Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դե կտեսնեք՝ Ժիրայր Սեֆիլյանը 11 տարի չի նստելու. փաստաբան. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Սահմանադրական կարգը Հայաստանում վաղուց է տապալվել, այն էլ բռնի ուժով, Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհները ընդամենը փորձում էին վերականգնել այն: Իրենց գործողությունների, ելույթների մեջ չկար որևէ հակասահմանադրական դրույթ կամ որևէ անօրենություն: 11 տարին ընդամենը քաղաքական հաշվեհարդար էր: Դատարանի որոշումները և վճիռներն առաջին իսկ օրվանից ուղեկցվել են կամայականություններով և օրենքների կոպիտ խախտումներով, այնպես որ դատարանի վճիռն անդառնալիության կետ չէ, մենք վստահ ենք, որ Ժիրայր Սեֆիլյանը բանտում 11 տարի չի անցկացնի»,-վստահ է փաստաբան Մուշեղ Շուշանյանը: «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը կամայական վճիռների մասին է:

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ:  FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը փաստաբան Մուշեղ Շուշանյանն է: Ողջո՛ւյն:

- Բարեւ Ձեզ:

- Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք կամայական վճիռների մասին, քննարկելու ենք նաեւ իրավիճակը կալանավայրերում: Նախ խոսենք կամայական վճիռների մասին.  Ժիրայր Սեֆիլյանին  առաջադրված մեղադրանքով նախատեսվում է 11 տարի ազատազրկում: Շատ էր խոսվում, որ սա քաղաքական հարց է, այսինքն՝ սպասելի էր, որ արդարադատության մեջ նաեւ քաղաքականություն է խառնվելու: Սակայն այդ քաղաքական էլեմենտը որքանո՞վ  էր գերակշիռ այս որոշումը կայացնելու մեջ: Սա խայտառակ անարդար որոշո՞ւմ էր, թե՞ իրավապահները եւ այս վճիռը կայացրած անձինք կարողացել են պրոֆեսիոնալ գործել եւ փորձել են համապատասխանեցնել այդ վճիռը, ժամկետը օրենքի տառին ու ոգուն: Ինչպե՞ս է տեղի ունեցել:

- Այն գործընթացը, որ տեղի է ունենում Ժիրայր Սեֆիլյանի, այսպես ասած, «դատավարության շրջանակներում», բնորոշ է քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց դատավարություններին, բայց հիմա խոսելու ենք կոնկրետ Ժիրայր Սեֆիլյանի դատավարության մասին: Այդ գործընթացն իրավունքի հետ բացարձակապես առնչություն չունեցող մի գործընթաց է. դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է, որ տեղի է ունենում ժողովրդի իշխանությունը յուրացրած խմբի կողմից իրենց հակառակորդների կամ այն անձանց նկատմամբ, ումից իրենք վտանգ են սպասում՝ իրենց յուրացրած իշխանությունը պահելու համար: Հիմա ավելի հանգամանալից անդրադառնանք դատավարության ընթացքին: Եթե ծանոթանանք Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին (նաեւ այդ գործով ամբաստանվող այլ անձանց) առաջադրված մեղադրանքների զուտ բովանդակությանը, արդեն իսկ ակնհայտ է դառնում քաղաքական էլեմենտը, եւ ամիսներ շարունակվող դատավարության ընթացքը ցույց տվեց, որ պայմանականորեն ասած «դատարանը» ի վիճակի չէ նույնիսկ արդարադատության իրականացման պատրանք ստեղծելու համար ապահովել նրանց գոնե նվազագույն  դատավարական իրավունքները: Ողջ դատավարությունն անցավ ամբաստանվող անձանց նվազագույն դատավարական իրավունքների կոպտագույն եւ շարունակական խախտման պայմաններում, այսինքն՝ դատավարության մեծ մասի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանն առհասարակ ներկա չեն գտնվել դատական նիստերի դահլիճում: Նրանց նկատմամբ դատարանը կամայականորեն դատական սանկցիաներ է կիրառել՝ նրանց ոտքի չկանգնելը համարելով անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Այնինչ դա իրենց դիրքորոշումն է. իրենք իրենց նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարի փաստը հաշվի առնելով իրենց վերաբերմունքն են արտահայտել այն մարմնի հանդեպ, որն այսօր կոչվում է «դատարան», հստակ հիմնավորելով, որ դա դատարան չէ, այլ  ընդամենը քաղաքական հետապնդման, հաշվեհարդարի իրականացման գործիք: Այսինքն, դատական նիստերի դահլիճից բացակայելու պայմաններում նրանք չէին կարողացել իրականացնել իրենց իրավունքները, նրանց ցուցմունք տալու հնարավորություն չի տրվել: Գեւորգ Սաֆարյանի դեպքում այդ հնարավորությունը տրվեց, հետո, երեւի, դատավորը հասկացավ, որ սխալ է գործել եւ նրան ցուցմունքն ավարտելու հնարավորություն չտվեց, իսկ Ժիրայր Սեֆիլյանի պարագայում առհասարակ այդ հնարավորությունը չտրվեց: Նաեւ պաշտպանների բազմաթիվ իրավունքներ են խախտվել: Այսինքն՝  կարող ենք արձանագրել, որ դատավարության ընթացքում նրանք մեղադրանքից պաշտպանվելու փաստացի հնարավորությունից զրկված են եղել: Արդեն ասացի, որ դատարանները ոչ միայն պարզապես չեն իրականացնում արդարադատություն, այլեւ մեծ ցանկության դեպքում էլ զրկված են այդպիսի հնարավորությունից (նմանատիպ քաղաքական տարր ունեցող, քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց գործերով): Դատարանը մի մարմին է, որը ստեղծվում է կոնկրետ քրեական գործերով արդարադատություն իրականացնելու համար. դա ենթադրում է, որ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը պետք է մեղադրանքից պաշտպանվելու բոլոր հնարավորություններն ունենա, նրան այդ իրավունքը պետք է տրվի: Արդարադատություն իրականացնելու համար դատարանը նախ պետք է անկախ լինի, իսկ մենք Հայաստանի Հանրապետության հիմնադրումից ի վեր անկախ դատարան չենք ունեցել, որովհետեւ իշխանություն իրականացնողների կողմից չի էլ դրվել այդպիսի նպատակ: Իշխանություն իրականացնողներին (առաջին հերթին նկատի ունեմ գործադիր խշխանությունը, տարբեր տարիներին պաշտոնավարած, նախագահի պաշտոնը զբաղեցրած անձնաց) ընդամենը հետաքրքրել է, որ դատարանները լինեն իրենց ենթակա, հնազանդ մարմիններ, իրականացնեն իրենց կամքը: Այնպես որ մենք, ամենամեծ ցանկության դեպքում էլ, արդարադատության իրականացման մասին խոսել չենք կարող:

- Եթե անկախ դատարան լիներ,  ապա Դուք ի՞նչ այլընտրանքներ էիք տեսնում, ո՞ր հոդվածներն էիք առաջ բերում վճռի հետ կապված. կարո՞ղ էր 11 տարին 5 կամ 2 տարով սահմանափակվել, կամ մեղադրյալն ազատ արձակվել:

- Ցանկացած բանական, գրագետ մեկը, ով ծանոթանա Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում (զանգվածային անկարգությունների նախապատրաստում) առկա ձեւակերպումներին, կհասկանա, որ դա իրականության հետ կապ չունեցող, ինչ-որ վառ երեւակայության արդյունքում գրված, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեքստ է:

- Բոլորն էլ հետեւել են Ժիրայր Սեֆիլյանի գործունեությանը, անգամ տեսահոլովակները կան՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի»: Շատերը դեռ այն ժամանակ ասում էին, որ նրանք հանդես են գալիս սահմանադրական կարգը բռնի տապալելու, հարկ եղած դեպքում նաեւ այլ գործողությունների դիմելու կոչերով. այս բոլորը որեւէ կերպ չէր էլ թաքցվում: Արդյոք «Սասնա Ծռեր»-ն առանց Ժիրայր Սեֆիլյանի կդիմեի՞ն այդ գործողություններին:

- Կոնկրետ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքի հիմքում դրված են Սեֆիլյանի կողմից տարբեր ժամանակներում հնչեցված հրապարակային ելույթները, այսինքն՝ այդ ելույթներով փորձ է արվում հիմնավորել, որ ելույթի հեղինակը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ: Մինչդեռ մենք գիտենք, որ ելույթը բավարար չէ անձին ինչ-որ գործողությունների նախապատրաստում մեղսագրելու համար: Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում տապալված է ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից, այսինքն՝ սահմանադրական կարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Սկսած այն պահից, երբ ժողովրդի իշխանությունը յուրացվել է՝ մասնավորապես համապետական ընտրությունները կեղծելու ճանապարհով, սահմանադրական կարգն արդեն իսկ տապալված է:

 - Ես ամբողջությամբ հասկանում եմ Ձեր միտքը: Մենք այս պահին ունենք Հայաստանի Հանրապետություն,  հանրապետության նախագահ (լեգիտիմ է, թե՝ ոչ, դա այլ հարց է). սա պետություն է, որն ընդունվում է, ունի միջազգային ճանաչում, դեսպանատներ, նախագահ, որն իրավական տեսանկյունից մեր նախագահն է: Խոսքը այս նախագահով այս սահմանադրության մասին է: Եթե իրավական լեզվով ենք խոսում, արդյոք այդ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը Ձեր նշած հոդվածի հետեւանքը չէ՞:

- Մենք նախ պետք է հասկանանք, թե ինչ է սահմանադրական կարգը. դա սահմանադրությամբ ամրագրված նորմերի ամբողջությունն է: Ես առաջին հերթին դա համարում եմ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները, որոնք նախատեսված են Սահմանադրության 2-րդ գլխում: Պետությունը պետք է այդ իրավունքները եւ ազատությունները պաշտպանելու, ապահովելու գործառույթ իրականացներ: Մինչդեռ մենք գիտենք, որ հենց այդ պետությունը զավթած, իշխանությունը յուրացրած խմբի կողմից այս տարիների ընթացքում շարունակաբար խախտվել են այդ մարդկանց բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները, եւ դա կրել է համակարգված, կազմակերպված բնույթ: Ես սա ասում եմ զուտ իրավունքի շրջանակում, փորձում եմ ասածս փոխանցել իրավական տերմիններով: Այն, որ Հայաստանն օտարերկրյա պետություններում դեսպանատներ ունի, ՄԱԿ-ի անդամ է, իշխանության յուրացման փաստի հետ որեւէ առնչություն չունի:

- Իմ ասածն այն է, որ մենք «դատի չենք տվել, դատը շահել» եւ փաստեր չունենք:

- Դատը շահելու հնարավորությունից ՀՀ ժողովուրդը զրկված է եղել, որովհետեւ գիտենք, որ համապետական ընտրությունների արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում, որը նույնպես անկախ գործող մարմին չէ եւ գտնվում է իշխանությունը յուրացրած խմբի լիակատար վերահսկողության ներքո: Ես ասեցի, որ սահմանադրական կարգի տապալման մասին խոսք գնալ չի կարող: Ենթադրենք Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ իշխանությունը յուրացրած խմբին իշխանությունից հեռացնելու համար պատրաստ են դիմել ցանկացած գործողությունների, դա միանգամայն իրավաչափ հայտարարություն է, որովհետեւ այն պահից սկսած, երբ ժողովրդի իշխանությունը յուրացված է, ժողովուրդն իրավունք ունի դիմելու ցանկացած միջոցների, ցանկացած եղանակով կարող է վերադարձնել իրենից յուրացված իշխանությունը: Այստեղ խոսքը գնում է նաեւ զինված գործողությունների, ապստամբության մասին, այսինքն՝ ցանկացած եղանակ իրավաչափ է: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է, ի թիւս այլնի, նաեւ ազատ ընտրությունների եղանակով, եւ ժողովրդի իշխանության յուրացումը որեւէ անհատի կամ կազմակերպության կողմից հանցագործություն է»: Սա նշանակում է, որ երբ ժողովրդի իշխանությունը յուրացվեց, եւ ժողովուրդը կամ նրա մի մասը դիմեց զինված ապստամբության, դա ժողովրդի կողմից իր իշխանությունն անմիջականորեն իրականացնելու եղանակ է եւ որեւէ դեպքում չի կարող դիտարկվել քրեական օրենսգրքի լույսի ներքո. դրանք կհամարվեն իրավաչափ գործողություններ:

- Ձեր կարծիքով այս ողջ պատմության ընթացքում որո՞նք են ամենաշատ կամայականությունները, որ հասնում են աբսուրդի:

- Ես արդեն իսկ մի քանի խախտումների մասին նշեցի: Ժիրայր Սեֆիլյանի գործով վերջին դատական նիստի ընթացքում մեղադրողները ճառով հանդես եկան եւ վերջում միջնորդեցին դատարանին այս կամ այն ժամկետով ազատազրկման դատապարտել, Ժիրայր Սեֆիլյանի դեպքում 11 տարի ազատազրկում պահանջվեց: Դա եւս մեկ անգամ եկավ վերահաստատելու, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող «դատավարություն» կոչվող գործընթացը քաղաքական հաշվեհարդարի մի դասական  դեպք է: Գործին ծանոթ կամ հետեւած բոլոր անձանց մոտ ձեւավորվել է ներքին համոզմունք, որ այդ մեղադրանքները ոչ թե պարզապես աբսուրդային են, այլեւ լիովին շինծու (զենքի հետ կապված), կեղծ ապացույցների վրա հիմնված: Ես գտնում եմ, որ իմաստ չունի խոսել դատավարական իրավունքների կոնկրետ խախտումների մասին, բոլորը դա տեսել են այս ամիսների ընթացքում:

- Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ գործողությունների եք պատրաստվում դիմել:

- Ներպետական միջոցները սպառելուց հետո, երբ ունենանք Վճռաբեկ դատարանի որոշումը, իհարկե, գործը կհասնի ԵԴ: Բայց չեմ կարծում, թե մենք այդքան երկար կսպասենք, որ գործը հասնի ԵԴ վճռին: Մեր պետությունը ներկայումս այնպիսի ծանր իրավիճակում է գտնվում, որ ես չեմ հավատում, թե իշխող վարչախումբն այս վիճակը պահելու համար համապատասխան ռեսուրս ունի: Մենք գիտենք, որ հիմա Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, եւ, իմ սուբյեկտիվ կարծիքով, այս վիճակը չի կարող երկար շարունակվել: Չեմ անդրադառնում նաեւ արտաքին բազմաթիվ մարտահրավերներին:

- Այսինքն, Դուք կարծում եք, որ երկրի ներսում տեղի ունեցող փոփոխությունների հետեւանքով գուցե հարցն ավելի շուտ կարող է լուծվել, քան հասնել ԵԴ:

- Ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է: Ամեն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումն ունենալուց հետո պարտադիր կերպով ԵԴ դիմում ներկայացվելու է:

 - Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը փաստաբան Մուշեղ Շուշանյանն էր: Շնորհակալություն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan