Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայոց Ցեղասպանությունը ժխտողները այլևս պատիժ չեն կրի .«Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Թուրքերը Փերինչեքին կարողացան հասցնել եվրոպական մի այնպիսի երկիր, որտեղ քրեականացված է ցեղասպանության ժխտումը: Նրա հայտարարությունների միջոցով վիճարկեցին, մարտահրավեր նետեցին այդ օրենսդրությանը, այնուհետև քրեական հետապնդման զոհ դարձրին Փերինչեքին: Այս ամենի արդյունքում կարողացան հարցը բարձրացնել ՄԻԵԴ-ում՝ ցեղասպանության հարցը դարձնելով քննարկման առարկա և վիճելի: Թուրքերը այս մեխանիզմով կարողացան ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնել ՄԻԵԴ-ում, որն իրավասություն չունի ընդհանրապես ցեղասպանության հետ կապված որևէ հարց քննարկելու:
Հաղորդման սղագրությունը 

Ողջույն հարգելի ունկնդիրներ: «Լրատվական» ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում «Իրական իրավունք» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդման հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ողջուն, պրն. Մարուքյան:
-Ողջույն:
- Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք Փերինչեքի դատավարությունից: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունն ավարտված է, վճիռը՝ կայացված: Պրն. Մարուքյան, մեր ռադիոլսողներին մի փոքր ներկայացրեք նախապատմությունը: Չնայած՝ վստահ եմ՝ բոլորը հետևել են, բայց, այնուամենայնիվ, հիշեցնենք՝ ովքեր ծանոթ չեն, և խոսենք ներկա վիճակի մասին:
- Այս օրերին շատ է քննարկվում ՄԻԵԴ որոշումը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Մեր մամուլը լուսաբանել է Մեծ պալատի հունվարյան հանրային լսումները, նաև՝ մինչ այդ Շվեյցարիայում քննվող գործը, այսինքն՝ մեր հասարակությունը շատ ուշադիր հետևել է այս գործին, և անհրաժեշտություն կա նաև հաղորդաշարի շրջանակում մեր ռադիոլսողներին լուսաբանել այն: Նախ ասեմ, թե ով է Փերինչեքը: Նա հայտնի թուրք իրավաբան է, քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ: Բնակվում է Թուրքիայում: Հայտնի է նաև մեկ այլ գործունեությամբ. աչքի է ընկել տարբեր միջազգային ատյաններում, տարբեր երկրներում, տարբեր հարթակներում՝ Հայոց ցեղասպանության դեմ իր քարոզարշավով, որի շրջանակում անընդհատ բարձրաձայնում է, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է, հնարվել է ԱՄՆ-ի և Եվրամիության իմպերիալիստների կողմից, որպեսզի ճնշեն, մասնատեն Թուրքիան և այլն: 2005թ. Շվեյցարիայում երեք տարբեր միջոցառումների ժամանակ իր ելույթներում նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Դատարանի վճռում մեջբերված են նրա խոսքերը՝ իրապես խայտառակ ձևակերպումներով: Նա ասում է, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է, որը նման է Հիտլերի կողմից ստեղծված ստերին, և, հետևաբար, պետք չէ լսել այդ գանգատները՝ որևէ ցեղասպանություն տեղի չի ունեցել: Նա նաև պնդում է, որ հայերն են թուրքերին կոտորածների ենթարկել: Նաև ասում է՝ մի հավատացեք Հիտլերի ոճի մեջ ձևակերպված Հայերի ցեղասպանության այդ ստին և փնտրեք ճշմարտությունը, ինչպես Գալիլեո Գալիլեյը, և կանգնեք այդ ճշմարտութան համար: Դա մայիսին է հայտարարել: Իսկ 2005-ի հուլիսին, նա ասել է, որ քրդական և հայկական խնդիրը մեզ համար լուրջ խնդիրներ են, բայց դրանք, մեծ հաշվով, գոյություն չունեն, որովհետև էլի կեղծիքի, ստի վրա են հիմնված: Սեպտեմբեր ամսին կրկին անդրադառնում է տարբեր միջազգային խնդիրների և կրկին զարգացնում է միտքը, որ Լենինը, Ստալինը և մյուս լիդերները նույնպես Հայկական հարցին անդրադարձել են, և պնդում է, որ դրանք, ըստ էության, մտացածին են և գոյություն չունեն: Եվ ասում է, որ հայերն իմպերիալիստների ձեռքին գործիք էին դարձել: Թուրքիան իր հողերը, իր տարածքը պաշտպանելու համար գործողություններ է կատարել, որտեղ հայերը իմպերիալիստների կողմից գործիք էին ընդդեմ Թուրքիայի: Կրկին նշվում է Լենինի և Ստալինի մասին, և վերջին հաշվով ասում է, որ դա, ըստ էության, սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Դրանից հետո Շվեյցարիայի հայկական ասոցիացիան հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Շվեյցարիայի պատկան մարմիններին, և Փերինչեքի գործը քննվում է շվեյցարական դատարանի կողմից: Դատարանը մասնավորապես հիմք է ընդունում այն հանգամանքը, որ շվեյցարական Քրեական օրենսգիրքը արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ քրեականացրել է Ցեղասպանության ժխտումը, և այնտեղ մասնավորեցված չէ, թե որ ցեղասպանության մասին է խոսքը: Սրա հետ կապված վեճ կա: Քանի որ Շվեյցարիայում մի քանի պաշտոնական լեզու կա, մի լեզվով թարգմանության մեջ խոսքը Հոլոքոստի մասին է, մյուս մասն էլ ասում է, որ դա ընդհանրապես ցեղասպանություններին է վերաբերում: Շվեյցարական արդարադատությունը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Շվեյցարիան և եվրոպական բազմաթիվ այլ պետություններ, ինչպես նաև վերազգային տարբեր կառույցներ, վաղուց արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Դատաքննության ընթացքում դատարան է հրավիրվում նաև պատմության 6 մասնագետ, որոնցից մեկը՝ հայազգի, երեքը՝ ֆրանսիացի, մեկը՝ գերմանացի, մյուսը՝ բրիտանացի, ինչպես նաև մեկ սոցիոլոգ: Եվ այդ քննության արդյունքում Փերինչեքը ենթարկվել է քրեական պատասխանատվության, որն ունի և՛ ազատազրկման տեսք, և՛ նաև՝ տուգանք, որն այդ ժամանակ հետաձգված է եղել: Այստեղ էականը կոնկրետ Փերինչեքի համար ոչ ազատազրկումն է, ոչ էլ՝ տուգանքը, այլ այն համգամանքն է, որ նա սկսել է շվեյցարական օրենքից: Այսինքն՝ մեր՝ իրավապաշտպաններիս լեզվով ասած, դա ռազմավարական դատավարություն է, ըստ էության, սկսվել ընդդեմ այն օրենքի, որը, նա հասկացել է, որ կարող է եվրոպական տարածքում լուրջ նշանակություն ունենալ, եթե հաջողության հասնի այդ օրենքը վիճարկելու գործում: Դատարանում պարտվելով՝ Փերինչեքը բողոքարկում է դատարանի վճիռը, սակայն կրկին հաջողության չի հասնում, և, ի վերջո, նա դիմում է ՄԻԵԴ և պնդում է, որ Շվեյցարիան խախտել է իր խոսքի ազատության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում: Եվրոպական դատարանը, արդեն Փոքր պալատի մակարդակով, որոշում է կայացնում, որ, այո՛, Փերինչեքը ճիշտ է ասում, նրա խոսքի ազատության իրավունքը ոտնահարվել է, և ճանաչում է կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում: Դրանից հետո Շվեյցարիան բողոք է բերում Մեծ պալատ, հետո նաև ՀՀ, նաև՝ Թուրքիան ներգրավվում են նույն գործի շրջանակում՝ որպես երրորդ կողմ: Սկսվում է գործի նոր քննությունն՝ արդեն Մեծ պալատում, որ շատ լավ լուսաբանվել է մամուլում, նաև շատ մեծ քարոզարշավի առիթ դարձավ, հայտնի իրավաբաններ մասնակցեցին՝ Ամալ Քլունին, Ջորջ Ռոբերթսոնը, եթե չեմ սխալվում: Եվ այս առումով քարոզարշավի մակարդակում արձանագրվեց, որ հայերը Թուրքիային մեծ դաս տվեցին Եվրոպական դատարանում քննվող գործի շրջանակներում: Այստեղ նկատի ունեին լուսաբանումը, որ PR շրջանակում մենք շատ լավ կարողացանք դա ներկայացնել, այսինքն՝ հայտնի իրավաբաններ ներգրավելու արդյունքը նաև դա էր: Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ այդ հայտնի իրավաբանների ներգրավվումը մեծ հաշվով դատարանի համար շատ կարևոր է այնքանով, որքանով՝ ճանաչում են նրանց, գիտեն, այն լեզվով են խոսում, որով Եվրոպական դատարանում նախադեպային իրավունքն է, այսպես կոչված: Բայց դա ամեն դեպքում չբերեց այն արդյունքին, որ Եվրոպական դատարանը փոխի Փոքր փալատի ընդունած որոշումը: Մենք հիմա ունենք արդեն Մեծ պալատի որոշումը, որտեղ Եվրոպական Դատարանն արձանագրում է, որ խախտվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը, և դատարանը եզրակացնում է, որ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չի եղել պրն. Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել՝ հայ համայնքի իրավունքները, կոնկրետ դեպքում՝ պաշտպանելու համար: Նաև ասվում է, որ, ըստ էության, Մեծ պալատի մակարդակում Հայոց ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի դառնում այնքանով, որքանով ասվում է, որ դա որոշող մարմինը Եվրոպական դատարանը չէ: Բայց մյուս կողմից ինձ համար շատ անցանկալի ձևակերպումներ են տրված, գոնե այն առումով, որ ԵԴ համեմատում է Հոլոքոստը և Հայող ցեղասպանությունը, և ասում է, որ Հոլոքոստը հաստատված հարց է, և եվրոպական տարածքում, առնվազն, որևէ անգամ վիճարկման առարկա չի դարձել, և մարտահրավեր չի նետվել դրա եղելությանը: Բայց Հայոց ցեղասպանությունը նման ձևով հաստատված փաստ չի համարվում, և պատմաբանների մեջ դեռևս վեճ կա, քննարկումներ կան և այլն, և այլն: Սրանք, կարծում եմ, մեզ համար ոչ ձեռնտու ձևակերպումներն են, որ մնացել են Մեծ պալատի որոշումում: Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ԵԴ Մեծ պալատում որոշումը կայացվել է 17 դատավորի կազմով, և 10-ից 7-ը չհամընկնող և այլ կարծիքի են եղել, քան այն 10 դատավորները, որոնք գտնում են, որ Փերինչեքի ազատության իրավունքը խախտվել է, և չպետք է քրեական հետապնդման ենթարկվեր՝ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Գործի փաստերն այսքանն են, որոշումը շատ ծավալուն է: Ես փորձել եմ դուրս գրել կարևոր մասերը, որոնք մեզ հանար քննարկման առումով կարևոր են: Պիտի հիշեցնեմ, որ Փերինչեքը ներգրավված է եղել նաև Էրգենեկոնի հայտնի գործում, որը ծրագրավորում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունը, և կոնկրետ Շվեյցարիայի գործի հետ կապված թուրքական դատարանը նրա վրայից հանել է երկիրը լքելու արգելքը և հնարավորություն է տվել մասնակցելու ՄԻԵԴ Մեծ պալատի հանրային լսմանը, քննարկումներին և վճռի հրապարակմանը:
- Պրն. Մարուքյան, փաստորեն խոսքի ազատության հոդվածը հակասում է ցեղասպանության այս հոդվածին, որովհետև, հակառակ դեպքում, յուրաքանչյուրը կարող է ասել, որ բացի Հոլոքոստից այլ ցեղասպանություններ չեն եղել, և քանի որ կա նախադեպ, դրա համար այլևս, որևէ պատիժ չկրի:
- Ոչ թե խոսքի ազատության հոդվածն է հակասում, այլ՝ այն քրեական հետապնդումը, որ կոնկրետ դեպքում Շվեյցարիայում առկա է, և այն, ինչ կիրառվել է պրն. Փերինչեքի դեմ, դա է, ըստ Մեծ պալատի, հակասում կոնվենցիայի 10-րդ հոդվածին: Նաև շատ կարևոր է նշել, որ Շվեյցարիան վեց ամսվա ընթացքում պետք է ներկայացնի այն գործողությունները, որոնք կատարել է և կատարելու է՝ վճիռը կյանքի կոչելու առումով: Այստեղից էլ պարզ կդառնա, թե նրանք արդյո՞ք գործողություններ պետք է ձեռնարկեն նշված օրենքը վերանայելու կամ ինչ որ կերպ խմբագրելու նպատակով՝ արդեն ԵԴ Մեծ պալատի որոշման լույսի ներքո: Փաստորեն երկու տարբերակ կա. ՄԻԵԴ-ը հարկ է համարել ընդգծել, որ Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի գերմաներեն և ֆրանսերեն տեքստերի միջև անհստակություն կա, և դրա պատճառով օրենսդիր մարմնում այն վաղուց վեճի առարկա է: Ֆրանսերենում նշվում է, ոչ բոլոր ցեղասպանությունների մերժումն է քրեորեն հետապնդելի, սակայն շատերի կարծիքով պետք է նշվի ցեղասպանությունը, այսինքն՝ հրեաների Հոլոքոստը: Եվ քանի որ այս տարբերակումը կա, ԵԴ սրան նույնպես անդրադարձել է: Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ պետք է որոշակիացնել: Արդեն պարզ չէ՝ կմնա՞ Հայող ցեղասպանության հետ կապված այդ նախադեպը ազգային մակարդակում, թե՞ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք կարող էին ասել՝ քանի որ միայն Հոլոքոստի մասով է անհերքելի փաստ և վիճարկման առարկա չէ, միայն այդ մասով էլ, եթե որևէ մեկը ժխտի, պետք է քրեական հետապնդման ենթարկվի: Իսկ մյուս բոլոր ցեղասպանությունների մասով, որոնք քննարկման, վեճի առարկա են, փաստերը հիմնավորված չեն և այլն, խոսքի ազատության շրջանակում կարելի է դա վիճարկել: Այսինքն՝ սա կարող է խնդրահարույց լինել: Մյուս մտահոգությունն այն է, որ այս նախադեպը կարող են օգտագործելով եվրոպական այն երկրներում, որտեղ քրեականացված է: Կարող են Փերինչեքի խոսքերը մեջբերել, ցիտել ՄԻԵԴ-ի որոշմանը և ասել, որ որևէ կերպ չեք կարող մեզ քրեական հետապնդման ենթարկել, որովհետև սա մեր կարծիքն է, և այլն, և այլն: Այսինքն սա այլ ցեղասպանությունների ժխտմանը չի վերաբերում: ԵԴ նաև քննարկել է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի սահմանադիր խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական է ճանաչվել. նաև այս որոշման հիմնավորումն է քննարկվել ԵԴ Մեծ պալատի որոշման մեջ: Ինձ համար, մյուս կողմից, շատ կարևոր հանգամանք է, որ ԵԴ-ում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դատավորները, որոնք մասնակցել են գործի քննությանը, նույնպես կողմ են քվեարկել որոշմանը, այսինքն՝ այն 10 դատավորների մեջ են եղել: Չնայած այն հանգամանքին, որ ԵԴ –ում դատավորներն անկախ են, որևէ կերպ կաշկանդված չեն և գործում են իրենց անունից, բայց մենք գիտենք, որ Ֆրանսիան երկար ճանապարհ է անցել, ֆրանսիական հասարակությունը տեղյակ է Հայոց ցեղասպանության խնդրին, և զարմանալի է, որ ֆրանսիացի դատավորը այլ կերպ է քվեարկել:
- Դա էի ուզում հարցնել. արդյո՞ք մենք այստեղ ինչ-որ բացթողումներ ունենք, ինչ-որ աշխատանքներ էր պետք տանել նույն դատավորների հետ, թե՞ սա բացառապես անկախ կառույց է:
- Անկախ կառույց է բացառապես, բայց միգուցե այլ խողովակներով կամ ֆրանսիական համայնքների միջոցով կամ ֆրանսիական իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքները ներկայացնելով հնարավոր լիներ, չնայած՝ եղել են կարծիքներ ներկայացված:
- Փաստորեն ընդամենը երեք ձայնի առավելությամբ վճիռը այլ ելք կարող էր ունենալ:
- Այո՛, և այս առումով մեզ համար սա հետաքրքիր փաստ է, որովհետև ի վերջո այն մարդիկ, ովքեր իրենց երկրներից ներկայացված են ՄԻԵԴ-ում՝ որպես թեկնածու և ընտրված են՝ որպես դատավոր, նրանք իրենց երկրներում հայտնի իրավաբաններ են՝ իրավաբան գիտնականներ են, հայտնի իրավապաշտպաններ են, նախկին սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների անդամներ են, և նրանց կարծիքը, ըստ էության, շատ կարևոր է դառնում նրանց հասարակություն համար նույնպես: Այսպիսով, այս նախադեպային որոշումը մեզ համար կարող է խնդրահարույց լինել՝ հետագայում եվրոպական տարբեր երկրներում ցեղասպանությունը ժխտող օրենքների լոբբինգի առումով: Այսինքն՝ նախկինում հայ համայնքն ավելի շատ մարդ էր կարողանում մոբիլիզացնել, ստորագրահավաքներ կազմակերպել, հիմա այս որոշումը, ըստ էության, կարող է օգտագործվել նմանատիպ քարոզարշավների դեմ: Կարծում եմ՝ սա է մտահոգիչը: Մյուս կողմից, Հայաստանի ներկայացուցիչները, նաև դիտեցի Ամալ Քլունիի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ սա Հայաստանի համար կարելի է համարել հաղթանակ այն առումով, որ մենք, մեծ հաշվով, կողմ չենք հանդիսացել, մենք երրորդ կողմ ենք եղել, բայց փորձել ենք այնպես անել, որ ԵԴ Փոքր պալատի որոշման մեջ մի շարք անընդունելի, ցեղասպանությունը կասկածի տակ դնող ձևակերպումներ վերանայվեն, և տեղ չգտնեն Մեծ պալատի որոշման մեջ: Այս պատճառվ մի կողմից ասում է՝ հաղթանակ է, մյուս կողմից պարզ է, որ Փերինչեքն է հաղթել դատարանում: Չնայած դրան, որ այդ դրույթներից տեղ չեն գտել ԵԴ Մեծ պալատի որոշման մեջ, բայց այն համեմատությունները, որ արվում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, և ասվում է, որ Հոլոքոստը հաստատվաած փաստ է, իսկ Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով, այդպիսին չէ, և դատարանը չէ դրա որոշող մարմինը և այլն, լավ կլիներ, որ այս ձևակերպումները չլինեին ընդհանրապես: Չնայած եթե հաշվի ենք առնում այդ 7 դատավորների չհամընկնող կարծիքները, հասկանում ենք՝ իրական շանս կար, որ դատարանի որոշումը այլ լիներ՝ բեկաներ և փոփոխեր Ստորին պալատի որոշումը և ասեր, որ Շվեյցարիայի կողմից խոսքի ազատության իրավունքի խախտում չի եղել, և հետապնդումն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում: Ինչո՞ւ. որովհետև դուք ժխտում եք ցեղասպանություն, ինչը միջազգային հանրությունը դատապարտում է, հետապնդում է իրականացնողներին և ամեն ինչ անում է դա կանխարգելելու համար: Հետևաբար, ձեր այդ խոսքը, ձեր այդ քարոզչությունը կարող է նոր ցեղասպանություններ ծնել, կարող է բերել հայատյացության: Եվ այս առումով ՄԻԵԴ-ը շատ լուրջ հիմնավորված որոոշում կարող էր կայացնել՝ ապացուցելով մյուս հանգամանքը, որի համար մենք էինք պայքարում: Սակայն դա չեղավ: Բայց դատավորների թիվն ինձ հուշում է, որ ունեցեինք դրան հասնելու իրական հնարավորություն, եթե 2-3 դատավոր անցնեին այն կողմը: Ես կարծում եմ, որ սա արդեն հետագայում կօգտագործվի, օրինակ՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծերի ներկայացման առիթով, չնայած՝ դա արդեն մեկ անգամ կանգնեցվել է Սահմանադիր ժողովի մակարդակում, ինչպես նաև Շվեյցարիայում, որտեղ արդեն տասնամյակներ գործում է այս օրենքը: Նրանք կարող են իրավական տեսանկյունից ուղղակի որոշակիացնել այս օրենքը և ամրագրել, որ խոսքը գնում է Հոլոքոստի մասին և այլ ցեղասպանությունների հետ կապված մենք քրեորեն հետապնդելի արարք չենք համարում և չենք հետապնդելու քրեական ընթացակարգերով: Մեզ համար մտահոգիչ հանգամանքները, կարծում եմ, սրանք են և գտնում եմ, որ մենք 100 տարի, մեծ հաշվով, քարոզարշավի մակարդակներում ենք ցեղասպանության հարցը բարձրացրել: Սրա հետ կապված ես տարբեր առիթներով, տարբեր հարթակներում իմ կարծիքը հայտնել եմ, որ այս տարիների ընթացքում շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք ցեղասպանության հետ կապված միջազային ատյաններում, հենց թուրքական դատարաններում, հայցեր հարուցել և սկսել հստակ կազմակերպված ռազմավարական դատավարություն: Եվ դա պետք է անեինք այն համայնքների միջոցով, որոնք ցեղասպանության զոհեր են՝ հայկական համայնքների, ընտանիքների, կոնկրետ անձանց գործերով: Եվ այս գործերն ընդդեմ Թուրքիայի հասնեին ԵԴ, հայցեր հարուցվեին թուրքական դատարաններ, պահանջելով, օրինակ, սեփականությունը, իրենց ժառանգությունը, իրենց կորցրածը, այս հիմքով այնտեղ ցեղասպանության հետ կապված հարց կբարձրանար: Այսինքն՝ ընտանիք, որը ցեղասպանության արդյունքում կորցրել է իր սեփականությունը, իր հողերը, իր ոսկիները, իր հարստությունը, և հիմա նրանց ժառանգները բնակվում են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում, տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցների միջոցով, նաև հայկական կառույցների միջոցով, շատ հեշտ կարող էր Թուրքիայում այդ հայցերը հարուցել և շատ արագ պարտվել թուրքական դատարաններում, որովհետև, պարզ է, որ կպարտվեինք, և գործը հասներ ՄԻԵԴ: Բայց այսքան երկար ու ձիգ տարիներ են անցնում, մենք իրավական մակարդակում այդ գործողությունները չենք կատարում: Անգամ միլիոնավոր գումարներ են տրվում, ծախսվում, իրավական վերլուծություններ է արվում, իրավական մասով ցեղասպանության փաստեր է հավաքագրվում, բայց դրանք այդպես էլ չեն օգտագործվում, որովհետև մենք միջազգային ճանաչման ճանապարհով ենք գնում: Այսինքն՝ քարոզարշավ ենք իրականացնում, ստորագրահավաք, ինչ-որ երկրի պառլամենտում լոբբինգ ենք տանում, որ այնտեղ, ուղղակի պառլամենտի մակարդակով հռչակահիր ընդունվի, և այլն, և այլն: Բայց պատկերացրերք, որ մենք ունենայինք ԵԴ, թուրքական դատարանի որոշումներ, և դրանք գային, աջակցեին այդ քարոզարշավին, դառնային աջակցող փաստաթղթեր, և ավելի հաշտությամբ մենք կարող էինք հաջողության հասնել ցեղասպանության ճանաչման գորչընթացում:
- Պրն. Պապյանը, երբ ՄԱԿ-ի դատարանում ներկայացվել էր Վիլսոնի իրավարար վճիռը, որը եղել էր սեմինար-քննարկում, սակայն նույն դատավորները, ովքեր հետագայում պետք է վճիռը կայացնեին, ասել էին, որ վճիռը որևէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց երկու պետությունների միջև պիտի լինի վեճ: Այսինքն՝ անգամ այս դեպքում մենք այդ վեճը չունենք:
-Միջազգային քրեական դատարանի ընթացկարգերն այլ են, և ես այս պահին հնարավորություն չեմ տեսնում քրեական դատարանի հարց դարձնել դա: Պարզ է, որ այն ժամանակ ԵԽ չի եղել, չի եղել ԵԴ, Թուրքիան չի եղել ԵԴ անդամ: Բայց արդեն երկար տարիներ է՝ Թուրքիան ԵԴ անդամ պետություն է, և կարելի էր Թուրքիայի տարածքում սեփականության իրավունքի հարց բարձրացնելով՝ սպառել ներպետական դատական ատյանները, իրավական պաշտպանության բոլոր արդյունավետ միջոցները, և գործը հասներ ՄԻԵԴ: Այնտեղ կարելի էր ասել, որ իմ սեփականության իրավունքը խախտվել է, բայց դրա ամբողջ նախապատմությունը ցեղասպանության հետևանքն է, ցեղասպանության արդյունքն է, որը քննարկման առարկա կարող է դառնալ ՄԻԵԴ-ում: Ես հասկանում եմ, որ Թուրքիայում սկսված ցանկացած գործընթաց կարող է լինել անհաջող, բայց պետք է սկսել, պետք է փաստերով ամրագրել, հիմնավորել և դա ունենալ փաստաթղթավորված և հասնել մինչև ԵԴ: Մինչդեռ տեսեք ինչ եղավ. ի դեմս Փերինչեքի՝ թուրքերը կարողացան նրան հասցնել եվրոպական մի երկիր, որտեղ քրեականացված է ցեղասպանության ժխտումը, և նրա հայտարարությունների միջոցով վիճարկել, մարտահրավեր նետել այդ օրենսդրությանը, այնտեղ քրեական հետապնդման զոհ դառնալ, և դրա արդյունքում ԵԴ-ում հարցը բարձրացնել և ցեղասպանության հարցը դարձնել քննարկման առարկա և վիճելի: Եվ սա է շատ կարևոր, որովհետև այնտեղ խոսքի ազատության հետ կապված հազարավոր գործեր կան, և դրանք որևէ մեկին չեն հետաքրքրում: Բայց նրանք այդ մեխանիզմով կարողացան ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնել ՄԻԵԴ-ում, որն իրավասություն չունի ընդհանրապես ցեղասպանության հետ կապված որևէ հարց քննարկելու, ինչի մասին նաև դատարանը խոսում է Մեծ պալատի որոշման մեջ:
-Շնորհակալություն պրն. Մարուքյան: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք՝ լսում էիք «Իրական իրավունք» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդման հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հաջողություն:

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan