Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գաղտնալսման մասին առասպելներն ու իրականությունը. ինչպես պաշտպանվել օրենքով ու տեխնիկական միջոցներով. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Գաղտնալսումներից խուսափելու համար մեր քաղաքացիները ստեղծել են բազմաթիվ ժողովրդական մեթոդներ. ոմանք վստահ են, որ, որոշակի կոդեր հավաքելով, կարող են խուսափել գաղտնալսումից, մի մասն օգտագործում է ՊՆ Nokia, մյուսները հանում են հեռախոսի մարտկոցը: Սակայն մեր քաղաքացիների մտքով անգամ չի անցնում, որ սա իրենց իրավունքների ոտնահարում է, և հարցը պետք է կարգավորել օրենսդրական դաշտում: Երբ համացանցում հրապարակվում է որևէ գաղտնալսում, աժիոտաժն առաջանում է ոչ թե գաղտնալսման հանգամանքի, այլ նյութի բովանդակության շուրջ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք գաղտնալսման խնդրի օրենսդրական կարգավորումերի և դրանից խուսափելու տեխնիկական մեթոդների մասին:

 

- Պրն. Մարտիրոսյան, հաճախ ենք համացանցում տեսնում նյութեր, որ  մարդիկ իրար հորդորում են ՊՆ Նոկիա PN Nokia-ներով խոսել, ասում են, որ կա 10 ազդանշան, որը հուշում է, որ ձեզ գաղտնալսում են, ինչպես պաշտպանվել եւ այլն: Որքանո՞վ է տեխնիկապես դժվար գաղտնալսումը եւ որքանո՞վ է այն թույլատրելի պետության կամ որեւէ կառույցի կողմից:

- Նախ, թույլատրելին շատ անհասկանալի է շատ երկրներում, Հայաստանում՝ առավել եւս, որովհետեւ մեզ մոտ այս ամենը պարզ չէ: Օրինակ, 10 տարի առաջ, երբ պետությունը պայքարում էր «ԱրմենՏել»-ի մենաշնորհի դեմ, լսումներ էին ընթանում, փորձագետ էին բերել, կարծեմ, Հոլանդիայից, որը ներկայացրեց, որ այն ժամանակվա «ԱրմենՏել»-ը ձայնագրում է բոլոր հեռախոսազանգերը եւ ամիսներով պահում, նաեւ՝ հաղորդագրությունները, քարտային տրանզակցիաները, որովհետեւ դրանք էլ են հեռախոսի գծով անցնում: Ասացին, անցավ-գնաց: Անհասկանալի էր՝ ինչո՞ւ է այդպես: Հետո թեթեւ բացատրություն եղավ, որ բիլինգային համակարգի աշխատանքի համար է, բայց դա անհեթեթություն  էր: Այսօր բոլորի տվյալներն անընդհատ ձայնագրելու  եւ պահելու համար մեծ ռեսուրս չի պահանջվում, իհարկե, փոքր ռեսուրս չէ, բայց համեմատելի է պետական ծախսերի հետ: Այդ պատճառով, ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում ամեն ինչ ձայնագրվում եւ պահվում է, որովհետեւ հետին թվով կարելի է օգտագործել: Ամեն երկիր պահպանման իր ժամկետն ունի, օրինակ, ԱՄՆ-ում 6 ամիս կամ մեկ տարի է, Ռուսաստանում, կարծեմ, 3 տարի դարձրին. դա այն մինիմալն է, որ պարտադիր պետք է պահվի, հետո կարող է եւ չջնջվել: Եթե նույնիսկ մեսինջերով ինչ-որ բան է գրվել, ապա ջնջվել, ֆեյսբուքը, միեւնույն է, պահում է: Այսօր ոչ միայն պետական, այլ նաեւ բազմաթիվ կորպորացիաներ հնարավորություններ ունեն մարդկանց հետեւելու, օրինակ՝ լրագրողներին: Վերահսկելու, հետեւելու  միջոցները գնալով շատանում են, հանրության վերահսկողությունը պակասում է, իսկ մեզ մոտ նաեւ լրացուցիչ խնդիր կա՝ հանրությունը չի հետաքրքրվում այս հարցերով: Տեսեք, քանի անգամ է եղել, որ քաղաքական շարժառիթներից ելնելով՝ գաղտնալսումները հրապարակվել են, բայց դա մեծ աժիոտաժ չի առաջացրել. աղմուկ է եղել միայն բովանդակության մասին, բայց ոչ ոք չի բարձրաձայնել, թե ինչ իրավունքով է ինչ-որ մեկը ձայնագրել հեռախոսազրույցը եւ տրամադրել լրատվամիջոցներին, վերջիններս էլ հրապարակել են: Մյուս խնդիրն այն է, որ սրա շուրջ ահավոր շատ լեգենդներ կան, ինչպես Ձեր բերած օրինակը. մարդիկ համարում են, որ ինչ-որ կոդ կա, հավաքում ես, եթե թվեր են բացվում, գաղտնալում են, եթե ոչ՝ չէ: Դա բացարձակ հիմարություն է. եթե ձեզ գաղտնալսում են, հեռախոսի ոչ մի կոդով դա չեք իմանա: Գաղտնալսում բառն իր մեջ պարունակում է «գաղտնիք» արմատը, այն ենթադրում է, որ դուք չպետք է իմանաք, որ ձեզ լսում են: Այսօր առնվազն հեռախոսազանգը լսելը տեխնիկապես ոչ մի խնդիր չի առաջացնում, եւ դուք ոչ մի ձեւով դա չեք իմանա: Խորհրդային ժամանակները չեն, որ երբ սկսում էին գաղտնալսել՝ թխկոց-չխկոց էր գալիս,  հեռախոսը տաքանում էր: Հիմա գաղտնալսվում է արդեն օպերատորի մակարդակով. կոդ հավաքել կամ այլ բան չի օգնում:

- Հաճախ նաեւ խորհուրդ են տալիս հեռախոսի մարտկոցը հանել, դնել այլ տեղ:

- Դա երկրորդ հարցն է, որ կարող են ոչ միայն ձեր հեռախոսազանգերը գաղտնալսել, այլ նաեւ օգտագործել հեռախոսը որպես գաղտնալսման միջոց, որպեսզի այն ձայնագրի ձեր խոսակցությունը եւ ուղարկի ինչ-որ մեկին: Այս հարցում մարտկոցը հանելն իսկապես ճիշտ է: Այսօր կան շատ հեռախոսներ, որոնց մարտկոցը չեն կարող հանել, դրա համար հատուկ պատյաններ են պատրաստում, որ ազդանշան դուրս չգա: Եթե չեք գտնում նման պատյան, ապա վերցրեք երկաթե կաթսա, հեռախոսը դրեք մեջը եւ կափարիչով ծածկեք, այսինքն բավական է, որ չորս կողմից փակված մետաղյա ինչ-որ բան լինի: Այս դեպքում դուք կպաշտպանվեք այն գաղտնալսումներից, որոնք իրականացվում են հեռախոսի մեջ հատուկ ծրագիր դնելով, որը թույլ է տալիս ոչ միայն լսել ձեր խոսակցությունը, այլ նաեւ իմանալ, թե որտեղ եք գտնվում, ինչ եք գրում՝ ամեն ինչ ձեր մասին: Այդ ծրագրերը կան նաեւ համացանցում. օրինակ, խանդոտ կանայք կամ տղամարդիկ գցում են իրենց զույգի հեռախոսի մեջ եւ հետեւում: Սա Հայաստանում վաղուց տարածված է, բայց սա այն դեպքն է, որ հեռախոսը պետք է ձեռքիդ լինի, որ կարողանաս տեղադրել ծրագիրը: Բայց կան նաեւ հեռահար միջոցներ. օրինակ, Սնոուդենի ասածներից հասկանում ենք, որ բրիտանական հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն նույնիսկ հաղորդագրության միջոցով հեռախոսը դարձնել կառավարելի: Սակայն բոլոր կառավարությունները չեն, որ տիրապետում են այդ ունակություններին, բայց կան միջնորդներ՝  կազմակերպություններ, որոնք վաճառում են նմանատիպ ծառայություններ: Ամենահայտնին, որ հայտնվեց մամուլում, շատ քննարկվեց, դա իտալական «Deheking» թիմն է, որը հայտնի դարձավ, երբ մի ուրիշ հաքեր կոտրեց այդ թիմին, եւ պատվիրատուների հետ ամբողջ նամակագրությունը տրամադրեց  «Վիկիլիկսին» (կարող եք մտնել եւ կարդալ): Այն երկրները, որոնք հնարավորություն չունեն նման ծրագրեր ստեղծելու, գնում են «Deheking» թիմից: Այս կազմակերպությունը  տրամադրում է վիրուսներ հեռախոսների, համակարգիչների համար, որոնք թույլ են տալիս գաղտնալսել, գաղտնատեսնել, գաղտնակարդալ, ամեն ինչ անել, եւ հակավիրուսային ծրագրերը չէին բռնում այդ վիրուսները: Սա շատ թանկ՝ միլիոնավոր եվրոների հասնող ծառայություն է: Օրինակ, դրա սպառողներից են Ադրբեջանը, Թուրքիան: Հայաստանի անունը, բարեբախտաբար, չկա: Բայց «Deheking» թիմը մի քանի տասնյակ նմանատիպ ծառայություններից մեկն է, այսինքն՝ այսօր կա մեծ շուկա, որը պետութուններին գաղտնալսելու հնարավորություն է տրամադրում: Եթե դուք թիրախ եք, ենթադրում եք, որ ձեզ գաղտնալսում են, ապա իսկապես գերադասելի է հեռախոսը պահել կաթսայի մեջ: Իսկ ինչ վերաբերում է PN Nokia-ին, դա լավ է, բայց հեռախոսազանգերը գաղտնալսել կարելի է, նշանակություն չունի՝ դու PN Nokia-ո՞վ, թե ամենավերջին Այֆոնով ես խոսում, որովհետեւ օպերատորը լսում է: Մեր անձնական գաղտնիության մեկ այլ խնդիր կա. ոչ միայն գիտեն, թե մենք ում հետ ինչ ենք խոսում, այլեւ օպերատորը միշտ տեսնում է, թե մենք որտեղ ենք գտնվում, որովհետեւ մեր հեռախոսն անընդհատ կպնում է մոտակա մոբայլ բազաներին, եւ մի քանի տասնյակ մետր շառավղով մեր տեղն անընդհատ երեւում է: Հիմա, եթե ուզենան, կարող են իմանալ, որ ես Լրատվական ռադիոյում եմ նստած, կարող են իմանալ, թե վերջին անգամ հեռախոսը որտեղ է կաթսայի մեջ մտել: Եթե կաթսան միշտ հետներդ քարշ տաք, շատ լավ կլինի, տեղներդ չեն գտնի, բայց զանգեր էլ չեք ստանա: Իրականում կյանքը շատ բարդացել է, այսինքն՝ պետությունը բազմաթիվ գործիքներ ունի՝ ցանկության դեպքում մարդուն հետեւելու համար, եւ այդ գործիքները միայն հեռախոսները չեն, տեսեք  փողոցներում ինչքան տեսախցիկներ կան. Երեւանի կենտրոնն այսօր փաստացի ծածկված է տեսախցիկներով, խաչմերուկներում կան, կարմիր գծերի մի մասն է ինչ-որ ձեւով նկարահանվում, շատ խանութներ, բոլոր բանկոմատներն ունեն տեսախցիկներ: Տեսականորեն մարդու շարժին կարելի է անընդհատ հետեւել, իհարկե, պետք է անընդհատ նստել-նայել, բայց հիմա դա էլ է ավտոմատացված: Օրինակ, Ռուսաստանում  մի Սթարթ ափ կար՝ Find Face՝ նկարը դնում էիր, եւ սոցցանցերում գտնում էր այդ մարդուն: Վերջում տեղի ոստիկանությունը սկսեց նրանց հետ համագործակցել եւ փաստացի այսօր ցանկացած մարդու փողոցում կարող են դեմքով գտնել: Այսինքն այն, ինչ 10 տարի առաջ ֆիլմերում որպես «թույն» ֆանտաստիկ բաներ էին ցույց տալիս, այսօր դարձել է իրականություն, եւ շատ երկրներում, ենթադրում եմ, ավելի վաղուց, բայց նոր է հասանելի դառնում հանրությանը:

- Այսինքն՝ սա մի կողմից ոտնահարում է շարքային քաղաքացու անձեռնմխելիությունը, որը հանցագործ չէ, դիվանագիտական հարաբերությունների մեջ չի մտնում, հետախուզական գործողություններ չի կատարում, այլ տնային տնտեսուհի է կամ բանվոր: Բայց մյուս տեսանկյունից էլ հնարավորություն է տալիս հանցագործություններ կանխարգելել եւ այլն: Որքանո՞վ է սա համարվում մարդու իրավունքների ոտնահարում, եւ ինչպե՞ս է աշխարհում լուծվում այս հարցը, քանի որ հիմնականում ավելի զարգացած երկրներում այս համակարգերն ավելի կատարելագործված են, եւ տեխնոլոգիաներն այնտեղից են գալիս մեզ մոտ:

- Ամբողջ աշխարհում մեզ ուզում են բացատրել, որ այս ամենն արվում է մեր անվտանգության համար, բայց եկեք նայենք իրականությանը. ոչ մի ահաբեկչի չեն բռնել գաղտնալսելով: Հիմնականում բռնում են գործակալների ցանցի միջոցով, կասկածելի առք ու վաճառքի ժամանակ: Ես չեմ հիշում մի դեպք, որ ասեն՝ գաղտնալսել եւ կարողացել են բռնել: Երկրորդ. մեզ մոտ ամեն տեղ տեսախցիկ կա, բայց քանի՞ բանկոմատ պայթեցրին, նրանցից քանիսի՞ն գտան: Այն դեպքերում, երբ պետք է աշխատի, չի աշխատում, իսկ այն դեպքերում, երբ պետք չէ, օրինակ, ընդդիմությանը ճնշել եւ այլն, ամբողջ աշխարհում այս գաղտնալսումները շատ ակտիվ օգտագործվում են քաղաքական, հասարակական հարցերում: Դա օգտագործում է ոչ միայն պետությունը, այլ՝ մեծ կորպորացիաները, օրինակ, երբ բնապահպանական խնդիր է, սկսում են հետապնդել բնապահպան լրագրողներին կամ կազմակերպություններին: Թվում է, թե անվտանգության համար է, բայց փորձը ցույց է տալիս, որ հիմնականում կիրառվում է բացարձակ այլ նպատակներով: Խնդիրն այն է, որ վերահսկողության հասարակական պահանջ չկա:

- Միայն Հայաստանո՞ւմ չկա, թե՞ աշխարհում:

- Աշխարհում լավ էլ կա: Առնվազն նույն «Վիկիլիքս»-ը, որի մասին մենք խոսում ենք կամ Սնոուդենը, օդից չեն հայտնվել: Շատերը չեն հասկանում, թե «Վիկիլիքս»-ը ինչի համար է հայտնվել, թվում է՝ հենց այնպես, ուղղակի վատություն անելու համար: Բայց իրականում մեծ շարժում կա՝ ցանցում առաջացած, որ տարբեր անուններ ունի, հիմնականում, կրիպտոանարխիստներ: Նրանք ասում են, որ պետությունը ստեղծել է հնարավորություններ՝ մեզ հետեւելու, եւ մենք դարձել ենք բացարձակ թափանցիկ, բայց մյուս կողմից շարժումն իր գործառույթները մաքսիմալ գաղտնի է պահում: Եվ «Վիկիլիքս»-ի ժողովուրդն ասում է. «Եկեք հակառակն անենք, սովորենք գաղտնագրել, այսինքն՝ հեռախոսով չզանգել, այլ  Viber-ով կամ WhatsApp-ով:

- Բայց Viber-ի, WhatsApp-ի կամ «Զանգի»-ի (ասում էին, որ վերջինիս բազաները ոչ մի տեղ չեն պահվում) ձայնագրությունները հնարավոր չէ՞ վերցնել:

- Եթե անգամ այստեղից դիմեն WhatsApp-ին եւ պահանջեն  Ձեր խոսակցության ձայնագրությունը  կամ հաղորդագրությունները, չեն կարող վերծանել, որովհետեւ այն գաղտնագրվում է սարքի վրա եւ ապակոդավորվում մյուս սարքի վրա, այսինքն նույնիսկ ծառայությունը տրամադրողը չգիտի ինչ են խոսում: Ֆեյսբուքի մեսինջերն էլ ունի Secret conversation, բայց պետք է միացնել, հակառակ դեպքում գաղտնազերծվում է, կարող են կարդալ: Այդ կրիպտոանարխիստներն ասում են. «Եկեք բոլոր mail-երը, զանգերը գաղտնագրենք, թույլ չտանք, որ պետությունը մեզ անընդհատ հետեւի: Մյուս կողմից անենք ամեն ինչ, որ պետությունը չկարողանա գաղտնագրել»: Օրինակ, ինչո՞ւ սկանդալ եղավ «Վիկիլիքս»-ի շուրջը.  ոչ   միայն նրա համար, որ գաղտնի տեղեկատվություն է հրապարակվել, այլ որովհետեւ մարդիկ տեսան, որ տասնյակ հազարավոր նամակներ գաղտնագրվել են, չնայած չեն պարունակում գաղտնի տեղեկատվություն, այսինքն՝ պետությունը չափից շատ է գաղտնագրում, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Այնպես որ աշխարհում կա շարժում, որն ուղղված է նրան, որ մարդիկ հնարավորինս պաշտպանեն իրենց անձնական տվյալները: Մեզ մոտ հակառակն է գնում. ընտրական փոփոխությունները բերեցին նրան, որ ցանցում բաց դրված են բոլորիս հասցեները եւ ստորագրությունները, որը բիոմետրիկ տվյալ է: Դա նորմալ չէ: Հասկանալի է, թե դա ինչու է արվում, որովհետեւ մեր ընտրություններն էլ ավելի աննորմալ են, եւ պահանջ կա ավելի թափանցիկ դարձնելու: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե պետությունը գնում է այդ ամենը բացելուն, նշանակում է, որ նրանք սկսում են խախտել բոլորովին այլ տեղ, տեսնում ենք, որ այլ կերպ են խախտվում ընտրությունները: Հիմա ստացվում է, որ եթե իմ հասցեն հասանելի է, նաեւ կհայտնի, թե այդ հասցեով էլ ով է ապրում, իմ ստորագրությունը հասանելի է, դեռ սխալմամբ մի 4-5 հազար հոգու նաեւ անձնագրի տվյալներն էլ էին սքան արել եւ տեղադրել ցանցում: Ու այս ամենը շատ նորմալ է, շատերին նույնիսկ՝ դուրեկան. կարող է, ասենք, ծանոթ աղջկա հասցեն կարդալ, իմանալ տարիքը՝ այդ էլ է գրված (բոլոր աղջիկները ֆեյսբուքում տարիքը թաքցնում են), հետո էլ գնալ փոստում հասցեով խնդրել վճարել հեռախոսավարձը,  իմանալ հեռախոսահամարը: Էլցանցի կայքի վրա էլ տեղադրված են մեր բոլոր հաշվիչների տվյալները՝ ամիս առ ամիս, այսինքն կարելի է տեսնել, թե ով ինչքան հոսանք է սպառել: Թվում է, թե  սա առանձնապես ինչ-որ բան չէ, բայց իրականում այս բոլորն իրար գլխի հավաքելով կարելի է անձի դեմ ինչ-որ ոտնձգություններ իրականացնել, եւ անպայման չէ, որ դա պետությունն անի:

- Կա՞ որեւէ հասարակական կառույց կամ շահառու ընդդիմադիր, թեկուզ դատարան դիմելու  նախադեպեր, որ ստիպեն այս բոլոր հարցերի վերաբերյալ օրենսդրական նոր կարգավորումներ մտցնել:

- Իմ կարծիքով անձը մեր քաղաքական դաշտում, կապ չունի դիր թե ընդդիմադիր, առանձնապես ոչ մեկին չի հետաքրքրում.  քաղաքական լուրջ պայքար է գնում, տարբեր անձեր ոտքի տակ խանգարում են: 2005թ. ընդունվեց «Անհատական տվյալների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքը, ընդունվեց ու «թաղվեց»: 2015թ. ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքը, Արդարադատության նախարարության աշխատակազմում ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, եւ նրանք վերջապես սկսեցին աշխատել: Եթե մտնեք ֆեյսբուքյան էջ կտեսնեք, որ  հանրությանը կրթում են, ինչը շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ վտանգներ կան, որ իրենց անձնական տվյալներն ամեն ձեւ չեն կարող օգտագործվել: Օրինակ, եթե մի տեղ տեսախցիկ է դրված, ապա այդ տեսագրությունը չի կարող ամեն ինչի համար օգտագործվել. եթե տեսախցիկը դրված է մեքենաների խախտումները տեսագրելու համար, ապա չի կարելի օգտագործել, ասենք, մեկի «սիրածին» գտնելու համար: Գործակալությունը գործում է, բայց այստեղ դեռ շատ օրենսդրական բացեր կան, նաեւ հասարակության իրազեկման խնդիր կա. հանրությունը պետք է հասկանա իր անձնական տվյալների կարեւորությունը, եւ պետությունն էլ պետք է հնարավորինս բաց աշխատի այս հարցում: Մեր պետությունը շատ փակ է: Օրինակ, հույժ գաղտնի տվյալները պետք է 30 տարի պահպանվեն, գաղտնիները՝  ընդամենը 10. դա նշանակում է, որ ամեն տարի ինչ-որ փաստաթղթեր պետք է գաղտնազերծվեն, բայց ե՞րբ ենք լսել, որ ինչ-որ բան գաղտնազերծվի: Տեղեկատվության ազատության կենտրոնը 1-2 տարի հարցում է ուղղել նախարարություններին, այդ ընթացքում ՊՆ-ն էր մեկ-երկու փաստաթուղթ գաղտնազերծել, ԱԳՆ-ն՝ մեկը, մնացած ոչ ոք ոչ մի բան չի գաղտնազերծում: Այսինքն՝ մենք ունենք հակառակն էլ՝ մի կողմից մենք թափանցիկ ենք, պետությունն էլ չափից շատ փակ է, երկուսն իրար հետ է պետք:

- Սոցիալական խնդիրներով եւ օրվա հացի մասին մտածող քաղաքացիներին երեւի քիչ են հետաքրքրում այդ հարցերը:  

- Բայց չպետք է այդպես լինի, որովհետեւ օրվա հացի վրա սա էլ է ազդում: Եկեք համաձայնենք, որ մեզ մոտ շատ խնդիրներ կան, որոնք հանրությունը համարում է ոչ կարեւոր եւ սկսում է կարեւորել վերջին պահին, երբ արդեն «դանակը ոսկորին է հասնում»: Այստեղ երկրորդ կողմն էլ կա. շատ դեպքերում մարդիկ բողոքում են, բողոքում, բայց ոչնչի չեն հասնում, ոչինչ չի փոխվում, եւ դա էլ կարելի է հասկանալ:

- Ամփոփենք. բացի հեռախոսը կաթսայի մեջ պահելը ուրիշ ի՞նչ մեխանիզմներ կան, բողոքելու տեղեր, ինչպե՞ս մարդը կարող է ավելի պաշտպանված դառնալ:

- Ամենակարեւորը, իմ կարծիքով, փորձել հնարավորինս կարեւոր տեղեկատվությունը գաղտնագրել. չեմ ասում էլեկտրոնային փոստը գաղտնագրել, որովհետեւ դա շատ բարդ է: Բայց առնվազն կարեւոր բաները գրել կամ զանգել գաղտնագրվող մեսինջերներով՝ WhatsApp-ով կամ, ամենալավը, Signal գոյություն ունի. դա բաց կոդերով ծրագիր է, իրեն 3-րդ կողմի մասնագետներն անընդհատ աուդիտ են անում, եւ եթե WhatsApp-ում խոցելիություն լինի, կարող են օգտագործել, մեզ չասել, իսկ այս դեպքում՝ ոչ, դեռ ոչ մի հատուկ ծառայություն մինչեւ հիմա չի կոտրել, այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Այնպես որ կարելի է գոնե կարեւոր բաները դրանով գաղտնագրել:     

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էր: Հաջողություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan