Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները

Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում մարտի 20-ն տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ձևաչափով, որը պայմանականորեն անվանվում է տնտեսական հակաճգնաժամային գործողությունների օպերատիվ շտաբ կամ պարետատուն: Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ արդեն կան կոնկրետ արդյունքներ, որովհետև արդեն իսկ կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնց վերաբերյալ շատ արագ հանրային քննարկումներ տեղի կունենան, և կկայացվեն որոշումներ:

«Մեր աշխատանքը հիմնականում 3 ուղղություն է ունենալու՝ տնտեսական հրատապ գործողություններ, սոցիալական բնույթի հրատապ գործողություններ և տնտեսական բնույթի ռազմավարական միջոցառումներ: Մենք, ըստ էության, ինչպես ասվել է, կոնկրետացրել ենք մեր պատկերացումներն այդ գործողությունների վերաբերյալ, և հիմա ավելի վստահ եմ, որ քաղաքական այն խնդիրը, որ հռչակել ենք դեռևս ճգնաժամի մեկնարկային փուլում, այն է՝ մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում, մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել և այդ նպատակներին հասնել: Մանավանդ, ի հեճուկս համաշխարհային ճգնաժամի՝ Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական իմիջը միջազգային և համաշխարհային տնտեսական ռեյտինգներում, և կարծում եմ, որ առնվազն մինչև այս պահը նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Հայաստանը շարունակում է բարելավել իր պոզիտիվ իմիջն աշխարհում: Կարծում եմ, որ սրանք ամենևին էլ երկրորդական նշանակություն չունեն՝ մեր հետագա պլանները ոչ միայն կազմելու, այլև իրագործելու իմաստով, և այս փուլում մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն մեր տնտեսվարողներին աջակցելը, մեր տնտեսության մրցունակությունն ավելացնելը, այլև պետք է շատերին տեսանելի լինի աշխարհում, որ ետճգնաժամային ժամանակներում Հայաստանը տնտեսական գործունեություն վարելու համար լավագույն տեղերից մեկն է աշխարհում: Սա, իհարկե, մեզնից լուրջ ջանք և լուրջ աշխատանք է պահանջելու, և ես համոզված եմ, որ այդ աշխատանքը մենք ի վիճակի կլինենք անել», - նկատել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ նաև քննարկման այս ձևաչափի որոշակի բյուրեղացման գործընթաց է լինելու, և կառավարությունը բաց է լինելու նաև առաջարկների, գաղափարների համար. «Պետք է հաղորդակցություն ունենանք նաև քաղաքական այն ուժերի, քաղաքացիական հանրության այն շրջանակների և տնտեսվարող այն շրջանակների հետո, որոնք մեզ հետ կիսելու գաղափարներ կունենան։ Իհարկե, այդ ամենը պետք է լինի համակարգված, որպեսզի աշխատանքը ոչ թե բարդացնենք, այլ դարձնենք առավել արդյունավետ: Մանավանդ հանրային քննարկումների փուլ ենք մտնում, և պարոն Գրիգորյան, ինչպես այսօր առավոտյան պայմանավորվել ենք, պետք է արդեն իսկ մտածել նաև այն մասին, որ այդ քննարկումներում շատ ուշադիր լինենք, որպեսզի բոլոր այն օգտակար գաղափարները կամ բոլոր գաղափարները, որոնք կարող են մեզ օգնել առավել արդյունավետ որոշումներ կայացնել, ի գիտություն ընդունենք և համոզվենք, որ տեղյակ ենք, հասու ենք այդ գաղափարներին. որոշակի առաջարկներ ունեցող մարդիկ, գործընկերները, քաղաքական ուժերը, տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ իրենք լսելի են կառավարության համար»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունն արդեն շատ հստակ իր ռազմավարությունն ընդգծել է, և պետք է պարզ լինի, որ այդ ռազմավարությունից չի շեղվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ապացույցներ չկան, որ դա սխալ ռազմավարություն է: «Համոզված եմ, որ այդպիսի ապացույցներ չեն լինի, իսկ էությունը հետևյալն է. մենք ոչ թե ճգնաժամի արդյունքում պետք է խեղճանանք և ուրիշներին աջակցենք խեղճանալու պրոցեսների մեջ, այլ պետք է ճգնաժամի ընթացքում ուժեղանանք և աջակցենք բոլոր նրանց, ովքեր ուզում են ուժեղանալ, ովքեր հավատում են ուժեղանալու մեր՝ համընդհանուր և նաև իրենց անհատական հնարավորություններին և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է շարունակենք։

Կրկնում եմ՝ հատկապես տնտեսական ոլորտում մենք պետք է մրցունակության բարձրացումը, արդյունավետության բարձրացումը, նորարարության ներմուծումը և նոր աշխարհի ձևակերպմանը մասնակից լինելու հավակնությունները համարենք առաջնային՝ իհարկե, ունենալով նաև սոցիալական աջակցության հրատապ գործողությունների ծրագիր։ Երեկ մենք քննարկել ենք և դրա վերաբերյալ արդեն ունեցել ենք որոշումներ։ Այսօր ես նաև հանդիպում եմ ունեցել այս կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ: Մենք հստակ ուղենշել ենք այս առումով մեր անելիքը, և այստեղ էլ մեր հիմնական խնդիրն այն է, որ սոցիալական աջակցության ռեսուրսները լինեն հասցեական և հասնեն այն մարդկանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը և որևէ կերպ չհասնեն այն մարդկանց, ովքեր օբյեկտիվորեն դրա կարիքը չունեն։

Այսօր մենք պետք է քննարկենք գյուղատնտեսության ոլորտում մեր անելիքները, և այդ անելիքների վերաբերյալ արդեն նախնական պատկերացումներ կան: Այսօր այդ պատկերացումները կճշգրտենք և բովանդակությունը որոշակի տեսքի հասցնելուց հետո, արագ հանրային քննարկման փուլով անցկացնելուց հետո արդեն կփորձենք արձանագրել որպես կառավարության որոշումներ», - ընդգծել է երկրի վարչապետը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը որոշակի ցուցանիշներ է ներկայացրել առանձին ոլորտներում շրջանառության ծավալների վրա կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ազդեցության, հարկային վճարումների և եկամուտների, ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ: Եվս մեկ անգամ անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հարկային արձակուրդ չի տրամադրելու. մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց հարկերը վճարել, և հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը՝ կառավարությունը ևս միջոցներ է ներդնելու՝ քաղաքացու հետ մասնակցելով հարկերի վճարմանը:

Խորհրդակցությանը քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին հնարավոր օժանդակության մեխանիզմներին և գործիքակազմին: Արծարծվել են գյուղատնտեսական միկրովարկավորման՝ որպես հակաճգնաժամային աջակցության արդյունավետ գործիքի կիրարկմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը միտված է լինելու և՛ ոլորտին աջակցություն ցուցաբերելուն, և՛ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գույքագրել բոլոր առաջարկությունները, լրամշակել միջոցառումների փաթեթը և հաջորդ շաբաթվա սկզբին ներկայացնել վերջնական քննարկման:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan