Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան




«Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, և 2020 թվականի երկրորդ կեսին, կամ 21 թվականի առաջին կեսին Հայաստան պաշտոնական այց կկատարի ՌԴ նախագահը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից՝ կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանի շրջանակներում:
Անդրադառնալով այսչափ շատ այցերին ՌԴ-ից Հայաստան ու հակառակ ուղղություններով, վարչապետն ասաց, որ ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, 2018 թ-ի հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում: Սրա պատճառն այն է, որ ոչ մեկի կողմից կանխատեսված չի եղել այս հեղափոխությունն ու ոչ ոք պատրաստ չի եղել դրան և խիստ բնական է, որ այս հարցերը ծագել են:
«Կարծում եմ, որ մեր մոտ այդ պրոցեսը գնում է, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ, որակ արձանագրվի: Կարող եմ ես ասել, որ հիմա դա արձանագրվել է և հիմա ավելի վստահ կարող եմ ասել, որ տեղի է ունենում»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ 2018-ի արդյունքներով իր ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին: