Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սևրի պայմանագիրը չէ, որ որոշել է Հայաստան-Թուրքիա սահմանը.«Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածը հստակ նշում է, որ եթե կնքման պահին այդ կնքման գործընթացը  հակասել է միջազգային իրավունքին, ապա կնքման կամ ստորագրման պահից այն անվավեր է:53-րդ հոդվածի համաձայն՝ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերն անվավեր են: Մի փոքր անդրադառնանք Սևրի պայմանագրին, որովհետև շատերը մինչև օրս էլ պատկերում են վիլսոնյան Հայաստանի սահմանները և գրում են՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Սևրի պայմանագրով: Սևրի պայմանագիրը չի որոշել ՀՀ սահմանները, այնտեղ այդ սահմանի մասին խոսք չկա, միայն 89-րդ հոդվածն է, որն ասում է, որ դիմում են Միացյալ Նահանգների նախագահին, որ վերջինս որոշի սահմանները՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգներում: Այսինքն՝ նա տարածքը որոշակիացրել է, բայց սահման չի որոշել: Այստեղ մի շատ կարևոր մանրամասն կա, որի մասին քչերն են խոսում. ասվում է՝ և կողմերը պարտավորվում են ընդունել այն անմիջապես: 


_ Ողջույն հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում եմ ես՝ Հայկուհի Մինասյանս, և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջույն պրն. Պապյան:
_Բարև Ձեզ:
_Շարունակում ենք վիլսոնյան թեման: Վիլսոնի իրավարար վճիռը, ինչպես հայտարարել ենք ամսվա սկզբին, մեր հաղորդումների առանցքում է լինելու: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք իրավարար վճռին, խոսեցինք, թե ինչու էր այն ժամանակ Ամերիկայի շահերից բխում այդ իրավարար վճռի ընդունումը, ինչ վիճակում կգտնվեր այն այսօր: Սակայն չհասցրեցինք թեման ավարտել, քանի որ քննարկեցինք նաև ռադիոլսողների հարցերը և հրեական թեման:
_ Այո, մի քիչ շեղվեցինք. երբ խոսքը մասոնների, հրեաների մասին է լինում, միշտ շեղվում ենք: Բայց դրան պետք էր անդրադառնալ, որովհետև ռադիոլսողները հաճախ թյուր կարծիք ունեն պատմական իրադարձությունների մասին: Շարունակենք հենց բուն իրավարար վճռի թեման: Նախորդ անգամ ասացինք, որ աշխատանքային քարտեզները գծվեցին, և Հենրի Մորգենթաուի գլխավորությամբ պատվիրակությունը պիտի գնար և տեղում կատարեր սահմանանշումը՝ դեմարքեյշնը: Ինչո՞ւ եմ անընդհատ նշում, որ այն ուժի մեջ է անպայմանորեն, բեկանելի չէ և այլն: Շատ պարզ պատճառով. 1899թ. և 1907թ., երբ Հաագայի կոնֆերանսների ժամանակ ընդունվեցին համախատասխան կոնվենցիաները, այսինքն՝ այդտեղ կոդեֆիկացիայի ամրագրվեց իրավարար վճռի կարգավիճակը, այդ ժամանակ միանաշանակ գրվեց, որ եթե վճիռն ըստ կարգի կատարվել է և փոխանցվել համապատասխան գործակալների, ապա այն անբեկանելի և վերջնական որոշում է: Օսմանյան կայսրությունը 1899թ. կոնվենցիան ստորագրել և վավերացրել է, 1907թ. կոնվենցիան ստորագրել է, բայց չի վավերացրել: Շատ կարևոր է, որ 1920թ. նոյեմբերին Օսմանյան կայսրությունը, որը 1920թ. դե յուրե իշխանությունն էր Օսմանյան կայսրության, այս կետով պարտավորված էր: Մի հետաքրքիր մեջբերում Ջեյմս Ջերարդից, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպանն էր, իսկ պատերազմից հետո դարձավ Հայաստանի անկախության ամերիկյան հանձնաժողովի ղեկավարը, որի քարտուղարն էր Վահան Քարտաշյանը (բավականին հայտնի կազմակերպություն է, ըստ էության այսօր Հայ դատի բոլոր գրասենյակներն այդ կազմակերպությունց են գալիս): Ջերարդը դեսպան էր, իրավաբան էր, հասկանում էր, որ իրավարար վճիռը խարսխվում է ոչ թե Սևրի պայմանագրի վրա, այլ՝ Ազգերի լիգայի գերագույն խորհրդի ապրիլի որոշումների: Հիշենք, որ ապրիլին Սան Ռեմոյի նիստն էր, համաձայնությունը տրվեց մայիսի 17-ին: Սա շատ կարևոր մանրամասն է, որովհետև առարկողները թյուրիմացաբար կապում են Սևրի պայմանագրի հետ: Առարկությունների մյուս շարքը վերաբերում է պայմանագրերին. մշտապես ասում են՝ բայց դրանից հետո պայմանագրեր են ստորագրվել, որով Հայաստանը հրաժարվել է, չեղյալ է հայտարարել... Չկա նման պայմանագիր՝ օրինական, իրավական, վավերական որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը հրաժարվել է:
_ Փաստորեն միակ սպառնալիքն արձանագրություններն էին, որոնք այդպես էլ չստորագրվեցին:
_ Ստորագրվեց՝ չվավերացվեց: Փառք Աստծո՝ չի վավերացվել, բայց վտանգը դեռ կա, դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին: Բայց անդրադառնանք 20-ական թվականներին եղած փաստաթղթերին, թեև մենք տարբեր առիթներով հատվածաբար անդրադարձել ենք տարբեր պայմանագրերին, բայց համառոտ ներկայացնենք, կարևոր է: 1920 թ. նոյեմբերի 22, իրավարար վճիռ: Դրան հաջորդեց դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա 1921թ. մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագիրը, 1921թ. հոկտեմբերի 13-ին՝ Կարսի պայմանագիրը և 1923թ. հուլիսի 24-ին՝ Լոզանի պայմանագիրը: Այս, պայմանականորեն ասենք, պայմանագրերը, ուղղակի կամ անուղղակի անդրադարձել են հայ-թուրքական սահմանին, իսկ որոշների մեջ, առանց նշելու Սևրի պայմանագիր, անգամ հստակ հղում կա, որ ընդունելի չի լինելու որևէ պայմանագիր, որը թուրքական Ազգային մեծ ժողովի կառավարությունը չի ճանաչում: Ես ուզում եմ մեջբերել այն չափորոշիչը, որն ամրագրված է 1969թ. Վիեննայի պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածում. այն ասում է, որ պայմանագրերը գրավոր համաձայնություններն են պետությունների միջև և կառավարվում են միջազգային օրենքով, այսինքն՝ պետությունն էլ նշանակում է ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչների միջև: Եթե վերոնշյալ պայմանագրերը դիտենք այս տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ այն պետությունների միջև կնքված չէ. դրանցում հստակ գրված է՝ Ազգային մեծ ժողովի կառավարության և, օրինակ, ՌՍՖՍՀ կառավարության միջև, կամ՝ Ազգային մեծ ժողովի կառավարության և ՀՍՍՀ, ՎՍՍՀ միջև: Սրանք ինքնահռչակ միավորներ էին, որոնցից որևէ մեկը կնքման պահին չի ունեցել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, իսկ Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածը հստակ նշում է, որ եթե կնքման պահին այդ կնքման գործընթացը (այդ գործընթացը բազմաթիվ մասերից է բաղկացած. ստորագրելը մի մասն է, կնքելը՝ ամբողջական) հակասել է միջազգային իրավունքին, ապա կնքման կամ ստորագրման պահից այն անվավեր է: Առանց խորանալու մանրամասների մեջ ասենք, որ 53-րդ հոդվածի համաձայն՝ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերն անվավեր են, իսկ Լոզանի պայմանագիրը չի անդրադառնում սրան: Մի փոքր անդրադառնանք Սևրի պայմանագրին, որովհետև շատերը մինչև օրս էլ պատկերում են վիլսոնյան Հայաստանի սահմանները և գրում են՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Սևրի պայմանագրով: Սևրի պայմանագիրը չի որոշել ՀՀ սահմանները, այնտեղ այդ սահմանի մասին խոսք չկա, միայն 89-րդ հոդվածն է, որն ասում է, որ դիմում են Միացյալ Նահանգների նախագահին, որ վերջինս որոշի սահմանները՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգներում: Այսինքն՝ նա տարածքը որոշակիացրել է, բայց սահման չի որոշել: Այստեղ մի շատ կարևոր մանրամասն կա, որի մասին քչերն են խոսում. ասվում է՝ և կողմերը պարտավորվում են ընդունել այն անմիջապես, անգլերենում օգտագործված է where upon բառը: Հետաքրքիր են սրա ռուսերեն և հայերեն թարգմանությունները, որոնց մեջ բացակայում է «անմիջապես» բառը. չգիտեմ՝ թարգմանիչները դիտավորյալ են արել, թե՝ ոչ: Ընդհանրապես պիտի ասեմ, որ այդ փաստաթուղթը շատ անփույթ է թարգմանվել ռուսերեն, որից էլ հետո թարգմանել են հայերեն: Շատ տարօրինակ է՝ փաստաթղթի բնօրինակը եղել է երեք լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն. առաջնայինը ֆրանսերենն էր, որն այդ ժամանակ համարվում էր դիվանագիտական միջազգային լեզու, բայց հավասարազոր իրավունքներ ունեին նաև անգլերենը և իտալերենը: Ես կարդացել եմ անգլերեն, ճիշտ է, իսկ ռուսերեն թարգմանության մեջ միայն 89-րդ հոդվածում կա 3 սխալ: Առաջինը, բնագրում ասվում է, որ դիմեցին Միացյալ Նահանգների նախագահին, իսկ ռուսերենում «նախագահ» բառը չկա, և սա անորոշության տեղիք է տալիս, այսինքն՝ Միացյալ Նահանգների Սենա՞տը պիտի որոշի, նախագահը՞, թե՝ ո՞վ, հստակեցված չէ: Հաջորդը, բնագրում ասվում է, որ խնդիրը լուծվի իրավարար որոշումով՝ arbitral decision. «arbitral» բառը ռուսերենում չկա: Կրկին շատ էական տարբերություն կա, քանի որ «որոշել»-ը կարող է լինի մի որոշում, որը կատարման համար պարտադիր չէ, իսկ իրավարար վճիռը կատարման համար պարտադիր որոշում է, և երբ իրավարար վճռի համար հայցադիմում ես ներկայացնում, արդեն պատրաստակամություն, պարտավորություն կա ճանաչելու վճիռը: Իսկ երրորդ սխալի մասին արդեն խոսեցի՝ «անմիջապես» բառի բացակայությունն է. կողմերը պարատավորվում են այն ընդունել անմիջապես, բայց քանի որ այդ բառը չկա, թուրքերը, կարող են ասել՝ այո՛, մենք պարտավորվում ենք ընդունել, բայց, ասենք, 100 տարի, 500 տարի հետո: Հիմա ինչո՞ւ է կարևոր այս «անմիջապես» բառը. մենք տեսնում ենք, որ 89-րդ հոդվածը, որի տակ Թուրքիան դրեց իր ստորագրությունն անկախ նրանից՝ պայմանագիրը վավերական է, թե՝ ոչ, ինքը տվել է իր համաձայնությունն այդ պայմաններին՝ ընդունել անմիջապես, որ նշանակում է՝ նոյեմբերի 22-ից: Շատ հետաքրքիր է, որ 90-րդ հոդվածը Թուրքիայի վրա առանձին պարտավորություն է դնում, որտեղ գրում է՝ «որոշման կայացման օրից», որպեսզի Թուրքիան այդ «անմիջապես» բառը հնարավորություն չունենա մեկնաբանելու, չասի՝ անմիջապես նշանակում է 500 տարի հետո, իսկ «որոշման կայացման օրից» նշանակում է հստակ օրից Թուրքիան չեղյալ է համարում այդ տարածքների նկատմամբ իր տիտղոսը, այսինքն՝ անունը և իրավունքները: Սա կարևորագույն կետ է, որ Թուրքիայի այդ պարտավորությունը պայմանավորված չէ փաստաթղթի վավերացումով, այլ հստակ ասում է՝ որոշման կայացման օրից, ոչ թե՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո: Պայմանագրերի մեջ կան տարբեր կարգի հոդվածներ. որպես կանոն՝ վերջին-նախավերջին հոդվածներում գրված է լինում, թե ինչ կարգով է պայմանագիրը մտնում ուժի մեջ, եթե այլ կարգ նախատեսված չէ: Իսկ այլ կարգ հաճախ նախատեսված է լինում. գրվում է, օրինակ, պայմանագիրը վավերացումից հետո ուժի մեջ կմտնի, բացառությամբ, օրինակ, 18, 24 հոդվածների, որոնք կմտնեն ուժի մեջ անմիջապես: Սա այս կարգի հոդվածներց մեկն է՝ կապ չունի վավերացումի հետ, և ասում է՝ անմիջապես կմտնի: Բերեմ երկու փաստարկ: Մեկը՝ 1927թ. հունվարին, երբ ԱՄՆ Սենատը քննարկում էր թուրք-ամերիկյան, այսպես կոչված, Փոքր Լոզանի պայմանագիրը՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, մերժեց վավերացնել 1923թ. օգոստոսի 6-ին կնքված այդ պայմանագիրը հենց այն պատճառաբանությամբ, որ այն հակասում է Վիլսոնի իրավարար վճռին: Մերժման մեջ հստակ գրված է՝ քանի դեռ Վիլսոնի իրավարար վճիռն ի կատար չի ածվել, Սենատը դա չի կարող վավերացնել, որն ինքնին նշանակում է, որ 1927թ. հունվարին՝ Լոզանից, Կարսից, Մոսկվայից շատ հետո ԱՄՆ Սենատը հստակ գիտակցում էր, որ իրավարար վճիռն ուժի մեջ է, և որևէ մեկը Սենատում, անգամ նրանք, ովքեր հանդես էին գալիս ի պաշտպանություն թուրք-ամերիկյան հարաբերությունների վերահաստատման, կասկածի տակ չդրեց իրավարար վճռի օրինական լինելը: Նրանք քաղաքական, տնտեսական և այլ պատճառաբանություններ էին բերում, բայց իրավական առարկություն չկար: Մեկը չբարձրացավ ու չասաց՝ գիտե՛ք, հայերը Կարսի պայմանագիր են ստորագրել, կամ ռուսները Մոսկվայի պայմանագիր են ստորագրել թուրքերի հետ, և որոշել են հայերի հողերը տալ թուրքերին, որովհետև դա անհեթեթություն էր: Հաջորդ տարի՝ 1928թ. հունվարին, Միացյալ Նահանգները շրջանցեց Սենատի այդ արգելքը, և Մոդուս վիվենդիի հիման վրա ( Մոդուս վիվենդին բացի այն, ինչ նշանակում է, նաև ժամանակավոր միջգերատեսչական փաստաթուղթ է, որով ինչ-որ կարճաժամկետ լուծում են գտնում), որը 5 տարվա համար էր, ԱՄՆ պետքարտուղարության և Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ-ի միջև կնքվեց միջգերատեսչական փաստաթուղթ, որի հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, դեսպանների փոխանցում եղավ, որը ժամանակավոր էր և հետագայում պիտի վավերացներ Սենատը, որովհետև ԱՄՆ սահմանադրությամբ դա միանշանակ մտնում էր Սենատի իրավասությունների մեջ, անգամ նախագահն առանց Սենատի դա չի կարող անել: Հետագայում նախագահը Ջեյմս Գրուին նշանակեց դեսպան, շատ հետաքրքիր է, որ նշանակեց, այսպես կոչված, արձակուրդի ժամանակ, որը հետո պիտի Սենատը հաստատեր: Բայց կոնկրետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Փոքր Լոզանի պայմանագիրը երբեք չվավերացվեց, և 1933թ. Ֆրանկլին Ռուզվելտը հետ կանչեց այդ փաստաթուղթը: Ըստ էության, այսօր ամերիկա-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կան, բայց չունեն իրավական հիմք: Ժամանակին Վահան Քարտաշյանն ուզում էր դատ բացել Պետքարտուղարության դեմ՝ իր լիազորությունները գերազանցելու, Սենատի արգելքը շրջանցելու համար, որովհետև Պետքարտուղարությունը չի կարող դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց Սենատի համաձայնության: Այսօր էլ, եթե ամերիկահայերը խելացի վարվեն, կարող են դատ բացել Պետքարտուղարության դեմ՝ Սենատի արգելքը ոտնահարելու պատճառաբանությամբ: 1928-30-ական թթ., երբ այս հարաբերությունները հաստատվեցին, զարգացան, որևէ մեկն այդքան չէր խորանում, որովհետև հայկական պետություն չկար և չէր կարող իր շահերը պաշտպանել, իսկ հայերն էլ՝ Ցեղասպանությունից ջարդված առաջին սերունդն էր, որ մի կերպ հասել էր հիմնականում Միջին Արևելք: Հիտլերը եկել էր իշխանության գլուխ, Թուրքիային պետք չէր խրտնեցնել: Այդ ժամանակ էր, որ Միացյալ Նահանգների կողմից տեղի ունեցավ ՀՀ ապաճանաչումը: Գարեգին Բաստրմաջյանին, որ դեռևս մինչև 1933թ. Հայաստանի դեսպանն էր Վաշինգտոնում, հատուկ նամակ-գրությամբ տեղյակ պահեցին, որ Միացյալ Նահանգները դադարում է Հայաստանի ճանաչումը՝ ելնելով այն իրողությունից, որ ճանաչում է ՍՍՀՄ-ը, այսինքն՝ իրենք ճանաչեցին Հայաստանի անեքսիան Ռուսաստանի կողմից, որը քաղաքական հարց էր: Ի դեպ, ասեմ մեր ռադիոլսողներին և ռադիոդիտողներին, նրանք, ովքեր Վաշինգտոնում կլինեն, թող գնան-տեսնեն Գաբոնի դեսպանատունը, որը Հայաստանի առաջին հանրապետության դեսպանատունն է եղել, որը գործել է մինչև 1933թ.: Գործել է, որովհետև Ամերիկան մինչև 1933թ. ճանաչում էր ՀՀ-ը՝ որպես անկախ պետություն: Երբ նայում ենք այդ գրությունները՝ այդ ժամանակ Հայաստանը 11.5 մլն դոլար էր պարտք ԱՄՆ-ին, և այդ պարտքն անընդհատ փոխանցվում էր հաջորդ տարի, որ Հայաստանը անկախանա և տա այդ գումարը: Այդպես էլ Հայաստանը չտվեց այդ պարտքը, որն Ամերիկայի համար մեծ գումար չէր: Քչերը գիտեն, որ Միացյալ Նահանգներն այդ ժամանակ Հայաստանին 50 մլն դոլար միջպետական վարկ տրամադրեց (այսօրվա գներով առնվազն 1 մլրդ դոլար է)` բացի այն 130 մլն դոլարի օգնությունը որբանոցներին և այլն:
_ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը:
_ Հայաստանն այդ գումարի մի մասով զենք գնեց Կանադայից, մի մասով՝ ցորեն: Մանրամասները չգիտեմ, այդ հարցը դեռ ուսումնասիրված չէ, բայց Հայաստանն այդ փողն ամբողջությամբ չի ստացել: Ես կարծում եմ՝ Հայաստանը 11 միլիոնն է ստացել: Եթե ես լինեի Հայաստնի կառավարության փոխարեն, այդ պարտքը վերադարձնելու պատրաստակամություն կհայտնեի: Իհարկե, Ամերիկան չի վերցնի այդ պարտքը, բայց սրանով կստեղծվեր ավելի ուժեղ իրավական կապ Հայաստանի առաջին հանրապետության հետ: Նորից վերադառնանք Սևրի պայմանագրին. 90-րդ հոդվածում ասվում է՝ որոշման կայացման օրվանից Թուրքիան հրաժարվում է դրանից: Մենք տեսնում ենք՝ նորից չկա նախապայման, և վավերացման հետ սա կապ չունի, իրավարար վճիռներն ընդհանրապես չեն վավերացվում: Մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, օրինակ՝ 1913թ. թուրք-ռուսական իրավարարության հարցը, որը տեղի է ունեցել զուտ դեսպանների միջև կնքված ստորագրություններով հաստատված համաձայնագրի հիման վրա: Երբ դիտարկում ենք բոլոր միջպետական իրավարարությունները, չկա որևէ դեպք, որ այդ իրավարարության հայցը վավերացվի. դեսպանի կամ նախարարի ստորագրությունը իրավական բավական ուժ ունեցող ակտ է:
- Պրն. Պապյան, ինչպիսի՞ն էր թուրքերի վերաբերմունքը իրավարար վճռին. երբ այդ լուրն ստացան՝ ի՞նչ կատարվեց Թուրքիայում:
- Ես մի հատված մեջբերեմ իրավարար վճռի բնօրինակից, որը հենց ամերիկյան պաշտոնական տեսակետն է, որն ասում է՝ ստորագրման փաստի հիման վրա և լիազորված անձանց ստորագրությամբ կողմերը համաձայնություն տվեցին ընդունել Վիլսոնի իրավարար վճիռը: Այսինքն՝ ստորագրությունն ինքնին համարվում էր բավարար, և դա իրականություն էր, որովհետև 1920թ. ապրիլի 26-ի հայցադիմումը ստորագրված էր երեք մեծագույն երկրների առաջին դեմքերի կողմից, մյուսներն էլ մինչ այդ տվել էին իրենց համաձայնությունը: Թուրքիան ընդհանրապես ոչևէ կերպ չանդրադարձավ սրան, որովհետև կամ ընդհանրապես անտեղյակ էր, կամ իրեն հարմար չէր աղմուկ բարձրացնել, որովհետև հասկանում էին, որ եթե կա իրավարար վճիռը, ինչու իզուր աղմուկ բարձրացնել. որքան շատ աղմուկ բարձրանա, այնքան շատ կիմանան այդ մասին: Երկու տարի առաջ Թբիլիսիում թուրքագիտական միջազգային գիտաժողովի ժամանակ ես ներկայացրեցի իրավարար վճիռը, թուրքերն իսկույն հարցը տարան դեպի Ցեղասպանություն՝ եղել է, չի եղել՝ իրենց շատ հայտնի թեզը, որով հայերին զբաղեցնում են արդեն 50-60 տարի. նրանք ասում են չի եղել, մենք ասում ենք եղել է, պայքար ժխտողականության դեմ, մի անհեթեթ իրավիճակ: Ստացվում է՝ մեր ամբողջ նպատակն է հաստատել, որ մեզ կոտորել են, այնինչ նպատակը պիտի լինի հատուցում ստանալը: Երբ ասում էի՝ ես այդ հարցը չեմ քննարկում, առարկություն ունե՞ք իրավարար վճռի վերաբերյալ, եկեք դա քննարկենք, կապ չունի՝ Ցեղասպանություն եղել է, թե՝ ոչ: Եթե մի պահ պատկերացնենք անգամ, թե Ցեղասպանություն չի եղել, ընդհանրապես հայերին չեն կոտորել, դա կապ չունի. մեզ դա տվել են ոչ թե այն պատճառով, որ մեզ կոտորել են–չեն կոտորել, ընդհակառակը, այդ դեմոգրաֆիկ աղետի պատճառով մեզ տրվելիքը փոքրացավ: Հետևաբար, Ցեղասպանությունը լրացուցիչ դրական հիմք չէր մեզ համար, ընդհակառակը՝ բացասական էր: Հետևաբար հարցը պիտի այդպես քննարկվի՝ կա վճիռ, քննարկենք՝ վճիռն օրինական է, թե՝ ոչ, մնացած հարցերն արդեն կապ չունեն: Իրենք այդ հարցը չքննարկեցին, դրա դեմ չառարկեցին: Բայց հայերն այս հարցը պարբերաբար բարձրացրել են: Հիշենք 1947թ. Նյու Յորքում տեղի ունեցած Համաշխարհային հայկական առաջին կոնգրեսը, պատին Վիլսոնի քարտեզն է նկարած, և ակնհայտ է, որ այդ ժամանակ պայքարը դիտարկվում էր հողային և հենց Վիլսոնի իրավարար վճռի վրա: Նաև ես ունեմ բրիտանական արխիվներից գաղտնազերծված որոշ փաստաթղթեր, երբ 1945-46 թթ. ՍՍՀՄ-ը հարց բարձրացրեց հողային հատուցումների վերաբերյալ, իրենք ասում էին սովետա-թուրքական սահմանը շտկելու վերաբերյալ, բայց հստակ չէր ասվում՝ ինչ սահմանի մասին է խոսքը: ՍՍՀՄ-ի կողմից հստակ տարածքների նկատմամբ որևէ պահանջ պաշտոնապես չի ներկայացվել, խոսվել է միայն, որ սահմանն անարդար է, պիտի շտկվի: Բրիտանական փաստաթղթերում մենք տեսնում ենք, որ վիլսոնյան գիծն է քննարկվում, այսինքն՝ բրիտանացիները մտածում էին, որ ՍՍՀՄ-ն այդ հողերն ուզում է՝ ելնելով վիլսոնյան իրավարար վճռից, որովհետև իրավական տեսանկյունից, եթե ճանաչել էին Հայաստանի անեքսիան ՍՍՀՄ-ի կողմից, ուրեմն հայաստանյան հողերը դա ՍՍՀՄ-ի հողերն էին, և դա պահանջելու իրավունքն ունեին: Անդրադառնանք իմ՝ վերը նշած երկրորդ փաստարկին. ես ունեմ մի գրքույկ, որը 1926 կամ 1927թ. Ազգերի լիգայի քարտուղարության կողմից տպված պաշտոնական հրատարակություն է: Այնտեղ կա մի փոքր սխեմատիկ քարտեզ, որտեղ վիլսոնյան Հայաստանի վրա գրված է Sоviet Union՝ Սովետական Միություն: Երբ ես առաջին անգամ այն տեսա, զարմացա. ՍՍՀՄ-ը սահմանակից էր Իրաքի հետ, և ՍՍՀՄ սահմանը գնում էր Վանից հարավ: Հետո ես հասկացա, որ Ազգերի լիգան ճիշտ է վարվել, որովհետև 1924թ.-ից ՍՍՀՄ-ը ճանաչվեց Բրիտանիայի և Ազգերի լիգայի անդամների կողմից, իսկ ԱՄՆ Ազգերի լիգայի անդամ չէր և չճանաչեց: Հետևաբար՝ Ազգերի լիգայի համար Հայաստանի հողերը ՍՍՀՄ-ի հողերն էին, քարտեզների մեջ դա պիտի գծվեր որպես ՍՍՀՄ, և այդպես էլ արվեց: Դա ևս փաստարկներից մեկն է, ըստ որի՝ անկախ Կարսի, Մոսկվայի և այլ պայմանագրերից, դա ևս Հայաստանի Հանրապետության հող էր՝ հետագայում ժառանգված ՍՍՀՄ կողմից:
- Շնորհակալություն, պրն. Պապյան: Հարգելի ունկնդիրներ հիշեցնեմ՝ լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Նույն թեմայով ևս մեկ հաղորդում կունենանք: Եթե հարցեր ունեք, կարող եք ուղղել պրն. Պապյանին: Հիշեցնեմ՝ տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը, և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Հաջողություն:


Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan