 

Loading...