Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ցմահ ազատազրկվածներ՝անիմաստ պահպանողականություն, արատավոր պրակտիկա. «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Մարդիկ քննադատում են, բողոքում են, ասում են՝ սա շատ վատ է, հիմնավորում են, այլ երկրների փորձն են օրինակ բերում, բայց այդ պրակտիկան այդպես էլ չի վերանայվում: Այստեղ չկա ինչ-որ մեկի շահը, միակ շահը փոփոխությունների նկատմամբ վախն է: Պետական կառավարման համակարգում բազմաթիվ արատավոր երևույթներ կան, որոնք չեն վերանայվում, որովհետև պահպանողական մոտեցում կա. ասում են՝ մինչև հիմա այս ձևով աշխատել է, ո՞ր ոլորտում չկան խնդիրներ: Բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ, դե թող այդպես մնա, մինչև տեսնենք ինչ է լինելու: Բայց կարևոր է չուշացնել բարեփոխումները:

Հաղորդման սղագրություն
Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր մենք կխոսենք մի քանի թեմաների մասին: Առաջինը ես ցանկանում եմ խոսել վերջին շրջանում շատ քննարկվող խնդրի` ցմահ ազատազրկված անձանց մասին: Ժամանակին ռադիոհաղորդման շրջանակում անդրադարձել ենք այս խնդրին, բայց հիմա ցմահ ազատազրկված անձանց հարցը կրկին հանրության ուշադրության կենտրոնում է՝ պայմանավորված ցմահ ազատազրկվածներից մեկի՝ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակումով: Նա մեկն էր այն ցմահ ազատազրկվածներից, որոնց խումբը ստացել էր «մահապատիժ» դատավճիռը դեռևս այն ժամանակ, երբ ՀՀ-ն ո՛չ Եվրախորհրդի անդամ էր, ո՛չ Քրեական օրենսգրքից էր հանել մահապատիժը և ոչ էլ ուներ մահապատիժ չկիրառելու պարտավորություն: Ինչպես գիտեք, ՀՀ-ում մահապատժի մորատորիումը հայտարարվել է 1991 թ.-ից, և մահապատիժ չի իրականացել: 2001թ.-ից Եվրախորհրդին անդամագրվելով՝ Հայաստանը եվրոպական կոնվենցիայի շրջանակում ստանձնեց մարդու իրավունքների բնագավառում այն պարտավորությունները, որոնց համաձայն մահապատիժը՝ որպես բացառիկ պատժամիջոց, փոխարինվեց մեկ այլ բացառիկ պատժամիջոցով՝ ցմահ ազատազրկմամբ: Մարդկանց այն խումբը, որն այդ պահին դատապարտված էր մահապատժի և սպասում էր դրա իրականացմանը, բայց նաև հայտարարվել էր մորատորիումը՝ մահապատժի չիրականացումը, նրանց պատիժները մեխանիկորեն վերափոխվեցին ցմահ ազատազրկման: Եվ այս ընթացակարգն անընդհատ քննարկման, քննադատության և դատապարտման առարկա է եղել հասարակության տարբեր անդամների, իրավապաշտպան կառույցների կողմից: Ես ինքս՝ որպես արդարադատության համակարգում դիտորդական խմբի երկարամյա անդամ, բազմիցս այցելել եմ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց: Լավատեղյակ լինելով խնդրին՝ ուղղակի չէի կարող չանդրադառնալ այս թեմային: Ես կարծում եմ Սողոմոն Քոչարյանի դեպքը նախադեպային է. առաջին անգամ ցմահ ազատազրկված անձն ազատ է արձակվում: Բայց սա, ցավոք, տեղի չի ունենում մեր օրենսդրության շրջանակում: Սողոմոն Քոչարյանի ազատ արձակամն համար հիմք է ծառայել նրա առոջղական վիճակը, ոչ թե Քրեական օրենսգրքով, Քրեական դատավարության օրենսգրքով, Քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված հանգամանքը, որ երբ ցմահ ազատազրկված անձը 20 տարի իր պատիժը կրել է և չունի տույժեր, նա կարող է ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման: Կարող է քննարկվել նաև ավելի բարենպաստ ռեժիմ տեղափոխելու հարցը, որովհետև մենք ունենք փակ, կիսափակ, կիսաբաց, բաց ռեժիմ: Եվ այս առումով, գոնե, նրանց ռեժիմը պետք է թուլացվի: Այսինքն՝ եթե մարդն արդեն 20 տարի ազատազրկված է և խախտումներ չունի, լավ է բնութագրվում քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի կողմից, ապա որևէ բան չի խանգարում նրա ռեժիմը թուլացնելուն: Մյուս կողմից էլ մենք միշտ հաշվի ենք առել տուժող կողմի շահերը, որովհետև տարբեր գործերով բողոքներ են եղել, որ դուք անընդհատ խոսում եք ցմահ դատապարտված անձանց մասին, բայց հաշվի չեք առնում, որ կա նաև մյուս՝ տուժող կողմը: Բնականաբար, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողները հաշվի են առնում նաև այն անձանց շահերը, որոնք հանցագործության արդյունքում տուժել են. մի դեպքում մարդիկ են կյանքից զրկվել, մյուս դեպքում առողջությանն է ծանր վնաս հասցվել, մեկը գույքն է կորցրել, մեկ այլ դեպքում պետական շահերին է վնաս հասցվել: Բայց միևնույն ժամանակ մենք ասում ենք, որ գոյություն ունի գործող օրենսդրություն, որի շրջանակներում կա այդ հնարավորությունը, և այն պետք է իրագործվի: Մի քանի օր առաջ էլ մի խումբ ցմահ դատապարտված անձինք հայտարարությամբ հանդես եկան և հացադուլ հայտարարեցին: Սա այն ձևերից մեկն է, որով նրանք ցանկանում են հանրության ուշադրությունը սևեռել իրենց խնդիրների վրա, և այդ խնդիրներն անընդհատ քննարկման առարկա են դառնում մեզանում: Նորից վերադառնալով Սողոմոն Քոչարյանի գործին՝ պետք է ասեմ, որ այս նախադեպը, իմ կարծիքով, իր ազդեցությունը կունենա նաև հասարակության մոտեցումների վրա, և հույս կա, որ այն օրենսդրությունը, որ մենք ունենք ցմահ ազատազրկվածների հետ կապված, կսկսի կիրառվել, այլ ոչ թե ուղղակի լինի քաղաքական որոշում, որ չպիտի վերանայվեն ցմահ ազատազրկվածների պայմանական վաղաժամկետ ազատման, նրանց ռեժիմի թուլացման հարցերը: Այս մոտեցումները պետք է վերանան: Պատկերացրեք ցմահ ազատազրկված անձ, որը չի կարողանում կանխատեսել իր ապագան, այսինքն՝ նա գիտի, որ ցմահ ազատազրկված է, բայց մյուս կողմից պետությունը պետք է ինչ-որ հույս թողնի նրանց համար, որ մարդիկ իմանան՝ եթե դու 20 տարի առանց խախտումների քո պատիժը կրեցիր ազատազրկման վայրում, ապա կա քո նկատմամբ կիրառված պատժի և քո պահման պայմանների վերանայման հնարավորություն: Այս առումով եթե այդ հույսն էլ չկա, ապա այս մարդիկ ուղղակի կարող են դառնալ անկանխատեսելի, անկառավարելի, ինչն առաջին հերթին մարտահրավեր է և ռիսկ ցանկացած քրեակատարողական հիմնարկի անձնակազմի համար, որտեղ նրանք պահվում են: Դրա համար պետությունն ամեն կերպ պետք է այս ոլորտում իր քաղաքականությունն այնպես վարի, որ մարդն իր վերջին հույսը չկորցնի, հույս ունենա, որ չնայած իր կատարած հանցագործությանը՝ արդարություն կարող է լինել նաև իր նկատմամբ: Այսինքն՝ մենք մարդկանց չպիտի ևս մեկ անգամ դատենք, քանի որ նրանք արդեն դատապարտվել են այդ հանցագործությունների համար: Այստեղ ոչ միայն ցմահ ազատազրկվածների խնդիրն է, որը շատ կարևորում եմ, բայց անդրադառնանք նաև այն անձանց խնդիրներին, որոնք տարբեր հանցանքների համար դատապարտվել են և հիմա ազատազրկման վայրերում են գտնվում: Նրանց նկատմամբ ևս չեն կիրառվում Քրեակատարողական օրենսգրքով և Քրեական օրենսգրքով նախատեսված ընթացակարգերը: Այս առումով շատ լուրջ խնդիր կա, մարդիկ ծանր բարոյահոգեբանական վիճակում են հայտնվում, երբ անցնում են ազատազրկման վայրում գտնվելու համար նախատեսված տարիները, և գալիս է մի պահ, երբ նա արդեն իրավունք ունի ներկայացվելու այն անկախ հանձնաժողովին, որը պետք է քննարկի տվյալ դատապարտյալի գործը և ասի՝ այս մարդը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, և ոչ, չի կարող՝ այս, այս հիմնավորումներով, պայմաններով: Մեր դատապարտյալները հիմնականում բողոքում են, որ որևէ կերպ չի հիմնավորվում, չի մեկնաբանվում, չի պարզաբանվում, թե ինչու են նրանց գործերը մերժվում: Դեպքեր կան, երբ նրանց գործերը մերժվում են հենց քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի մակարդակում, սակայն դրանք ևս անօրինական են լինում: Օրինակ՝ լինում է դեպք, երբ ասում են՝ կա ներքին պայմանավորվածություն, որ այս, այս, այս հոդվածներով դատապարտված անձանց չենք ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին, որովհետև այնտեղ էլ պետք է մերժվի, և մեզ ասել են՝ ձեր մակարդակում մերժեք և գործը մի ներկայացրեք անկախ հանձնաժողովներին: Ես բազմիցս ասել եմ, որ անկախ հանձնաժողովների ինստիտուտը պետք է վերանայվի, բարեփոխվի, և դրա փոխարեն մենք պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որոնց պարագայում դատապարտյալները կարող են կանխատեսել իրենց պահվածքի ապագան: Այսինքն՝ ես ինձ լավ եմ պահում, ես աշխատում եմ քրեակատարողական հիմնարկում, ինքնակրթությամբ եմ զբաղվում կամ պաշտոնապես ընդունվել եմ ինչ-որ բուհ և կրթվում եմ, վերադաստիարակվում, իսկ պատժի նպատակներից մեկը, ինչպես գիտենք, պատժի գիտակցումն ու ուղղվելու միտումն է, որ դատապարտյալն այլևս նման արարք չգործի, և ոչ թե չարանա հասարակության, պետության նկատմամբ և չարացած դուրս գա քրեակատարողական հիմնարկից և նոր հանցագործությունների համար դառնա ռիսկային անձնավորություն: Այս առումով, եթե մարդը կարողանում է կանխատեսել իր ապագան և կատարում է այն գործողությունները, որն ուղղված է իր անձի վերափոխմանը, նա պետք է ակնկալի, որ պետությունը նրա նկատմամբ այլ քաղաքականություն կվարի և նա, հնարավոր է, ավելի վաղ ազատ արձակվի՝ պայմանականորեն, եթե այլ պայմաններ չկան. այնտեղ լինում է քաղհայցի խնդիր, տարբեր հարցեր: Այսինքն՝ եթե նա պայմանական վաղաժամկետ ազատման բոլոր չափանիշներին համապատասխանում է, ապա որևէ մեկը չի կարող առանց հիմնավորման, առանց լրացուցիչ պարզաբանումների, ուղղակի մերժել նրան: Հակառակ պարագայում այդ մարդն այլևս չի աշխատելու իր ուղղվելու, վերադաստիարակվելու, որպես նոր, վերափոխված անձ հասարակություն վերադառնալու վրա: Եվ նա չարանալու է, ատելությամբ է լցվելու համակարգի, հասարակության նկատմամբ, որը հղի է նոր հանցագործություններով: Շատ կարևոր է նշել, որ այս խնդիրը քրեակատարողական հիմնարկներում առկա է երկար ժամանակ և այս պահին ամենաքննարկվողներից է: Մենք տարիներ շարունակ այս խնդիրը բարձրացնում ենք, բայց քանի որ դեռևս չկա քաղաքական որոշում, այդ հարցն այդպես էլ չի լուծվում: Մյուս հարցը համաներումն է, որի հետ կապված մենք քրեակատարողական հիմնարկներից հաճախ զանգեր ենք ստանում. արդյո՞ք կլինի համաներում, արդյո՞ք համաներում կա, արդյո՞ք ժամանակն է, խոսո՞ւմ են, կա՞ տեղեկություն: Համաներման մասին որևէ հիմք և տեղեկություն չի լինում. ինչ-որ մարդիկ նրանց անիմաստ հույսերով կերակրում են, որ դու հանգիստ նստիր, այս մեղքն ընդունիր կամ համագործակցիր մեզ հետ, կամ հանգիստ քեզ պահիր, շուտով համաներում է լինելու, դու կազատվես: Այսպես մեկը մյուսին պատմելով՝ լուրերը տարածվում են: Եվ տարբեր քրեակատարողական հիմնարկներից մենք զանգեր ենք ստանում, մարդիկ հարցնում են՝ համաներո՞ւմ է սպասվում: Պատկերացրեք՝ ամանորյա տոներն են մոտենում, զանգում-ասում են՝ կարո՞ղ է Նոր տարվա հետ կապված համաներում լինի. ասում ենք՝ ոչ: Անցնում է Նոր տարին և չի լինում: Հետո զանգում են՝ կարո՞ղ է Սուրբ Ծննդյան հետ կապված համաներում լինի. ասում ենք՝ ոչ: Անցնում է Սուրբ Ծնունդը: Հետո զանգում են, հարցնում՝ կարո՞ղ է բանակի տոնի հետ կապված համաներում լինի. ասում ենք՝ ոչ: Ու այդպես ամեն մի նոր ամսաթվի ՝տոնի, սգո օրվա հետ կապված, մարդիկ սպասում են, որ կարող է համաներում լինել՝ Զատիկի հետ կապված են սպասում, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված շատ լուրջ խոսակցություններ կային, հետո՝ մայիսի 28-ին, հետո՝ Անկախության տոնին: Անընդհատ այս հույսերով կերակրել մարդկանց և փորձել ասել, որ քրեական արդարադատության բնագավառում եղած խնդիրները կարող ենք լուծել համաներումներով, սխալ է: Ըստ էության` որևէ իրավական պետությունում այդքան հաճախ համաներումներ չեն անում, որովհետև արդարադատության համակարգը ճիշտ է գործում, արդար է գործում, համաչափ է գործում, և կարիք չկա, որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակով, կամ անարդարացի դատապարտված անձանց ազատելու համար պետությունը ժամանակ առ ժամանակ համաներում անի: Դա Հայաստանում դարձել է հետևանքի դեմ պայքար, այսինքն՝ մենք ունենք գերբեռնվածություն քրեակատարողական համակարգում, անարդարացիորեն դատապարտված անձինք, և դրանց խնդիրը լուծելու համար մենք համաներում ենք անում: Բայց թե ինչու է քրեակատարողական համակարգը գերբեռնված, ինչու են մարդիկ տարբեր անիմաստ մեղադրանքներով դատապարտվում, այդ պատճառների մեջ մենք չենք խորանում: Պետք է խնդիրը լուծել համակարգային, պետք է քրեական արդարադատության համակարգն ամբողջությամբ վերանայել: Քրեական դատավարության օրենսգիրքը հենց դրան էլ միտված է, պարզապես խորհրդարանում այդպես էլ չի դրվում քննարկման, որպեսզի ընդունվի. քրեակատարողական հիմնարկներն անիմաստ չեն ծանրաբեռնվի, պաշտպանական կողմը դատարաններում ավելի շատ հնարավորություններ կունենա, և, մյուս կողմից, դատական իշխանությունն իրապես կլինի դատական իշխանություն և ոչ թե դատական համակարգ, ինչն այսօր ունենք: Այս առումով ես էլի կողմնակից եմ, որ պայքարենք ոչ թե հետևանքների, այլ՝ պատճառները վերացնելու դեմ, որի արդյունքում այն հետևանքները, որն այսօր ունենք, չենք ունենա: Շատ եմ խոսել նաև որպես խափանման միջոց կալանքն ընտրելու արատավոր պրակտիկայի մասին. ուսումնասիրելով՝ մենք տեսնում ենք, որ դատարանները 95-98 տոկոսով բավարարում են կալանքի միջնորդությունները: Արդյունքում մենք ունենում ենք պետության հաշվին տարբեր քրեակատարողական հիմնարկներում նստած բազմաթիվ մարդիկ, մինչդեռ նրանք կարող էին գտնվել ազատության մեջ, և նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված լիներ չհեռանալու մասին ստորագրությունը: Կամ եթե դատարանները բավարարած լինեին փաստաբանների՝ գրավի մասին միջնորդությունները, այդ մարդկանց անիմաստ, հարկատուների հաշվին չէինք պահի քրեակատարողական հիմնարկներում: Սա ընդհանուր պրակտիկայի, սկզբունքային մոտեցման հարց է, որը, կարծում եմ, արմատական վերանայման կարիք ունի: Շատ կարևոր է անդրադառնալ նաև հետևյալ հանգամանքին. մի շարք ոլորտներում շահեր կան՝ հարկային քաղաքականության, մոնոպոլիաների հետ կապված, բայց հարց է առաջանում՝ ի վերջո ցմահ ազատազրկվածների, մարդկանց պայմանական վաղաժամկետ չազատելու, կամ բոլոր գործերով մարդկանց կալանավորելու հարցերում ի՞նչ շահ կա, շահը ո՞րն էր այս դեպքում, որ այդ պրակտիկան չի փոխվում: Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես եկել եմ այն եզրահանգմանը, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք չենք կարողանում գտնել որևէ մեկի շահը, որովհետև ես այստեղ իրապես չեմ գտնում ինչ-որ մեկի շահը, կա անիմաստ պահպանողականություն. այսինքն՝ ունենք մի բան, մի արատավոր պրակտիկա, որը տարիներով շարունակվում է: Մարդիկ քննադատում են, բողոքում են, ասում են՝ սա շատ վատ է, հիմնավորում են, այլ երկրների փորձն են բերում, բայց այդ պրակտիկան այդպես էլ չի վերանայվում: Երբ խորանում ես, հասկանում ես, որ այստեղ չկա ինչ-որ մեկի շահը, միակ շահը փոփոխությունների, բարեփոխումների նկատմամբ վախն է, պահպանողականությունից վեր կանգնելն է: Այսինքն՝ մենք ունենք ինչ-որ բաների նկատմամբ պահպանողականություն, որը վատ է, որը որևէ կերպ մեր քաղաքացիների և մեր պետության շահերից չի բխում: Ուղղակի ունենք այնպիսի իրավիճակ, որ պետական կառավարման համակարգում բազմաթիվ արատավոր երևույթներ կան, որոնք որոշ դեպքերում էլ չեն վերանայվում, որովհետև պահպանողական մոտեցում կա. ասում են՝ մինչև հիմա այս ձևով աշխատել է, ո՞ր ոլորտում չկան խնդիրներ: Բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ, դե թող այդպես մնա, մինչև տեսնենք ինչ է լինելու: Կամ ասվում է, որ բարեփոխումներ կանենք, բայց այնքան դանդաղ է արվում, որ այդ ընթացքում հարյուրավոր մարդկանց ճակատագրեր խեղվում են, հարյուրավոր նոր խնդիրներ են առաջանում: Հիմա պատկերացնենք նույն Սողոմոն Քոչարյանի գործը. եթե նա ազատ արձակվեր մի քանի տարի առաջ, ապա հասարակություն կվերադառնար մի մարդ, որը կարող էր քայլել, գործել, աշխատել, ինչ-որ բան ստեղծել և իրապես վերադառնալ, ինտեգրվել հասարակությանը, այլ ոչ թե այն վիճակով, որով նա ազատ է արձակվել: Այսինքն՝ այս առումով շատ կարևոր է չուշացնել բարեփոխումները, անիմաստ պահպանողականությունից վեր կանգնել և չվախենալ փոփոխություններից. անել փոփոխություններ, որոնք իրապես կարող են մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ սահմանել և ինչ-որ բողոքի բեռից ազատվել, որովհետև այդ բողոքները, քննադատությունը, անհանդուրժողականությունը ձևավորում են ընդհանուր մթնոլորտ, որը բերում է տարբեր խնդիրներ, որոնցից մեկը, ինչպես գիտենք, արտագաղթն է: Մարդը չի արտագաղթում կոնկրետ մի բանի պատճառով, մարդն արտագաղթում է կոմպլեքս խնդիրների արդյունքում: Դրանցից մեկն էլ հենց այն է, երբ ինքը տեսնում է, որ դատարանը՝ քննչական մարմնի միջնորդությամբ, մի անիմաստ մեղադրանքով կալանավորեց հարևանի տղային: Նա հասկանում է, որ այդ մարդը կարող էր տանը լինել և էլի մասնակցել քննությանը, որ նա իր բնույթով, իր նկարագրով չէր կարող խանգարել ընթացող քննությանը, սակայն անարդար է համակարգը, և այդպես եղավ: Բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից, վերջացրեք արդարադատությամբ, կան խնդիրներ, որոնք պահպանողականության արդյունք են: Ես կարծում եմ, որ մենք պետք է վեր կանգնենք այս անիմաստ պահպանողականությունից, այս ոլորտներում ներգրավել նոր տեսլական ունեցող, նոր գաղափարներ, նոր կրթություն ստացած մարդկանց, որոնք ցավոտ, բայց ռիսկով բարեփոխումներ կանեն, որի արդյունքում մենք կունենանք իրապես վերափոխված Հայաստան: 

Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի: Ձեզ հետ էր ԱԺ պատգանավոր Էդմոն Մարուքյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan