Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ձուկը՝ գլխից. կոշկակարի ու թիթեղագործի հաշվին ստվեր չեն կրճատում «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Կոշկակարներն ու դերձակները, կրկնուսույցներն ու թիթեղագործ պապիկները միշտ էլ եղել են հարկային դաշտում: Օրենքի նոր նախագիծը պարզապես սահմանում է այդ հարկվելիք գումարների տրամադրումը ՏԻՄ-երին: Ստվերը կրճատելու այդ նախաձեռնությունն այսքան ցավալի չէր լինի, եթե կառավարությունը ձուկը գլխից բռնած լիներ:

Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր մենք խմբագրության հետ որոշեցինք անդրադառնալ քննարկման առարկա դարձած Արտոնագրային հարկի մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծին: Ինչո՞ւ. որովհետև այս նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում` մի կողմից՝ շատ քննադատական, մյուս կողմից՝ շատ դրական, և անհրաժեշտություն կա, որ «Իրական իրավունք» հաղորդաշարն անդրադառնա սրան և որոշակի մանրամասներ ներկայացնի, որպեսզի մեր բոլոր ռադիոլսողներին պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է: Ես ուղղակի նախապատմությունն ասեմ. սեպտեմբերի 15-ից ՀՀ կառավարության ներկայացմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկվել Արտոնագրային հարկի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ բոլոր մասնավոր, ոչ պետական գործունեություն ծավալող անձինք պարտավոր են հարկեր վճարել: Սա պարզից էլ պարզ է: Հիմա ես թվարկում եմ այն ոլորտները, որոնցում նախատեսվում են փոփոխությունները: Մեջբերում կատարեմ ՀՀ արտոնագրային հարկի մասին օրենքի 6-րդ հոդվածից, որտեղ ասվում է, որ արտոնագրային հարկը կիրառվում է գործունեության ներքոհիշյալ տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում վճարողը ստացել կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:
1. Բնակչության պատվերով կատարվող.
ա. կոշիկի և կաշվե գալանտերիայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերիայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում, հագուստի արտադրություն և նորոգում, գլխարկների արտադրություն և նորոգում, գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում, փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրությունների նորոգում, տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն, այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն և թիթեղագործական գործունեություն
բ. ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում, նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, լեզուների ուսուցման դասընթացներ, պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, խնջույքների գործունեություն, կրթական գործունեություն արտադպրոցական դաստիարակության, մարմնամարզության և սպորտի բնագավառում, մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում առանց տարբերակման՝ սեփական սպառման համար, թե՝ ոչ, դարբնոցային գործունեություն, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:
Այստեղ ուշագրավը նաև այն է, որ օրենքի նախագծում՝ հիմնավորումների բաժնում, հետևյալ կերպ է հիմնավորվում, որ ցանկում ընդգրկված գործունեության տեսակների գծով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում, հետևաբար, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում՝ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ անհատ ձեռնարկատերերի դեպքում: Այսպիսով, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ֆիզիկական անձին որևէ առավելություն չի տալիս: Այսինքն՝ այստեղ կառավարության ներկայացուցիչները ցանկանում են հիմնավորել, որ եթե ձևը փոխվի, արտոնագրային վճարով հարկվի, և, ըստ էության, հարկվում է արտոնագրային վճարով, ուղղակի ես կներկայացնեմ, թե ինչումն է խնդիրը, ապա նրանց, այսպես կոչված, ստաժը կհաշվարկվի, որովհետև նշվում է, որ ԱՁ ունեն, ԱՁ-ով են դա իրականացնում, և այդ ստաժը չի հաշվարկվում: Մի կողմից հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ բայց չէ՞ որ մենք ժամանակին ընդունել ենք այս օրենքը, և այդ գործունեությունն իրականացնողներն արդեն մտել են հարկային դաշտ: Եվ եթե Դուք գնաք կոշկակարի մոտ կամ նշված գործունեությունն իրականացնողներից մեկի մոտ՝ դարբնոց, և այլն, կտեսնեք այնտեղ փակցված այդ արտոնագրային վճարի մասին նշված փաստաթուղը՝ կնքված, ստորագրված, որ այդ մարդիկ արտոնագրային վճար են վճարում: Ուղղակի այստեղ ցանկանում են ասել, որ գիտեք՝ դա բավարար չէ, որպեսզի այդ գործունեությամբ զբաղվող անձանց կենսաթոշակային տարիքին հասնելու պարագայում ստաժ հաշվարկվի, ինչը, կարծում եմ՝ շատ սխալ մոտեցում է: Եվ մյուս կողմից նաև պարզաբանման անհրաժեշտություն կա. եթե այս ուղղությամբ մենք արդեն ունենք օրենսդրություն, և դաշտը կարգավորված է, ապա ինչո՞ւմն է կայանում այս փոփոխությունը, և ինչի՞ մասին է խոսքը: Որովհետև տպավորություն կա, և մամուլի լուսաբանումն էլ այնպիսինն է, որ այս դաշտը նոր է, և այս գործունեությունն իրականացնողները նոր են մտցվում հարկման դաշտ: Տեսեք՝ ինչումն է խնդիրը. այսօր գործող օրենսդրության մեջ նշվում է, որ գործունեության տեսակների ցանկը բացարձակապես նույնն է, այսինքն՝ միևնույն ցանկի մասին է խոսքը, արտոնագիրը տրվում է և տրվելու է որոշակի ժամկետով, ինչը նույնպես նույնն է գործող օրենքում: Գործող օրենքով դա վճարվում է պետական բյուջե, իսկ օրենքի առաջարկվող այս փոփոխությամբ, պետք է վճարվի համայնքային բյուջե, որովհետև դառնում է արդեն տեղական հարկ: Այսօրվա մեր ունեցած օրենսդրությամբ, դրույքաչափը հաշվարկվում է ֆիքսված չափով՝ ամսական կտրվածքով, ընդ որում՝ հարկը նվազում է Երևան քաղաքից մինչև մարզեր: Այստեղ նաև տարբերություն կա մարզկենտրոնների և այլ քաղաքների միջև: Ես հիշում եմ՝ այն ժամանակ սրա, նաև՝ Երևանի հետ կապված շատ լուրջ լոբբինգ ենք տարել, որպեսզի տարբերություն լինի կենտրոնի և ծայրամասային թաղամասերի միջև, և կարգը դա է եղել: Պետք է հիշեցնեմ, որ այն ժամանակ ատամնաբուժական գործունեությամբ զբաղվողների հետ կապված վեճ ծագեց. ատամնաբուժական ամեն բազկաթոռի համար արտոնագրային վճար մտցվեց, և այս գործունեությունն իրականացնողները ցույցեր արեցին ԱԺ-ի մոտ, մենք նրանց հետ հանդիպումներ ունեցանք: Հիմա ձեզ ներկայացնեմ առաջարկվող տարբերակը: Ասվում է, որ դրույքաչափը հաշվարկվում է նույն կարգով, սակայն այս դեպքում միանգամից, օրինակ՝ 12, 24 կամ 36 ամիսների կտրվածքով արտոնագիր վերցնելու դեպքում հարկը նվազում է: Օրինակ՝ եթե դուք միանգամից եք վճարում հարկը 12, 24 կամ 36 ամիսների համար, եթե արտոնագրային վճարի դեպքում Երևան քաղաքում այն կազմում է 6.500 դրամ, 12 ամիսը՝ 78.000 դրամ, ապա նախագծի համաձայն, արտոնագրային հարկը Երևանում մեկ տարվա համար սահմանվում է 69.420 դրամ:
Ես պետք է մեկնաբանեմ, թե որն է կառավարության միտումը: Ակնհայտ է, որ օրենքն ընդունվել է, և դրանից հետո նրանք չեն կարողացել հարկային դաշտ բերել այսպիսի գործունեությամբ զբաղվողներին, և, եթե չեմ սխալվում, մենք ռադիոհաղորդման շրջանակում դեռևս մեկ տարի առաջ արձագանքել ենք այս: Եվ ի՞նչ տեղի ունեցավ. այդպես էլ չկարողացան բերել հարկային դաշտ: Հիմա որոշել են լավություն անել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ասելով. «Պետական բյուջե վճարվող հարկատեսակից մենք այն դարձնում ենք տեղական հարկ: Գնացեք տեղական ինքանկառավարման մարմիններ, գտեք այդ մարդկանց՝ կոշկակարներին, տանը ինչ-որ բաներով զբաղվող մարդկանց, որոնցից մեկն անգլերեն է պարապում, մեկը ռուսերեն է պարապում, մյուսը այլ մասնագիտացում պահանջող ինչ-որ բան է պարապում, հաշվառեք նրանց, արտոնագրային վճարի դաշտ բերեք, գումարը գանձեք և տարեք տեղական բյուջե: Եվ եթե այդ մարդիկ ոչ թե ամեն ամիս կվճարեն այդ գումարը, այլ միանգամից 12 ամսվա, 24 ամսվա, 36 ամսվա գումար կվճարեն, ապա օրենքը նաև հնարավորություն է տալիս որոշակի զեղչային համակարգի»: Ակնհայտ է, որ կա պետական վերահսկողությունից դուրս մնացած, ավելին՝ բյուջե չգնացող գումար, և ցանկանում են այս գումարը գոնե տեղական ինքնակառավարման մարմիններին տալ:
Բայց ինչո՞ւմն է մեր համաքաղաքացիների, մասնագետների ոլորտի, այսպես ասած, զարհուրանքը: Մարդիկ ամեն օր տեսնում, գիտակցում են այն անարդարությունները, որոնք գոյություն ունեն մեր տնտեսական, հարկային դաշտում, հասկանում են, որ հարկային քաղաքականությունը Հայաստանում չի սկսվում խոշորներից, չի սկսվում մեծ շրջանառություն ունեցող գործարարներից, մոնոպոլիստներից: Պետք էր գլխից բռնել, բայց թողած, այսպես կոչված, խոշորներին, մենք ընկել ենք կոշկակարների և տանը ռուսերեն-անգլերեն պարապողների հետևից: Ես չեմ առարկում, որ եթե մարդը եկամուտ է ստանում, ապա պետք է նաև հարկեր վճարի: Մարդու իրավունքների տեսանկյունից մենք ասում ենք, որ նա 3 պարտականություն ունի՝ հարկեր վճարել, մասնակցել երկրի պաշտպանությանը և կատարել օրինական դատարանի որոշումները: Եվ այս առումով, այո՛, մենք հարկեր վճարելու պարտավորություն ունենք: Բայց ինչո՞ւ են մարդիկ այդպես վատ արձագանքում. որովհետև տեսնում են, որ նրանց, ովքեր ավելի շատ վճարելու բան ունեն, և դա ստվերում է գտնվում, մենք թողել ենք և ընկել ենք մանր-մունր ինչ-որ գումարների հետևից:
Ես մինչև հաղորդումը նայում էի տարբեր հարցազրույցներ, տարբեր գործիչներ անդրադարձել են, մեկը՝ արդարացնում է, մեկն ասում է՝ գումարներ են դուրս մնում: Եթե անդրադառնամ կրթության ոլորտին, նախարար պրն. Աշոտյանը հարցազրույցում նշել է, որ ինքը օրենքի փոփոխությանը, և նաև հաշվարկել է, որ կրկնուսուցման ոլորտում կա 25-30 մլն դոլարի ստվերային շրջանառություն կա: Այս առումով կա նաև հակափաստարկ, թե ինչու պետք է ունենայինք կրկնուսույցներ, երբ ավագ դպրոցը պետք է այդ առաքելությունը կատարեր, և ոչ թե մարդիկ անիմաստ ժամանակ վատնեն ավագ դպրոցում և գնան կրկնուսուցմամբ էլ զբաղվեն, այնտեղ էլ վճարեն, հետո պետությունը մտածի՝ ինչպես հարկ ստանա կրկնուսույցներից, և մենք նման խնդիրների առաջ կանգնենք: Ես չեմ ցանկանում մտնել կրթության ոլորտ, որն իմը չէ, ուղղակի ներկայացնում եմ այն, ինչ ունենք: Ընդհանրապես չի ասվում, որ տվյալ պարագայում այս հարկատեսակը պետական բյուջե գնալու փոխարեն այս նախագծով առաջարկվում է, որ գնա տեղական ինքնակառավարման բյուջե, ինչը, ամեն դեպքում, կարևոր է, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինների, բացառությամբ Երևան քաղաքի, բյուջեները ծայրահեղ ծանր վիճակում են և չեն կարողանում լուծել համայնքային խնդիրներ: Այստեղ բազմիցս խոսվել է սահմանամերձ համայնքների մասին, երբ մենք ունենք մի այնպիսի խայտառակ վիճակ, որ մարդիկ ֆեյսբուքում դրամահավաք են անում, որ սահմանմերձ համայնքի դպրոցը պատ շարեն, թշնամու գնդակը չխոցի: Այդ պատը չի շարվում պետական միջոցներով, այլ դրամահավաքի միջոցներով է փորձ արվում շարել, և միևնույն ժամանակ մենք տոնակատարություններ ենք անում, որտեղ ծախսում ենք հարյուրավոր միլիոնների դրամներ: Անգամ տոնակատարությունների տեսանկյունից ո՛չ ձևը, ո՛չ բովանդակությունը որևէ կերպ չի վերանայվում և չի փոխվում անգամ սուր քննադատությունների արդյունքում: Օրենքը խորհրդարանում դեռևս չի քննարկվել, միայն՝ հանձաժողովի մակարդակում, բայց քննարկման առարկա կդառնա նաև լիագումար նիստում: Այս նախագիծը մեծ տեղ է թողնում պոպուլիզմի համար, հնարավոր բոլոր պոպուլիստական ելույթներին դեռ կծանոթանաք խորհրդարանում քննարկումներին: Բայց պետք է ասեմ, որ այն ընդունված օրենք է, նշված ոլորտի գործունեությամբ զբաղվողներն արդեն իսկ բերված են հարկային դաշտ, այլ բան է, որ չի ստացվում, երևի թե, այդ հարկերը հավաքել, և փորձ են անում այդ բեռը դնել տեղական ինքնակառավարման մարմինների վրա, որովհետև ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է պետական բյուջե գանձվող գումարի մասին, ապա տեղական ինքնակառավարման մարմիններն այնքան էլ շահագրգիռ չեն լինելու այս առումով: Փորձ է արվում այդ գումարը տալ իրենց, ասել՝ տեսեք նոր ապակենտրոնացում է տեղի ունենում, մենք ձեզ նոր հնարավորություններ ենք տալիս այս գումարները գանձելու: Բայց միևնույն ժամանակ պարզ է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք փորձելու են գանձել այս գումարները, հայտնվելու են քննադատության թիրախում, որ խոշորներին թողած՝ մեր հետևից են եկել, բայց տեղական ինքնակառավարման մարմինները խոշորներին հարկելու հետ որևէ գործ չունեն: Այստեղ նրանց առաքելությունն ամբողջությամբ այլ է: Խոշորներին հարկելու, դաշտ բերելու, նրանց հաշվին ստվերը կրճատելու առումով ես, օգտվելով մեր «Իրական իրավունք» հաղորդաշարից, ևս մեկ անգամ պետք է կոչ անեմ կառավարությանը, խոսքը ներկայիս՝ Հովիկ Աբրահամյանի, ոչ թե Տիգրան Սարգսյանի կառավարության մասին է, որ այս տարիների ընթացքում խոշոր հարկատուներին և մոնոպոլիստներին ստվերից դուրս, հարկային դաշտ բերելու առումով որևէ առանցքային, կարդինալ քայլ չի արել: Հետևաբար նմանատիպ նախաձեռնությունները, որոնք ուղղված են կոշկակարներին, ձմեռվա վառարան պատրաստող թիթեղագործներին կամ դարբիններին, ընդհանարպես որևէ կրեդիտ կամ պատիվ չի բերում գործող կառավարությանը: Հետաևաբար, եթե նման նախաձեռնությամբ հանդես են գալիս, նախ պետք է հնարավորինս լուսաբանեն և բացատրեն մարդկանց, թե ինչի մասին է խոսքը, որ սպառեն բոլոր այն հնարավորությունները, որ պոպուլիզմը չխանգարի, որ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե գումար գնա: Եվ երկրորդ, մինչև հասնելը կոշկակարներին,շատ կարևոր է ցույց տալ արդյունքները, թե ինչպես է կրճատել խոշորների ստվերը, հետո նոր խոսել կոշկակարների և ստվերում մնացած կրկնուսույցների, անգլերեն պարապողների մասին:
Կարծում եմ՝ այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի: Եվ «Լրատվական» ռադիոն, «Իրական իրավունք» հաղորդաշարը կշարունակի մատը պահել զարկերակի վրա՝ հասարակական տարբեր կարևոր հարցերի քննարկումները բերելով այս ստուդիա և դարձնելով քննարկամ առարկա: Շնորհակալություն: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն էր, և ձեզ հետ էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan