Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պատասխանատու կլինի ժամանակավոր կառավարությունը. Մորալես




Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ հնարավորության դեպքում հենց վաղը կվերադառնար Բոլիվիա, սակայն դրա համար երկրի ժամանակավոր կառավարության կողմից անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ ասել են, որ իմ վերադառնալուն դեմ են խոսում ԱՄՆ-ում: Ինքս էլ հենց վաղը կվերադառնայի, սպասում եմ կառավարության կողմից անվտանգության երաշխիքներին: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պատասխանատու կլինի ժամանակավոր կառավարությունը»,- ասել է Մորալեսը:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո նոյեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել երկրում ահագնացող բողոքի ցույցերի ֆոնին: Ավելի ուշ Մեքսիկայի իշխանությունները նրան քաղաքական ապաստան էին տրամադրել: