Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կաֆկայի «Դատավարությունը» Հայաստանի դատաիրավական համակարգի մասին է. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Տոնածառի գործով» հայտնի քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը դժվարանում է նշել, թե հատկապես ի՞նչն էր ավելի աբսուրդ. սուտ մեղադրանքը, առանց ապացույցների իրեն մեղավոր ճանաչելը, թե քաղաքական գործունեությունից հրաժարվելու պահանջը՝ բանտապետի կողմից: Գևորգ Սաֆարյանը Հայաստանի դատաիրավական համակարգը համեմատում է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի հետ. եթե Կաֆկան ներկայացրել է իրականությունն աբսուրդի ժանրում, ապա Հայաստանում հենց իրականությունն է աբսուրդային: Օրեր առաջ դատարանը, չհեռանալու մասին ստորագրությամբ, Գևորգ Սաֆարյանին ազատ արձակվեց դատարանի դահլիճից, սակայն այդպես էլ նրան անմեղ չճանաչեց: Ինչպե՞ս է պատրաստվում ապացուցել իր անմեղությունը, ինչի՞ համար էր նախորդ իշխանությունը մեկուսացնում իրեն և պատրաստվու՞մ է արդյոք շարունակել քաղաքական գործունեությունը: «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանն է:

- Ժողովուրդը Ձեզ ընկալում է որպես քաղբանտարկյալ. համաձա՞յն եք այդ դիրքորոշման հետ:

- Միանշանակ, քանի որ ինձ բանտարկել են հենց թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական դաշտում (չնայած սրանք տարանջատել պետք չէ) իմ քաղաքական գործունեության եւ հայացքների, հանրահավաքներում իմ   ելույթների, քաղաքացիական ակտիվ գործունեության համար: Եւ՝  շինծու մեղադրանք:

- Նախ շնորհավորում եմ, որ հիմա ազատության մեջ եք, չնայած միայն խափանման միջոցն է փոխվել: Գնալո՞ւ եք նրան, որ նաեւ արդարացման վճիռը լինի:

- Միանշանակ: Մենք բողոքարկելու ենք  Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարան, եթե վճիռը չփոխվի՝ կդիմենք ՄԻԵԴ: Միանշանակ գնալու ենք արդարացման, որովհետեւ մեզ դատապարտելու որեւիցե հիմք չունեին ու ինձ, փաստացի,  դատապարտել են ազատազրկման այնքան, ինչքան ես արդեն նստել էի բանտում: Սա արդարադատության հետ որեւէ կապ չունի, եւ մենք գնալու ենք դեպի արդարադատություն:

- Քաղաքական հետապնդումների համար դատապարտելը նշանակում է, որ Ձեզանից վախենալու ինչ-որ բան ունեն: Նախորդ իշխանությունները, որոնց օրոք Դուք եղել եք քաղբանտարկյալ, ինչո՞ւ էին վախենում Գեւորգ Սաֆարյանից:

- Նախորդ իշխանություններին հասկանալը  մի քիչ դժվար է, որովհետեւ նրանցից շատերը տգետ էին: Բայց կարծում եմ, որ նրանք վախենում էին, որ երիտասարդները կարող են օրինակ վերցնել (քանի որ ես ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ) եւ դուրս գալ փողոց, ինչը եւ տեղի ունեցավ այս Թավշյա հեղափոխության ժամանակ. բազմաթիվ անգամ ասվել է, որ երիտասարդական գործոնը շատ մեծ էր: Ռեժիմը վախենում էր, որ դա ավելի շուտ կարող է տեղի ունենալ, դրա համար անհրաժեշտ էր ինձ մեկուսացնել: Բայց քանի որ սրանք Սովետական Միությունից մնացած եւ այդ մտածողությամբ մարդիկ են, չեն հասկանում, որ եթե դու մարդուն հալածում ես, նրա ձայնը դառնում է ավելի լսելի: Եթե մինչեւ իմ ձերբակալումը ինձ ճանաչում էր, պայմանականորեն ասենք,  500 մարդ, ապա ձերբակալելուց հետո ինձ ճանաչում էր արդեն 5000 մարդ: Այսինքն՝ ռեժիմն իր տգիտությամբ աշխատեց իր դեմ:

- Այս Թավշյա հեղափոխության օրերին Դուք ազատազրկման մեջ էիք, բայց, այնուամենայնիվ, համարո՞ւմ եք Ձեր պայքարը նաեւ սրա մի մասնիկը, եւ այն, ինչի համար Դուք պայքարում էիք, այսօր արդեն իրականացած:

- Ես համարում եմ, որ իրականացվում է, բայց իրականացված չէ: Մենք պետք է ֆիքսենք, որ մեր երկրում հեղափոխությունը սկսվել, բայց չի ավարտվել, դեռ ընթացքի մեջ է, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի գործողություն, որ այդ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական ավարտին: Չմոռանանք, որ մեր իշխանության ընդամենը 1/3 մասն է այսօր փոխվել եւ նշանակվել ժողովրդի կողմից, իսկ օրենսդիր եւ դատական իշխանությունը մնացել է նույն ցեխի եւ ճահճի մեջ: Այսինքն՝ առնվազն պետք է փոխվի օրենսդիր ու դատական իշխանությունը, որպեսզի մենք համարենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Կա նաեւ հեղափոխության 2-րդ չափանիշը. հնարավոր չէ երկրում տեղի ունենա հեղափոխություն, իսկ հեղափոխականները մնան բանտերում: Այսինքն՝ քանի դեռ մենք ունենք քաղբանտարկյալներ, հեղափոխությունն ավարտական փուլին չի հասել: Բայց ես համոզված եմ, որ կհասնի, բոլոր քաղբանտարկյալները դուրս կգան, վերջնականապես կազատվենք այս ռեժիմից՝ դատական համակարգը բարելավելով, ԱԺ-ից հանրապետականներին դուրս քշելով, նրանց ազդեցությունը վերացնելով: Եւ այդ ժամանակ արդեն կարող ենք խոսել իրական հեղափոխության ավարտի կամ նոր սկզբի մասին:

- Ձեր պայքարն էլ սրա մի մասն էր կազմում, չէ՞:

- Մեր պայքարի նպատակը եղել է սա: Հիմա չեմ կարող ասել, թե անձամբ իմ պայքարը որքանով է ազդեցություն  ունեցել, բայց կարծում եմ, որ գոնե մի փոքր լումա ներդրել եմ:

- Սկսած հենց սկզբից՝ Ձեր ձերբակալումից մինչեւ դատավարություն, նաեւ բանտային պայմանները իրավապաշտպանները աբսուրդային էին համարում: Ո՞րն էր Ձեզ համար այն ամենաաբսուրդային կետը, որ կար այս ամբողջ դատավարության ընթացքում:

- Իրականում աբսուրդային էր ամեն ինչ՝ ձերբակալությունը, նախաքննությունը: Հենց նախաքննության սկզբում, երբ ես քննիչին գրավոր միջնորդեցի առգրավել ոստիկանների մոտ առկա տեսագրությունները (քանի որ ես չէի հարվածել ոստիկանին, եւ դա ի վնաս ինձ չէր աշխատելու) , նա շատ զարմացավ: Քննիչին թվաց, թե ես չեմ հասկանում՝ ինձ ինչում են մեղադրում, եւ եւս մեկ անգամ ասեց. «Քեզ են մեղադրում ոստիկանին հարվածելու մեջ, եւ եթե ես առգրավում եմ այդ տեսագրությունները, դա աշխատելու է ի վնաս քեզ»: Երբ ես նորից պնդեցի, քննիչը ժպտաց, բայց, այդուհանդերձ, մինչեւ նախաքննության, դատաքննության ավարտն այդ տեսագրություններն այդպես էլ չառգրավեցին, քանի որ կերեւար, որ ես չէի հարվածել Գեղամ Խաչատրյանին: Դատավարության ամբողջ ընթացքն աբսուրդի ժանրից էր, ինչպես ասում էին՝ տոնածառ տեղադրելու համար: Իրական պատճառն այն էր, որ ռեժիմը որոշակի վախեր ուներ եւ իրենց առիթ էր պետք, որն իրենք արհեստականորեն ստեղծեցին. բայց անգամ այդ պարագայում չկարողացան ստեղծել իրական, գոնե ինչ-որ չափով արժանահավատ առիթ: Բայց ի սկզբանե հայտնի էր, որ ինձ դատապարտելու են:

- Ձեր մեղքն ապացուցված համարվեց բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ Ձեր կողմից վկաներ կայի՞ն:

- Անգամ այդպես չի կարելի ասել:  Նախ, մեր կողմի վկաներից  (նրանք շատ-շատ էին, ցուցակը ներկայացրել էինք) գրեթե բոլորին դատարանը մերժեց հրավիրել.  ի դեպ, դա վկաների այն ցուցակն էր, որը ներկայացվեց նաեւ դատախազության կողմից: Հետագայում դատախազությունը դատակոչ չէր արել, բայց նրանք վկա էին քրեական գործով, ուստի մենք դատակոչ արեցինք, բայց դատարանն արգելեց նրանց քննել: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանների տված ցուցմունքներին, անգամ այդ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներն իրար հակասում էին. ոստիկանների տված ցուցմունքները հակասում էին իրար, նաեւ՝ առկա տեսագրություններին, որը դատախազությունն էր տեղադրել քրգործում: Գեղամ Խաչատրյանը պնդում էր, որ այդ միջադեպի ժամանակ իր աչքն ուռած էր, արյունահոսում էր: Մենք ներկայացրեցինք միջադեպից անմիջապես հետո կատարված մի տեսագրություն, որտեղ նրա դեմքը նկարահանված էր շատ մոտիկից, եւ նա որեւէ վնասվածք չուներ: Անգամ այս պարագայում չի կարելի ասել՝ ոստիկանների ցուցմունքներով, որովհետեւ դրանք էլ էին հակասական:

- Գեղամ Խաչատրյանը որտեղ է հիմա, ինչ է անում, տեղյա՞կ եք:

- Ես չեմ հետաքրքրվել, բայց ակտիվ քաղաքացիներից իմ ընկերներն ասում են, որ նա դեռ ծառայում է ոստիկանությունում: Շատ ցավալի է, որ նման որակի ոստիկանները դեռ մնում են համակարգում. կարծում եմ, որ ոստիկանությունը շատ լուրջ մաքրվելու խնդիր ունի: Մենք կարող ենք վերցնել Վրաստանի օրինակը, երբ հեղափոխության արդյունքում Սաակաշվիլին եկավ, եւ նրա առաջին գործողություններից մեկը եղավ դատաիրավական համակարգի մաքրումը: Նրանք սկսեցին ոստիկանների ատեստացիա, որի արդյունքում ատեստացիա անցնող ոստիկանները վերաձեւակերպվում եւ դառնում էին ոստիկաններ, մնացածներին հրաժեշտ էին տալիս: Սա փոփոխությունների ագրեսիվ մեթոդն է, բայց, կարծում եմ, տեղին է, որովհետեւ մեր ոստիկանությունը թաղված է կոռուպցիայի, տգիտության, անբարոյականության մեջ: Երբ «Սասնա ծռեր»-ը մտան ՊՊԾ գունդ, այնտեղ   որոշակի ժամացույցներ ցույց տվեցին, եթե հիշում եք ժամացույցների ֆիգուրները.... Այսինքն՝ այս ոստիկանությունն ունակ չէ իրականացնել իրական, մարդու իրավունքների իրավապաշտպանություն, պետք է անհապաղ այս ոստիկանությունը մաքրել:

- Դուք Ձեր խոսքում Ձեր դատավարությունը համեմատում էիք Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» գրքի, այսինքն՝ աբսուրդի ժանրի հետ: Որքանո՞վ է Հայաստանի դատաիրավական համակարգն իսկապես նման այդ գրքին:

- Այնքանով, ինչքանով ներկայացրել էր Կաֆկան, այստեղ կարելի է ուղղակի համեմատություն անել: Եթե հիշում եք, այնտեղ որոշակի կտտանքների են ենթարկում, մեր լեքսիկոնով ասենք, մեր ժամանակների օպերլիազորներին: Իրականում մոտավորապես նման վերաբերմունք ունեն մեր ոստիկանության վերադասներն իրենց ստորադասների նկատմամբ: Իրականությունը ցույց տալու համար Կաֆկան այն ներկայացրել է աբսուրդի ժանրում: Մեր իրականությունը հենց աբսուրդի ժանրում է:

- Ձեր պատկերացմամբ այս համակարգը (մշտապես նրա մասին ասվող ածականները կրկին չնշեմ) ի՞նչ հնարավորություն ունի բարեկարգվելու եւ որտեղի՞ց պետք է սկսել: Եթե բռնություններից խոսենք,  նրանք ամենուր են՝ ձերբակալության ժամանակ, դրանից առաջ. «Սասնա ծռեր»-ի դատավարության ժամանակ բռնության դեպք ունեցանք անգամ դատարանում, որը եւս  աբսուրդի (այս բառը մեր այսօրվա եթերի թոփ բառն է լինելու) ժանրից է: Բարելավելու հնարավորություն կա՞, Ձեր կարծիքով, եւ կարճ ժամանակում դա ուղղելը ռեա՞լ բան է:

- Միանշակ: Մենք արդեն Վրաստանի օրինակը բերեցինք, որտեղ համակարգն ահավոր ցեխի մեջ էր գտնվում, եւ նրանք շատ արագ կարողացան դուրս գալ դրա միջից: Մենք մեր ազգին, հասարակությանը շատ ենք թերագնահատում, բայց ունենք շատ-շատ արժանի կադրեր բոլոր ոլորտների համար, ուղղակի այդ կադրերն այսքան ժամանակ ֆիլտրվել, հեռու են պահվել: Հենց ոստիկանությունից, ԱԱԾ-ից բազմաթիվ արժանավայել աշխատողներ, ովքեր կարող էին իրոք աշխատել, կատարել իրենց պարտականությունները, դուրս եկան, քանի որ նրանց ստիպեցին մարդկանց, օրինակ՝ քաղաքական հայացքների համար, ձերբակալել: Նման կադրեր շատ կան մեր երկրում, ուղղակի պետք է համակարգված նրանց վերադարձնել, նոր կադրեր բերել: Հիմնարար փոփոխությունները պետք է սկսել սահմանադրական փոփոխություններից՝ դատարանի անկախությունն ապահովել սահմանադրական լծակներով: Այսօր մենք չունենք նման երաշխիքներ, որ դատարանն անկախ է: Այսօր, օրինակ, կառավարությունից հնչում են կարծիքներ, որ եթե Բաղրամյան 26-ից այլեւս զանգեր չեն լինելու դատավորներին, դատական համակարգը կարող է ինքնառողջանալ, բայց դա գրեթե հնարավոր չէ: Դատական համակարգն այնպես է ոչնչացված՝ սահմանադրական, օրենսդրական, արդեն նաեւ իրավակիրառ մակարդակով: Այստեղ պետք են ագրեսիվ մեթոդներ՝ դատաիրավական համակարգն առհասարակ փոխելու համար:

- Հեղափոխությունից հետո այս մեկ ամսվա ընթացքում  Դուք ո՞ր մակարդակում եք զգացել որեւէ փոփոխություն՝  Ձեր նկատմամբ պահման պայմանների, դատավարության, դատավորների կամ ուղեկցող շարքային ոստիկանների առումով:

- Այդ համակարգում, ճիշտն ասած, փոփոխություն չեմ նկատել, ինչ կար՝ նույնը պահպանվել է: Չնայած շատ-շատ մարդիկ, նաեւ կալանավորներից, հույսեր են կապում Արտակ Զեյնալյանի հետ, քանի որ գիտենք, որ նա մեծ իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվել: Կան մարդիկ, ովքեր իրոք հույսեր են կապում եւ սպասում, որ առնվազն քրեակատարողական համակարգի մակարդակում լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Դեռ չկան այդ փոփոխությունները, բայց հուսանք, որ տեղի կունենան: Ինչ վերաբերում է ոստիկանական կամ դատական համակարգին, ես որեւիցե փոփոխություն չեմ նկատում:

- Դա մի համակարգ է, որտեղ, սովորաբար, իրավաբանները, իրավապաշտպանները, ոլորտի մարդիկ ասում են, որ մարդու իրավունքներն ամենաշատն են խախտվում: Դուք ո՞ր կետերով եք Ձեր իրավունքները խախտված համարում ՔԿՀ-ներում:

- Նախեւառաջ, երբ ինձ ձերբակալել էին, որոշակի սադրանքներ կազմակերպեցին իմ նկատմամբ, նաեւ՝ ՔԿՀ-ի  ղեկավարության կողմից. ինձ հրավիրեցին ՔԿՀ պետի՝ բանտապետի մոտ, ով ինձ գրեթե ուլտիմատում ներկայացրեց՝ հրաժարվել (նաեւ՝ գրավոր) քաղաքական գործունեությունից: Երբ ես ասեցի, որ չեմ հրաժարվում եւ շարունակելու եմ իմ գործունեությունը, եղավ անգամ նման սպառնալիք. «Այդ դեպքում այս ամենը շատ երկար կտեւի»: Ես նաեւ որոշակի առողջական խնդիրներ ունեի ծնկիս հետ կապված եւ դիմել էի, որպեսզի իմ միջոցներով քաղաքացիական հիվանդանոցում բուժստուգում անցնեի, բայց դա ինձ ամեն կերպ թույլ չէին տալիս: Ի վերջո ՄԻՊ-ը մի նամակ ուղարկեց ՔԿՀ, որում հիմնավորում էր, որ իմ իրավունքները ոտնահարվում են: Եւ միայն այս փոփոխություններից հետո ինձ թույլ տվեցին այդ բուժստուգումն անցնել:

- Արդեն դիմե՞լ եք դատարան Ձեր անմեղությունն ապացուցելու համար:

- Մենք դեռ դատական որոշումն ամբողջությամբ չենք ստացել, հրապարակվել է միայն որոշման եզրափակիչ մասը:

- Խոսենք ապագայի պլանների մասին: Գեւորգ, հետաքրքիր է, թե բանտից դուրս գալուց հետո առաջինն ինչ եք արել:

- Նախ գնացել եմ տուն: Այդ օրը երեկոյան շատ հյուրեր ունեցա (այս օրերի ընթացքում նույնպես ունենում եմ), մեծամասամբ զբաղված եմ նրանցով: Հասցնում եմ նաեւ առաջացած կենցաղային բնույթի հարցերը  լուծել, Ձեզ հարցազրույց եմ տալիս:

- Պլաններ կա՞ն արդեն, թե դեռ ժամանակ չեք ունեցել մտածելու: Ասեցիք, որ Ձեզ գրավոր ստիպել են հրաժարվել քաղաքական գործունեությունից, բայց մերժել եք:

- Ասել եմ եւ ասում եմ, որ դա չի լինելու: Ես պատրաստ եմ ցանկացած կարգավիճակում եւ ցանկացած եղանակով ծառայել մեր պետությանը եւ ժողովրդին:

- Հուսանք, որ Նոր Հայաստանում մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր իրենք քաղաքական հայացքների համար են բանտերում, չնայած նախորդ իշխանությունները մինչեւ վերջ էլ այդ ձեւակերպման հետ համաձայն չեղան: Վերջին հարցը. ըստ Ձեզ հնարավո՞ր է կարճ ժամանակում այս հարցն ամբողջությամբ լուծել, հստակ ասել, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, որովհետեւ Ձեր, նաեւ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում այդ արդարացումը քանի չկա՝ սրի նման կախված է գլխավերեւում:

- Նախ, մենք փաստացի շարունակում ենք մնալ քաղաքական հալածյալներ, որովհետեւ մեր նկատմամբ գրգործը չի կարճվել, չենք արդարացվել: Իսկ ինչ վերաբերում է հնարավորությանը, իհարկե հնարավոր է: Այսօր այդ արագ մեթոդները չեն ընտրվելու որպես լուծման մեթոդ, չնայած հնարավոր է, որ ընտրվեն, եւ քաղբանտարկյալները կարող են միանգամից ազատ արձակվել. այստեղ մի քիչ քաղաքական համարձակության կամ քաղաքական ուղու խնդիր կա: Ես կարծում եմ, որ պետք չէ շատ մեծ հույսեր ունենալ խորը ճահճի մեջ գտնվող դատաիրավական համակարգից: Այստեղ ավելի ճիշտ լուծումներ կան քաղաքական, քան դատաիրավական դաշտում, որը մենք դեռ շատ երկար կբարեփոխենք, մինչեւ հասնի արդարադատության իրացման մակարդակի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալներ չլինելուն, ապա մենք չպետք է հուսանք, այլ պետք է կատարենք հստակ գործողություններ, որ ոչ միայն մենք չունենանք քաղբանտարկյալներ, այլ մեզ համար պետք է ընտրենք «Այլեւս երբեք» լոզունգը, որպեսզի այլեւս երբեք չունենանք այնպիսի պետություն, ինչպիսին ունեինք ընդամենն ամիսներ առաջ:

- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, Գեւորգ:

- Ես եմ շնորհակալ հրավերի համար:

- Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր հյուրընկալել էի Հիմնադիր խորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ, քաղբանտարկյալ (նախկին) Գեւորգ Սաֆարյանին: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan