Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունն ընդդեմ աջակողմյա ղեկով ավտոմեքենաների. երբ ոտնահարվում է քաղաքացու սեփականության իրավունքը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

2018թ. ապրիլի մեկից աջակողմյան ավտոմեքենաների ներմուծման արգելքը սահմանող նախագծի երկրորդ կետը, որով արգելվում է այդ մեքենաների վերահաշվառումը, օտարումը, առուվաճառքը, ուղղակիորեն խախտում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը: Ստացվում է, որ մեկ որոշմամբ արգելվում է օրինական ճանապարհով ձեռք բերված գույքի՝ սեփական հայեցողությամբ տնօրինումը: Հասարակական սեկտորի ճնշման արդյունքում, ի վերջո, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ քննարկման կդրվի այդ կետը հանելու տարբերակը: Ի՞նչ իրավական ու սոցիալական խնդիրներ կարող է առաջացնել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների արգելքը Հայաստանում և որքանո՞վ են հիմնավոր Կառավարության բերած փաստարկները: «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը թեմայի մասին զրուցել ենք «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

-Բարեւ ձեզ:

-Բարեւ Ձեզ:

-Կառավարության այդ որոշումը որքանո՞վ է հակասում քաղաքացու սահմանադրական իրավունքներին, ինչը հաշվի առնելով մի քանի ժամ առաջ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ այդ կետը պետք է դրվի քննարկման: Դա Ձեր եւ շահագրգիռ այլ կառույցների պայքարի արդյունքն էր կարծես:

-«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողների հետ սերտ համագործակցում էինք, քննարկումներ էին տեղի ունենում: Ես ժամանակի սղության պատճառով երթերին չեմ մասնակցել, բայց համակարգողների հետ հանդիպումներ եւ քննարկումներ ենք ունեցել մեր գրասենյակում: Այդ նախագծի երկու մաս էին ներկայացնում հանրությանը՝ ներկրման եւ  հաշվառելու, գրանցելու արգելքները: Այլ հարց է, երբ նոր ներկրված մեքենան պետք է գրանցել, իսկ իրենք արգելում էին նաեւ մինչեւ 2018թ.  ապրիլի 1-ը ներկրված եւ տարիներ շարունակ մեր երկրում շահագործված մեքենայի հաշվառումը, որը պետք է վերավաճառվի, ասենք, 2018 թ. նոյեմբեր ամսին: Սահմանադրության 60-րդ հոդվածը հստակ նշում է, թե մարդն ինչպես կարող է տնօրինել իր սեփականությունը, եթե օրենքով կամ դատական կարգով այլ խոչընդոտներ չկան, եւ ոչ թե մի  որոշումով մարդուն արգելեն վաճառել: Այս դեպքում նույնիսկ ժառանգություն չէին կարող տալ, որովհետեւ ժառանգության դեպքում մեքենան պետք է նոր սեփականատիրոջ հաշվին գրանցվեր, որը, փաստացի, արգելվելու է: Այդ որոշման նախագիծը շատ կարճ է, ամբողջ տեքստի  70 տոկոսից ավելին վերնագիրն է զբաղեցնում, փոխվող բառերն ընդամենը մի քանիսն են, բայց փաստացի մի ամբողջ սոցիալական խավ զրկվում էր իր գույքից: Այս պահի դրությամբ չեն զրկվում, բայց տարիների ընթացքում մարդը մնում էր իր «հին տաշտակին». չէր կարող վաճառել, տալ ուրիշին, պետք է սպասեր մինչեւ մեքենան տարիների ընթացքում ֆիզիկապես մաշվեր եւ գինը զրոյանար:

- Այսինքն՝  ներդրում ես կատարում կապիտալի մեջ՝ ենթադրելով, որ երկու տարի հետո գինը կիջնի, բայց այսքանով գնել ես, այսքանով կվաճառես, իսկ հիմա զրոյացնում են միանգամից:

-Ավելացված է «ժամանակավոր» բառը: Թուրքմենստանում 2015թ. արգելված էր սեւ գույնի մեքենաներ ներմուծելը, իսկ արդեն այս տարվանից արգելվում է սեւ գույնի մեքենաների շահագործումը: Այսինքն, նախ ներմուծումն են արգելում, հետո արդեն՝ շահագործումը: Եթե մեզ մոտ արգելեն ներմուծումը, ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո՝ 2020-2021 թթ. կարգելվի նաեւ աջ ղեկով մեքենաների շահագործումը: Այդ դեպքում հետեւանքներն ավելի ծանր կլինեն. ես վստահ եմ, որ կառավարությունը երբեք չի փոխհատուցի սեփականատերերին գույքի արժեքը, մեր իրականության մեջ Հայաստանում նման բան տեղի չի ունենա, քանի դեռ մենք ապրում ենք երկրում, որտեղ մարդու իրավունքները մշտապես ոտնահարվում են: Օրինակ, Վրաստանում ոչ թե արգելեցին (ցանկացած երեւույթի արգելքը նաեւ գայթակղություն է առաջացնում այդ արգելքը թեկուզ անօրինական ճանապարհով խոչընդոտելու, հաղթահարելու), այլ գնացին խրախուսման ճանապարհով. ձախ ղեկով մեքենաների ներկրման մաքսատուրքերն ինչ-որ չափով նվազեցին, իսկ աջ ղեկովներինը բարձրացան: Մի քիչ հետ գնանք եւ տեսնենք, թե ինչու մեզ մոտ սկսեցին օգտագործել աջ ղեկով մեքենաները: Տարիներ առաջ, սկսեցին բեռնափոխադրումներ կատարել, ճապոնական եւ եւրոպական ավտոաճուրդների կայքերի հասանելիություն եղավ, նույն մեքենան (օրինակ Nissan Tida-ն) արտադրվում էր ե՛ւ աջ, ե՛ւ ձախ ղեկով: Նույն տարեթվի նույն որակի աջ ղեկով մեքենան մոտավորապես 500-1000 դոլարով ավելի էժան էր, քան՝ ձախ ղեկովը: Մարդը, հաշվի առնելով իր ֆինանսական հնարավորությունները, գնում էր աջ ղեկով մեքենան: Փաստացի Հայաստան ներկրվող բոլոր մեքենաները միջինից ցածր գնի են, բայց ավելի որակյալ, ամուր, տեխնիկապես ավելի զարգացած են, քան նույն տարեթվի ռուսական որեւէ ավտոմեքենա, եւ ավելի էժան են, քան, ասենք, նույն հատկություններով գերմանական կամ եւրոպական արտադրության ավտոմեքենաները: Փաստացի, հասարակության որոշակի խավի համար սոցիալական հարց էր լուծվում. ներկրում եւ օգտագործում էին որպես աշխատանքի միջոց՝ առաքման կամ տաքսի ծառայությունների մատուցման, անձնական օգտագործման համար (որակյալ էին, եւ պահեստամասերն ավելի էժան էին): Հիմա ասում են՝ դուք այդ սոցիալական հարցը չպետք է լուծեք: Այսինքն, թանկացման այդ ֆոնին ավելի բարդանում է մարդկանց խնայողություններ անելու հնարավորությունը: Ես ինքս միտված եմ այն  մտքին, որ մի քանի տարի անց մեկ այլ՝ երրորդ երկրից ԵԱՏՄ տարածք մեքենա ներմուծելու դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են լինելու, որպեսզի ռուսական մեքենաները սպառվեն: Գաղտնիք չէ, որ այսօր ռուսական մեքենաները հիմնականում սպառվում են հետխորհրդային, այն էլ՝  ոչ բոլոր երկրներում. Լատվիայում եւ Լիտվայում արդեն երեւի սովետական մեքենա չեք գտնի, Վրաստանն էլ համարյա թե հրաժարվել է, մնում են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, նաեւ՝ մենք: Պետք է մեքենաների սպառման դաշտ: Օրինակ, Ճապոնիան կամ Գերմանիան սպառման որեւէ խնդիր չունեն. ամբողջ աշխարհում ճապոնական կամ գերմանական ավտոմեքենաներն են տարածված: Նրանք իրար մեջ, բնականաբար, ունեն մրցակցություն, բայց ընդհանուր ծավալով անհամեմատելի են, ասենք, ռուսական «Լադա»-ն եւ «Տոյոտա»-ն, կամ չինական մեքենաները: Վերջերս պատգամավորներից մեկի՝ Գեւորգ Գորգիսյանի միջոցով հարցում ուղարկեցինք եւ պատասխան ստացանք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 35000 աջ ղեկով մեքենաներ: Այսինքն, դա կազմում է Հայաստանում եղած մոտ 500,000 մեքենաների 8 տոկոսը: ՃՈ-ն դեկտեմբեր ամսին վիճակագրական տվյալներ փոխանցեց, որ վթարների դեպքում աջ ղեկով մեքենաների մասնակցությունն ընդամենը 10 տոկոս է, ընդ որում մասնակցությունը՝ ոչ թե պատճառը:  Վիճակագրությունն ի օգուտ աջ ղեկով մեքենաներին է, որովհետեւ այդ մեքենաները հիմնականում վարում են սկսնակ վարորդները (փորձառու վարորդները սկսնակներին խորհուրդ են տալիս ընտրել ավելի էժան մեքենա, որպեսզի վթարի ենթարկվելուց «դարդ չլինի» կամ թեթեւ լինի): Հաշվի առնենք, եւ դա գաղտնիք չէ, նաեւ այն փաստը, թե ինչպես են մեր երկրում վարորդական վկայականներ ստանում՝ 60 տոկոսն առանց քննությունների. ՃՈ-ն էլ չի թաքցնում, որ կան կոռուպցիոն ռիսկեր: Ըստ հավաստի տվյալների մարզերում վկայական է ստանում քննություն հանձնողների 95, Երեւանում՝ 70 տոկոսը: Այսինքն, անփորձ եւ ոչ կարգապահ վարորդները նստում են ղեկին, եւ նման քիչ թվով վթարներ են տեղի ունենում իրենց մասնակցությամբ, դա շատ լավ վիճակագրություն է: Անդրադառնամ նախարարի «կամիկաձե» արտահայտությանը՝ նստել աջ ղեկով մեքենա նշանակում է կամիկաձեություն անել: Ճապոնիայում, որ տեխնիկայի եւ գիտության մեջ համաշխարհային առաջատարներից է, ղեկավարությունը աջ ղեկով մեքենաներ են օգտագործում, երբ իրենց մոտ երթեւեկությունը ձախակողմյան է. ուրեմն իրենք էլ ե՞ն կամիկաձեներ: Դա շատ անհիմն  արտահայտություն էր եւ կարող էր լուրջ տնտեսական հետեւանքներ ունենալ. «Տոյոտա»-ն տարիների ընթացքում կարող էր որոշել Հայաստանի տարածքում մասնաճյուղ բացել, բայց հենց տրանսպորտի եւ կապի նախարարից նման արտահայտություն լսելով կմտածեր, թե ինչպես ենք վերաբերվում նրանց արժեքներին («Տոյոտա»-ն Ճապոնիայի համար արժեք է, որովհետեւ համաշխարհային ավտոշուկայում բրենդ է): Վրաստանում արդեն արգելեցին աջ ղեկի տեղափոխումը ձախ, բացառությամբ լուսարձակների փոփոխության, քանի որ աջ եւ ձախ ղեկով մեքենաների տարբերությունը հենց լուսարձակների լույսերի ուղղությունն է, բայց դա թույլատրում են: Հավանաբար նրանք վիճակագրական տվյալներ ունեն, որ աջ ղեկը ձախ տեղափոխելիս մեքենան որակապես փոխվում է (ինքս օգտվել եմ նման մեքենայից՝ որակը լրիվ ընկնում է), ավելի վտանգավոր է դառնում: Միգուցե որոշ դեպքերում կրկին հասարակությունը տուժի, բայց վթարների կամ մահացությունների թվով, հաստատ եմ ասում, միանշանակ կշահի, քանի որ ինքնին վտանգ է ներկայացնում աջ ղեկի տեղափոխումը: Կան մեքենաներ, որոնք մեքենայի տիրոջը հնարավորություն են տալիս մի քանի գործիքների օգնությամբ ղեկի փոփոխություն կատարել, բայց դրանք շատ քիչ են:

- Այս արգելքից հետո հնարավոր կլինի՞ բերել աջակողմյան ղեկով մեքենա, այստեղ փոխել, նոր մաքսազերծել:

-Օրինակ, Ռուսաստանում կամ այլ երկրում հաշվառված արժեքավոր մեքենայով զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, ընթացքում  գրանցումը փոխում  է եւ վերավաճառում: Եթե այստեղ պետք է սեփականատիրոջ փոփոխություն, վաճառք, ապա ապրիլի 1-ից հետո այսպես հնարավոր է: Բայց ղեկի փոփոխությունը պարտադիր կատարվում է ՃՈ թույլտվությամբ: Այստեղ արդեն իրար հակասող փաստեր են ի հայտ գալիս. ճանապարհային ոստիկանն իրավունք չունի զբոսաշրջիկին փոփոխություն թույլ չտալ: Այսինքն, էլ չի ստացվի աջ ղեկով մեքենա բերել եւ այստեղ վերավաճառել, որովհետեւ օրինական կերպով փոփոխելու համար հարկավոր է ՃՈ թույլտվությունը: Վրաստանում, եթե չեմ սխալվում, այդ թույլտվությունը պետք չէ: Այսինքն, այլ երկրում հաշվառված մեքենաները միայն Հայաստանում կարող են զբոսաշրջության նպատակով մուտք գործել եւ որոշ ժամանակ (2-3 ամիս) անց դուրս գալ: Փաստորեն եթե այս օրենքում գոնե այս վերջին դրական փոփոխությունը տեղի  չունենար, ապա կոտնահարեր մարդու հիմնարար իրավունքները: Ես, որպես վարորդ, մշտապես նշում եմ, որ աջ ղեկը ոչ թե վտանգ է ներկայացնում, այլ անհարմարավետ է աջակողմյան երթեւեկության համար: Մեքենան մեծամասամբ կախված է հենց վարորդից. կարգազանց վարորդը, լինի աջ, ձախ թե մեջտեղի ղեկ, միեւնույն է, խախտումներ կատարելու է, իսկ կարգապահ վարորդն աշխատելու է որեւէ մեկին չխոչընդոտել: Ես գիտեմ ե՛ւ աջ, ե՛ւ ձախ ղեկով կարգ խախտող վարորդների եւ հակառակը: Ընդ որում, եթե իրենք ելնում են վտանգավորությունից, կարող եմ որպես օրինակ բերել, ասենք, «Նիվա» մակնիշի կամ սպիտակ գույնի մեքենաների վտանգավորությունը: Այսինքն, իրենց փաստարկներն այդքան էլ հիմնավոր չեն, հիմնավորումների մեջ նշվում են նաեւ ԵԱՏՄ-ի պայմանագրերը: Վերջերս Դանիել Իոանեսյանը այդ փաստաթղթերը «վերծանեց», ու պարզվեց, որ ԵԱՏՄ-ի փաստաթղթերում այդ արգելքը դրվում է 8-ից ավելի տեղանոց մեքենաների համար: Ստացվում է, որ մեզ մոտ մինչեւ 8 տեղանոց մարդատար մեքենաները շատ հանգիստ կարող են շահագործվել, եթե այլ գաղտնի պայմանագրեր չկան: Այսինքն, իրենց հիմնավորումն էլի անհիմն է. այդպես կարող են սպիտակ կամ հենց ձախ ղեկով մեքենաներն արգելել, քանի որ վթարների 90 տոկոսը նրանց մեղքով է լինում: Ես, որպես վարորդ, դեմ եմ, որ աջ ղեկով մեքենան շահագործվի մեր աջակողմյան երթեւեկության մեջ, բայց որպես «Վարորդի ընկեր» ՀԿ հիմնադիր, որը պետք է վարորդների շահերը պաշտպանի, երբ կա վարորդների իրավունքները, եւ արդեն որպես քաղաքացի՝ սեփականության իրավունքը ոտնահարող որոշումների փաթեթ, քանի որ իշխանության ընդունած ցանկացած օրենք միշտ ի վնաս հասարակության է, դա գաղտնիք չէ, ես դեմ եմ օրենքի նման մեկնաբանմանն ու կիրառմանը: Ինչպես մեր խոսակցության սկզբում նշեցի, սա սոցիալական հարց է լուծում: Մենք կարող ենք առաջարկել, որ եթե դեմ են դրան, ապա կարող են այլ պայմաններ առաջարկել, օրինակ, խրախուսել ձախ ղեկով մեքենաների ներմուծումը, մաքսատուրքերն իջեցնել: Օրինակ, եթե ուզում են, որ մարդը մեքենա ձեռք բերի, բայց ձախ ղեկով, պետք է մաքսատուրքն իջեցնեն, գույքահարկը, ԱՊՊԱ պայմանագրերը նվազեցնեն, այսինքն՝ կարող են պայմաններ ստեղծել ձախ  ղեկով մեքենաների տարածման համար: Ընդ որում, մատչելի մեքենաների դեպքում մաքսային տուրքերը (բյուջեի համեմատ եմ ասում, ոչ՝ քաղաքացու գրպանի) շատ քիչ են, իրենք ավելի շատ գումար են աշխատում թանկ մեքենաների դեպքում, որոնք հենց իրենք են ներկրում: Եթե նման քչից որոշ չափով նվազեցնեն, ե՛ւ քաղաքացին ավելի շատ կշահագրգռվի, ե՛ւ ներմուծումը, ըստ դրա, կավելանա: Երբ Կարեն Կարապետյանը եկավ, մեքենաների ներմուծման հետ կապված մի շարք նորամուծություններ էր ուզում կատարել, բայց այնտեղ կա երկու մեթոդ. մեկը ստանդարտ թվեր են, որ շուկայական  գներով եւ ըստ տարեթվի մեքենաներ են, եւ ըստ այն փաստաթղթի, որով դու գնել ես: Բայց երբ մարդիկ այս փաստաթղթերով ներմուծելով գնում են մաքսազերծում կատարելու, լուրջ խնդիրների առաջ են կանգնում, բայց ստիպված համաձայնում են մաքսատան պայմաններին, որպեսզի գան, տուն հասնեն, որովհետեւ մթնոլորտն այնտեղ ծանր է, մարդիկ՝ հոգնած, նույնիսկ կռիվ են անում, որ ինվոյսով-ով անցկացնեն, որպեսզի գինը մատչելի լինի: Այսինքն՝ վարորդն ավելորդ բան չի պահանջում, միայն ուզում է, որ վարչապետի նշած որոշումը կիրառվի:

-Առհասարակ ավտոմեքենա չարտադրող երկրում դրա վրա ներկրման մաքսատուրք դնելը աբսուրդի հասնող բան է, որեւէ օգուտ չի տալիս: Աջակողմյան երթեւեկություն ունեցող երկրում աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը օրենքով կարելի է հիմնավորել, եթե վերացվի երկրորդ կետը. դրա մասին հայտարարությունը կա, բայց քանի դեռ որոշումը չկա, դրա մասին հաստատապես չենք խոսում: Այդ կետը վերացնելով արդյոք կվերանա՞ն (զուտ իրավական մասով) քաղաքացու իրավունքները խախտող բոլոր կետերը:

- Մինչեւ 2000-ականներն աջ ղեկով մեքենաներ գրեթե չեն ներմուծվել, եւ արգելք չի եղել: Իրավական առումով խնդիր կարծես չկա, քանի որ երկրներ կան, որոնք իսկապես արգելում կամ շատ բարձր տարիֆներ են սահմանում: Եվրոպական երկրներում այսպիսի երեւույթ կա. եթե դու մի բան ես ուզում, որը համարյա չի կարելի, դու դա արժեւորում ես, պետք է գումար տաս: Բայց մենք գիտենք, թե եւրոպական երկրներում բյուջե մուծված գումարներն ինչպես են օգտագործվում, մեզ մոտ՝ ինչպես: Եթե որոշումն ընդունվի, իմ կարծիքով, իրավական առումով խնդիր չի առաջանա, բայց կարծում եմ, որ այս հարցով կարելի է միջազգային իրավագետների հետ զրուցել, ովքեր այս ամենն ավելի ճիշտ կհիմնավորեն: Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ իրավական առումով խոչընդոտ չի ստեղծվում: Կրկնում եմ՝ թող խրախուսեն, քիչ-քիչ փոխհատուցեն: Երբ մեքենան այստեղ է մնում՝ ներքին շուկայում, եւ նորը չի մտնում, գինը, բնականաբար, կընկնի: Հետագայում հենց աջ ղեկով մեքենաների նորոգումը եւ պահեստամասերը կթանկանան. մեքենան սեփականատիրոջ վրա ավելի թանկ է նստելու, քան կլիներ ազատ ներկրելու դեպքում: Մեր երկրում փոփոխությունները հակառակ կողմից են սկսում, նաեւ ասում են, որ մեքենաները շատ են, խցանումների առիթ են հանդիսանում: Տարիներ առաջ նախորդ վարչապետը, եթե չեմ սխալվում, մանկավարժների սոցփաթեթների համար ասաց, որ կոռուպցիոն ռիսկեր կան՝ արգելենք: Նույն տրամաբանությամբ մենք էլ կարող ենք տարբեր առաջարկներ անել՝ արգելենք ավտոմեքենաներ վարելը, քանի որ խախտումներ են տեղի ունենում, լույսը չվառենք, քանի որ մարդիկ կան, որ հոսանքի վարձ չեն մուծում: Իրենք վերջից են գալիս, բայց պետք է հիմքերը գտնեն, թե ինչու է այդպես եղել, հետո նոր պատճառահետեւանքային կապով գան ինչ-որ ճիշտ ենթադրություների եւ որոշման նախագծեր առաջարկեն:

- Եւ ամենակարեւորը՝ սեփական նախաձեռնությամբ սահմանադրական որոշումներ եւ օրենքներ չգրվեն: Եթե հասարակական սեկտորը չլիներ, այստեղ իրավական տեսանկյունից աբսուրդային բան էինք ունենալու:

- Տեսեք, երթերին 35,000 վարորդից 60-70-ն էր ներկա լինում: Ամեն դեպքում ներկա նախարարն ավելի բաց գտնվեց (նախորդների դեպքում նման բան չի եղել). հենց առաջին երթի ժամանակ նրանց միջեւ զրույց տեղի ունեցավ, իրենք էլ են հասկանում, որ սա բոլոր առումներով սխալ էր: Մոտ մեկ եւ կես տարի առաջ այս արգելքի թեման արդեն արծարծվում էր, իրենք պատրաստում էին: Ես ինքս այնքան էլ հակված չէի եւ չէի մտածում, որ կարող է այսքան լուրջ լինել, բայց, փաստորեն, սխալվում էի: Ամսի 12-ին իրենք ներկայացնելու են լրամշակված տարբերակը, եւ հետո կերեւա, միգուցե այլ բացեր կան՝ չենք կարող ասել:

- Կհետեւենք թեմային, կտեսնենք: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan