Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դուք տուգանված եք!!! «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Տուգանքը դարձել է նոր հարկատեսակ մեր քաղաքացիների համար: Տուգանքները չեն համապատասխանում մեր սոցիալական վիճակին: 2016թ.-ին ոչ միայն 4% գնաճ է լինելու, այլ նաև չեն բարձրացնելու թոշակները, նպաստները և պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը: Այսինքն, չբարձրացնելով մարդկանց եկամուտը` նույնությամբ թողնվում է տուգանքների քաղաքականության մոդելը, որի արդյունքում միլիարդավոր գումարներ են բռնագանձվում:

Հաղորդման սղագրություն

Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս հաղորդման շրջանակում մենք կխոսենք իմ կողմից ընթացակարգերին համապատասխան ԱԺ ներկայացված երեք նախագծերի մասին, որոնց հետ կապված պետք է քննարկումներ տեղի ունենան: Մի մասն արդեն քննարկվել է Կառավարությունում, մի մասը նաև հանձնաժողովի մակարդակով է քննարկվել: Եվ քանի որ դրանք ուղղված են շատ քննարկված խնդիրների լուծմանը, այդ պատճառով կարևոր է, որ մեր հաղորդման շրջանակում նույնպես անդրադառնանք դրանց, որպեսզի մեր քաղաքացիները, ռադիոլսողներն իմանան, թե ինչ է արվում իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, և ինչու այդ իրավունքներն այդպես էլ չեն պաշտպանվում, կամ ինչու այդ օրենսդրական նախաձեռնություններն այդպես էլ հաջողության չեն հասնում: Առաջին նախագիծը միտված է վարչական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ստեղծված իրավիճակի ուղղմանը: 2014թ. հունվարի 1-ին ընդունվեց նոր Վարչական դատավարության օրենսգիրքը, որի հետ փաթեթով ընդունվեցին նաև այլ ակտեր՝վարչարարության մասին, դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքները: Եվ այս փաթեթով լուծվեց մի հարց՝ Հայաստանում առաջին անգամ ներդրվեց արտադատական ընթացակարգ, որով վարչական իրավախախտում թույլ տված քաղաքացու նկատմամբ սկսեց կիրառվել արտադատական ընթացակարգ: Արդյունքում՝ քաղաքացու սեփականության իրավունքը սահմանափակվում է, և նաև քաղաքացիները զրկվում են իրենց սեփականությունից: Այսինքն՝ սեփականազրկում է տեղի ունենում՝ առանց դատական ընթացակարգերի: Մինչդեռ այսօրվա գործող Սահմանադրությամբ հստակ սահմանված է, 31-րդ հոդվածը հռչակում է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով, այն էլ՝ օրենքով նախատեսված դեպքերում: Ստացվում է, որ մենք ունենք օրենքներ, որոնց կյանքի կոչելու արդյունքում մարդկանց սահմանադրական իրավունքը խախտվում է: Սակայն պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանը, քննելով նշված հոդվածի հետ կապված գործը, որը ներկայացրել էին ԱԺ մի խումբ պատգամավորներ, այդ թվում նաև՝ ես, ասեց, որ այդտեղ հակասահմանադրական խնդիր չկա. այսինքն՝ մարդու սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել արտադատական կարգով: Մի փոքր խոսեմ նախկին կարգի մասին, որ ռադիոլսողները պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը: Նախկինում, երբ մարդը վարչական տույժի էր ենթարկվում որևէ խախտման համար՝ ճանապարհային երթևեկության կանոնների, հարկային, մաքսային, շինարարության նորմերի խախտում, տարբեր վարչական մարմիններ վարչարարություն են իրականացնում թույլ տրված ենթադրյալ խախտման հետ կապված, կազմում են վարչական արձանագրություն, արձանագրում են խախտումը և քաղաքացուն ենթարկում են վարչական պատասխանատվության: Օրինակ՝ տուգանում են 5.000 դրամով: Մինչև 2014թ. հունվար 1-ը այդ նամակը ստանալուց հետո, եթե դուք տուգանքի հետ համաձայն չէիք, անգամ եթե չէիք բողոքարկում դա, որովհետև հնարավորություն, փաստաբան չունեիք, իրավական գիտելիքները թույլ չէին տալիս, վարչական մարմինը դիմում էր դատարան, որպեսզի այդ գումարը ձեզանից բռնագանձվեր, որից հետո ձեզ ծանուցում էր դատարանը: Քաղաքացին, առանց որևէ իրավական գիտելիք ունենալու, ներկայանում էր Վարչական դատարան և պարզաբանում էր, թե ինչպես է եղել: Դատարանն ի պաշտոնե քննում էր այդ գործը, ապացուցման բեռը, որ վարչական ակտը ճիշտ է կազմված, դնում էր վարչական մարմնի վրա և ասում՝ վարչական մարմին, դու ապացուցիր, որ քաղաքացին սխալ է, թույլ է տվել այդ զանցանքը, և դատարանն արդարադատությունը կիրականացնի: Եվ վարչական մարմինը սկսում էր ապացուցել: Այսինքն՝ ոչ թե մարդն է ապացուցում, որ ինքը մեղավոր չէ, նա որևէ կերպ այստեղ պատասխանատվության բեռ չունի կրելու, այլ ով մեղադրում է, նա պետք է ապացուցի, որ այդ զանցանքը դու կատարել ես: Այստեղ ուղղակի դատական ընթացակարգով հաշվի էր առնվում, հարգվում էր քաղաքացու լսված լինելու իրավունքը, նրա իրավունքները պաշտպանված էին լինում նաև այն դեպքում, երբ նա չուներ փաստաբան, իրավական գիտելիքներ...: Նա իր բառապաշարով, իր լեզվով, իր համայնքին հարիր բարբառով ասում է, թե ինչ է տեղի ունեցել, և դատարանը սկսում էր ըստ էության քննություն կատարել: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ քաղաքացու իրավունքները պաշտպանվում էին, առնվազն նրա լսված լինելու իրավունքը հարգված էր: 2014թ. հունվարի 1-ից հետո՝ իմ կողմից նշված օրենքների փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո, վարչական մարմիններն արդեն պարտավոր չեն դիմել դատարան: Եվ եթե քաղաքացին չի բողոքարկում՝ հիմնականում հնարավորություն, իրավական գիտելիքներ չունենալու կամ ծանուցված չլինելու պատճառով, այդ ակտերը մտնում են օրինական ուժի մեջ և ուղարկվում են ԴԱԿՀԾ՝ ի կատար ածելու: Եվ սա այն դեպքում, երբ դրանք վարչական ակտեր են և ոչ թե՝ դատական: Իսկ ԴԱՀԿԾ-ը դատական ակտերի կատարման մարմին է: ԴԱՀԿ-ը, որը շատ քննարկված-քննադատված թեմա է, արգելանքներ է դնում՝ սկզբից մարդու սեփականության, գույքի, բանկային հաշիվների վրա, հետո սկսում է բռնագանձման գործընթացը՝ քաղաքացուց գումար գանձելով նաև իր ծառայության դիմաց: Այսինքն՝ քաղաքացին վճարում է ոչ միայն տուգանքի գումարը, այլ նաև՝ կատարողական ծախսերը: Ես ներկայացրել էի նախագծի մի ամբողջ փաթեթ՝ առաջարկելով վերականգնել նախկին արտադատական կարգը, որ բոլոր վարչական մարմիններն այսուհետ կարողանան սեփականազրկման նման գործընթաց սկսել միայն դատական կարգով՝ դատարանի միջոցով: Քանի որ այս խնդիրը երկար քննադատել ենք, Կառավարությունն իբրև թե փորձեց ընդառաջ գնալ այս բողոքներին և ամիսներ առաջ բերեց մի նախագիծ, որով սեփականության իրավունքի հետ կապված մի խայտառակ բան տեղի ունեցավ: Այդ նախագծի համաձայն՝ վարչական տույժերի հետ կապված մինչև 200.000 դրամ տուգանքը կարելի է շարունակել բռնագանձել արտադատական կարգով, իսկ 200.000-ից բարձրը՝ դատական կարգով: Աբսուրդ իրավիճակ է ստեղծվում, և հարց է առաջանում՝ արդյո՞ք 199.000 դրամը սեփականություն չի, միայն 200.000 դրամ և ավելի գումա՞րն է սեփականություն համարվում: Թե ինչու 200.000. արդյո՞ք նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի հետ է կապված, որևէ հիմնավորում, որևէ բացատրություն չկա: Հետո ես հարցումներ կատարեցի ոստիկանություն, հարկային մարմիններ, և պարզվեց, որ հիմնականում՝ կոնկրետ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված, տարվա կտրվածքով կազմված միլիոնավոր ակտերի 99 տոկոսը, ըստ էության, մինչև 200.000 դրամ տուգանք է նախատեսում: Եվ այդ նախագիծն, ըստ էության, որևէ նշանակություն չունեցավ: Այս վերլուծությունից պարզվեց, որ Կառավարության իրականացրած՝ իբրև թե խնդրի լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը որևէ խնդիր չլուծեց, որովհետև այդ միլիոնավոր ակտերը մինչև 200.000 դրամ տուգանք են նախատեսում, և բեռը շարունակեց մնալ քաղաքացիների վրա: Ես այս նախագիծը ներկայացրել էի, Կառավարությունը տվեց բացասական եզրակացություն: Սա ասում եմ նրա համար, որ մեր քաղաքացիներն իմանան և իրենց պատգամավորների միջոցով փորձեն լոբբինգ իրականացնել, որովհետև հաջորդ քառօրյա նստաշրջանում այս նախագիծը պետք է քննարկվի՝ մտնի՞ նիստերի օրակարգ, թե՝ ոչ: Եթե պատգամավորները կողմ քվեարկեն, այն քննարկման առարկա կդառնա, եթե դեմ քվեարկեն, դուրս կգա օրակարգից: Դրա համար եմ ասում՝ կապ հաստատեք ձեր պատգամավորների հետ և նրանց կոչ արեք նախագիծը քննարկման առարկա դարձնել, որպեսզի մենք այս խնդիրները վեր հանենք խորհրդարանում՝ լիագումար նիստում: Այս խնդիրները բուռն քննարկվեցին պետաիրավական հանձնաժողովի նիստում, սակայն քաղաքական մեծամասնությունը մերժեց, և հիմա մնացել է, որ լիագումար նիստի սկզբում այն քվեարկվի, ընդգրկվի օրակարգ, կամ՝ ոչ: Կառավարության փաստարկն այն է, որ այս ընթացակարգը սահմանադրական է, դրա համար չենք ցանկանում վերանայել: Բայց ես ընդհանրապես սահմանադրականության հարց չեմ բարձրացնում այստեղ: Ես ասում եմ՝ դուք բեռը դրել եք քաղաքացու վրա, ես առաջարկում եմ բողոքարկելու բեռը հետ տանել վարչական մարմինների վրա, որովհետև քաղաքացիներն արդեն իսկ իրենց վճարած հարկերով պահում են այդ վարչական մարմիններին, և նրանք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում բողոքարկելու այդ ակտերը, դիմելու դատարան՝ ընդդեմ քաղաքացիների, որտեղ այդ հայցը կքննվի քաղաքացու ռիսկով: Այստեղ խնդիրն այն չէ, որ միայն բեռը տեղափոխվի, այլ քաղաքացու ռիսկով քննվի, և եթե քաղաքացին պարտվի, կկրի այդ դատական ծախսերը: Բայց գոնե նրա լսված լինելու իրավունքը պաշտպանված կլինի, իսկ հաղթելու պարագայում նա որևէ ծախս չի կատարի, որովհետև փաստաբան չի վարձելու, ժամանակ չի ծախսելու, ուղղակի ներկայանալու է դատարան և պարզաբանելու, թե ինչու համաձայն չէ: Իմ ներկայացրած առաջին շատ կարևոր նախագիծը սա էր, որը հանձնաժողովի մակարդակով մերժվել է: Այս ոլորտի հետ կապված երկրորդ նախագիծը նոր է ներկայացվել և ՀՀ կառավարությունում դեռ չի քննարկվել: Այս նախագծում թիրախը ճանապարհային երթևեկության կանոնների խախատման համար գանձվող բարձր տուգանքներն են՝ մեր սոցիալական ապահովվածությանը, երկրի աղքատության աստիճանին չհամապատասխանող բարձր տուգանքները, որոնք միտված են ոչ թե կանխարգելելուն, ոչ թե խախտումները բացառելուն կամ դրանց ուղղությամ ինչ-որ աշխատանքներ տանելուն, այլ՝ բյուջեն լցնելուն, արտաբյուջեն լցնելուն, մասնավորին հարստացնելուն: Այս առումով ես առաջարկել եմ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարվեն. այն վարչական խախտումները, որոնք ամենաշատն են կրկնվում և հանրային մեծ վտանգավորություն չեն ներկայացնում, դրանց տուգանքները կրկնակի չափով՝ 50%-ով նվազեցվեն, որով, ըստ էության, բեռը կնվազի: Ես արդեն նշեցի, որ տուգանքները չեն համապատասխանում մեր սոցիալական վիճակին: Մյուս կողմից ես դա հիմնավորում եմ պետբյուջեի նախագծով. խորհրդարան է ներկայացվել 2016թ. պետբյուջեի նախագիծը, որով կանխատեսվում է 4% գնաճ: Ասվում է, որ 2016թ. ոչ միայն 4% գնաճը է լինելու, այլ նաև մենք չենք բարձրացնելու թոշակները, նպաստները և պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը, իսկ եթե պետական սեկտորում չեն ավելացվում աշխատավարձերը, մասնավոր սեկտորում նույնպես չեն բարձրացվելու: Այսինքն՝ չբարձրացնելով մարդկանց եկամուտները` նույնությամբ թողնում է իր տուգանքների քաղաքականության այս մոդելը, որի արդյունքում միլիարդավոր գումարներ են բռնագանձվում, ինչը դարձել է նոր հարկատեսակ մեր քաղաքացիների համար: Մի օրինակ ներկայացնեմ, թե որ խախտումների մասին է խոսքը. ուժի մեջ գտնվող տեխզննման կտրոնը տրանսպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով: Պատկերացրեք՝ դուք անցել եք տեխզննությունը, ունեք կտրոնը, բայց կտրոնը փակցված չէ դիմապակուն՝ մոռացել եք, պոկվել է, ինչ-որ բան է պատահել, բայց ուժի մեջ է, ձեզ մոտ է: Ձեզ կանգնեցնում է ՃՈ աշխատակիցը, ստուգում է, տեսնում է, որ ուժի մեջ է, միակ սխալն այն է, որ ապակու վրա փակցված չէ. դրա համար ՀՀ քաղաքացին տուգանվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով: Այսինքն՝ 20.000 դրամ տուգանում ենք մի ինչ-որ թուղթ դիմապակուն չփակցնելու համար: Արդյո՞ք սա արդար է, արդյո՞ք սա միտված է խախտումը կանխարգելելու: Պարզ է, որ եթե այս մարդուն նույնիսկ 5.000 դրամ տուգանեն, նա կփակցնի, այսինքն՝ տուգանքի ամբողջ նպատակն այն է, որ կանխարգելվի այդ իրավախախտումը, կատարված զանցանքը, որ այլևս նա չկատարի: Հիմա եթե ինձ 5.000 դրամ էլ տուգանեն, ես կհասկանամ, որ դա սխալ է, խախտել եմ օրենքը, դրա համար պետք է փակցնեմ: Բայց 20.000 դրամ տուգանելու իմաստը ո՞րն է: Նմանատիպ խախտման պարագայում մենք առաջարկում ենք կիսով չափ նվազեցնել տուգանքը, դարձնել 10.000 դրամ: Ես կարծում եմ՝ 10.000 դրամն էլ արդար չէ, բայց ամեն դեպքում, որպեսզի կառավարությունը գոնե այս պարագայում համաձայնություն տա, ներկայացրել ենք կիսով չափ: Երկրորդը. ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցն այդ համարանիշերով վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20.000 դրամ: Հասարակական, հանրային վտանգավորություն չներկայացնող դեպքերն եմ նշում: Երբ վթարային իրավիճակ է ստեղծվում, նման խախտումների տուգանքները ես կրճատման չեմ ներկայացրել: Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ-ով (ինչ մեծ տեղ է թողնվում) գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժամ արագության համար նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով. այսինքն՝ ամեն կմ-ի համար 150.000 դրամի չափով: Ընդ որում՝ Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20 կմ/ժամ է, մեզ մոտ՝ 10 կմ/ժամ, այսինքն՝ եթե տրված է 60 կմ/ժամ արագություն, և դուք գնաք մինչև 70 կմ/ժամ արագությամբ, դա խախտում չի համարվում, տեղը թողնված նվազագույն խախտման համար: Մյուսը, որ ներկայացրել ենք 50 % -ով նվազեցման, ապակիների մգեցվածության հետ կապված խախտման 50.000 դրամ տուգանքն է: Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանված է 60.000 դրամ, ապակիները մգեցնելու համար տուգանում են 50.000 դրամ: Հասկանում եմ՝ իրավախախտում է, բայց եկեք նայենք, թե ինչի համար են այդ տուգանքները. էլի եմ կրկնում՝ դրանք նախականխման և կանխարգելման համար են նախատեսված, ոչ թե որևէ բյուջե, արտաբյուջե կամ մասնավոր ընկերությանը հարստացնելու համար: Երկրորդ նախագիծը սա է, որը ՀՀ կառավարությունում դեռ չի քննարկվե: Ես նաև կառավարության հարց ու պատասխանի ժամանակ եմ այս հարցերը բարձրացրել և հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք դրական եզրակացություն ստանալու և դրանք առաջ տանելու և խորհրդարանում ընդունելու: Վերջին՝ երրորդ նախագիծը. եթե հիշում եք, ես ներկայացրել էի մի նախագիծ, որով առաջարկում էի ՀՀ ինքնիշխանության տարածքային ամբողջականության դեմ իրականացվող քարոզները, հայտարարությունները նույնպես քրեորեն հետապնդելի դարձնել: Մենք Քրեական օրենսգրքում ունենք հոդված, որով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերը, նաև սահմանադրական կարգին ուղղված այդ գործողությունները համարվում են քրեորեն հետապնդելի: Իսկ այն հայտարարությունները, որոնք բռնի կոչեր չեն նախատեսում, սակայն ուղղված են մեր երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, ըստ էության՝ որևէ կերպ քրեորեն հետապնդելի չեն: Մենք ուսումնասիրել էինք Լեհաստանի, Վրաստանի, Ռուսաստանի փորձը, որովհետև նրանք այս հարցի հետ կապված ունեն շատ խիստ քրեական օրենսդրություն: Հիշում եք՝ կար նման պրոպագանդա՝ լավ կլինի, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, կամ վերջերս իրականացված կեղծ հարցումը, որն, ըստ էության, քարոզչական բնույթ է կրում, ասում է՝ Հայասատանի բնակչության 54 %-ը կողմ է արտահայտվել Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցին: Այս աբսուրդ քարոզները պետք է պետական մակարդակում անհանդուրժելի լինեն և դադարեցվեն: Եթե խորհրդարանում իմ նախագծին կողմ քվեարկեն և այն գոնե մտնի քննարկման, և եթե այն ընդունվի՝ կկանխարգելի նման հայտարարությունները: Կառավարության մտահոգությունն այն էր, որ խոսքի ազատությունը կարող է խախտվել՝ մարդիկ կարծիք ունեն, կարծիք են արտահայտում: Բայց մենք լավ գիտենք նաև Ցեղասպանության ժխտողականության հետ կապված, որ կարծիք հայտնելու ազատությունը, ըստ էության, սահմանափակման ենթակա ազատություն է, և կան արժեքներ, որոնց համար կարելի է այդ կարծիքի արտահայտումը, խոսքի ազատությունը սահմանափակել: Ես հղում եմ կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, որտեղ հստակ սահմանվում է, թե որ դեպքում կարելի է խոսքի ազատությունը սահմանափակել, և չափանիշներից մեկը հենց երկրի տարածքային ամբողջականությունն է: Այսինքն՝ եթե այդ խոսքի ազատությունն ուղղված է երկրի տարածքային ամբողջականության դեմ և վտանգում է այն իր քարոզարշավով, դա կարող է սահմանափակվել: Այս նախագիծը նույնպես մերժվել է պետաիրավական հանձնաժողովում, կառավարությունում, բացասական եզրակացություն է ստացել և արդեն խորհրդարանի լիագումար նիստում պետք է քննարկվի՝ մտնի՞ օրակարգ, թե՝ ոչ: Եվ եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա այն կքննարկվի լիագումար նիստում, և հետագա ճակատագիրը պարզ կլինի դրանից հետո: Կարծում եմ այս երեք նախագծերն էլ կարևոր էին մեր քաղաքացիների, ռադիոլսողների համար, և հույս ունեմ, որ մեր քաղաքացիները գիտակցում են նման նախաձեռնությունների կարևորությունը և իրենց աջակցությունն են բերում նշված դրանց կյանքի կոչելուն:
Այսօր այսքանը: Շնորհակալություն: Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի: Ձեզ հետ էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan