Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վիլսոնյան Հայաստանը Հայաստան է և վերջ`1920 թ. նոյեմբերի 22-ից. «Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Հայաստանը դարասկզբին գրեթե նույնքան հայտնի էր Միացյալ Նահանգներում, որքան Անգլիան: Հսկայական գրականություն կա, որի մասին մենք տեղյակ չենք, բանաստեղծությունների գրքեր կան՝ Հայաստանի մասին: ԱՄՆ-ում գիտեին, որ Հայաստանն է մարդկության բնօրրանը: Սա է պատճառը, որ Վուդրո Վիլսոնը գծեց կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն սահմանները: Այն է՝ 165 000ք/կմ տարածք + 5 նավահանգստից ազատ օգտվելու իրավունք. Հայաֆա, Այաս, Հայդար Փաշա, Տրապիզոն և Բաթումի:

Հաղորդման սղագրություն

_ Ողջույն, հարգելի ռադիոդիտողներ և ռադիոլսողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում եմ ես՝ Հայկուհի Մինասյանս, և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Ողջույն, պրն. Պապյան:
_ Բարև Ձեզ:
_ Հարգելի ունկնդիրներ, ինչպես արդեն մեր հաղորդաշարերից տեղյակ եք, սույն թ. նոյեմբերի 22-ին Իրավարար վճռի 95-ամյակն է լրանում, և նոյեմբերը հայտարարում ենք վիլսոնյան ամիս: Այս հաղորդաշարի ընթացքում, քանի որ կարող եք նաև դիտել մեր հաղորդումները, պրն. Պապյանը քարտեզի միջոցով կներկայացնի, թե ինչ սահմանների մասին է խոսքը գնում:
_ Սկսենք ամենասկզբից: 1918 թ. հոկտեմբերի 30-ին Վուդրոսի զինադադարով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը, ապա մյուս երկրները՝ Ավստրո-Հունգարիան, Բուլղարիան և Գերմանիան (վերջինը Գերմանիան էր՝ 1918 թ. նոյեմբերի 11-ին): Այդպիսով, Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց: Ցանկացած պատերազմի՝ կնքված զինադադարին հաջորդող ավարտից հետո, բնականաբար, ընթանում է բանակցությունների գործընթաց, որից հետո պիտի կնքվի նոր պայմանագիր՝ այն, ինչ կոչվում է «խաղաղության պայմանագիր»՝ կարգավորելու համար: Եվ ահա 1919 թ. հունվարից Փարիզում գումարվեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որին մասնակցում էին մի կողմից հաղթող երկրները, այսինքն՝ հիմնական երկրները, դրանք այդ ժամանակ Բրիտանական կայսրությունն էր, Ֆրանսիան, Իտալիան և ԱՄՆ, որը պատերազմի մեջ էր մտել 1917 թ. ապրիլից (Ռուսաստանը չկար հաղթող երկրների մեջ, որովհետև դուրս էր եկել 1918 թ. մարտի երեքից՝ Բրեստ-Լիտովսկի առանձին հաշտության պայմանագրով), և ևս մի քանի տասնյակ հաղթող երկրներ: Ի դեպ, ասեմ, որ այդ հաղթող երկրների թվում էր նաև ՀՀ-ն, դրան առանձին կանդրադառնանք: Մյուս կողմում պարտված երկրներն էին. կրկին նշեմ հիմնական երկրները՝ Գերմանիա, որն այդ ժամանակ կոչվում էր Գերմանիայի կայսրություն, Ավստրո-Հունգարական Կայսրությունը, Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը: Եվ ահա այդ ժամանակ քննարկվեց խաղաղության պայմանագիրը: Բնականաբար, սկսեցին, առաջին հերթին, Գերմանիայով: Եվ մենք գիտենք, որ Վերսալի խաղաղության պայմանագրով Գերմանիայի հետ կնքվեց այդ համաձայնությունը, ապա հաջորդեցին առանձին պայմանագրեր Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի հետ: Եվ միայն 1920 թ. սկզբից անդրադարձան Հայաստանի ճակատագրին: Այսինքն՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ճակատագրին, բնհականաբար, անդրադարձան նաև Հայաստանի ճակատագրին: Գիտենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը իր անկախությունը հռչակել է 1918 թ. մայիսի 28-ին, և դրա իրավահաջորդը հանդիսանում ենք մենք՝ ներկայիս ՀՀ: Այստեղ անգամ նկատելի է զինանշանների, դրոշների իրավահաջորդությունը: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր անկախության հռչակագրում հստակորեն այդ հղումը կա, որ ներկայիս ՀՀ-նն իրավասու է զարգացնել 1918 թ. Հանրապետության ժողովրդավարական սկզբունքները, և այլն: Ինչո՞ւ է սա կարևոր, ինչո՞ւ եմ անդրադառնում այս իրավահաջորդությանը. որպեսզի համոզվենք, որ Իրավարար վճիռը, որը վերաբերում է առաջին Հանրապետությանը, վերաբերում է նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությանը: Մինչև ավելի մանրամասնելը, ես ռադիոդիտողներին ցույց տամ. սա է այդ Իրավարար վճռի առաջին և, առայժմ, միակ հրատարակությունը, որը հրատարակության եմ պատրաստել ես, երբ տպագրվել է դեռևս 2011 թ.: Այնուհետև, այս տարիների ընթացքում Բուենոս Այրեսում տպագրվել է Իրավարար վճռի իսպաներեն թարգմանությունը, այս տարի մենք Երևանում հրատարակեցինք նաև ռուսերեն թարգմանությունը: Ունենք պատրաստ գերմաներենը, ընթացքի մեջ է՝ գրեթե ավարտել ենք թուրքերեն թարգմանությունը, ընթացքի մեջ է հայերեն թարգմանությունը, ֆրանսերեն թարգմանությունը, և այլն:
_ Ի՞նչ նշանակություն ունեն, պրն. Պապյան, այս գրքերի թարգմանությունները:
_ Նշանակությունն այն է, որ մենք ուզում ենք հնարավորինս շատ թվով մարդկանց՝ լայն ընդգրկումով մարդկանց, և ոչ մասնագետ մարդկանց ծանոթացնել: Հիմա, երբ ես Իրավարար վճռին ավելի մանրամասն կանդրադառնամ, ակնհայտ կդառնա, թե ինչու է անհրաժեշտ: Իհարկե, մասնագետները, ես կարծում եմ, պիտի բնագրից, այսինքն՝ անգլերեն տարբերակից օգտվեն, որովհետև ինչքան էլ մենք փորձել ենք թարգմանության մեջ հավատարիմ մնալ բնագրին, ինչքան էլ փորձել ենք խմբագրել, միևնույն է, շատ դժվար է, բարդ է ապահովել այդ մակարդակի թարգմանություն: Հիմա, վերադառնալով, Հայաստանը՝ որպես հաղթող երկիր մասնակցեց Փարիզի վեհաժողովին: Եթե հիշում եք, այդ ժամանակ Հայաստանը ներկայացված էր երկու պատվիրակություններով. մեկը այսպես կոչված ազգային պատվիրակությունն էր՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, իսկ մյուսը՝ ՀՀ պատիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ: Շատ արագ այս երկու պատվիրակությունները ստեղծեցին միասնական հայկական պատվիրակություն, և մենք բազմաթիվ փաստաթղթեր ունենք, որոնք տեսնում ենք՝ երկուսը միասին են ստորագրել: Հիմա, հայկական կողմի, այսինքն՝ ՀՀ-ի և ազգային պատվիրակությունների տեսակետները սկզբնական փուլում իրարամերժ էին այն առումով, որ ՀՀ-ն պատրաստ էր բավարարվելու բավականին քչով: Այսինքն՝ դա Ռուսահայաստանի սահմաններն էին՝ բնականաբար, Կարսը, որը մաս էր կազմում Ռուսական կայսրության, Երևանի նահանգը, Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների մի մասը. ընդհանուր առմամբ՝ 63-64 հազար քառ. կմ: Պողոս Նուբարի կամ ազգային պատվիրակության տեսակետը շատ ավելի, ես կասեի՝ ոչ միայն ընդգրկուն էր, այլև ոչ իրատեսական, որովհետև ըստ նրա պահանջների Հայաստանի կազմի մեջ պիտի մտնեին ոչ միայն վեց վիլայեթները, ոչ միայն Տրապիզոնը, այլև Կիլիկիան: Չգիտեմ՝ ասեմ՝ ցավոք սրտի, թե ինչ, բայց, այսուհանդերձ, Ահարոնյանը գնաց զիջումների, և Նուբարի տեսակետը սկսեց դառնալ առաջնային: Պիտի ասեմ, որ Պողոս Նուբարը բավականին կտրված էր իրականությունից. նա երբևէ չէր ապրել Հայաստանում, նա չգիտեր Հայաստանի իրականությունը, լինելով մեծահարուստի զավակ՝ ամբողջ կյանքն ապրում էր Փարիզում, և նրա համար Հայաստանն ինչ-որ երազային երկիր էր, որը թղթի վրա գոյություն ուներ միայն: Գիտեք՝ ինչպես հաճախ, այսօր մենք ունենք որոշ սփյուռքահայեր, որոնց ֆեյսբուքյան էջերում և այլուր մեծ-մեծ ծրագրեր են առաջ քաշում, բայց թե ինչքանով է իրատեսական, դա դժվար է ասել: Երբ 1920 թ. արդեն եկավ ժամանակը՝ անդրադառնալու Օսմանյան կայսրության ճակատագրին, այդ ժամանակ, բնականաբար, անհրաժեշտություն առաջացավ ճանաչել ՀՀ անկախությունը: Եվ 1920 թ. հունվարի 19-ին Փարիզի վեհաժողովի երեք հիմնական երկրները՝ Ֆրանսիան, Բրիտանական կայսրությունը և Իտալիան ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Դա հունվարին էր, կրկնում եմ: Եվ արդեն փետրվարին՝ մեկ ամիս հետո, Լոնդոնի առաջին համաժողովի ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանի ճակատագրին: Սրանք կարևոր մանրամասներ են: Ինչո՞ւ. որովհետև այսօր էլ այդ անդրադարձը կա. այն է, որ Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանի կառավարությունը, կամ երկու Հայաստանները դառնան միասնություն: Այդ հարցը քննարկվեց և իր վերջնական լուծումն ստացավ 1920 թ. փետրվարին: Եվ այդ հարցը փակ է 1920 թ. փետրվարից: Հարցը հետևյալն է, որ գոյություն ունի մեկ Հայաստան, միասնական Հայաստան, և դա ճանաչում էր համաշխարհային հանրությունը, որովհետև այս երեք պետությունը գործում էին 50-ից ավելի երկրների անունից, այսինքն՝ նախկին Ռուսահայաստանի կամ նախկին Ռուսական կայսրության հայկական տարածքների վրա ճանաչվում է հայոց պետականությունը, որին պիտի միացվեին նախկին Օսմանյան կայսրության տարածքներ: Եվ ահա այստեղ է, որ Իրավարար վճիռը, որը պիտի որոշեր, թե կոնկրետ որ տարածքները, մեջտեղ է գալիս: Փետրավրին հաջորդեց ապրիլ ամսին Սան Ռեմոյում հերթական նիստերից մեկը, որովհետև երբ մենք ասում ենք՝ Փարիզի վեհաժողով, պիտի հասկանանք, որ դա այդպես կոչվում էր, որովհետև դա մի ամբողջ գործընթաց էր, բայց այն ընթանում էր պարբերականությամբ՝ տարբեր տեղեր գումարելով նիստեր, որովհետև, բնականաբար, երկրի ղեկավարությունը, իսկ այնտեղ ներկայացված էին ամենաբարձր մակարդակով, նրանք չէին կարող մշտապես ներկա լինել, գալիս էին, մասնակցում էին, հետո ամեն նախագահ, վարչապետ վերադառնում էր իր երկիր, փորձագետներն աշխատում էին, և 1-2 ամիս հետո՝ նորից ինչ-որ հավաք: Եվ ահա հաջորդը տեղի ունեցավ Սան Ռեմոյում՝ Իտալիայում, որտեղ արդեն քննարկվում էր ՀՀ սահմանների հարցը: Այսինքն՝ առաջինում սկզբում քննարկվեց Հայաստանի գոյության հարցը, որովհետև այդ ժամանակ դեռ քննարկվում էր նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանը պիտի լինի անկախ պետություն, թե չպիտի լինի: Եվ պիտի ասեմ, որ օրինակ՝ ռուսական ժամանակավոր կառավարության ներկայացուցչությունը այդ ժամանակ իր համաձայնությունը տվեց անկախ Հայաստանի ստեղծման գաղափարին՝ ներառյալ Ռուսական կայսրության տարածքները. մի բան, որը ռուսները չտվեցին ոչ Ադրբեջանի, ոչ Վրաստանի համար: Ռուսները համաձայնություն տվել էին երեք երկրի՝ Ֆինլանդիա, Լեհաստան և Հայաստան: Եվ Հայաստանն էլ այն պատճառով, որ, ըստ էության, ստեղծվելիք Հայաստանը, իր տարածքի մեծամասնությամբ, Օսմանյան կայսրության տարածքը պիտի լիներ: Եվ ապրիլին Սան Ռեմոյում մի շարք հարցեր քննարկվեցին՝ մանդատական համակարգ, ամբողջ արաբական արևելքի տիրույթների բաժանման, վերաբաժանման: Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ներկայումս ինչ սահմաններ որ գոյություն ունեն Միջին Արևելքում, գալիս են Սան Ռեմոյի որոշումներից: Եվ եթե որևէ մեկը հայկական մասով այս որոշումները կասկածի տակ է դնում, ապա ինքը պիտի հասկանա, որ կասկածի տակ է դրվում ներկայիս ամբողջ Միջին Արևելքում գոյություն ունեցող իրավական-պետական համակարգը:
_ Ինչպես մենք անմասն մնացինք Վիլսոնի Իրավարար վճռից, կա՞ երկրորդ նման երկիր:
_ Որպես երկիր՝ ոչ, բայց որպես ազգություն՝ կա. դրանք քրդերն էին, որովհետև քրդերի համար այդ ժամանակ որոշում չկայացվեց պետություն ստեղծել, որոշում կայացվեց ինքնավարություն ստեղծել, և 4 տարի անց պիտի հանրաքվե տեղի ունենար, և քրդերը անկախությունը ստանային: Այ, քրդերը չօգտվեցին գոնե ինքնավարության առումով: Քրդերի պարագան ուրիշ էր, որովհետև նրանք, իսկապես, պատրաստ չէին, ի տարբերություն հայերի, քանի որ բոլորը գտնում էին, որ հայերը պատրաստ էին պետականություն ունենալու, և հայերը 1918 թ. մայիսից ունեին դա, վատ, թե լավ՝ այդ պետականությունը կար, հայերն ի վիճակի եղան որոշակի տարածք պաշտպանելու, և այլն: Եվ սա, հիշեք՝ 1920 թ. փետրվար-ապրիլ ամիսներն էին, երբ Հայաստանի, այսպես ասած, գոյության բարձրակետն էր, Հայաստանն իր ազդեցությունը և տիրապետությունն էր տարածել ամբողջ Կարսի վրա, գրեթե ամբողջ Նախիջևանի, և այլն: Ղարաբաղն ինքնաբավ էր, Ղարաբաղը չէր ենթարկվում օրինակ՝ թուրք-ազերիական ինչ-որ հսկողության: Սրանք կարևոր պահեր են. սրանցից ելնելով՝ Հայաստանի պետության գոյությունը որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում: Ասեմ, որ հենց այդ ժամանակ էլ՝ 1920 թ. ապրիլի 23-ին, ՀՀ անկախությունը ճանաչեց ԱՄՆ-ը՝ նրա նախագահը, այստեղ երևում է՝ Վուդրոու Վիլսոնը: Վիլսոնը չճանաչեց Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը. սա շատ կարևոր հանգամանք է: Ինչո՞ւ. որովհետև արդեն փետրվարին Լոնդոնի այդ նշածս համաժողովի ժամանակ որոշվել էր, որ ՀՀ սահմանները պիտի որոշեն Վրաստանի և Ադրբեջանի հետ, և ինչ կմնա դրանից դուրս, այսպես ասած, արդեն կլինի նրանց սահմանը: Սա շատ հետաքրքրական է, որ Ազգերի լիգայի խորհուրդը հատուկ հանձնաժողով ստեղծեց Հայաստանի սահմանները որոշելու համար: Եվ քչերը գիտեն այն մասին, որ առաջին պետության հարցը, որը քննարկել է Ազգերի լիգան, այսինքն՝ ՄԱԿ-ի իրավանախորդը, եղել է ՀՀ-ը: ՀՀ հարցը եղել է կարևորագույն հարցը ՄԱԿ-ի իրավանախորդի քննարկումների ժամանակ: Եվ ահա այստեղ՝ արդեն Սան Ռեմոյից հետո, գործընթացն ավելի մեծ թափ ստացավ, որովհետև ոչ միայն ճանաչումը կար, այլև այստեղ Փարիզի վեհաժողովը դիմեց ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով. առաջինը՝ որ ԱՄՆ-ը ստանձնի ՀՀ մանդատը, իսկ մյուսը՝ որ ԱՄՆ նախագահը իրավարար վճռով որոշի Հայաստանի և Թուրքիայի սահմանը, ուշադրություն դարձրեք՝ նշված էր՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգներում: Ի՞նչ էր նշանակում՝ նշված է. դա նշանակում է, սահմանն արդեն դրա միջով պիտի անցներ: Կարող էր այս նահանգների ամբողջ տարածքը տրվել Հայաստանին: Ինչո՞ւ սա այսպես արվեց. ոչ թե այն պատճառով, որ այսօրվա մեր տեսանկյունից կարելի է մտածել, որ լավ էր հայերի համար: Ընդհակառակը, դա որոշվեց, որովհետև դա նման սահմանագծման պարագայում Հայաստանի տարածքը, այսինքն՝ այն տարածքից, որը ի սկզբանե նախատեսված էր հայերի համար, միայն 40 տոկոսը պիտի անցներ Հայաստանին, մնացած 60 տոկոսը կրկին պիտի մնար Թուրքիայի կազմում: Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով՝ եթե 1919 թ. այդ մանրամասն ուսումնասիրությունները չկային, 1920 թ. ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ակնհայտ դարձավ, որ հայերը մեծամասնություն չեն կարող կազմել այդ ամբողջ տարածքում: Իսկ եթե հայերը մեծամասնություն չկազմեն, շատ դժվար է լինելու վերահսկել: Իսկ հետո կտեսնենք՝ այն տարածքում, որը Վիլսոնն առաջարկեց, հայերը պիտի լինեին 52 տոկոսը: Եվ ահա ապրիլի 26-ին Սան Ռեմոյի համաժողովի անունից հայցադիմումը գնաց Վիլսոնին, և Վիլսոնը 1920 թ. մայիսի 17-ին տվեց իր պաշտոնական համաձայնությունը՝ որպես իրավարար հանդես գալու:
_ Ինչպե՞ս էր Վիլսոնը ծանոթացել հայ ժողովրդին: Այսինքն՝ հետաքրքիր է՝ երբ մենք անցյալ հաղորդման ընթացքում խոսում էինք 1800-ական թթ. հայ-ռուսական հարաբերություններից, մենք նշեցինք, որ Մոսկվայում հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է հայերի ուսումնասիրությամբ զբաղվեր, հասարակական կարգը կարգավորող նորմեր դներ, ինչպես հարկահավաքությունը կազմակերպեր. ծանոթանում էր ժողովրդին: Իսկ Վիլսոնը ի՞նչ գիտեր հայերի մասին:
_ Հիմա, գիտե՞ք՝ այս 21-րդ դարում շատ տարօրինակ կարող է մեզ թվալ, բայց ես կուզեմ Հերբերտ Հուվերի՝ 1920-ական թթ. ամերիկյան նախագահներից մեկի խոսքերը մեջբերել. նա իր հուշերի մեջ գրել է, որ Հայաստանը դարասկզբին գրեթե նույնքան հայտնի էր Միացյալ Նահանգներում, որքան Անգլիան: Եվ իրապես այդպես էր. Հայաստանը շատ հայտնի երկիր է եղել Միացյալ Նահանգներում: Ամբողջ գրականություն կա, հսկայական գրականություն կա, որի մասին մենք տեղյակ չենք, բանաստեղծությունների գրքեր կան՝ Հայաստանի մասին գրված…
_ Ինչո՞վ է դա պայմանավորված, գուցե՝ այնտեղ ներգաղթող հայերո՞վ:
_ Ոչ, կարծում եմ՝ դա առավելապես պայմանավորված է Միացյալ Նահանգների, այսպես կոչված, միսիոներական ձգտումներով…
_ Այսինքն՝ որպեսզի ինչ-որ չափով քրիստոնեությանը նպաստի:
_ Այո, քրիստոնեությունը: Այսինքն՝ Ամերիկան, չմոռանանք՝ ստեղծվել է որպես գաղթականների երկիր, բայց այնտեղ հիմնական շարժառիթը չի եղել տնտեսական գաղթականությունը. առաջին գաղթականները երկար տարիներ եղել են կրոնական գաղթականները, այսինքն՝ Եվրոպայում հալածված կրոնական խմբերը, որոնք ավելի ուղղափառ, ուղղահավատ, դարավոր քրիստոնեությունից ինչ-որ ձևով հեռացել էին, նրանք էին գնում այնտեղ: Եվ այդ պուրիտանական, մաքրամաքուր քրիստոնեության վերադարձի ձգտումը միշտ եղել է: Եթե մենք Վիլսոնի մասին ենք խոսում, հիշենք, որ Վիլսոնի հայրը քարոզիչ էր, այսինքն՝ բողոքական եկեղեցու քարոզիչներից մեկն էր, և Վիլսոնը շատ փայլուն կրոնական, կրոնագիտական կրթություն էր ստացել: Օրինակ՝ հայնի միջադեպ կա, որ նրա օգնականներից մեկը գրում է, որ երբ այդ մանդատը մերժվեց (հիմա կանդրադառնամ դրան), Վիլսոնը եկավ՝ շատ տխուր, և ասաց՝ բացիր Աստվածաշունչը՝ այսինչ գլուխ, այսինչ էջը և կարդա: Այսինքն՝ նա անգիր գիտեր, և կարդաց, որովհետև իր հոգեվիճակն էր ստիպում. սա կարևոր է: Չմոռանանք, որ ամեն մի քաղաքական գործիչ նաև անհատ է, մարդ է, և նրա այդ ձևավորումը կարևոր է: Այսպես ասենք՝ Ամերիկայում երկիրը ծանոթ էր Հայաստանին: Բնականաբար, նրա քաղաքական գործիչներն առավել ծանոթ էին, առավել ևս՝ Վիլսոնը, որը ոչ միայն քաղաքական գործիչ էր, այլև ուներ խորը կրոնագիտական գիտելիքներ: Եվ Հայաստանը, չմոռանանք՝ հանդիսանում է մարդկության կրկնակի ստեղծման օրրանը. առաջինը՝ երբ Նոյան տապանը իջավ Արարատի վրա, իսկ դրանից առաջ Ադամն ու Եվան ստեղծվեցին դրախտում: Եվ հարյուրավոր ամերիկյան քարտեզներ կան, երբ Դուք տեսնում եք, որ Վանա լճի և Ուրմիայի մեջտեղում է, այսինքն՝ բուն Հայաստանն է: Այդ միտքը միշտ է եղել. և ամերիկացիների համար, բնականաբար, նախահայրենիքի փրկության գաղափարը շատ կարևոր էր: Եվ ես պիտի ասեմ, որ ամերիկացիները հիմա միշտ շատ են քննադատվում, և նրանք հրաժարվեցին Հայաստանից հենց այն պատճառով, որ իմպերիալիստ չէին: Դա շատ վատ է, որ իմպերիալիստ չէին: Եվ հետո, չգիտեմ՝ միգուցե, հիմա նրանց կարելի է համարել իմպերիալիստ, կամ ոչ, որովհետև մի քիչ բարդ ձևակերպում է, բայց նրանք բավականին, այսպես ասած, այլ ոճի երկիր էին: Հիմա անդրադառնանք այդ իմ ասած երկու խնդրանքին հայցադիմումի մեջ: Ուզում եմ նշել, որ թեև նույն հայցադիմումի մեջ էին նույն խնդրանքները ներառված, այդուհանդերձ, դրանք տարբեր իրավական երևույթներ էին: Եվ հստակ առանձնանշված է, որ սրանք տարբեր են: Էլ չեմ ասում, որ տարբեր են, որովհետև, բնականաբար, ում որ դիմվում է, այսինքն՝ հասցեատերերը նույնպես տարբեր են. մանդատը պիտի ստանձներ կոնգրեսը, իսկ Իրավարար վճիռը՝ նախագահը: Մանդատի հարցով, ցավոք սրտի 1920 թ. հունիսի 1-ին քվեարկություն տեղի ունեցավ և մերժվեց. Միացյալ Նահանգները չստանձնեցին Հայաստանի մանդատը: Սա էլ ցույց է տալիս, որ եթե նրանք լինեին իմպերիալիստ, կստանձնեին: Չստանձնեցին առաջին հերթին իրավական պատճառներով. ես նշեցի, որ ԱՄՆ-ը հաղթող երկրների մեջ էր, բայց պիտի հիշեինք, որ ԱՄՆ-ը պատերազմ էր հայտարարել Գերմանիային, բայց ոչ երբեք՝ Օսմանյան կայսրությանը: Եվ Օսմանյան կայսրության հետ նրանք պատերազմի մեջ չէին եղել, հետևաբար՝ ստանձնել մանդատ Օսմանյան կայսրության ինչ-որ տարածքի վրա իրավականորեն հնարավոր չէր, առավել ևս, մինչ այդ արդեն սենատը մերժել էր Վերսալի պայմանագրի ստորագրումը, որը հենց ամերիկացիների կողմից դիտվում էր, որ շատ խիստ պայմաններ են առաջադրված Գերմանիայի կողմից, և ամերիկացիները ճիշտ դուրս եկան: Ի վերջո, Հիտլերի իշխանության գալը նաև պայմանավորված էր, գիտեք՝ այդ հանգամանքով, այսինքն՝ այդ խիստ պայմաններով: Իսկ Վերսալի պայմանագրի առաջին 27 հոդվածը Ազգերի լիգայի կանոնադրությունն է, այսինքն՝ եթե դու չես հաստատել Վերսալի պայմանագիրը, դու Ազգերի լիգայի մաս չես կարող կազմել: Իսկ եթե դու չես կարող մաս կազմել Ազգերի լիգայի, ուրեմն դու չես կարող ստանձնել որևէ մանդատ, որովհետև մանդատը ստանձնում ես Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածի հիման վրա: Սա, այսինքն՝ առաջին մասով մերժվեց: Երկրորդ հայցադիմումը այդ սահմանի՝ Իրավարար վճռով որոշելու հարցն էր: Մենք խոսում ենք սահմանը որոշելու մասին, բայց արդեն Սան Ռեմոյի փարիզյան համակարգի վճիռն այն էր, որ նախկին Օսմանյան կայսրության Վան, Բիթլիս, Էրզրում և Տրապիզոն նահանգները Հայաստանինն են, այսինքն՝ արդեն այդ որոշումը կար, կայացված էր: Եվ մայիսի 17-ին Միացյալ Նահանգների նախագահը տվեց իր պաշտոնական համաձայնությունը, և ես ուզում եմ, որ Դուք և մեր ռադիոդիտողներն ու լսողներն ուշադրություն դարձնեք այս ամսաթվի վրա, որ մայիսի 17-ը օգոստոսի 10-ից բավականին վաղ է՝ գրեթե երեք ամիս, այսինքն՝ Սևրի պայմանագրից երեք ամիս առաջ է: Եվ սա ամենևին կապ չունի Սևրի պայմանագրի հետ, որովհետև, չգիտես՝ ինչու, անընդհատ խոսում են, որ Իրավարար վճիռը իրավական չէր, որովհետև Սևրի պայմանագիրը չի վավերացրել. ի՞նչ կապ ունի Սևրի պայմանագիրը: Մենք կտեսնենք, որ դա լրացուցիչ գործոններից մեկն էր, բայց դա Սան Ռեմոյի գործընթացն էր, որի հիման վրա արդեն մայիսի 17-ին տվեց իր համաձայնությունը: Դրանից հետո՝ հունիսին, ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ ԱՄՆ պետքարտուղարության, պաշտպանության նախարարության և նախագահի վարչակազմի մասնակցությամբ՝ Իրավարար վճիռը պատրաստելու համար: Ուիլիամ Վեսթերմանը՝ Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր, նշանակվեց այդ հանձնաժողովի նախագահ: Բնական է՝ Վիլսոնն ինքը պիտի այդ վճիռը կայացներ, բայց բնական է, որ նա չէր նախագահը, որը պիտի այդ առօրյա աշխատանքը կատարվեր, որովհետև հսկայական աշխատանք կատարվեց: Քչերը գիտեն, որ այս հանձնաժողովը 3-4 ամսվա ընթացքում բաժանեց 4 հազար հարցաթերթիկ ամերիկյան միսիոներներին, առևտրականներին, պաշտոնական անձանց, ովքեր պատերազմի, նախապատերազմական տարիներին եղել էին Օսմանյան կայսրությունում, և առավելագույն տվյալներ հավաքեց՝ գյուղ առ գյուղ: Այս ամբողջ փաթեթը ինչո՞ւ է այսքան հաստ. որովհետև բուն վճիռը 89 էջ ա, բայց ամբողջ վճիռը 240 էջ է: Մյուս մասն այլ հավելվածներն են, օրինակ՝ մեկը դեմոգրաֆիկ հավելվածն է, այսինքն՝ եթե նրանք պետք է սահմաններ որոշեին, պետք է որոշեին՝ որ մասն է եղել հայաբնակ: Եվ 4 հազար հարցաթերթիկներ, հսկայական քննարկումներ, և այլն: Նաև հիշենք՝ մինչ այդ էլ գեներալ Հաբերդի ուղևորությունն էր տեղի ունեցել. այս ամբողջը միասին կազմում է մի հսկայական փաստահավաք: Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ փաստաթղթերը՝ այդ հարցաթերթիկները, առ այսօր տպագրված չեն: Ես գիտեմ՝ որ արխիվում է դա պահվում: Չեմ ասում զուտ, որպեսզի թուրքերը չգնան ոչնչացնեն, փչացնեն: Բայց երևի ճիշտ կլինի, որ եթե ես ժամանակ և հնարավորություն ունենամ, մի գուցե գնամ, պատճենեմ, որովհետև շատ կարևոր է ականատեսների վկայությունները: Եվ ահա Ուիլիամ Վեսթերմանը՝ իր երկու հիմնական օգնականների հետ միասին, պատրաստեց Իրավարար վճիռը, տվեց ԱՄՆ նախագահին, և ԱՄՆ նախագահը 1920 թ. նոյեմբերի 22-ին, այսինքն՝ 95 տարի առաջ, ստորագրեց: Այստեղ դուք տեսնում եք այդ Իրավարար վճռի բնօրինակի լուսանկարը՝ նկարված իմ կողմից: Այս փաստաթուղթը եղել է երկու օրինակով. մեկ օրինակը պահվում է Փարիզում, այն հնարավոր չեղավ գտնել, որովհետև Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ խառն էր արխիվը, բայց ամերիկյան պաշտոնական պետական արխիվում, այսպես կոչված “National Archives and Records Administration”-ում կա: Ես ինքս տեսել եմ այս փաստաթուղթը, իմ ձեռքով վերցրել եմ: Ասեմ, որ այնտեղ վերջին 50 տարվա տվյալներն էին պահվում. վերջին 50 տարում այս փաստաթուղթը որևէ մեկը չէր պահանջել: Երբ ես սա վերցրեցի, նայեցի, ես հիմա չգիտեմ՝ ինձ հետ ինչ էր կատարվում, բայց ես հիշում եմ՝ այդ կողքի աղջիկը՝ աշխատակիցը անգլերենով հարցրեց՝ “Are you okay, are you okay ? ”, որովհետև նա նկատեց, որ ես ցնցված էի, որովհետև սա իսկապես ցնցող փաստաթուղթ է: Չէ՞ որ դու բնօրինակը վերցնում ես քո ձեռքի մեջ, բնօրինակ, որի վրա կա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրությունը, կա պետքարտուղար Բենբրիջ Քոլբիի ստորագրությունը: Եվ այս պիտակը, որ դուք տեսնում եք, լավ չի երևում, սա ԱՄՆ մեծ կնիքն է, այսինքն՝ մեծ կնիքը ուռուցիկ կնիք է, որը դաջվում է թղթի վրա, և այն փակցվում է փաստաթղթին, և այս կարմիր ժապավեններն էլ այն ժապավեններն են, որով կարված է ամբողջը:
_ Պրն. Պապյան, ի՞նչ վերաբերմունք ունեն այսօր ամերիկացիները հենց Վիլսոնի Իրավարար վճռի նկատմամբ: Մեր ռադիոլսողների համար, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ պրն. Պապյանը ՄԱԿ-ի դատավորների գործնական սեմինարին էր մասնակցում, որտեղ ներկայացրել էր Իրավարար վճիռը, և այստեղ, փաստորեն, նախնական տվյալներով, կասկած չէր եղել Իրավարար վճռի ուժի մեջ լինելու հետ կապված: Խնդիրը եղել էր այնտեղ, որ տարածքային վեճ չկար Հայաստանի և Թուրքիայի միջև, փաստացի այդպես էր ստացվել: Փաստորեն, միջազգային իրավունքի մասնագետները կասկածի տակ չեն դնում Վճռի՝ իրավարար լինելը և ուժի մեջ լինելը: Իսկ ԱՄՆ-ում առհասարակ այս փաստաթղթի մասին մի դար անց տեղյա՞կ են, ինչպես նախորդ դարում:
_ Ուղղակիորեն, այդպես դեռ վաղ է հայտարարել, թե Իրավարար վճռի հանդեպ ինչ վերաբերմունք ունեն, որովհետև հիմնական վերաբերմունքն անտեղյակությունն է, որովհետև, նորից եմ կրկնում՝ 2011 թ. է սա տպվել ամբողջությամբ: Բայց նրանք, ում տվեցի, ծանոթացան, նախնական քննարկեցին, նրանց վերաբերմունքը հետևյալն էր. եթե Իրավարար վճիռը կատարվել է, ըստ կարգի կողմերին փոխանցվել է և առարկություն չի եղել, իրավարար վճիռը մտել է ուժի մեջ: Եվ սկզբունքը հետևյալն է. եթե խախտումներ եղել են, պիտի ժամանակին քննարկվեր և բեկանվեր: Քանի որ դա չի արվել, այն ուժի մեջ է՝ անկախ ամեն ինչից: Իհարկե, շատ կարևոր է մասնագիտական հանձնաժողովը, և այլն: Հիմա անդրադառնամ Ձեր հարցին, թե ԱՄՆ-ի համար ինչքանով է սա կարևոր կամ ոչ կարևոր, կամ տեղյակ են, թե ոչ: Ուրեմն, ինչպես նշեցիք, երբ ես մայիսին Հաագայում էի, այդ դասընթաց-քննարկումներին, դա կոչվում է “workshop”՝ ՄԱԿ-ի դատավորների մասնակցությամբ, ես, բնականաբար, ծանոթացա տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության քարտեզագրության վարչության աշխատակիցներից մեկի հետ: Բնականաբար, ես տվեցի իմ այցեքարտը, իսկ իմ այցեքարտի հետևի կողմում Վիլսոնի Իրավարար վճիռն է և այս քարտեզն է, որը նկարվել է 1947 թ.: Նա նայեց, ասաց՝ վայ, ես ծանոթ եմ այս նկարին: Հարցրի, թե որտեղ է տեսել, պատասխանեց՝ մեր վարչության պատին այս նկարը փակցված է: Այսինքն՝ պետքարտուղարության քարտեզագրության պատին սա փակցված է՝ որպես Ամերիկայի ամենաբարձր մակարդակով որոշված քարտեզ: Ես հարցրի, թե քանի տարի է փակցված, նա ասաց, որ չգիտի՝ ինքը աշխատում է երկու տարի, և երկու տարի էլ փակցված է եղել: Գիտեք՝ եթե չեն հանել և արխիվ չեն գցել, այլ թողել են թեկուզ որպես պատմական հուշարձան, դա շատ կարևոր է, որովհետև քիչ դեպքեր կան, որ երկրի նախագահի մակարդակով, այն էլ՝ ԱՄՆ-ի, որոշվում է միջպետական սահմանը: Հիմա, ավելի շատ անդրադառնալով այս Իրավարար վճռին, այստեղ Դուք տեսնում եք (չգիտեմ՝ լավ կերևա, թե ոչ)` այն բաց կապույտ գույնի թուղթ է: Դա բնօրինակն է, որն այսպես ասած “little size” չափսի թուղթ է, և այլն: ԱՄՆ մեծ կնիքի առկայությունը՝ այս երկու ստորագրությունների հետ միասին, խիստ կարևոր է, և սա պատահական չի արվել, որովհետև այդ մեծ կնիք կոչեցյալը ամենաբարձր իրավական կարգավիճակն է հաղորդում ցանկացած փաստաթղթի, որը դրվում ա վրան՝ նախագահի և պետքարտուղարի ստորագրությունների հետ միասին: Ես վերջերս լսում էի մեկի ելույթը, որը, բնականաբար, քննադատում էր Իրավարար վճիռը. նա ասաց, որ Իրավարար վճիռը կնքված է Վիլսոնի կնիքով, և ինչ-որ սկսեց քննադատել: Ես կխնդրեի մարդկանց դատողություններ անելուց առաջ մի փոքր ծանոթանալ փաստերին և կեղծ փաստեր չբերել, հետո այդ կեղծ փաստերի հիման վրա դատողություններ զարգացնել: Տրամաբանորեն, պիտի կնքվեր Վիլսոնի կնիքով: Ինչո՞ւ կնքված չէ նրա կնիքով, ինչո՞ւ Վիլսոնը սա չարեց, ինչո՞ւ նա գնաց, ըստ էության, ԱՄՆ պետության կողմից պարտավորությունների ստանձնման: Եվ նամակ կա պահպանված՝ նոյեմբերի 25-ի կամ 26-ի թվագրված նամակը, այսինքն՝ 3-4 օր հետո, պետքարտուղարության իրավաբանին, որում ասվում է. «Սրանով մենք՝ որպես պետություն, առհավետ ստանձնում ենք պարտավորություն»: Ճիշտ էր, որ Վիլսոնը կնքեր, բայց նա հասկանում էր, որ եթե ԱՄՆ-ն է ստանձնում պարտավորություններ, դա առհավետ է: Եթե իր կնիքով կնքվեր, այս պարտավորությունն ԱՄՆ-ի վրա մնում է միայն իր նախագահության օրոք: Եվ նա լավ էր հասկանում որ 1922 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի օրերը հաշվված են: Հիշենք՝ սա այն ժամանակը, որ դրանից արդեն երեք շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 30-ին, Կարսն էր ընկել, արդեն գրեթե սկսվել էին բանակցություններն այս հարցի շուրջ, իսկ Հայաստանն օր օրի պարտվում էր՝ ալեքսանդրապոլյան այդ ամբողջ գործընթացը, և այլն: Եվ Վիլսոնը հատուկ գնաց սրան ոչ թե այն պատճառով, որ եթե ինքը կնքեր մյուս կնիքով, կարգավիճակն ավելի ցածր կլիներ. Իրավարար վճիռը, միևնույն է, ուժի մեջ կլիներ: Բայց նա հասկանում էր, որ Հայաստանին պիտի տրվի հնարավորություն, որ պահանջ ներկայացնի ԱՄՆ-ին: Այ դրա համար նա կնքեց մեծ կնիքով, որի հիման վրա Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է դա խաղարկել, որը, ցավոք սրտի, չի անում: Այսինքն՝ ամերիկյան ցանկացած քաղաքացի կարող է մտնել ցանկացած դատարան ԱՄՆ տարածքում և դատ բացել State Department-ի դեմ, որը, ի դեպ, ասեմ՝ ժամանակին փորձում էր անել Վահան Քարտաշյանն էր փորձում անել, որ պետքարտուղարությունը չի իրականացնում ամենաբարձր ատյանի որոշումը, որովհետև պետքարտուղարությունը իրականացնողն է, իսկ որոշողը նախագահն է: Եվ շատ հետաքրքիր է. այս միջազգային վճռին, որը պարտադիր է Փարիզի համար, այս կերպ Վիլսոնը տվեց պարտադիր կարգավիճակ Միացյալ Նահանգների համար: Հիմա, ինչո՞ւ է պարտադիր Փարիզի վեհաժողովի համար. այստեղ դուք տեսնում եք աջից ձախ՝ Վուդրոու Վիլսոն, Ժորժ Կլեմանսո, Էդուարդո Օռլանդո և Դեվիդ Լլոյդ Ջորջ, այսինքն՝ Ամերիկայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բրիտանական կայսրության ղեկավարների նկարները: Այս չորսն էին, որ հանդես էին գալիս ամբողջ վեհաժողովի անունից: Հիմա, իրավարարությունը մի շատ հետաքրքիր գործընթաց է. ի տարբերություն պայմանագրի, որն ուժի մեջ է մտնում ստորագրելուց, վավերացնելուց հետո, իրավարարությունը, եթե դու դիմում ես, այդ քո հայցադիմումը՝ այսպես կոչված «կոմպրոմին», համաձայնություն է, որ դու կընդունես Իրավարար վճիռը՝ ինչպիսին էլ այն լինի, այսինքն՝ Իրավարար վճիռը կայացման օրից ուժի մեջ է, ի տարբերություն պայմանագրի, որը հակառակն է, այսինքն՝ դու բանակցում ես, հետո գործընթացն ուժի մեջ ես մտցնում: Այսինքն՝ արդեն այս հարցադիմումով (հիշեք՝ իմ նշած ապրիլի 26-ին), այս երկրները տվել էին իրենց համաձայնությունը: Եվ պատահական չէ, որ երբ 1920 թ. նոյեմբերի 22-ին Վճիռը ստորագրվեց և կնքվեց, բոլորի համար պարզ էր, որ Վճիռը մտավ ուժի մեջ. վերջ: Հայաստանի և Թուրքիաի սահմանը դարձավ այ սա: Այստեղ տեսնում ենք այս սահմանը: Այսինքն՝ դե յուրե սահմանը, որ 1920 թ. նոյեմբերի 22-ից գոյություն ունի առ այսօր ՀՀ և Թուրքիայի, հետագայում՝ նաև Թուրքիայի հանրապետության միջև, սա է: Ես չեմ ուզում հիմա խոսել Կարսի, Ալեքսանդրապոլի մասին, որովհետև առիթներ ունեցել ենք: Հիմա նշեմ, որ ցանկացած պայմանագրի կարգավիճակն ածանցվում է նրա ստորագրված կողմերի կարգավիճակից՝ ունեն լիազորություն, թե չունեն միջազգային իրավունքի և ներքին օրենսդրական: Մենք խոսել ենք, որ նրանք չունեն: Եվ այստեղ մենք ի՞նչ ենք նկատում. որ նախկին Վանի վիլայեթի զգալի մասը, Բիթլիսի 2/3-ը, Էրզրումը, Տրապիզոնը տրվեց Հայաստանին: Պոնտոսը՝ Տրապիզոնի այն նահանգը, որտեղ հայությունը երբեք մեծամասնություն չի կազմել, այնուամենայնիվ, նույնպես որոշվեց տալ Հայաստանին:
_ Նավահանգստի՞ պատճառով:
_ Այո, նավահանգստի համար, որովհետև Վիլսոնը և այդ բոլոր մասնագետները գտնում էին, որ առանց բաց նավահանգստի ՀՀ-ը չի կարող լինել կենսունակ երկիր: Հենց այդպես էլ օգտագործվում է՝ “variable state”` կենսունակ երկիր տերմինը. սա շատ կարևոր է: Շատերին թվում է, որ պետության այդ տարածքները, ելքերը ուղղակի քարտեզի վրա սիրուն ինչ-որ նկարներ են. ոչ: Դա պետության կենսապահովման միջոցներ է, հիմքեր է, որովհետև առաջին տարբերակում որոշվել էր, որ Հայաստանը պիտի ելք ունենա Միջերկրական ծովով, բայց երբ որոշվեց, որ Հայաստանը չի կարող, պիտի փոխհատուցվեր: Ասեմ Ձեզ նաև շատ հետաքրքիր մանրամասն՝ Իրավարար վճռի հետ կապված, որովհետև այնտեղ տարբեր բաժիններ կան. բացի Տրապիզոնի նավահանգստից, Հայաստանին տրվում էր Էգեյան ծովում, Միջերկրական ծովում նավահանգիստներ ազատ տնօրինելու իրավունք: Օրինակ՝ Հայֆա նավահանգիստը Հայաստանն ազատ օգտագործելու իրավունք ուներ, նաև Այաս նավահանգիստը, Հայդար Փաշա նավահանգիստ կար Ստամբուլում, ինչպես նաև Տրապիզոնը և Բաթումը: Այսինքն՝ Հայաստանին տրվեց հինգ նավահանգիստ: Ավելին ասեմ Ձեզ՝ օրինական երկաթգիծը, որը պիտի կապեր Այասը Հայաստանի հետ, քանի որ դա պիտի լիներ ֆրանսիական գոտի, դա պիտի լիներ ՀՀ սեփականությունը՝ անցնելով ոչ Հայաստանի տարածքով: Սրանք կարևոր բաներ էին, և կարևոր են առ այսօր: Պատահական չէ, որ այս ամբողջը որոշվեց: Դրա համար լուրջ չեն այն մարդիկ, ովքեր գտնում են, որ գուցե Հայաստանը հիմա 29 հազար կամ անգամ 42 հազար քառ. կմ-ով, շրջափակված, առանց ծովի, առանց ելքի, առանց այլ բանի, միայն նրա շնորհիվ, որ երկիրը լավ կառավարվի, կլինի հզոր երկիր: Իհարկե, երկիրը լավ կառավարելը շատ կարևոր է՝ որ կուռուպցիա չլինի, և այլն: Բայց եկեք հասկանանք, որ երկրի հզորություն համար կան համաշխարհային բազային հիմքեր. Ռուսաստանն այսօր հզոր է և մեծ է, որովհետև այն տարածքով է մեծ, հավատացեք՝ եթե Ռուսաստանը լիներ Հայաստանի չափ, Հայաստանից մեծ կլիներ: Չինաստանն այսօր հզոր է, որովհետև ունի միլիարդից ավել բնակչություն. պարզ է՝ կառավարման հետ կապ չունեցող հարցեր են:
_ Հնդկաստանն էլ մեծ է, և շատ բնակչություն ունի:
_ Դե, հարաբերական է՝ 140 մլն. (Հնդկաստանը նույնպես միլիարդից ավել բնակչություն ունի) , այսօր Բանգլադեշը 160 միլիոն ունի: Ռուսաստանի հզորության հիմնական մասն իր տարածքի մեջ է, որովհետև եթե այդքան տարածքը չլիներ, նա այդքան նավթ ու գազ չէր ունենա: Իմ ասածն ի՞նչ է. այս սահմանների դեպքում, որ մենք տեսնում ենք, որ Ռուսահայաստանի հետ միասին պիտի կազմեին գրեթե 165.000 քառ. կմ, սա համարվեց այն նվազագույն տարածքը (գումարած նշածս նավահանգիստները, գումարած այլ տարբեր լուծումներ, մանրամասներ կային), Հայաստանը կունենա կենսունակ գործունեության հնարավորություն: Եվ այս տարածքի վրա հայ բնակչությունն արդեն պիտի լիներ 52 տոկոս, և նախատեսվում էր, որ առաջիկա 20-25 տարվա մեջ ներգաղթի շնորհիվ, ինչպես նաև մուսուլման բնակչության կամավոր, ինչպես նաև խրախուսական արտագաղթի (նախատեսվում էր հողեր առնել, տներ առնել, բնակեցնել տալ. հիշենք, որ այն ժամանակ շատ տարածված էր, այսպես կոչված, բնակչության փոխանակումը, նույնն արվեց Թուրքիայի և Հունաստանի միջև, և այլն) պատճառով Հայաստանի բնակչությունը 75 տոկոսով պիտի լիներ հայկական, այսինքն՝ այդպես էր նախատեսված1945 թ. համար: Բայց մենք գիտենք, թե 1920 թ. ինչ ճակատագրի արժանացավ Հայաստանը՝ դադարեց գոյություն ունենալուց: Ես այստեղ ուզում եմ ցույց տալ մի քանի մանրամասներ, բայց երևի սրանց մենք ավելի մանրակրկիտ կերպով կանդրադառնանք մեր հաջորդ ելույթի, հաջորդ հաղորդման ժամանակ, որովհետև սա բավականին երկար թեմա է, և ամբողջ մեր նոյեմբեր ամիսը մենք կնվիրենք վիլսոնյան Իրավարար վճռին: Ամփոփելով՝ պարզապես ասեմ, որ վճիռն ուժի մեջ մտել 1920 թ. նոյեմբերի 22-ին և առ այսօր այն միակ իրավական, օրինական փաստաթուղթն է, որով որոշվել է ՀՀ-ի և Թուրքիայի սահմանը:
_ Շնորհակալություն, պրն. Պապյան:
Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք՝ լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Հաջողություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan