Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Բարեփոխված» ոստիկանները ծեծում են փողոցում, խոշտանգում դատարանում, ստիպում կոշիկ համբուրել. ուժի մենաշնորհի չարաշահումն իրավապահ համակարգում. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Վերջին տասը տարում ոստիկանական համակարգը ոչ միայն չի բարեփոխվել, այլև գրանցվել են խոշտանգումների, ուժի մենաշնորհի չարաշահման, կամայականնությունների աննախադեպ դրսևորումներ, փաստում են իրավապաշտպանները: Մասնագետները նշում են, որ վերջին քսան տարում առաջին անգամ գրանցվել է դեպք, երբ մեղադրյալները ծեծի են ենթարկվել հենց դատարանում: Խոսքը, իհարկե, Սասնա ծռերի գործով մեղադրյալների մասին է: Ինչ վերաբերում է քննչական բաժանմունքներում խոշտանգումների, ուժի կիրառման ու սպառնալիքների արդյունքում ցուցմունքի կորզման դեպքերին, ապա դրանք գրեթե անապացուցելի են: Ավելին, տուժողը ինքը կարող  է հայտնվել մեղադրյալի աթոռին՝ սուտ մատնության հոդվածով: Վերջին 20 տարում Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միայն մեկ դեպք է հասել դատարան, խոշտանգման մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվել է քրեական հետախուզության բաժնի պետն է: Ուժային կառույցների կամայականնությունների մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:

- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ողջույն: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Իսկ տաղավարում այսօր հյուրընկալել եմ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանին: Բարեւ Ձեզ:
- Բարեւ Ձեզ:
- Մենք այսօր խոսելու ենք ուժի մենաշնորհի՝ ոստիկանական չարաշահման մասին. այն դեպքերի մասին, երբ ոստիկանները՝ օրենքի պահապանները, դրսեւորում են կամայականություն եւ, ըստ էության, ուժի մենաշնորհի չարաշահումներ: Ես մտածում եմ, որ սա լինում է հիմնականում հավաքների ժամանակ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Զրույցների ժամանակ ակտիվիստներն ինձ ասում են, որ հիմա (ոչ թե օրենքով, այլ գործնականում) քննչական բաժին հասնելուց հետո արդեն կամայականություններ չեն լինում, ամեն ինչ տեղի է ունենում մինչ այդ. այսինքն, պետք է «հաջողացնել» հասնել քննչական բաժին:
- Այո, նման ճնշումներ, բռնություններ իրականացվում են հիմնականում հավաքի մասնակիցների նկատմամբ եւ մինչեւ ոստիկանական բաժին տանելը: Երբ քաղաքացիները բերման են ենթարկվում եւ հայտնվում ոստիկանական բաժնում, հետաքննիչները որեւե բռնություն չեն կիրառում. նրանք վարչական վարույթ են սկսում եւ արձանագրություն կազմում: Մինչ այդ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կատարվում են հետապնդումներ, ծնողների միջոցով ճնշումներ են իրականացվում՝ երեխաներին հավաքներին մասնակցելուց զերծ պահելու համար: Եվ նրանք այդ գործողությունների ընթացքում՝ մինչեւ բերման ենթարկվելը, կարող են մեքենայի մեջ դաժան, անմարդկային վերաբերմունքի, ուժի կիրառման ենթարկվել ոստիկանների կողմից: Նման դեպք տեղի ունեցավ 2015թ., երբ ջրցան մեքենաներ կիրառեցին. տեսանք, ինչպես էին բռնությունների ենթարկում լրագրողներին, քաղաքացիական հագուստով ոստիկանները կանանց մազերից բռնած քարշ տալով տանում էին, ակտիվիստներին ծեծի ենթարկում: Ինձ մոտ միշտ զարմանք է առաջացրել այն, թե ոստիկանությունը, հավաքը ցրելու հրաման ստանալով, ինչ ագրեսիվ պահվածքով է սկսում անձանց բերման ենթարկել, մեքենա նստացնել՝ ուժ կիրառելով, թեւերն ու վիզը ոլորելով, իսկ ակտիվիստները չեն էլ դիմադրում: Այն տպավորությունն է, որ նրանք անհամբեր սպասում էին այդ հրամանին:
- Մենք հենց ամենասկզբից թեման նեղացրեցինք՝ անդրադարձանք քաղաքացիական ակտիվիստներին ու հանրահավաքներին, որովհետեւ դա մեր աչքի առաջ է կատարվում, լուսաբանվում է: Արդյոք ոստիկանների կողմից այլ դեպքերում էլ կատարվո՞ւմ են ուժի մենաշնորհի չարաշահման մասսայական բնույթ կրող գործողություններ:
- Դա շատ կարեւոր հարց է, որը լրագրողների ուշադրության կենտրոնում է՝ խոսվում է, լուսաբանվում: Իսկ այն դեպքերում, երբ անձինք մենակ են մնում քննիչի կամ ոստիկանի հետ, եւ նրանցից սպառնալիքով, խոշտանգման միջոցով ցուցմունք է կորզվում, արդեն ապացուցման խնդիր է առաջանում: Եվ շատ դեպքերում Հատուկ քննչական ծառայությունում քրգործեր են հարուցվում խոշտանգման, լիազորությունների չարաշահման հիմքով, որը հետագայում կարճվում է՝ հիմքերի բացակայության պատճառով, իսկ այդ հաղորդումը տվող անձանց սուտ մատնության համար քրեական պատասխանատվության են ենթարկում: Սա, ըստ էության, ճնշում է, որովհետեւ եթե դուք երկուսով եք եղել, ինչպե՞ս պետք է ապացուցես, որ բռնության, խոշտանգման ես ենթարկվել: Մեր կազմակերպությունը, որը 20 տարուց ավելի զբավում է խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերով, նույնպես արձանագրել է բազմաթիվ նման դեպքեր: Մենք իրավաբաններից բացի ունենք նաեւ հոգեբաններ, հոգեբույժներ, բժիշկներ: Այս տարիների ընթացքում միայն մի նման գործ ունեցանք՝ ամբաստանյալի աթոռին է Իջեւանի քրեական հետախուզության բաժնի պետը (եւ սա շատ ուրախալի է), իսկ տուժողի շահերը ես եմ պաշտպանում. մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 309-ի պրիմ 1 հոդվածով՝ խոշտանգում եւ լիազորությունների անցում: Բայց Հայաստանում սա առաջին դեպքն է, եւ սա «Դատալեքս»-ի, իմ կամ լրագրող, իրավաբան Զարուհի Մեժլումյանի ջանքերի շնորհիվ է. մենք փորձեցինք ուսումնասիրել, Ժնեւում կամ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առջեւ խոսել, եւ հաջողվեց մի դեպք արձանագրել: Սա շատ ոգեւորիչ է, բայց եւ շատ ցավալի, երբ «Սասնա ծռերի»-ի դեպքերի ժամանակ, կարելի է ասել, հազարավոր մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքեր եղան ոստիկանության կողմից, եւ որեւէ քրգործ չկա, կամ գործեր հարուցվեցին, բայց 2016 թվականից մինչ օրս որեւէ տեղաշարժ այդ տուժողների գործերում չկա: Բայց միաժամանակ այն քաղաքացիները, ովքեր բախում էին ունեցել ոստիկանների հետ, դատապարտվեցին եւ կրում են իրենց պատիժը քրեակատարողական հիմնարկներում:
- Սրան նորից կանդրադառնանք: Դուք նշեցիք Ձեր կազմակերպության կողմից 20 տարվա մեջ առաջին անգամ արձանագրված՝ ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահման դեպքի համար հարուցված քրգործի մասին, խնդրում եմ երկու բառով մանրամասնեք:
- Այդ գործը հիմա գտնվում է Բերդի դատարանում, իսկ ամբաստանյալի աթոռին նստած է Իջեւանի քրեական հետախուզության բաժնի պետը՝ Գերասիմ Մարդանյանը. նա մեղադրվում է համագյուղացուն խոշտանգելու մեջ: Տուժողին փայտ գողանալու կասկածանքով տարել են ոստիկանական բաժին, ապտակել են, մարմնական վնասվածք հասցրել: Ապացույցների մասին չխոսենք, քանի որ գործը գտնվում է դատաքննության փուլում, բայց, ամեն դեպքում, նման գործողություն կատարվել է. ինչ որ ես ասացի, «Դատալեքս»-ում տեղադրված է: Ես շատ եմ ուսումնասիրել, բայց խոշտանգման հիմքով միայն սա եմ գտել, որ հարուցված է 309 պրիմ 1 հոդվածով, եւ ամբաստանյալի աթոռին ոչ թե սովորական ոստիկան է, այլ՝ քրեական բաժնի պետ:
- Հիմա անդրադառնանք տարեթվով ավելի մոտ դեպքերին: Ես կարդում էի 2017թ. «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հավաքին մասնակցելու դեպքերը, մասնավորապես Լաուրա Զաքարյանի գործը (Դուք նրա փաստաբանն եք): Ի՞նչ է տեղի ունեցել:
- Լաուրա Զաքարյանը, ինչպես եւ բոլորը, այդ օրը խաղաղ հավաքի են մասնակցել: Ոստիկանների՝ հավաքի մասնակիցներին մայթեզրերին խտացնելու հետեւանքով, իմ պաշտպանյալը վայր է ընկել, ոստիկանները նրա վրայով քայլել են, հարվածներ հասցրել, որի արդյունքում նրա ուսն է կոտրվել, ստացել մի շարք այլ մարմնական վնասվածքներ: Հիմա նրա հետ աշխատում են հոգեբաններ եւ այլ բժիշկներ: Մենք Հատուկ քննչական ծառայություն հաղորդում ներկայացրեցինք հանցագործության մասին, քննիչը նյութեր նախապատրաստեց, բայց այս նյութերով քրգործի հարուցումը մերժեց, եւ խոշտանգման վերաբերյալ որեւէ արդյունավետ քննություն չիրականացրեց. միայն տուժողից բացատրություն վերցնելով քննիչը գտել է, որ այդտեղ հանցագործություն տեղի չի ունեցել: Իսկ ԵԴ-ը պարտադրում է կառավարությանը, որ պետք է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի գործերով արդյունավետ քննություն իրականացվի: Այդ օրը մենք մեր բողոքներով պահանջում էինք, որ պետք է այդ օրվա ծառայություն իրականացնող բոլոր ոստիկաններից բացատրություն վերցվի, լրագրողական տեսանյութերն ուսումնասիրվի: Այդ օրվա հավաքի մասնակիցները, նաեւ իմ պաշտպանյալը, կոնկրետ անձանց են մատնանշել, որ իրենց կողքին կանգնած են եղել եւ կարող են ասել, թե որ ոստիկանն է բռնություն գործադրել: Սակայն Հատուկ քննչական ծառայությունը որեւէ գործողություն չիրականացրեց, միայն տուժողից բացատրություն վերցրեց: Ի դեպ, տուժողից բացատրություն են վերցրել եւ նրան դատաբժշկական փորձաքննության ենթարկել դեպքից մոտ 5-6 օր անց: Սակայն ուսի կոտրվածքն ակնհայտ էր եւ չէր կարող կոծկվել, դատաբժիշկները տեղեկանք էին տվել, որ ուսը կոտրված է, նրան պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածք: Մենք բողոքարկեցինք դատարան, եւ շատ ոգեւորիչ էր, որ Արաբկիրի դատարանն իմ բողոքը բավարարեց եւ պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին հարուցել քրեական գործ: Սակայն դատախազությունը, ինչպես միշտ, վերաքննիչ բողոք բերեց, եւ Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարեց, այսինքն՝ նորմալ է, ոչինչ տեղի չի ունեցել: Ես իմ բողոքով կարեւոր հարցերի անդրադարձա, որ Լաուրա Զաքարյանն ուսի կոտրվածքի պատճառով չի կարողացել ազատորեն կարծիք արտահայտել, շարունակել մասնակցել հավաքներին: Այսինքն՝ ոստիկանության գործողության նպատակն է եղել, որ իմ պաշտպանյալն այլեւս չկարողանա օգտվել այդ քաղաքական կարեւոր իրավունքներից: Հիմա բողոք եմ ներկայացրել Վճռաբեկ դատարան, բայց, ճիշտն ասած, որեւէ ակնկալիք չունեմ: Եթե սա ԵԴ մտնի խոսքի, հավաքների ազատության, խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ արդյունավետ քննություն չիրականացնելու հիմքով, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանի դեմ որոշում է կայացվելու: Այդ օրը ԱԺ ընտրություններն էին տեղի ունենում, եւ եղել է ոչ աշխատանքային օր. քննիչը տուժողի տուն է գնացել եւ ցուցմունք է վերցրել տան պայմաններում, երբ տուժողը դեղերի ազդեցության տակ է եղել: Նա ասել է, որ պաշտպան ունի եւ առանց փաստաբանի բացատրություն չի տալու, քննիչն ասել է. «Պաշտպանը ոչինչ չի անի, դու բացատրությունը տուր»: Վերաքննիչ դատարանի դատավորը հարց բարձրացրեց. «Ինչո՞ւ դուք չէիք գրում, որ փաստաբան եք ուզել, դեղերի ազդեցության տակ եք եղել»: Բնական է՝ քաղաքացին խոշտանգման է ենթարկվել, բացի այդ ինքը իրավաբանական գիտելիքներ չունի եւ պարտավոր չէր գրելու: Քննիչը երբ հարցնում է. «Ձեր ուսը դիտավորյա՞լ են կոտրել, թե՝ ոչ», քաղաքացին պատասխանում է՝ չգիտեմ: Քննիչը հիմնվելով միայն այդ խոսքի վրա, որ ուսը դիտավորյալ չի կոտրվել, եզրակացնում է, որ այստեղ դիտավորություն չկա: Այսինքն՝ հանցագործությունը ոչ միայն դիտավորյալ է լինում, այլ նաեւ՝ անզգուշաբար: Ամենացավալի եւ վառ օրինակը Լաուրա Զաքարյանինն է: Բայց բազմաթիվ օրինակներ կան, որ նմանատիպ հավաքի մասնակիցները (կարող է եւ մասնակից չլինել) ենթարկվում են վատ վերաբերմունքի կամ խոշտանգման, սակայն Հատուկ քննչական ծառայությունը նյութերով գործ չի հարուցում կամ հարուցում է, բայց 6 ամիս հետո կարճում: Որպես վառ օրինակ երեւի անդրադառնամ «Սասնա ծռեր»-ին դատարանի նկուղում ծեծի ենթարկելուն, խոշտանգելուն:
- Ներողություն եմ խնդրում Լաուրա Զաքարյանից մասնավոր դեպքին անդրադառնալու համար, բայց քանի որ ինֆորմացիան համացանցում ազատ դրված է, մտածեցի, որ դրա մասին կարելի է խոսել:
- Լաուրա Զաքարյանի մասին կարող ենք լիովին խոսել, քանի որ արդեն Վճռաբեկ դատարան ենք հասել, նախաքննական գաղտնիք պարունակող նյութեր չենք հրապարակում: Շատ կարևոր իրավունքներ էր արծարծվում: Մի տեսանկյունից ողջունելի էր 1-ին ատյանի դատարանի որոշումը, բայց դատարաններն այսօր իսկապես կաշկանդված են դատախազությունից: Կան 2-3 դատավորներ, ովքեր դատախազության դեմ իսկապես օրինական որոշումներ են կայացնում, իսկ Վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացնում է, եւ անձի խախտված իրավունքները չեն վերականգնվում: Ենթադրենք մեր կազմակերպությունը չկա, եւ Լաուրա Զաքարյանը չի ստանում ո՛չ բժշկական, ո՛չ հոգեբանական եւ ոչ էլ իրավաբանական օգնություն: Ի վերջո անձը խաղաղ հավաքի ժամանակ ուս է կոտրել՝ ո՞վ պետք է փոխհատուցի:
- Առաջին հերթին օգնություն պետք է ցուցաբերի այնտեղ կանգնած ոստիկանը: Որքանով ես եմ տեղյակ, ոստիկանները հավաքներին պետք է առկա լինեն մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
- Ոչ միայն օգնություն չեն ցուցաբերել, այլեւ ոտքերով անցել են տարեց կնոջ վրայով: Հատուկ քննչական ծառայությունը մատնանշում է, որ անօրինական հավաքների դեպքում, ըստ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի, ոստիկանությունն իրավունք ունի հավաքը ցրելու կամ մայթին անցկացնելու պահանջ ներկայացնել: Բայց եթե Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանությունից բացատրություն չի վերցրել, ապա որտեղի՞ց է եզրակացրել, որ հավաքը խաղաղ, իսկ քաղաքացիների գործողություններն իրավաչափ չեն եղել: Այստեղ առաջին հերթին պետք է հետազոտել ոստիկանություն-քաղաքացիներ-լրատվամիջոցներ ապացույցները, նոր եզրակացնել, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, իսկ հավաքի մասնակիցներինը՝ ոչ, քանի որ հավաքն իրականացվել է օրենքի խախտմամբ: Բայց Հատուկ քննչական ծառայությունը որեւէ հետազոտություն չանելով ասում է, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ: Բավական է այս հարցը ԵԴ-ում բարձրաձայնել, եւ շատ ցավալի որոշում կկայացվի Հայաստանի դեմ: Ամեն բողոք գրելով ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի դեմ որոշում պետք է կայացվի, եւ այդ գումարները մեր պետբյուջեից տրվեն դիմողներին:
- Դուք եւս մեկ շատ կարեւոր կետի անդրադարձաք, որը ես ընդհատեցի, ուժի մենաշնորհի չարաշահումը նաեւ դատարաններում եւ, մասնավորապես, «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ. որտե՞ղ է հասել այդ գործը:
- Այդ դեպքով քրեական գործ է հարուցվել. մեր պաշտպանյալների նկատմամբ բռնություն է կիրառվել, առկա են եղել մարմնական վնասվածքներ եւ տուժող են ճանաչվել, եւ շուտով մեկ տարին կլրանա, բայց այդ գործում որեւէ տեղաշարժ չկա: Մեր պաշտպանյալներն այդ ոստիկանական գունդը տանող-բերող անձի անունն էին նշում, որ հրամանը նա է տվել, սակայն վերջինս այդ քրեական գործով ոչ միայն որեւէ կարգավիճակ չունի, այլեւ պաշտոնի բարձրացում է ստացել, շարունակում է ուղեկցել մեր պաշտպանյալներին դատարան: Իսկ ԵԴ-ը հստակ ասում է. «Այն անձը, ով առնչություն է ունեցել ենթադրյալ (դեռ ապացուցված չէ) հանցագործության հետ, գոնե ձեւական առումով չպետք է գա դատարան»: Այնինչ մինչեւ հիմա ես նրան տեսնում եմ մեր պաշտպանյալներին դատարան ուղեկցելիս, այսինքն՝ տուժողները շփվում են ենթադրյալ մեղադրյալի կամ կասկածյալի հետ, որը ԵԴ կոնվենցիայի տեսանկյունից պետք է ընդհանրապես արգելված լիներ: Թեպետ ես երիտասարդ փաստաբան եմ, սակայն կոլեգաներս ասում են, որ մոտավորապես մի 20 տարի նման բան չեն տեսել, որ անձինք դատարանում բռնության են ենթարկվում, իսկ դատարանը նստած դատական նիստ է անցկացնում եւ իրեն չի հետաքրքրում, թե իր պահանջով կանչված մեղադրյալները որտեղ են: Կողքից բռնության ձայներ են գալիս, մենք բարձրաձայնում ենք, ասում են՝ դրսից է, եւ դուռը փակվում է: Երեկոյան իմանում եմ, որ իմ պաշտպանյալը ենթարկվել է դաժան վերաբերմունքի, խոշտանգման, որից եւ առողջական խնդիրներ ձեռք բերեց: Դրանից հետո՝ ամանորին, նրան պատժախուց են տեղափոխում, հետո նա վիրահատության է ենթարկվում: Բայց անպատժելիությունն ու ընտրովի արդարադատությունը շարունակվում է: Խոշտանգման հիմքով մի գործ է մտել դատարան, որը շատ ողջունելի է, բայց շատ քիչ է՝ ասելու համար, որ մենք իսկապես պայքարում ենք խոշտանգումների դեմ: Քանի որ մեր կազմակերպությունը մասնագիտացված կառույց է, Եվրոպայից փորձագետներ գալուց մեզ հրավիրում են, խոսում ենք, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում՝ նույնպես: Ի վերջո, նախանցած տարի, երբ մենք ԽԿԿ-ում այդ հարցը բարձրաձայնեցինք, ՀՀ Կառավարությունը որեւէ պատասխան չուներ, միայն հարուցված եւ կարճված գործերի մասին էր խոսում: Այսքան տարի նմանատիպ բազմաթիվ ու բացահայտ գործեր են եղել, բայց, ըստ էության, մենք խոշտանգման հիմքով հարուցված ընդամենը 1-2 գործ ունենք: Պետք է նշել նաեւ խոշտանգման զոհերի հոգեբանական վիճակը, ցավը, որ նրանք երբեւիցե չեն մոռանում: Մեր կազմակերպությունն ամեն ինչ անում է՝ իրավաբանականից բացի նաեւ հոգեբանական օգնություն ցուցաբերելու, այդ ցավը փոքր-ինչ մեղմելու համար:
- Ինչպես նշեցիք՝ երիտասարդ եք եւ երկար տարիների փորձ չունեք, բայց փորձեք մասնագիտորեն գնահատական տալ՝ տենդենցն ինչի՞ է գնում, ապօրինությունների, ուժի մենաշնորհի չարաշահման, բարձիթողի վիճակն ավելի՞ է սրվում, վատթարանում:
- Արդեն 7-8 տարի իրավապաշտպան կառույցներում եմ աշխատում եւ հիմնականում նմանատիպ՝ խոշտանգում, կոռուպցիա, խտրականություն ոլորտներում: Որպես փաստաբան երիտասարդ եմ, սակայն դեռ ուսանողական տարիներից սկսել եմ ուսումնասիրել իրավապաշտպան ոլորտը: Լայնամասշտաբ դեպքերը նշեմ. 2008-ին եղավ մարտի 1, 2015թ. ջրցան կիրառվեց խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, 2016-ին եղավ «Սասնա ծռեր»-ի դեպքը: Դրանից անմիջպես հետո այն անձանց, ովքեր որպես ակտիվ քաղաքացի էին ճանաչվել, աշխատանքի վայրից բռնությամբ բերման ենթարկեցին: Սա էլ է կարեւոր նշել՝ որպես ոստիկանությունում տեղի ունեցող կամայականություն, որ մարդկանց ոչ թե ոստիկանական բաժիններ էին տանում, այլ ոստիկանության զորքերի զորամաս: Երբ մենք՝ փաստաբաններս, գնում էինք, ասում էին. «Սա զորամաս է, դուք իրավունք չունեք մտնելու»: Սակայն 2016թ. հուլիսին եղան դեպքեր, երբ անձանց 8-9 ժամ զրկել էին ազատությունից, իսկ առանց դատավարական կարգավիճակի իրավունք չունեն 3 ժամից ավել պահել. իմ պաշտպանյալի մոտ, նույնիսկ 8 ժամը լրանալուց հետո, ես չէի կարողանում մտնել: Այնտեղ էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, բայց նա էլ չկարողացավ որեւէ բան անել, որ ես ներս մտնեմ: Հետո իմ պաշտպանյալը բոլորի հետ մեկտեղ դուրս եկավ՝ կապտուկներով, եւ պատմեց, որ դիմակավորված անձինք ծեծել են, ձեռնաշղթաները պատին ամրացրել, մինչեւ ՄԻՊ-ի ներկայացուցիչն է եկել, նոր նրան բաց են թողել: Փաստորեն այստեղ խախտվեց իմ փաստաբանական գործունեությունը, անձը խոշտանգման ենթարկվեց: Հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցված փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու, հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու (Դավիթ Սանասարյանին եւ իր ընկերոջը բերման են ենթարկում եւ ստիպում ոստիկանների կոշիկները համբուրել) համար: Սրանք ահասարսուռ դեպքեր էին: Այս դեպքից հետո, եթե զգացել եք, ոստիկանապետը նախկինի նման չի օգտագործում «բարեփոխված ոստիկաններ» արտահայտությունը, որովհետեւ մենք հուլիսյան դեպքերով տեսանք, թե ինչ տեղի ունեցավ՝ 10 տարով հետընթաց, մարդու իրավունքների ոտնահարում. մենք շարունակաբար առաջընթաց չենք տեսնում: «Սասնա ծռեր»-ին մեղադրում էին զինված գործողությունների, 3 ոստիկանի զոհվելու համար. ես շատ եմ ցավում մեր ցանկացած քաղաքացու կորստի համար, բայց մարտի 1-ին մենք ունեցանք 10 զոհ, եւ դատախազությունն ու դատական համակարգը չցավեց նրանց համար, որովհետեւ շարքային քաղաքացիներ էին: Երբ այս տարի ԱԺ-ում քննարկումներ ընթացան, Հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության ներկայացուցիչներն ասում էին. «Նախաքննական գաղտնիք է, ոչինչ չենք կարող ասել»: 2008թ. արդյունքն էր, որ մեր պաշտպանյալներն ապստամբություն իրականացրեցին, եւ մենք, որպես իրավապաշտպան կառույց, դեռ չենք տեսնում այդ իրական բարեփոխումները կամ որեւէ դրական արդյունք ոստիկանական համակարգում կամ փակ հաստատություններում: Միեւնույն է, մենք պայքարելու ենք: Հիմա սկսվում են հավաքներ, մեր դիտորդները մոնիթորինգ են իրականացնում, եւ թեպետ մեր կազմակերպությունը քիչ ուժեր ունի, բայց միշտ եղել է բերման ենթարկված քաղաքացիների կողքին, փորձել է իրավաբանական աջակցություն ցուցաբերել: Եվ շարունակելու ենք մեր գործունեությունը՝ այդ անարդարություններին բախվելով, թեպետ ծանր է, բայց չենք ընկճվում, միշտ պայքարելու ենք մարդու իրավունքների համար:
- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Իհարկե, այս թեմային անընդհատ կարելի է անդրադառնալ, քանի որ մասնավոր դեպքերը շատ-շատ են, լրագրողներն ու տեսախցիկներն արձանագրում են փաստերը: Այս թողարկման համար այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ: Հիշեցնեմ, որ տաղավարում էր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan