Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պրակտիկ խորհուրդներ փորձառու «բերման ենթարկվածից». «Մարդու իրավուքնների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Վերջին տարիներին հանրահավաքների ու ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելը մասսայական բնույթ է ստացել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ բերման ենթարկվող քաղաքացին ենթարկվում է բռնությունների ոստիկանության աշխատակիցների կողմից: Նկարագրվող իրավիճակի վավերագրված ապացույց փնտրելու համար երկար որոնումներ պետք չեն. համացանցում այդօրինակ հոլովակները բազմաթիվ են: Ըստ էության, ամենահաճախը բերման ենթարկվող քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների ցանկն էլ բոլորիս է հայտնի, ցանկության դեպքում անգամ թոփ 10-նյակ կարելի է կազմել: Ի՞նչ անել, եթե հանրահավաքի կամ ցույցի մասնակից ես, իսկ քեզ ոստիկանները բերման են ենթարկում: Արդյո՞ք իմաստ ունի դիմադրությունը, եթե անգամ վստահ ես, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են, և վերջապես ի՞նչ օրենքներ պետք է իմանաս, որպեսզի կարողանաս պաշտպանել սեփական իրավունքդ ոստիկանական բաժանմունքում: «Մարդու իրավուքնների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանն իր անձնական փորձով է կիսվում հանրային ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ում «ակտիվում» կան բերման ենթարկման, կալանավորման ու խոշտանգման բազմաթիվ դեպքեր:

- Դավիթ, քեզ ակտիվ քաղաքական գործունեության մեջ հիշում եմ առնվազն 2012-2013 թվականներից, եւ մինչ այս հաղորդումը մտածում էի, որ ամենաշատ բերման ենթարկվածների թոփ հնգյակում հաստատ կլինես: Ունե՞ս բերման ենթարկվելու, կալանավորվելու եւ նման այլ գործողությունների վիճակագրություն:

- Ճիշտն ասած՝ առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Երբ գործունեություն ես ծավալում, ոտք ես տրորում, ցավեցնում, բնականաբար, դա միջոց է քեզ մեկուսացնելու քո գործունեությունից, փորձում են ճնշում գործադրել: 2012-13թթ. ավելի շատ զբաղվել եմ քաղաքացիական ակտիվությամբ, իսկ 2007-ից՝ կուսակցական ակտիվությամբ: Երբ առաջին անգամ մասնակցեցի ընտրությունների, տեղամասում՝ իմ հայրենի գյուղում (Մարտունու շրջանի Երանոս գյուղ), մարդկանց մոտ շոկ առաջացավ. ի՞նչ է նշանակում ներսում չթողնել որոշակի գործողություններ կատարել, որովհետեւ իրենք սովոր էին այլ ձեւի ընտրության: Հասկացա, որ հենց տեղում լինելով ես տեսնում հիմնական խնդիրը: Կողքից նայելն էլ է օգտակար, բայց դրա համար որոշակի փորձառություն պետք է ունենալ: Իսկ բերման ենթարկվելը սովորական գործընթաց է դարձել, եւ թոփ հնգյակում գտնվելն ինձ համար այդքան էական չէ: Այնուամենայնիվ ես մի բան գիտեմ, որ  եթե բերման ենթարկելու ժամանակ բռնություններ լինում են, բաժիններում ուղղակի հարգանքի ես հանդիպում.  ես այսքան ժամանակ դեռ որեւիցե վատ վերաբերմունք չեմ տեսել: Բռնությունները հիմնականում  լինում են հատուկ  ստորաբաժանման՝ կարմիրբերետավորների կողմից: Եթե դու քո իրավունքները գիտես, նրանք սկսում են քեզ հարգել, զգուշավոր մոտենալ: Հիշում եմ՝ սկզբում, երբ ոստիկաններին ասում էին՝ մի ծխեք ձեր սենյակներում, իրենց մոտ հարց էր առաջանում.  իրենք միշտ ծխել են, հոտը խեղդել է, իսկ հիմա ինչ-որ մեկն եկել եւ ասում է, որ աշխատասենյակում չի կարելի ծխել: Սկզբում բախում էր տեղի ունենում, հետո հասկանալով, որ չի կարելի շարունակել, սկսում էին հետս շփվելու ավելի մեղմ միջոցներ գտնել:

- Այսինքն, բռնությունները սովորաբար առաջին փուլում են լինում:

- Օրինակ անցյալ տարի՝ հուլիսի 18-ին, ինձ այնպիսի դաժան ծեծի ենթարկեցին, որ նման վայրագություն նույնիսկ մարտաֆիլմերում էլ չեմ տեսել: Իրենք հասկանում էին, որ կարմիր գիծը խախտել են, ու ցայտնոտի մեջ ընկած՝ այնպիսի գործողություններ էին անում, որ նորմալ մարդը չէր կարող անել:

- Խոսքը «Սասնա ծռեր»-ի գործողությունների ժամանակ Ազատության հրապարակից բերման ենթարկելու մասին է:

- Այո, հաջորդ օրն էր: Առաջին օրը բերման ենթարկեցին ու տարան Էջմիածին, որ հնարավորինս հեռու լինեմ քաղաքից, ու քաղաքում էլ, հավանաբար, տեղ չկար. տանում էին զորամասեր: Ես, Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը հենց մուտքի մոտ պահանջել ենք պարզաբանել, թե ինչու են մեզ բերման ենթարկել: Մոտ մեկ ժամ մեզ հետ կռիվ են արել, ուզեն տանել վերեւի հարկերը, բայց չեն կարողացել, որովհետեւ մենք չենք ենթարկվել.  նախ ցույց ենք տվել պատի վրա գրված օրենքի պահանջները եւ այլն: Երբ հասկացան, այդ թվում՝ Վաղարշապատի ոստիկանապետը, որ ուրիշ տարբերակ չունեն, սկսեցին մեզ բացատրել, թե ինչի են բերման ենթարկել. կասկածում էին, որ մեզ մոտ զենք կա, անիմաստ բացատրություն՝ ինչ-որ բան գրելու համար: Նրանք խախտեցին օրենքը եւ 3 ժամում կալանավորման որոշում կայացնելու փոխարեն մեզ 5 ժամ պահեցին անազատության մեջ: 2013-ից, ես ուզում եմ դա կապել ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ, ոստիկանության գործողությունները կտրուկ փոխվեցին. ոստիկանները սկսեցին ավելի բիրտ լինել: Եթե ինչ-որ ժամանակահատված ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հետ կապված պարտավորություններից ելնելով գալիս-ներկայանում էին՝ դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, այդ փուչիկը միանգամից տրաքեց, երբ ԵԱՏՄ մտանք: Համեմատություն արել ենք, օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանն ամենալավ վիճակում էր (հիմա էլ, հավանաբար, այդպես է), բայց մենք հենց այն ժամանակ ասացինք՝ քանի որ հիմա մտել ենք մի ընտանիք, որտեղ բռնությունը ոչ թե գործելաոճ է, այլ այդ կառույցի անդամ պետությունների վարչական մեխանիզմների տրամաբանությունն է, բնականաբար մենք պետք է դառնանք նրանցից մեկը: Մենք շատ առումներով առաջ էինք, եւ վստահ եմ, որ հետընթացն արձանագրում ենք:

- Ըստ քեզ, բոլոր այս դեպքերում քեզ բերման են ենթարկել, կալանավորել քաղաքակա՞ն հայացքների համար:

- Միանշանակ:

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ:

- Ընդհանրապես քաղբանտարկյալի հոդված չկա, եւ ոչ մի երկիր չունի նման բան: Ես ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել: Երբ Սարի թաղի դեպքերից հետո ես ծնողներիս հասցրեցի հիվանդանոց (հայրս վիրավորված էր այդ պայթյուններից), եւ այնտեղից ինձ բժիշկների օգնությամբ գողացան, տարան Զեյթունի քննչական կոմիտե, չգիտեին՝ ինչ գործ գրեին. ինձ դուրս հանեցին, օպեր-լիազորի հետ որոշակի պայմանավորվածության եկան: Ես նստած եմ, եւ ինձ հարցնում են՝ ամսի 29-ին Խորենացի փողոցում ոստիկանի օրինական պահանջը չես կատարել: Ասում եմ՝ 29-ին ես այնտեղ չեմ եղել, ասում են՝ 28-ին, ասում եմ՝ չեմ եղել: Ասում են՝ 27-ին, ասում եմ՝ ինչ ուզում եք, գրեք, միեւնույն է՝ «գործ եք սարքում»: Հարցրեց՝ բացարկ ունե՞ս: Նորմալ մարդու տպավորություն էր թողնում, համենայն դեպս դրանից հետո ինչքան շփվել եմ՝ նույնն  եմ զգացել: Ասում եմ՝ բացարկ ունեմ. նորմալ մարդ ես երեւում, 27-ին եղել եմ ոստիկանության ներքին զորքերի զորամասում, հետո ինձ տարել են քննչական կոմիտե (ոստիկաններն ուղղակի մտել են թեւերս, առանց որեւէ պատճառաբանության, առանց խոսքի տարել են):. ժամը 6-ից մինչեւ 2-ը ես անազատության մեջ եմ եղել եւ չէի կարող ինչ-որ միջոցառում անցկացնել: Ու այդ օրը, որ ես իբր մասնակցել եմ հանրահավաքին,  ես 3 օր ոստիկանությունում կալանքի տակ եմ եղել: Հետո նոր որոշեցին, որ Սարի թաղի դեպքերով ես այնտեղ 300 սպարտացիների հրամանատարն եմ եղել՝ Անդրիասի ու Արմենի հետ, ասել եմ՝ քարերը վերցրեք, պատրաստ կանգնեք, հիմա խփում ենք եւ նման բաներ:

- Այսինքն, մեղադրանքը զանգվածային անարգություններ կազմակերպելն ու  հրահրելն էր. նույն գործով, ինչ Անդրիաս Ղուկասյանինն էր:

- Այո, Անդրիասին հետո այլ հոդվածներ ավելացրին. առնվազն զանգվածային անկարգություններ կազմակերպել եւ շենք-շինություններ գրավելու փորձ:

- Հիմա  չորս հոդված է: Ինձ թվում է՝ այս գործին մենք ավելի մանրամասն կանդրադառնանք: Մասնավորապես հետաքրքիր է՝ ինչ հաշվեհարդար է Անդրիաս Ղուկասյանի հանդեպ, որովհետեւ, ըստ էության, նույն հոդվածներով են կալանավորվել: Ես ուզում եմ հասկանալ, ըստ քեզ որո՞նք են ամենահիմնական օրենքները, որ խախտում է ոստիկանությունը՝ օրենքի պաշտպան կառույցը, ամենահաճախ կրկնվող ու ամենաաբսուրդային օրինախախտումները ոստիկանների կողմից:

- Ես ծանոթ եմ քաղաքական, քաղաքացիական դեպքերին. Երբ դու քաղաքացիական իշխանության մեջ չես մտնում, ավելին՝ փորձում ես այդ շրջանակի պատերը քանդել, քեզ սկսում են առանց հիմնավոր պատճառների մեկուսացնել, հրահրել, ծեծի ենթարկել: Գլխավոր խնդիրն այն է, որ բացակայում է հավասարության, արդարության սկզբունքը, իսկ երբ դրանք բացակայում են, իրավականի մասին չենք կարող խոսել: Օրենքը պետք է իրավունքի վրա հենվի: Իմ իրավունքը չպետք է խախտվի. սա շատ կարեւոր է: Եթե նույն գործողությունն անեն իշխանության հովանավորյալները, ովքեր արտոնյալ են, նրանց նկատմամբ նույնը չի լինի: Մենք բազմիցս տեսել ենք, թե ոստիկանի ներկայությամբ ինչեր են կատարվում, բայց նա չի էլ համարձակվում ինչ-որ բան անել, որովհետեւ եթե համարձակվի, լուրջ ապտակ կստանա դրա համար: Այսինքն, մենք ունենք ոստիկանություն, որը խորհրդային ոստիկանությունից բավականին փոխվել է. դա ոչ թե նրանց կամքի արդյունքն է, այլ քաղաքացիական պահանջ է եղել: Միգուցե մենք այդ պահանջը բավարար չափով չենք ներկայացնում: Եթե ամեն քաղաքացի իր իրավունքները գիտակցի եւ կոնկրետ պահանջ ներկայացնի ոստիկանին, ոստիկանը չի կարող մնալ նույնը, փոխվելու է: Միգուցե այդ պահին ցույց տա, որ չի անում, բայց ուզած-չուզած փոխվելու է: Համեմատության մեջ եմ ասում, որ երբ քիչ թվով քաղաքացիներ են պահանջը ձեւավորում, բնականաբար այդ պահանջի իրականացման համար ավելի բարդ վիճակներ են ստեղծվում: Բայց երբ այդ պահանջն ավելի համընդհանուր լինի, բնականաբար, ոչ միայն ոստիկանությունը, այլեւ իշխանությունն ամբողջապես կփոխվի:

- Բազմիցս խախտել են սահմանադրական իրավունքդ՝ քաղաքական հայացքներիդ համար, խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու: Փորձ ունե՞ս միջազգային կառույցների դիմելու: Սովորաբար այստեղ դատական համակարգի բոլոր ատյաններն անցնելուց հետո հասկանում ենք, որ ոչ մի խնդիր չի լուծվում: Բայց այստեղ մարդու սահմանադրական իրավունքի խախտման ու նախադեպ ստեղծվելու մասին է խոսքը:

- Նախադեպը հիմա ստեղծվում է: Ճիշտն ասած, ես փորձում եմ երկրի սահմանների ներսում խնդիրները կարգավորել, բայց, այնուամենայնիվ, ինձ ձերբակալել-կալանավորելու գործը ՄԻԵԴ-ում ընդունել են, հաղորդակցության մեջ են մեր իշխանությունների հետ, եւ վստահ եմ, որ այդ նախադեպը ստեղծվելու է: Դրանք շատ կարեւոր են, բայց երբ գալիս է կրիտիկական մի պահ, իրենք թքած ունեն այդ նախադեպերի վրա. կարեւորը իշխանությունը պահելն է: Հետո ինչ կլինի, մեր բյուջեից ինչքան փող կվճարեն, դա արդեն երկրորդական հարց է: Այստեղ խոսքն ընդհանրապես իշխանություն եւ ֆինանսական որոշակի ռեսուրսներ կորցնելու մասին է՝ ոչ թե իրենց անձնական, այլ մեր բյուջեից:

- Իրականում ես էլ այս հարցը տալիս եմ սրտի ցավով, որովհետեւ ամիս չկա, որ չլսենք այդպիսի ելքով գործերի մասին: Հայաստանը հիմնականում պարտվող կողմ է, որը շատ բաների մասին է խոսում: Բայց  իրականում մենք անընդհատ խոսում ենք, որ քաղաքական հայացքների համար մարդուն կարելի է բերման ենթարկել, կալանավորել, բայց պաշտոնական լուծում չի տրվում: Մենք ոգեւորությամբ միշտ Ադրբեջանի օրինակն ենք բերում, թե այնտեղ ինչպես են խախտում իրավունքները:

 - Դա քաղաքական գիծ է, որ տարվում է: Ինչ մենք այստեղ քննադատում ենք, իշխանական քարոզիչներն անմիջապես տանում են Ադրբեջան՝ տեսեք, Ադրբեջանում այս եղավ, կամ այն երկրում այն եղավ: Եղբայր, քո դռան առաջի կեղտը տես, նոր ուրիշների մասին խոսիր, հեշտ է ուրիշների մասին խոսելը: Ես ասում եմ, որ այդ քարոզիչները, որոնք խոսում են Ադրբեջանում մարդու իրավունքներից, եթե խոսեին նաեւ Հայաստանի մասին, ես ուղղակի ծափ կտայի նրանց, կաջակցեի: Բայց տեսնում եմ, որ նույն կամ ավելի բարդ խնդրի մասին այստեղ լուռ են, բայց քարոզում են, որ այստեղ այս է, այնտեղ այն է: Մեծ հաշվով տարբերություն կա:  Երբ իմ ադրբեջանցի ընդդիմադիր ընկերներն ասում են, որ մեր վիճակը նույնն է, ես շատ հաճախ առաջարկում եմ էքսպերիմենտ անել. ես իմ ֆեյսբուքի էջում գրեմ, որ ունեմ ադրբեջանցի ընկեր, որը նորմալ մարդ է, եւ նույնն ինքն անի իմ վերաբերյալ: Ես վստահաբար կարող եմ անել, իսկ եթե նա անի, կդառնա քաղբանտարկյալ կամ լուրջ կհալածվի: Ե՛ւ պետք է ամեն ինչ համեմատության մեջ նայել, ե՛ւ պետք է մի քիչ ավելի լուրջ նշաձողեր դնել:

- Խոստացանք, որ անպայման կանդրադառնանք նաեւ Անդրիաս Ղուկասյանին: Քեզ համար պա՞րզ է, թե ինչու մինչեւ հիմա եւ ինչու հենց Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է:

- Մեզ երեքիս նույն գործով են կալանավորել: Միջազգային կառույցների եւ մեր քաղաքացիների կողմից ճնշման արդյունքում մեզ բաց թողեցին: Դա կազդեր նաեւ Անդրիասի վրա, եթե նրա նկատմամբ հաշվեհարդար չտեսնեին: Կարող եմ ենթադրություն անել, թե ինչու.  Անդրեասը տարածեց ապրիլյան պատերազմի տեսանյութը եւ հաճախ իր ելույթներում նշում էր, որ դա պետական դավաճանություն է: Միգուցե այլ պատճառներ էլ կան, որ ես չգիտեմ, բայց Անդրեասը գիտի, թե ինչի համար են իր հետ հաշվեհարդար տեսնում: Այս պահին ես գրավի գործադրմամբ ազատության մեջ եմ, բայց այդ գործը բաց է, եւ նպատակ էլ չունեն փակելու: Երբ ես պետք է գնայի արտասահման՝ սովորելու, օրենքի պահանջով դիմեցի իրենց, քանի որ պարտավոր էի տեղյակ պահել: Բարդացրեցին, բայց, ի վերջո, թույլ տվեցին քաղաքից բացակայել: Հետո ընթացքում ինձ տեղյակ են պահում, որ կարող է 10 օրից հետ կանչեն: Ես խնդրեցի, որ քիչ է մնացել՝ վերջացնեմ ու հետ գամ: Ու ամեն անգամ երկրից բացակայելուց իրենք պետք է այդ մասին տեղյակ լինեն. ինչ-որ մեխանիզմ է, որ պահում են: Ու չգիտեմ վաղն ինչ է լինելու՝  նորից հայտնվելու եմ բանտում, թե՝ ինչ: Դրա մասին շատ քիչ եմ մտածում:

- Այսինքն, դա գործի՞ք է հետագայում մի քիչ ավելի զսպելու քո գործունեությունը:

- Այո, դա քաղաքական հետապնդումների մասնիկներից մեկն է: Այդ գործերը «կարել են» Անդրիասի վրա: Նա ամեն ինչ անում էր, որ թույլ չտար որեւէ զանգվածային անկարգություն, ելույթ ունեցավ, հիմնավորեց, թե ինչու պետք է չիջնենք ներքեւ, իսկ ոստիկանները նրան հակառակ բանի համար էին մեղադրում: Երկու, թե ավելի ոստիկան գրել են մեր դեմ, թե ասել ենք՝ քարեր հավաքեք, եւ այն, եւ այլն: Աբսուրդ է: Միշտ բախումնային պահին, երբ տեսել եմ, որ քաղաքացիների հետ բախում է տեղի ունենում, կանգնել եմ նրանց արանքում եւ թույլ չեմ տվել: Այդ օրը Արմեն Մարտիրոսյանն ուղղակի կոկորդը պատռում էր ասելով, որ ներքեւ չիջնեն. նրան վիրավորում էին, ասելով՝ դուք ո՞վ եք, որ ասեք: Սադրիչներ կային այդ օրը: Անդրիասի հետ հաշվեհարդար են տեսնում:

- Որպես մեծ փորձ ունեցող՝ դու ասում ես, որ եթե քո իրավունքները գիտես, ապա որոշակի տհաճ իրավիճակներից զերծ կմնաս: Պրակտիկ խորհուրդ մարդկանց՝ ի՞նչ անել, եթե դու օրենք չես խախտել, բայց ոստիկանը խաղաղ ցույցերի ժամանակ ինչ-որ առիթով կամ անառիթ, օրինական կամ ոչ օրինական քեզ բերման է ենթարկում:

- Ամենակարեւորը՝ չվախենալ, սրանից է սկսվում ամեն ինչ: Երբ դու վախենում ես, նրանք միշտ միջոցներ գտնում են: Ես հիշում եմ՝ 2007թ., երբ դեռ նոր էի ոտք դնում քաղաքական դաշտ, մեր տուն հաճախ էին գալիս տարբեր իրավապահ մարմիններից՝ ազգային անվտանգություն, ոստիկանություն: Գալիս էին կամ ուրիշների միջոցով հորդորում էին, որ չմասնակցեմ, ինչ ուզում են՝ թող անեն, ինձ պետք չէ, ես խելացի տղա եմ, սովորեմ, ինչ-որ բանով զբաղվեմ: Հետո իրենք հասկացան, որ անօգուտ է, ես ավելի շատ եմ սկսում ակտիվանալ: Կարոտել եմ իրենց՝ վաղուց չեն եկել, կամ եթե գալիս են՝ ամենաբարձր մակարդակներով են փորձում խոսել հետս, նորից արդյունքի չեն հասնում: Այսինքն, ամենակարեւոր բաներից մեկը՝ չվախենալ, լինել սկզբունքային. ցանկացած ռեժիմ վախենում է սկզբունքային մարդուց: Նախկինում մարդուն ուղղակի վերացնում էին, հիմա դա չեն անում կամ անում են (ամենատարբեր ձեւերը կա), բայց ոչ թե նրա համար, որ զայրացնում ես, այլ քեզնից վախենում են, որովհետեւ դու անկանխատեսելի ես իրենց համար, դու քո իրավունքները, ճանապարհը գիտակցող քաղաքացի ես, միշտ խանգարելու ես իրենց: Առաջինը՝ չվախենալ, երկրորդը՝ իմանալ քո իրավունքները, եւ նմանատիպ դեպքերում միշտ լինել հանրային, պայմանավորվածությունների չգնալ իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների  հետ (քեզ բաց կթողնենք, չենք տուգանի եւ այլն): Ես բազմից տուգանվել եմ. ԵԱՏՄ մտնելու դեմ բողոքի ակցիա կազմակերպեցինք, ինձ բերման ենթարկեցին, դրանից հետո ես որոշակի խնդիրներ ունեցա իմ հաշիվների հետ:  Մի քանի անգամ դու խնդիրներ կունենաս, բայց կարեւորը, որ ուղիղ կքայլես, չես ընկճվի, որովհետեւ վախենալով ապրելն ո՞ւմ է պետք: Եթե պետք է անընդհատ վախենաս՝ ապրելու իմաստը ո՞րն է. կարելի է գնալ լեռներում ինչ-որ տեղ պարփակվել եւ ապրել: Երբ գիտակցում ես, որ սա քո երկիրն է, այստեղ դու ես տերը, ու նրանք բոլորը ծառայողներ են, հենց այդ կոնցեպցիայով ես մտնում դաշտ, բնականաբար, քեզ սկսում են հարգել, զգուշանում են քեզնից: Ոստիկանությունում էլի կան բռնություններ, բայց մեր նկատմամբ հիմնականում չկան, որովհետեւ մենք մեր իրավունքները գիտենք, իսկ հանցագործների նկատմամբ էլի լինում է բռնություն՝ ծեծ, ֆինանսականով խնդիր լուծել: Մեզ երբեք չեն կարող նույն բանն առաջարկել, որովհետեւ գիտեն, թե ինչ պատասխան կլինի և հանրային կլինի այդ պատասխանը, հանրայնացնելը շատ կարեւոր է:

- Ամեն դեպքում ինչ-որ կերպ հաղթահարեցիր վախդ: 4-5 ոստիկան մոտեցան, ձեռքերդ ոլորեցին ու տանում են քեզ. ինչպե՞ս պահես քեզ, ի՞նչ ասես:

- Նախ պետք է չմտնես սադրանքների մեջ: Եթե քո նկատմամբ բռնություն է կիրառվում, կարող ես ինքնապաշտպանվել: Ես ինքս մի քանի անգամ արել եմ, իմ ձեռքը ծալել են, ես էլ իրենցն եմ ծալել, շատ զգուշորեն եմ արել, բայց խորհուրդ կտամ նմանատիպ բաներ չանել, որովհետեւ կարող է այլ ձեւով վերջանա: Ուղղակի լինել վստահ. եթե բերման են ենթարկում, ոչինչ, թող բերեն: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիներով միասին այդ մարդուն պահել են եւ չեն թողել տանել, չնայած եթե ուզեն՝ կտանեն, տնից էլ կգան-կտանեն. աշխարհի վերջը չէ,  երբ քեզ ոստիկանություն են տանում: Ենթադրենք՝ մի հատ էլ խփեցին, բայց ամենակարեւորը՝ քեզ ներսից արդեն վստահ ես զգում: Ինձ ամենատարբեր ձեւերով փորձել են ստորացնել այդ կարմիրբերետավորները. կարող են ֆիզիկական գործողություն իրականացնել, ոտքով հարվածել գլխիս, մեջքիս, բայց ամենակարեւորը ես ինձ արժանապատիվ եմ զգում:

-Քո ասածի փաստացի վավերագրությունը կա. բոլոր լուսանկարներում բերման ենթարկվելիս մաքսիմում հանգիստ վիճակում ես:

- Երբ շատ նյարդային եմ՝ մի բան արել են: Քաշքշելով տանում են, լրագրողները նկարում են, տեսնում  են՝ ոստիկանները հանգիստ, առանց ինչ-որ բանի տանում են, հանկարծ ոտքով խփում են, որ ցավեցնեն: Այդ պահին զայրույթից ինչ-որ բառեր ես ասում:

- Առնվազն պրակտիկ խորհուրդներ շատ մեծ փորձ ունեցող մարդուց: Բայց, ինչպես նշեցիր, ամենակարեւորը սեփական իրավունքների գիտակցումն է:

- Լինել խիզախ, գիտակցել սեփական իրավունքները: Լուրջ ազդեցություն կունենաս ինքդ քո զարգացման վրա, որովհետեւ վախկոտ մարդը չի կարողանում զարգանալ: Մի կարճ օրինակ բերեմ, չգիտեմ՝ որքանով է համարժեք. աշխարհում խոշոր գործարարների գերակշիռ մեծամասնությունը տնտեսությունից լուրջ հասկացող մարդիկ չեն, տնտեսագետներ չեն, նրանք ավելի շատ համարձակ քայլերի են գնում, որ հասնում են արդյունքի: Տնտեսագետը միանգամից ռիսկերն է գնահատում՝ ինչ կարող է լինի, ու այդտեղ ներդրում չի անում: Մեկ էլ տեսնում ենք, որ իրավիճակ է փոխվում: «Սալամանդր»-ի մի լավ օրինակ կա, վերջերս ընկերներիցս մեկը՝ «Արձագանք»-ի Եղիշե Պետրոսյանը պատմեց. երկու մարդու ուղարկում են Հարավային Աֆրիկա, թե՝ Ամերիկա, մեկը զանգում եւ ասում է՝ այստեղ չենք կարող ներդրում անել, որովհետեւ բոլորը ոտաբոբիկ են: Մյուսը զանգում-ասում է՝ այստեղ բոլորը ոտաբոբիկ են, լուրջ գործ կարող ենք անել. տարբեր անկյուններից են նայում: Մեզ պետք են նման օրինակներ քաղաքական, քաղաքացիական դաշտում:

- Ինչը նաեւ կազդի ոստիկանական համակարգի վրա: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար:

- Շնորհակալություն հրավերի համար:

- Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Ես հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել էի հանրային գործիչ Դավիթ Սանասարյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan