Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տուգանքը՝ տնտեսության գերակա ճյուղ. «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Մենք այս համակարգում չենք կարող խոսել մարդակենտրոնության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի և նման մոտեցումների մասին: Եվ այն ուժերը, որոնք այսօր խոսում են այդ թեմաներով, ուղղակի պետք է նայեն, թե իրենք ամեն օր ինչ են անում մարդկանց հետ: Ակնհայտ է, որ չկա կամք ինչ-որ լավ բան անելու,որևէ միտում մարդուն, նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ հռչակելու:Դրանք փուչ խոսակցություններ են, որովհետև իրական կյանքում մենք տեսնում ենք, որ որևէ բան չի արվում. ինչ որ կա՝ որևէ կեղեքիչ մեթոդաբանություն, ընթացակարգ, մեխանիզմ, հարկատուների հաշվին արվող ծախս, չի վերանայվում, այսինքն՝ մենք այս առումով անիմաստ պահպանողականության մեջ ենք:

Հաղորդման սղագրութուն

- Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է: Ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր կխոսենք այս շաբաթ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Առաջինը, ինչին կցանկանայի անդրադառնալ, երեկ խորհրդարանում քվեարկությամբ մերժված և, իմ կարծիքով, շատ կարևոր նախագծեր էին, որի մասին նախորդ հաղորդման ընթացքում խոսել ենք: Խոսքը վերաբերում է վարչարարության և վարչական հիմունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթին: Նախագիծը, ըստ էության, մի ամբողջ փաթեթ էր և ուղղված էր Հայաստանում վարվող վարչարարության բնագավառում արտադատական կարգը վերացնելուն: 2014թ. հունվարի մեկից Հայաստանում ներդրվեց արտադատական կարգ, և վարչական մարմիններն այն ակտերը, որ բողոքարկված չէին, ուղարկում էին և ուղարկում են ԴԱՀԿ: Այսինքն՝ դեռևս ուժի մեջ է այդ ընթացակարգը. դատական ակտ չլինելով, դրանք ԴԱՀԿ-ի կողմից ի կատար են ածվում, և այդ ծախսերի վրա գումարվում են նաև դատական ծախսերը: Այս խնդրի մասին շատ երկար ենք խոսել, պարզապես կցանկանայի մեր ռադիոլսողներին տեղեկացնել, որ ԱԺ-ը երեկ քվեարկությամբ մերժեց այն՝ ձայների 51 դեմ, 41 կողմ, և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ըստ էության շատ հնարավոր էր, որ այն մտներ օրակարգ և քննարկման առարկա դառնար, որովհետև ձայների տարբերությունն այդքան մեծ չէր. ԱԺ ոչ իշխանական՝ Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր, Ժառանգություն և Դաշնակցություն խմբակցությունները կողմ քվեարկեցին նախագծին: Կային նաև որոշ հանրապետականներ, որոնք կամ չքվեարկեցին, կամ նույնպես կողմ քվեարկեցին: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ նախագծերի փաթեթը շատ լուրջ աջակցություն ստացավ, որովհետև այն խնդիրը, որի լուծմանը միտված է այդ փաթեթը, ըստ էության բոլորին էր հուզում: Սակայն եթե քաղաքական մեծամասնությունը որոշել է ինչ-որ բան խորհրդարանի մակարդակով շրջափակման ենթարկել կամ անցկացնել, դա նրանց շատ հեշտությամբ է հաջողվում, որովհետև խորհրդարանում նրանք ունեն քաղաքական մեծամասնություն: Հետևաբար արտադատական կարգը կմնա ուժի մեջ, քանի որ իշխանությունները, տվյալ պարագայում՝ Հանրապետական խմբակցությունը, չցանկացան որևէ կերպ քննարկել նախագծերի փաթեթը և շտկումներ կատարել նշված ընթացակարգերում: Իսկ ես առաջարկում էի, որ արտադատական կարգը վերացվի, և նորից վերականգնվի դատական ընթացակարգը: Դրա համաձայն՝ ցանկացած վարչական մարմնի կողմից տուգանվելուց հետո քաղաքացին եթե չէր բողոքարկում, կամ հնարավորություն չուներ բողոքարկելու, կամ ծանուցված չէր լինում, վարչական մարմինն ինքը դիմում էր դատարան և ապացուցում էր, որ իր կողմից կազմված վարչական ակտն իրավական է, ճիշտ ընթացակարգերով է կազմվել, և քաղաքացին զանցանք է թույլ տվել, և քաղաքացու ռիսկով, այսինքն՝ դատական ծախսերը մնում են քաղաքացու վրա, վարչական մարմինն, ըստ էության, գործը հաղթում էր: Այստեղ քաղաքացու համար կարևորն այն է, որ դատարան դիմելու բեռը չի դրվում իր վրա, այլ՝ վարչական մարմինների, որն այդպես էլ պետք է լիներ, և այդպես էլ կար մինչև 2014 թ. հունվարի 1-ը: Այսօր այդ բեռը դրվել է մեր խեղճ ու կրակ քաղաքացիների վրա, որոնք շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած՝ կապված իրենց սեփականազրկման խնդիրների, բանկային հաշիվների արգելանքների, ամեն օր ԴԱՀԿ-ից գնում են բանկեր, բանկերից՝ ԴԱՀԿ՝ փորձելով ապացուցել, որ իրենք ճիշտ են, կամ վճարել են, բայց կտրոնը չեն ներկայացրել, կամ վճարման կտրոնը կա, բայց համակարգում չի երևացել, և ԴԱՀԿ-ը նորից է բռնագանձում տարածել, կամ բանկերը չեն հանել արգելանքը: Այս ձևով մարդկանց կյանքը պետական մակարդակում ուղղակի դարձնում ենք անհանդուրժելի: Ցանկանում եմ ասել՝ բարեփոխումների վերաբերյալ այն բոլոր հայտարարությունները, քարոզները, որ այս օրերին տարվում են, հօդս են ցնդում նման դեպքերում, որովհետև մենք ակնհայտ տեսնում ենք, որ որևէ փոփոխություն կատարելու, դրական արդյունքի հասնելու կամք չկա: Այստեղ հարց է առաջանում՝ քանի՞ կոպեկի արժեք ունեն այն քարոզարշավները, որ այս օրերին իրականացվում են բարեփոխումներին միտված կամ ավելի մարդակենտրոն հասարակություն ձևավորելու նպատալով, կամ մարդու իրավունքները պաշտպանելու ամպագորգոռ հայտարարությունները: Դրանք հօդս են ցնդում նմանատիպ քվեարկությունների ժամանակ, երբ ակնհայտ է դառնում, որ անգամ քննարկելու կամք չկա, որովհետև նախագծերի փաթեթը ներկայացված էր, և քվեարկության արդյունքում այն կարող էր ընդդգրկվել մեծ օրակարգ, որպեսզի գոնե քննարկվեր: Այստեղ դեռ չէր քննարկվում ընդունվելու կամ չընդունվելու հարցը, այլ քննարկվում էր առնվազն ԱԺ նստաշրջանի մեծ օրակարգ ընդգրկվելու հարցը: Եվ այն մերժվեց, անգամ հնարավորություն չտրվեց հարցը քննարկման առարկա դարձնելու: Իսկ այն պնդումները, որ մենք կառավարության մակարդակով հանձնաժողովներ ենք ձևավորել, այդ հանձնաժողովով հիմա քննարկում ենք, համակարգային լուծումներ են պետք, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ճիշտ է, հանձնաժողովներ ստեղծվում են, միշտ կստեղծվեն, կձևավորվեն, բայց մի հայտնի, լավ ասացվածք կա՝ եթե ցանկանում ես ինչ-որ հարց տապալել, ստեղծիր այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողով: Արդեն երկու տարի այս հարցը քննարկվում է, հանձնաժողովներ են գումարվում, և մենք չենք կարողանում այդ խնդիրը լուծել, որպեսզի մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն, դատական ընթացակարգերը վերականգնվեն, քաղաքացիների լսված լինելու իրավունքը հարգվի, և մարդիկ հնարավորություն ունենան ներկայանալու դատարաններ և ասելու, թե ինչպես է ամեն ինչ եղել: Վարչական դատարանն ի պաշտոնե է գործերը քննում և վարչական գործերում ապացուցման ամբողջ բեռը դնում է վարչական մարմնի վրա: Միայն այն հանգամանքը, որ գործը մտնի դատարան, բավարար է, որ մենք ասենք, որ մեր քաղաքացիների իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն, քան այսօր է՝ առանց դատական ընթացակարգի, որովհետև դատարանն ամբողջ ապացուցման բեռը դնելու է վարչական մարմինների վրա: Այն ծավալը, որն այսօր կա՝ հազարավոր նամակներ օրական ուղարկվում են մեր քաղաքացիներին, բռնագանձման հազարավոր որոոշումներ, ակտեր են կայացվում ԴԱՀԿ-ի կողմից, և այն գումարները, որ բռնագանձվում են՝ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, վկայում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: Այսինքն՝ Հայաստանում այլևս ուրիշ խնդիր, ուրիշ կարևորության հարց չկա, սա ամենակարևոր հարցն է, որ մարդկանց պետք է գիշեր-ցերեկ տուգանքների ենթարկեն, ԴԱՀԿ ծառայության միջոցով բռնագանձումներ տարածեն, նաև դատական ծախսերը դնեն նրանց վրա: Սա խոսում է այն մասին, որ մենք այս համակարգում չենք կարող խոսել մարդակենտրոնության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի և նման մոտեցումների մասին: Եվ այն ուժերը, որոնք այսօր խոսում են այդ թեմաներով, ուղղակի պետք է նայեն, թե իրենք ամեն օր ինչ են անում մարդկանց հետ: Շատ ակնհայտ է, թե կա՞ արդյոք կամք ինչ-որ լավ բան անելու, մարդու իրավունքները հարգելու, մարդակենտրոն հասարակություն ձևավորելու, կա՞ որևէ միտում մարդուն, նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ հռչակելու: Ես կարծում եմ, որ նման միտում չկա, որ դրանք փուչ խոսակցություններ են, որովհետև իրական կյանքում մենք տեսնում ենք, որ որևէ բան չի արվում. ինչ որ կա՝ որևէ կեղեքիչ մեթոդաբանություն, ընթացակարգ, մեխանիզմ, հարկատուների հաշվին արվող ծախս, չի վերանայվում, այսինքն՝ մենք այս առումով անիմաստ պահպանողականության մեջ ենք: Ես պարզապես ցանկանում եմ, որ ճիշտ ուղերձ հղվի մեր ռադիոլսողներին, ՀՀ քաղաքացիներին, որ նրանք կարողանան թացը չորից զատել, կարողանան գնահատական տալ, թե ինչ է կատարվում, և եթե իշխանության ներկայացուցիչներից մեկը մի տեղ հայտարարություն անի մարդու իրավունքների մասին, նրանց գոնե կարելի է հիշեցնել այս տապալված նախագծերի պատմությունը, հիշեցնել, որ երկար աշխատանք էր տարվել դրանց վրա: Պարզ է, որ հետևողական ենք լինելու, նորից ենք ներկայացնելու, պայքարելու, բայց այդ ամեն ինչը ժամանակ է խլում, իսկ այդ ժամանակի, անցնող ամիսների ընթացքում մարդու իրավունքները շարունակվում են ոտնահարվել և խախտվել: Սա է ցավը, սա է իմ հիմնական մտահոգությունը: Նախագծերի պատմությանը չէի կարող չանդրադառնալ, որովհետև մեր ռադիոլսողները սրա հետ կապված բազմաթիվ հարցեր են հղում ինձ, նամակներ գրում սոցցանցերով. սա կարևորագույն հարցերից էր, և հույս կար, որ տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ մեզ հաջողվեց այս հարցը լուծել: Ցավոք, մեզ չհաջողվեց այս հարցը լուծել, և այն կեղեքիչ մեխանիզմները, որ այսօր գործի են դրված, շարունակելու են ապօրինի կերպով հարստահարել, արտադատական կարգերով սեփականազրկել ՀՀ քաղաքացիներին: Հաջորդ թեման, որին կցանկանայի անդրադառնալ, օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերն են, որոնք ուղիղ առնչություն ունեն իրավական հարցերի հետ, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների, մարդու իրավունքների և ազատությունների հետ: Նախ կցանկանայի ցավակցել Ֆրանսիային, ֆրանսիացի ժողովրդին այդ աղետալի դեպքերի առիթով: Այստեղ առաջադեմ մարդկությունը պետք է շատ հստակ լինի՝ գիտակցելու և գնահատելու տեղի ունեցածը: Նմանատիպ ահաբեկչական գործողություններն ամբողջ մարդկության դեմ իրականացված ակտեր են՝ ընդդեմ ազատության, մարդու իրավունքների, համամարդկային արժեքների, որովհետև թիրախ են դարձրել այն վայրերը, որտեղ իրապես ազատությունը, ազատ կյանքը, երջանկությանը ձգտելու մարդկանց իրավունքն է իրացվել: Եվ փորձ է արվել այդ իրավունքի իրացումը սահմանափակել, ուղղակի դադարեցնել, այդ տարածքներում կյանքը կանգնեցնել և ցույց տալ, որ այդ իրավունքները, այդ ազատությունները չեն հարգվում: Ես կարծում եմ, որ առաջադեմ մարդկությունը, քաղաքակիրթ աշխարհը պետք է նմանատիպ խնդրիներին արձագանքի շատ խիստ, բայց ոչ թե տրվի այն շահարկումներին, որ եկեք մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակենք, ֆաշիստական մոտեցումներով սկսենք առաջնորդվել, տարանջատել սև ու սպիտակ, և նման մոտեցումներով հետ գնալ, ոչ թե՝ առաջ: Ես կարծում եմ, որ այսպիսի քարոզչությունն ապագա չունի, որովհետև քաղաքակիրթ աշխարհը շատ լավ գիտակցում է, որ այդ ակտերն ուղղված են այդ ազատությունների և իրավունքների դեմ: Հետևաբար պետք է դրանք ավելի ամրապնդել, դրանց հետ կապված ավելի խիստ պատասխանատվություն դնել, նաև անվտանգության այնպիսի միջոցներ կիրառել, որ և՛ մարդու իրավունքներն ու ազատությունները կհարգվեն, և՛ հակաահաբեկչական գործողություններն արդյունավետ կլինեն: Շատ պարզ ու ակնհայտ էր, որ վաղ թե ուշ մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները, որոնք, իբրև թե, ինչ-որ պետության տարածքում են, որևէ մեկին չեն անհանգստացնում և այդ պետության ներքին գործերն են, այդ տարածքից դուրս են գալու: Եթե նայենք մարդու իրավունքների այսօրվա հայեցակարգը, ակնհայտ է, որ այն ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. այդ ժամանակ քաղաքակիրթ աշխարհն արձանագրեց մի փաստ, որ այլևս մարդու իրավունքները երբեք չեն կարող լինել որևէ պետության ներքին գործը, և միջազգային հանրությունն իրավունք ունի միջամտելու ցանկացած պետության ներքին գործերին, եթե խոսքը մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին է: Այստեղ շատ պարզ իրավիճակ կա. երբ Սիրիայում և Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ էին տեղի ունենում, և մի կողմից ահաբեկիչներ էին ֆինանսավորովում, մյուս կողմից ճնշումներ էին գործադրվում կառավարությունների վրա, օրինակ՝ Ասադի կառավարության վրա, եթե նայենք այն չափանիշները, որոնք կիրառվել են, հարևան պետությունների կողմից ֆինանսավորումները (օրինակ՝ Թուրքիայի դերը սիրիական իբրև թե հեղափոխությանը, ընդդիմությանն աջակցելու, այստեղ շատ կարևոր է Քեսաբի դեպքը) ցույց են տալիս, որ այստեղ մարդու իրավունքների ազատությունների մասին ընդհանրապես խոսք չկար: Երբ մենք այցելեցինք Լաթաքիա, հանդիպեցինք մեր հայրենակիցներին, որոնք գաղթել էին Քեսաբ քաղաքից, նրանք պատմեցին, որ մի գիշերվա ընթացքում թուրքական սահմանները բացվել են, և մարդիկ ներխուժել ու գրավել են իրենց գյուղը. եթե նրանք չփախչեին այնտեղից, ապա Ցեղասպանությունը կկրկնվեր այդ տարածքում: Այս օրինակները բերելով ցանկանում եմ ցույց տալ, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ավելի վաղ միջամտեր, թույլ չտար, որ Թուրքիան և շրջանի մի շարք այլ արաբական պետություններ ֆինանսավորեն նշված ահաբեկչական խմբավորումներին՝ իբրև թե Ասադի ռեժիմի դեմ: Դրա դեմ պայքարելով՝ նրանք կկարողանային արդյունավետ կերպով կանխել և չունենալ այդքան մեծաթիվ փախստականներ, ու նաև կկանխեին այդ փախստականների հոսքի միջոցով ահաբեկիչների մուտքը ԵՄ տարածք, նաև կկարողանային կանխարգելել ահաբեկչության այդ մեծ ալիքի մղումը դեպի Եվրոպա: Պարզ է, որ երբ այդ ներքին խնդիրներով, մարդու իրավունքների զանգվածային խախտումներով չզբաղվեցին, սկսեցին տարբեր ձևերով ֆինանսավորել և աջակցել քաղաքացիական պատերազմի կողմերին, դա հանգեցրեց նրան, որ այդ պատերազմը դարձավ բոլորինը, բոլորի դեմ: Երբ ազատություններ ու իրավունքներ ապահովող և երաշխավորող ազատ եվրոպական երկրների տարածքներում տարբեր կազմակերպություններ դրամահավաքներ են իրականացնում և ուղղում «Իսլամական պետության» կամ իսլամական այլ խմբավորումների ֆինանսավորմանը, նաև այս հարցում ԵՄ պետությունները, քաղաքակիրթ աշխարհը որևէ ակտիվ գործողություններով չի միջամտել և չի միջամտում: Գաղտնիք չէ, որ արևմտյան մի շարք երկրների տարածքներում, տարբեր մզկիթներում դրամահավաքներ են իրականացվում, որոնք ուղղվում են ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը: Ցավալի է, որ այս ամենը սկսում են գիտակցել 130 և ավելի մարդկանց կյանքի գնով, եթե դրան գումարենք նաև մի քանի օր առաջ Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքերը: Այսինքն՝ մարդկանց կյանքերի գնով մարդիկ գիտակցում են, որ պետք է ավելի արդյունավետ աշխատել, ավելի միասնական լինել, որպեսզի մարդու իրավունքները, ազատություններն ու անվտանգությունն ապահովված և երաշխավորված լինեն իրենց երկրներում և տարածքներում: Պայմաններ պետք է ստեղծվեն նաև այն երկրներում ու տարածքներում, որտեղ ահաբեկչությունը ծաղկում է, պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորվի, որ պաշտպանվեն մարդկանց իրավունքները, նրանց կյանքն ավելի անվտանգ մակարդակի բերվի: Արդյունքում՝ ահաբեկչության արտահոսք տեղի չի ունենա, և ահաբեկչությունը կխեղդվի այդ տարածքներում, որովհետև ահաբեկչությունը ծնվում է քաոսի պայմաններում, իսկ քաոսը ձևավորվում է նաև տարբեր երկրների շահերը սպասարկող ուժերի, նրանց կողմից ֆինանսավորվող ուժերի կողմից: Ես շատ հստակ ներկայացրեցի Թուրքիայի օրինակը, որի ամենաթարմ դրսևորումը հենց Քեսաբի դեպքն է: Շատ լավ է, որ մեր հայրենակիցներին հաջողվեց վերադառնալ իրենց քաղաքը, փորձել վերականգնել այն, բայց որևէ երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը այդ տարածքներում կրկին նոր բաներ չեն լինելու, և Քեսաբի հայերը ստիպված չեն լինելու բռնել գաղթի ճանապարհը: Սրա հետ կապված վերջին ուղերձը պիտի հնչեցնեմ. տպավորություն է ստեղծվում, որ նման իրավիճակում մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր անկախ պետականությունն ամենաանվտանգն է հայ ժողովրդի համար: Եվ դա միայն տպավորություն չէ. այս իրադարձությունների, դեպքերի ֆոնին դա այսօր փաստ է, որովհետև աշխարհասփյուռ 10 մլն հայությունը պետք է գիտակցի, որ, Աստված չանի, մի օր որևէ երկրում եթե մի խնդիր լինի, նրանք տեղ ունեն՝ ՀՀ-ն: Մյուս կողմից նաև ՀՀ-ն՝ որպես պետություն, կարող է ամեն մի հայի կողքին կանգնել և իր աղքատ, շատ սահմանափակ հնարավորություններով փորձել պաշտպանել հայրենակցին: Այս առումով մի շատ հետաքրքիր օրինակ կարող եմ բերել Լաթաքիա մեր այցից. ասվում էր, որ մինչև Քեսաբի գրավումը տարբեր քրիստոնեական գյուղեր են այրվել, հարյուրավոր մարդիկ են սպանվել, բռնաբարվել, սակայն աշխարհում որևէ ալիք չսկսվեց՝ Save Qesab կամ Save մեկ այլ գյուղ, որևէ քարոզարշավ, դատապարտող հայտարարություն չեղավ, մինչդեռ հենց հայերի հետ դեպքը տեղի ունեցավ, ամբողջ աշխարհը խառնվեց իրար: Սա նաև այն իրողության արդյունքն է, որ մենք ունենք հայկական պետականություն՝ ՀՀ: Սա նաև սփյուռքի համար շատ կարևոր ուղերձ է, որ մենք ոչ թե սփյուռքի գումարների կարիք ունենք, որ գան այստեղ ասֆալտ անեն կամ ջրագիծ անցկացնեն մեզ համար, այլ մենք կարիք ունենք, որ սփյուռքը մարդկային ռեսուրսով այստեղ՝ մեր կողքին լինի, և մեր պետականությունը հայության ուժերով զարգանա, որի արդյունքում մենք կունենանք հզոր Հայաստան, իսկ համահայկական բոլոր խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստանն է:

Կարծում եմ՝ այսքանով շաբաթվա կարևոր իրադարձություններն ամփոփեցինք: Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի և կխոսենք կարևոր իրավական թեմաներից:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan