Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ներառական կրթությունը հաջողելու համար մեզ գիտակցություն ու մասնագետներ են պակասում. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Երբ 1999 թվականին իմ ղեկավարած դպրոց բերեցին մանկական ուղեղային կաթվածով երեխայի, ես չգիտեի, թե ինչպես է պետք կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ուսուցումը հանրակրթական դպրոցում, որտեղ ոչինչ հարմարեցված չէր հենաշարժողական խնդիր ունեցող երեխայի համար»,-հիշում է Անահիտ Բախշյանն ու ավելացնում՝ բայց ես հստակ գիտեի, որ կրթություն ստանալն այդ երեխայի սահմանադրական իրավունքն է, որ նրա ծնողն իրավունք ունի սեփական հայեցողությամբ ընտրել իրեն հարմար դպրոցը, հետևաբար ես ընդունեցի նրան մեր դպրոց ու սկսեցինք աշխատել:

Անահիտ Բախշյանը նաև հիշում է, որ ամենավառ ընդդիմադիրները հենց մանկավարժներն էին, որոնք չունեին հմտություն՝ հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի:

Այսօր ներառական կրթությունը դարձել է պետական քաղաքականություն, շատ թվով դպրոցներ արդեն իսկ անցել են ներառական կրթության՝ որոշ տեղերում հաջողված փորձով, որոշ տեղերով այս կամ այն խնդիրներով: Ի՞նչ խնդիրներ կան ներառական կրթության գործընթացում և արդյո՞ք պաշտպանված է երեխայի կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Թեմայի մասին «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ:

-Սահմանադրությամբ ամրագրված է մարդու կրթություն ստանալու իրավունքը, բայց ըստ էության, քանի դեռ մեր երկրում ներառական կրթությունը չի աշխատում իր ամբողջ ուժով, քանի դեռ մեխանիզմներն ամբողջությամբ ներդրված չեն հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ առնվազն այս պահին..

-Առաջընթաց կա:

-Առաջընթաց կա, բայց որոշակի մարդկանց իրավունքները խախտվում են:

- Այո: Սկսենք նրանից, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության «Կրթության մասին» առաջին օրենքն ընդունվել է 1999թ.: Այնտեղ ամրագրված է, որ ծնողն է ընտրում դպրոցը: Իհարկե, սա շատ լայն ու լղոզած հասկացություն է, ամեն մեկն իր կողմն է քաշում այդ նախադասությունը, բայց հենց այդտեղից սկսվել է ներառական կրթությունը: Այդ օրենքն ընդունելուց հետո, երբ ես դպրոցի տնօրեն էի (1999թ. փետրվարից), ինձ մոտ եկավ հատուկ դպրոցի 4-րդ դասարանում սովորող հաշմանդամ երեխայի մայր եւ ասեց. «Գիտե՞ք, որ ՀՀ-ում այս օրենքը կա, եւ ես ընտրում եմ այս դպրոցը, որովհետեւ ապրում եմ Չարբախում»: Ես գաղափար անգամ չունեի, թե ինչպես պետք է կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի կրթությունը հանրակրթական մի դպրոցում, որտեղ ոչինչ հարմարեցված չի, եւ ինքն էլ մանկական ուղեղային  կաթվածի հետեւանքով ունի հենաշարժողական խնդիրներ: Բայց մի բան գիտեմ՝ մարդու իրավունքը վեր է ամեն ինչից՝ իմ կարողությունից, գիտելիքներից, հմտությունից: Եթե դու դպրոցի տնօրեն ես, եւ գալիս է այդպիսի երեխա, դու ինքդ պետք է մտածես ինչպես անել: Մենք ընդունեցինք Աշխենին: Այդ ընթացքում բավականին սերտ համագործակցություն սկսվեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքների պաշտպանությամբ: Ամենակարծր հակադարձողները մանկավարժներն էին, ամենահեշտը երեխաների հետ էր: Եթե դասարանի ծնողները ֆիքսվում են մի երեխայի վրա անկախ նրանից՝ այդ երեխան ունի առանձնահատուկ պայմանի կարիք, թե՝ ոչ,  եւ իրենց երեխաներին լարում են նրա դեմ, այդտեղ շատ լուրջ խնդիրներ են առաջանում:

- Ինչպես, ասենք, եթե երեխան վատ է սովորում, չար է:

- Այո, եթե չար է, վատ է սովորում, շարժուն է, հիպերակտիվ է: Յուրաքանչյուր երեխա մի առանձնահատուկ պայմանի կարիք ունի: Մանկավարժների հետ աշխատանքը դժվար էր նրանով, որ իրենք գիտեն, որ կա հատուկ դպրոց, բայց, չգիտես ինչու, երեխան եկել է իրենց մոտ: Խորհրդային երկրի դրվածքն էր, որտեղ թեեւ Սահմանադրությամբ ամրագրված էր, բայց մարդու իրավունքները ոչինչ էին, փալասի արժեք ունեին: Եւ մեր ուսուցիչներն էլ իներցիայով, այդ կրթությամբ, կարծրատիպերով առաջ են շարժվում: Ինչպե՞ս անել: Ես իրենց հասկանում էի՝  «ինչպես անել»-ը դժվար էր: Աշխենը 4-րդ դասարանն ավարտել էր, բայց տառերի կեսը չգիտեր, շատ դժվար էր խոսում: Դասաժամին Աշխենին մի հարց տալը մյուսների ժամանակից էր խլում: Բայց այդ երեխան կա, դա իր իրավունքն է: Ի՞նչը փոխեց մեր մանկավարժների մեջ այդ մտայնությունը. իրենք կոնկրետ այդ երեխայի վրա տեսան, որ առանձնահատուկ պայմանը կարողանում են ապահովել, մասնավորապես՝ Աշխենի հետ լրացուցիչ պարապում էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նունե Վարդանյանը: Ուզում եմ հատուկ շեշտել անունը, որովհետեւ նա «դեմ»-երից մեկն էր: Բայց երբ ինքն աշխատեց, տեսավ, թե Աշխենն ինչ արագությամբ է հաղթահարում այդ դժվարությունները, սովորում է ավելի հեշտ խոսել, տառերը մի տարում սովորեց, սկսեց կարդալ, գրել. այս անգամ չէինք կարողանում Աշխենին լռեցնել՝ այնքան էր խոսում: Ինքը սկսեց իրեն գնահատել որպես մանկավարժ, իր հաջողությունը տեսավ, եւ մյուսներն էլ աստիճանաբար տեսան եւ ասացին՝ ինչո՞ւ պիտի այս երեխան գնա հատուկ դպրոց, որտեղ բոլորն ունեն այդպիսի խնդիրներ, իրարից ի՞նչ պիտի սովորեն: Չէ՞ որ սոցիալական կյանքում դու այնքան բան ես սովորում քո միջավայրից՝ բակից, դասարանից: Եւ աստիճանաբար այդ հաղթահարվեց: Հետո իրենք եկան այն մտքին, որ, այո, սա իր իրավունքն է: Աշխենից հետո եկան շատ տարբեր կարիքներով այլ երեխաներ: Բոլորի յուրահատկությունը հասկանալը շատ դժվար է, եւ չեմ կարծում որեւէ համալսարան կարողանա տալ դեղատոմսեր, թե որ երեխայի առանձնահատուկ պայմանն ինչպես շտկես, եթե դու բաց չես, այդ իրավունքը չես տեսնում, քո գլխավերեւում չես դնում՝ սա կա, ես պիտի ապահովեմ: Այս մտայնությամբ աստիճանաբար հաջողվեց, եւ 2007-ին, երբ ես դուրս եկա դպրոցից, ունեինք  կրթության առանձնահատուկ պայմանի կարիքով 36 երեխա՝ աուտիկներ, դաունի համախտանիշով, հենաշարժողական խնդիրներով, մտավոր հետամնաց, եւ մենք հրաշալի մթնոլորտում էինք ապրում:

- Երբ դուք պատմում էիք, ես մի կարեւոր կետ առանձնացրեցի. ծնողն ունի այդ իրավագիտակցությունը, կարդացել է օրենքը եւ պահանջատեր է լինում: 1999թ.-ից շատ տարիներ են անցել, այսօր ծնողի իրավագիտակցությունն ի՞նչ մակարդակի է:

- Ավելի բարձր է, քան 1999 թ. էր: Աշխենի մայրիկի բախտը բերել էր, որ ինքը «Հույսի կամուրջ»-ի հետ էր համագործակցում, ու իրեն ասել էին, ինքը, բնականաբար, օրենքը չէր կարդացել: Այսօր շատ ավելի բարձր է իրավագիտակցությունը, մանավանդ, երբ 2014թ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ համընդհանուր ներառական կրթությունը հայտարարվեց պետական քաղաքականություն. սա ո՛չ քաղաքապետի, ո՛չ վարչապետի, ո՛չ ընդդիմության, ո՛չ իմ, ո՛չ իշխանության, այլ պետական քաղաքականություն է, որը պարտավոր են հարգել բոլորը: Բայց ցավոք, հենց իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այս պետական քաղաքականությունը չեն հարգում:

- Մենք որոշ դպրոցների տնօրենների խոսքերն ենք հիշում, որոնք հրաժարվում էին այն նույն պատճառաբանությամբ, որ դպրոցները հարմարեցված չեն, ծրագիր ու մանկավարժ չունեն: Այսինքն, գործ չանելու համար հազար ու մի պատճառ էին գտնում:

- Այո, այդ խնդիրներն ունենք: Բայց ՀՀ Սահմանադրությամբ մենք 1995թ. ասել ենք՝ ժողովրդավար պետություն ենք: Ժողովրդավար պետությո՞ւն ենք՝ չէ, բայց գնում ենք դեպի դա: Այսինքն, պիտի դնես այդ նշաձողը եւ ամեն ձեւով գնաս: Հիմա ունենք՝ ինչ ունենք, գնում ենք դեպի դա: Հատկապես պիտի ասեմ, որ 2011թ. Տավուշի մարզում պիլոտային ծրագիր դրվեց՝ ամբողջ մարզն անցավ համընդհանուր ներառման քաղաքականության: Եւ մենք Տավուշի մարզով տեսանք, թե ինչպիսի տրանսֆորմացիա է տեղի ունենում ամբողջ մարզի բնակչության մասշտաբով. թվում է, թե հեշտությամբ, բայց ներսում դժվարությամբ դրվեց այդ գաղափարը: Եղան շատ շեղումներ: Բայց այն ժամանակ, որպես պատգամավոր, ես մոնիտորինգ եմ արել եւ տեսել եմ՝ Թեղուտ գյուղի դպրոցի տնօրենը հրաշալի կազմակերպել է ամեն ինչ, լավ մասնագետներ է գտել, «քեֆդ գալիս է»: Իսկ Իջեւանի թիվ 6 դպրոցը բազմամասնագիտական թիմ պիտի ունենար, բայց տնօրենն այդ թիմում ում ասես ընդունել է՝ ծանոթ, բարեկամ, խնամի: Բայց ընդհանուր առմամբ, երբ գյուղեր էի մտնում, դրսում նստած պապիկներին մոտենում-խոսեցնում էի, չի եղել մի տեղ, որ այդ պապիկները չասեն՝ գիտե՞ք, մեր գյուղի այսինչի երեխան ուներ հաշմանդամություն, դպրոց չէր գնում, բայց հիմա գնում է:  Կամ տանում-հասցնում էին Երեւան՝ հատուկ դպրոց, այն էլ՝ ոչ բոլորին:  Այսինքն, երեխային կրթությունից զրկելը բռնություն է, ամենաիսկական բռնություն:  Սյունիքի մարզն առաջինն է, որը պետական քաղաքականությունն ընդունելուց հետո կառավարության սահմանած ժամանակացույցով 2017թ. հունվարից ներդրել է համընդհանուր ներառում: Ես անցյալ շաբաթ եղել եմ Կապանի տարածաշրջանում եւ առաջինը, որ ուզում էի տեսնել՝ արդյոք բոլոր երեխաները, անկախ իրենց առանձնահատուկ պայմանից, հաշմանդամության տեսակից դպրոցում ներառվա՞ծ են, թե չէ: Ես ամփոփեցի պոլիկլինիկայի, դպրոցի, համայնքի ղեկավարների եւ Կապանի մարզպետարանի՝ երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության բաժնի տված տվյալները, եւ դրանց համաձայն 17 երեխա դուրս է մնացել: Ես գնացի Կապան, եւ գտանք այդ երեխաներին, նրանք բոլորը 100 տոկոսով ներառված են (երկուսը ընտանիքներով դուրս են եկել տարածաշրջանից): Կապանում կա թիվ 3 հատուկ դպրոց, որն ունի 58 աշակերտ, մյուսներն իրենց գյուղի կամ Կապանի դպրոցներում են: Անձամբ գնացել եմ դպրոցներ, պայմաններն եմ տեսել: Այն, որ այս քաղաքականությունը բերում է հանդուրժողականության ավելի բարձր մթնոլորտ, սա տեսանելի է, եւ մարդկանց վերաբերմունքը՝ գլուխներում «անջատիչները»  փոխել են իրենց դիրքը. դա շատ լավ է: Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք այդպես էլ չեն հավատում: Այդ երեխաներն իրենց ներկայությամբ շատ բան են փոխում:  Մի հիպերակտիվ, աուտիզմի նշաններ ունեցող երեխայի մասին ասացին, որ 3 դպրոց էր փոխել. երկուսում չէր հաջողել, բայց երրորդում (հատկապես ուզում եմ շեշտել)՝ Կապանի թիվ 11՝ Կավարտ գյուղի դպրոցում, 1-ին, թե 2-րդ դասարանցի այդ երեխայի աչքերից երեւում էր, որ երանության մեջ է: Մի դպրոցում մանկական ուղեղային կաթվածով ութերորդ դասարանցի մի երեխա սկսեց կինոյից այնպիսի բաներ խոսել, որ ես հաստատ չգիտեմ. իր ուշքն ու միտքը ֆանտաստիկ կինո ստեղծելն է, Youtube-ում արդեն էջ ունի, այս է անում, այն է անում: Նրան ինչ-որ սարք էր պակասում, եւ մեզ հետ եկած Սյունիքի զարգացման հիմնադրամի տնօրենն անմիջապես գրի առավ՝ խոստանալով ապահովել, եւ նա ասեց՝ եթե ապահովեք, ես իմ ֆիլմը կսկսեմ սարքել: Այդ երեխաներն օրինակ են մյուսների համար: Կամ թիվ 5 դպրոցի աշակերտ Շավարշը հրաշալի երգում է, բայց երաժշտական կրթություն չունի, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ նա այդ կրթությունը ստանա: Իրենք ցույց կտան, որ  առանձնահատուկ կրթության առանձնահատուկ պայմանը մարդու համար երբեմն միայն թեքահարթակ ու հարմարություն ստեղծելն է, մնացածն ինքնըստինքյան կլինի: Երբեք չի կարելի ասել՝ սահմանափակ կարողությունների տեր մարդ: Այդպես ասողին շրջվես ու հարցնես՝ ներողություն, դու անսահմանափա՞կ հնարավորությունների տեր ես:

- Մի կետի մասին էլ խոսենք, տիկին Բախշյան: Եթե այս քաղաքականությամբ լուծվում է այդ երեխաների սոցիալիզացիայի խնդիրը, որքանո՞վ է ճիշտ դա սկսել դպրոցական տարիքից:

- Ճիշտը նախադպրոցական տարիքից սկսելն է. մեր քաղաքականությունն աստիճանաբար գնում է դրան:

- Այսինքն, հաջորդ փուլը դա է նախատեսում:

- Արդեն կան ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզներ: Այս պահին պատրաստ է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում դրված է նախադպրոցական կրթության մեջ ներառական պետական քաղաքականությունը որդեգրելու խնդիրը: Բայց ուրիշ խնդիր կա. քանի որ նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, եւ բոլոր երեխաները չէ, որ նախադպրոցական կրթություն են ստանում, մենք կունենանք երեխաներ, որոնք կզրկվեն այդ կրթությունից: Դա արդեն տեղական համայնքների գաղափարների խնդիրն է. եթե համայնքապետը լինի մեկը, ով երեխայի իրավունքը դնի իր գլխից վեր, պետք է այդ երեխաներին ներառելու ձեւը գտնի:

- Բայց եթե կա օրենք, կա Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունք, ինչո՞ւ պետք է անձերը որոշեն:

- Սահմանադրությամբ հանրակրթությունն է պարտադիր, նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ:

- Եթե կա քաղաքականություն, լուծում ես այդ մարդկանց նաեւ սոցիալիզացիայի խնդիրը, ինչպես Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ոչ թե երեխաների, այլ ծնողների, մանկավարժների դեպքում է առաջանում խնդիր, ապա նաեւ այս մասով շատ ավելի ճիշտ կլինի նախ այդ մարդկանց ինտեգրել:

- Նախադպրոցական կրթության համար մեր կառավարությունն ասում է՝  «բալը թանկ է», փող չկա: Սա հեռանկար, ապագա չտեսնող մարդկանց մոտեցում է: Իհարկե, Սահմանադրությամբ գրված է, որ դա պարտադիր չէ, բայց տարբեր օրենքներով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով  նախադպրոցական կրթությունը հանրակրթության սկիզբն է, այսինքն, սկիզբը չես անում, սկսում ես 6 տարեկանից:

- Նույն հաջողությամբ կարելի էր բուհից սկսել:

-Դա խնդիր է, բայց կան նաեւ ուրիշ խոչընդոտներ եւ լուրջ դժվարություններ, որոնց մասին ես ուրիշ անգամ կասեմ, եթե ժամանակը թույլ տա:

- Կարող ենք հիմա էլ խոսել: Ես հարցը այսպես ձեւակերպեմ. այս պահին առաջնահերթ ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի Դուք կարողանաք վստահ ասել, որ մենք կարողացանք պաշտպանել այդ մարդկանց իրավունքները:

- Առաջին ամենալուրջ խնդիրը, որ ես տեսա թե՛  Տավուշում, թ՛ե  Սյունիքում, կադրերի խնդիրն է: Հիմա դպրոցներում յուրաքանչյուր 100 աշակերտին մեկ ուսուցչի օգնականի դրույք է տրվում, եւ շատ ցանկալի կլինի, որ ուսուցչի օգնականները լինեն հատուկ մասնագետներ, որոնք շատ պետք են: Մինչեւ այս օրենքը դա կոչվում էր բազմամասնագիտական թիմ, որի մեջ մտնում էին լոգոպեդ, հոգեբան, սոցմանկավարժ, հատուկ մանկավարժ եւ այլն: Հիմա այս մասնագետների սով է, չկան: Ամբողջ Սյունիքում 16 դպրոց այսօր չունի ուսուցչի օգնական. պետությունը նույնիսկ ֆինանսավորել է,  բայց կադր չկա: Իսկ ուսուցչի օգնականի պաշտոնեական նկարագիրը կա արդեն: Օրինակ, լսողության խնդիր ունեցող մի երեխա կա, ով կարող է հանրակրթական դպրոց հաճախել, բայց դպրոցը սուրդոմանկավարժ չունի, եւ ծնողը ստիպված հատուկ դպրոց է տանում: Ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը: Դեռ երկու տարի առաջ, երբ մենք      Սյունիքում սկսեցինք վերապատրաստումները, «Հույսի կամուրջ»-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանի հետ գնացել ենք Գորիսի համալսարանի ռեկտորի մոտ եւ ասել, որ այս խնդիրը կա, եւ  Գորիսի համալսարանը պետք է սկսի կադրեր պատրաստել, պետք է հատուկ կրթության ֆակուլտետ բացվի: Հետո գնացել ենք նախարարի մոտ: Բոլորը գլուխները թափ են տալիս՝ այո, բայց մինչեւ հիմա չկա, ախր այստեղ «բալի» խնդիր էլ չի: Տեսեք Սյունիքի մարզում ինչքան մանկավարժներ դուրս են մնացել օպտիմալացումից. եթե ֆակուլտետը բացեն, նրանք կգան, կվերապատրաստվեն: Թող 1-2 տարով կուրսեր բացեն, մարդիկ վճարեն, սովորեն: Կամ թող դիմեն մարզպետին, որ այսքան պակաս կադր ունեն, մարզպետը նրանց ֆինանսավորի, նպատակային գործուղի, որ անպայման վերադառնան եւ այս գյուղում աշխատեն: Մեխանիզմներ կան, բայց սա հենց պետական քաղաքականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. դե օրենք է՝ ընդունել են: Մեր երկրում այդպես է՝ օրենքը գրվում է,  բայց պիտի սկսես հետեւել, որ աշխատի: Այստեղ տեղին է մի պատմություն. վերջերս ջազի հետ կապված ինչ-որ միջոցառում էր եղել, ԱՄՆ-ի դեսպանին էլ էին հրավիրել, վերջինս ասել էր. «Դուք շատ լավ ջազ եք նվագում, որովհետեւ օրենքները խախտելու վարպետ ժողովուրդ եք»: Այնպես որ մենք բոլորս «ջազիստներ» ենք:

- Ես ճի՞շտ եմ հասկանում, որ երկրորդ կարեւորագույն խնդիրը շենքերի հարմարություններն են:

- Մեր ժառանգությունը սա է, նախկինում կառուցված շենքեր են, բայց նվազագույն պայմանները կարող են ապահովել: Շենքի մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, բայց գոնե դա, զուգարանը կարող են անել: Դպրոցներ են վերանորոգել, որոնք ներառական են կոչվել, զուգարանի դռները 60 սմ են. կարելի էր մեկը սարքել համապատասխան դռնով, ներսն առանձնապես բան չի պահանջում, այսինքն՝ ծախսի տեսակետից տարբերություն չկա: Չնայած օրենքը կա, բայց չկա միտքը: «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքը պարտադրում է, բայց ո՞վ է հաշվի առնում. մինչ օրս շենք են կառուցում, բայց հարմարեցումը չկա, մատչելիությունը չեն ապահովում: Մեր խմբակցության անդամ Զառա Բաթոյանը սայլակով է մտնում-դուրս գալիս, ամեն նիստի խոսում  է դրա մասին, մնում է՝ սովորեն:

- Այս խնդիրը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի օրենքը սկսի աշխատել:

- Օրենքը դժվարությամբ, բայց կաշխատի, որովհետեւ մարդիկ սիրում են այս գաղափարը, ճիշտ գաղափար է:

- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարն այսօր հյուրընկալել էր կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan