Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպանե՛ք արջին. ինչպես կեղծվեց հանրաքվեն.«Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Վերջին հանրաքվեի ընթացքում մենք ունեցանք նոր ձևավորվող ընտրախախտման ինստիտուտ, որը կոչվում է «կեղծ դիտորդ», «կեղծ վստահված անձ». մարդիկ տարբեր փաստաթղթերով, տարբեր կառույցների կողմից լիազորված վստահված անձի, դիտորդի դերում են հանդես գալիս, որպեսզի վերջում ասեն՝ ամեն բան նորմալ է եղել: Սա խորը մտածված մի բան է, որը եթե պատմենք Արևմուտքի մեր գործընկերներին, նրանք շոկի մեջ կընկնեն. ինչպե՞ս է հնարավոր նման տեխնոլոգիաներ մտածել՝ ընտրական գործընթացները կառավարելու նպատակով:

Հաղորդման սղագրություն

_ Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այսօր կխոսենք կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և հետընտրական պրոցեսների մասին՝ իրավական տեսանկյունից: Ինչո՞ւ. որովհետև մենք հաղորդման շրջանակում խնդիր ունենք իրավաբանական տեսանկունից լուսաբանելու, թե խախտումների հետ կապված բողոքարկումները ներկայացնելու և խնդիրը մինչև Սահմանադրական դատարան հասցնելու ինչ հնարավորություններ կան: Մենք արդեն գիտենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարվում է կայացած, այսինքն՝ քվեարկության մասնակիցների, ինչպես նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի թիվը բավարար է, որպեսզի կարողանանք պաշտոնապես հայտարարել, որ հանրաքվեն կայացած է: Մոտավորապես 820.000 մարդ, ըստ ԿԸՀ-ի, սահմանադրական բարեփոփոխումներին քվեարկել է «ԱՅՈ», այսինքն՝ համաձայնություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, և մոտավորապես 400.000-ից ավելի մարդ ասել է, որ դեմ է: Ըստ ընդդիմության և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների դիտարկումների, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի են ունեցել ընտրախախտումներ: Իմ կարծիքով, եթե նայենք մամուլի տեղեկատվությանը և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների՝ խախտումների մասին տեսանյութերին, նրանց՝ մանրամասն ներկայացրած դեպքերին, ապա կարելի է ասել, որ խախտումները կրել են զանգվածային բնույթ: Հետևաբար, առաջ է գալիս երկրորդ խնդիրը, թե ինչպես պետք է այդ խախտումները փաստաթղթավորվեին և իրավական առումով քննարկման առարկա դառնան, և հարց բարձրացվի համապատասխան մարմիններում: Մենք գիտենք, որ արդեն 20 տարուց ավելի Հայաստանում հայտարարում են, որ բոլոր ընտրությունները կեղծվել են, և հետընտրական շրջանը Հայաստանում միշտ եղել է ցնցումների շրջան, և այդ ընթացքում իրավական գործընթացները երբևէ արդյունք չեն տվել, ինչն էլ առաջացրել է նիհիլիստական վերաբերմունք թե՛ ընտրական պրոցեսի, թե՛ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք ընտրական պրոցեսը մոնիտորինգի են ենթարկում և ստացված պաշտոնական տվյալները վիճարկման առարկա են դարձնում: Մենք արդեն ունենք փաստ. երկար տարիներ գործում է մի համակարգ, որն ընտրական ամբողջ գործընթացը այնպիսի հունով է տանում, որ ընդդիմությունը, մեծ հաշվով, չի կարողանում վերահսկել այդ գործընթացը և արձանագրել խախատումներն այն փաստաթղթավորման մակարդակում, որը հնարավորություն կտա հետագայում դրանք նաև վիճարկել: Մի կողմից եղել է ընտրական գործընթացը բոյկոտելու, մյուս կողմից ակտիվ մասնակցության քարոզ, և երկու ուղղությունն էլ մենք տեսնում ենք: Անգամ մենք ունեն տեղամասեր, որտեղ եթե քվեաթերթիկը փչացնելու տրամադրություններ չլինեին, ապա «ՈՉ»-ը «ԱՅՈ»-ին կանցներ, այսինքն՝ հարյուրավոր, հազարավոր ձայներ անվավեր են ճանաչվում, որովհետև մարդիկ, լուրջ չվերաբերվելով ընտրական գործընթացին, ինչ-որ բաներ են գրում, տրոլլինգի են ենթարկում քվեաթերթիկը, ինչի արդյունքում մենք ունենում ենք մինչև 5 տոկոս և ավելի ձայների անվավեր ճանաչված տրցակներ: Այս անգամ տարբեր տեսակի խախտումներ են արձանագրվել՝ լցոնումներից սկսած մինչև հավելյալ ցուցակներով քվեարկողներ, անգամ այնպիսի դեպքեր, որ «ՈՉ»-ի ձայները դրվել են «ԱՅՈ»-ի վրա: Ես ցանկանում եմ ծանրանալ հենց այս հանգամանքի վրա. հանրաքվեն, ըստ էության, դեմք չունեցող պրոցես է, այսինքն՝ «ՈՉ»-ը չունի դեմք, և չկա մեկը, որ կպայքարի իր համար՝որպես թեկնածու նկատի ունեմ: Սա բարդացնում է իրավիճակը, որովհետև այդ պարագայում շատ դժվար է մոտիվացված մարդիկ գտնելը, որոնք ընտրատեղամասերում կպահեին այդ ձայները և կպայքարեին դրանց համար: Ֆորմալ առումով հանրապետության հիմնական տեղամասերում կային ներկայացուցիչներ ընդդիմադիր ուժերից՝ «Ժառանգություն»-ից, ՀԱԿ-ից, բայց բազմաթիվ հաղորդումներ կային նաև այն մասին, որ այս մարդիկ չէին պայքարում և իրական չէին: Վերջին ընտրությունների ընթացքում մենք ունենք նաև մի նոր ձևավորվող ընտրախախտման ինստիտուտ, որը կոչվում է «կեղծ դիտորդ», «կեղծ վստահված անձ». մարդիկ տարբեր փաստաթղթերով, տարբեր կառույցների կողմից լիազորված վստահված անձի, դիտորդի դերում են հանդես գալիս, որպեսզի վերջում ասեն՝ ամեն բան նորմալ է եղել: Սա նույնպես խորը մտածված մի բան է, որը եթե պատմենք արևմուտքի մեր գործընկերներին, նրանք շոկի մեջ կընկնեն. ինչպե՞ս է հնարավոր նման տեխնոլոգիաներ մտածել՝ ընտրական գործընթացները կառավարելու նպատակով: Նշեմ, որ իրավական առումով, իրավական մակարդակում, դատական ընթացակարգերով պետք է ապացուցվի, որ կեղծիքներն այնքան մասշտաբային են, որ ամբողջ ընտրական գործընթացը (ոչ թե տեղամասերի մակարդակով, այլ՝ ամբողջ ընտրությունը) անվավեր ճանաչվի ՍԴ կողմից: Մինչդեռ ընդդիմությանը երբեք չի հաջողվել ներկայացնել այնպիսի փաստաթղթավորված ապացույցներ, որ մենք նման եզրահանգման հասնենք: Միշտ եղել են ապացույցներ, դիմումներ ՍԴ, բայց երբ խորամուխ ենք լինում դրանց կազմման հիմքում ընկած փաստերի մեջ, տեսնում ենք, որ մամուլի հրապարակումներից զատ, շատ քիչ են տեղամասային ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովներում ձևավորված փաստերը: Դրա համար շատ կարևոր է, որ ընտրական տեղամասային հանձնաժողովներում ընդդիմությունը միշտ մարդ ունենար՝ առնվազն վստահված անձանց մակարդակով, եթե հանձնաժողովում մարդիկ չլինեն, և այդ մարդիկ, եթե խախտումներ են եղել, վերջում անպայման հատուկ կարծիք գրեն, արձանագրություն կազմեն, որը նրանց հետագայում իրավունք կտա նաև վերահաշվարկի դիմումներ ներկայացնել: Հիմա վերահաշվարկի բազմաթիվ դիմումներ են ներկայացված, և բազմաթիվ տեղամասերում վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ՀՀԿ ներկայացուցիչները: Որքան էլ զարմանալի է՝ պատկերացրեք՝ հաղթող ուժը, որը գտնում է, որ հաղթել է, և հանրաքվեն անցել է, վերահաշվարկի դիմումներ է ներկայացնում այդ տեղամասերում: Ինչո՞ւ է սա արվում. իրավական առումով, եթե դուք ավելի վաղ եք ներկայացնում վերահաշվարկի դիմումը տարբեր տեղամասերում, ապա, ըստ վիճակահանության, ընտրական հանձնաժողովները սկսում են վերահաշվարկի արկղերը բացել այն տեղամասերում, որտեղ դիմումն ավելի վաղ է ներկայացվել. այսինքն՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, ավելի վաղ դիմում ներկայացնելով, փակում են ճանապարհը ընդդիմության ներկայացրած դիմումների համար: Ինչո՞ւ. որովհետև ձայների վերահաշվարկի ժամկետը սահմանափակ է, կարելի է ձայները վերահաշվարկել ընտրության ավարտից հետո մինչև 5-րդ օրը, 5-րդ օրը պետք է ավարտվի. որքան էլ չքննարկված դիմումներ, չհաշվարկված ձայներ լինեն, 5 օրն անցնելուց հետո պրոցեսը դադարում է: Ամեն տեղամասում ձայների հաշվարկը մոտավորապես 3 ժամ է տևում, ապա այդ 5 օրերի ընթացքում շատ քիչ տեղամասերում է հնարավոր ձայները վերահաշվարկել, մինչդեռ այն տեղամասերում, որտեղ իշխանության երկայացուցիչներն են բողոքներ ներկայացնում, որևէ խնդիր չկա. այնտեղ ձայները հաշվարկվում են ուղղակի ցույց տալու համար, որ տեսեք, դիմումները քննարկեցինք, դրա արդյունքում արկղերը բացեցինք, հաշվարկեցինք և պարզվեց, որ ոչ մի բան: Բայց այն տեղամասերում, որտեղ ընդդիմությունը կասկածներ ունի և դիմումներ է ներկայացրել, այդ դիմումները, հնարավոր է, անընդհատ հետ ընկնեն, և այդ արկղերն այդպես էլ չբացվեն. դրա համար շատ կարևոր է, որ ընդդիմությունն այս առումով պատրաստ լինի: Ինչու եմ նշում, որ մոտավորապես 20 տարի մենք ունենք ձևավորված ընտրական մի համակարգ, որը, կարելի է ասել, շատ արդյունավետ գործում է իշխանության համար, և մյուս կողմն անընդհատ պնդում է, որ կեղծվել է: Այսինքն՝ մյուս կողմից մենք թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղաքացիական ինստիտուտների մակարդակում, պետք է ունենանք այնպիսի համակարգ, որը կկարողանա՝ կանխել այդ կեղծիքները, և երկրորդ՝ կեղծիքներից հետո անպայման այնպիսի մեթոդներ և մեխանիզմներ կիրառել, որ այդ բոլոր խախտումները փաստաթղթավորված լինեն, և դրանց հիման վրա ՍԴ-ի դիմումը չլինի մերկ, այլ այնպիսի դիմում լինի, որ որևէ կերպ հնարավոր չլինի այն քննության առարկա չդարձնել, հնարավոր չլինի այդ դիմումի հիման վրա ընտրությունների կամ դրա մի մասի արդյունքներն անվավեր ճանաչել: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև թե՛ միջազգային դիտորդները, թե՛ քաղաքացիական հասարակության մեր տարբեր մարմիններն ընտրությունների արդյունքում դիտարկումներ են իրականացրել, և խախտումների փաստաթղթերի կուտակման առումով մեծ բազա է կուտակվել: Այս դեպքը հայկական քաղաքական համակարգի համար նորություն չէ, թեպետ հնչում են տարբեր հուսալքված կարծիքներ, որ այլևս անհնար է և այլն: Ավելին` եթե նայենք հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքների փաստերը և հայտարարությունները, պետք է ասենք, որ նման կեղծիքներ երբեք չեն լինում, օրինակ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինչո՞ւ. որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում կան բազմաթիվ շահեր, և այնտեղ հնարավոր չէ, որ հանձնաժողովը և վատահված անձինք միաբերան նույն բանն անեն: Տարբեր քաղաքական ուժեր պայքարում են իրենց ձայները պահելու համար, և այս առումով չես կարող պայմանավորվել բոլորի հետ և կեղծիք կատարել: Պառլամենտական ընտրությունների ժամանակ ավելի բարդ է կեղծիք կատարելը, սակայն այս հանրաքվեի և սրանից առաջ նախագահական ընտրությունների ընթացքում կուտակվող փորձը մի բան է արձանագրում, որ գոնե այն տեղամասերում, որտեղ եղել է առնվազն մեկ վստահված անձ, մեկ դիտորդ կամ ԶԼՄ ներկայացուցիչ, այդտեղ խախտումները նվազագույնի են հասցվել: Եվ սա մենք կարող ենք ուսումնասիրության առարկա դարձնել տեղամաս առ տեղամաս, նշված մեխանիզմի հետ կապված արդեն հայտարարություններ կան, որ համեմատում են նույն մարզում տարբեր ընտրատարածքներ և աարձանագրվում են ձայների շատ լուրջ տարբերություն այնտեղ, որտեղ եղել է դիտորդ և որտեղ՝ չի եղել: Ակնհայտ է, որ չի կարող նույն մարզում, նույն գյուղում կամ նույն քաղաքում այնպիսի իրավիճակ լինել, որ բնակչության հասարակական կարծիքը թաղամասից-թաղամաս կարդինալ տարբերվի: Եթե բնակչությունն ընդհանուր դժգոհ է և «ՈՉ» է քվեարկում կամ ընդդիմադիր թեկնածուի օգտին է քվեարկում, ապա բոլոր տեղամասերում, մի քանի տոկոս ավել-պակաս, պետք է նույն բանն արտացոլված լինի և ոչ թե՝ որտեղ դիտորդ կա տոտալ հաղթանակ տոնի ընդդիմությունը կամ «ՈՉ» արձանագրվի, իսկ որտեղ դիտորդ չի եղել տոտալ հաղթանակ տոնի «ԱՅՈ»-ն: Նման բան չի կարող լինել, և հենց սա խոսում է այն մասին, որ դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների առկայությունը ճակատագրական նշանակություն է ունենում ընտրական տեղամասերում արդյունքների արձանագրման, ամփոփման առումով: Մյուս կողմից հնարավոր է նաև հետևյալ տարբերակը. եթե վերահաշվարկի դիմումները շատ ճիշտ ժամանակին ներկայացված լինեն, հնարավոր է՝ վերահաշվարկն այն ձևով լինի, որ բացված հիմնական տեղամասերում արձանագրվի, որ, օրինակ, լուրջ կեղծիքներ են եղել, այսինքն՝ «ԱՅՈ»-ի տրցակների վրա դրված են հարյուրավոր «ՈՉ»-եր: Նման արձանագրությունը կարող է բերել նրան, որ ՍԴ ստիպված լինի լրջությամբ քննարկել հանրաքվեի արդյունքները: Ի՞նչ է տեղի ունենում. հիմնականում ՍԴ է ներկայացվում խախտումների մի ինչ-որ զանգված, որը, եթե հաշվենք ձայների կտրվածքով, կարող ենք ասել, որ անգամ չեն ազդել ընդհանուր ընտրական արդյունքների վրա, և, հետևաբար՝ ընտրությունները կայացած են, արդյունքները լեգիտիմ են: ՍԴ-ի մոտեցումը տարեցտարի նույնն է, անգամ այդ հատային խախտումների հետ կապված դեպքեր են եղել, որ մի քանի տեղամասերում, ընտրատարածքներում ընտրությունների արդյունքներն ուղղակի ճանաչվել են անվավեր: Բայց մեծ հաշվով, ընդհանուր տպավորության, ընտրության ընդհանուր արդյունքի վրա դա ազդեցություն չի ունեցել: Հիմա պատկերացնենք 822.000 «ԱՅՈ» ձայնից հայտնաբերված կեղծիքների արդյունքում հաջողվում է 50.000 ձայնը համարել անվավեր. արդյո՞ք դա ազդելու է հանրաքվեի արդյունքների վրա: Այս առումով անպայման պետք է ՍԴ ներկայացված դիմումի մակարդակում ցույց տալ, որ տեղի ունեցած խախտումները կրել են համակարգային և զանգվածային բնույթ, որի արդյունքում ՍԴ կարող է կանգնել հարցի առջև՝ արդյոք համարի՞ հաստատված հանրաքվեի արդյունքները, թե՞ ամբողջությամբ կարողանա ճանաչել անվավեր: Այսինքն՝ հատային մակարդակում հայնտաբերված խախտումները չեն կարող ազդել ընդհանուր պրոցեսի վրա: Պետք է խախտումների արձանագրումը, ներկայացման ձևը, փաստաթղթավորումը, ապացուցման բազան այնպես ներկայացվի ՍԴ, որ ՍԴ չկարողանա խուսափել և ասել, որ խախտումները կարող էին ազդել ընտրական գործընթացի, հետևաբար՝ հանրաքվեի ամբողջ արդյունքների վրա. սա նաև իմ փաստաբանական փորձից ելնելով եմ ասում: Հիմա ես որևէ կերպ ներկայացված չեմ ընտրությունների հետ կապված գործընթացներում, ուղղակի «Իրական իրավունք» հաղորդաշարն իր առաքելությունն է համարում մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկ մարդու ամենահիմնարար իրավունքներից է ընտրելու և ընտրվելու, իշխանություն ձևավորելու և ազատ կամքի արտահայտման արդյունքում ձևավորված իշխանության միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքը: Մենք գիտենք, որ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Եվ ընտրությունների ազատ, թափանցիկ և արդար լինելու հետ կապված մենք 20 տարի խնդիր ունենք մեր երկրում, որի արդյունքում անընդհատ ասում ենք, որ իշխանությունը, նախագահը, հանրաքվեն լեգիտիմ չեն: Հետևաբար, որպեսզի դուրս գանք այս ոչ լեգիտիմության ցիկլից, այս քննարկումից, մենք պետք է կարողանանք ընտրական գործընթացներն այնպես կազմակերպել, որ նման խնդիր չառաջանա, և անպայման պետք է ընտրակեղծիքների համակարգին ընդդիմանանք ընտրությունների արդյունքները պահպանող համակարգով՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության մակարդակում: Այս առումով պետք է ասեմ, որ քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄՆ-երն այս պահին ավելի պոտենցիալ ունեն այդ արդյուքները պահպանելու և դիտարկելու առումով, և արդյունքները դա են ցույց տալիս, քան՝ քաղաքական ուժերը: Սա շատ ցավալի հանգամանք է, բայց մեր քաղաքական համակարգի առողջացման խնդիրներից մեկն է. քաղաքական համակարգի առողջացման արդյունքում մենք այս խնդիրը նույնպես կարող ենք լուծել: Մենք գիտենք, որ 2016թ. սպասվում է ՏԻՄ ընտրություններ, իսկ 2017թ. այս փոփոխված Սահմանադրությունն ընդունվելուց հետո լինելու է համապետական պառլամենտական առաջին ընտրությունը, որի արդյունքում ձևավորվելու է հենց խորհրդարանական երկրի ԱԺ-ը: Եվ շատ կարևոր է այս խախտումների հետ կապված հետևություններ անել, մեղավոր անձանց հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել՝ բացառելու, կանխելու պատժի անխուսափելիության սկզբունքը հռչակելու և ի կատար ածելու առումով, որպեսզի ապագայում նման բան չլինի: Ես ինքս՝ որպես ԱԺ պատգամավոր, քաղաքական ուժի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան»-ի անունից կարող եմ ասել, որ մենք դատապարտում ենք բոլոր տեսակի կեղծիքները, ընտրախախտումները և գտնում ենք, որ դրանք ենթակա են օրենքի ամենախիստ դատապարտման, և պետք է բոլոր մեղավոր անձինք, մամուլում հայտարարված, հրապարակված, տարբեր դիտորդական առաքելությունների կողմից հայտնաբերված խախտումները մանրամասն քննության առարկա դառնան և պատասխանատու անձինք անպայման պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Եթե ասվում է, որ եղել են «արջի ծառայություներ», ապա պետք է դուք ձեր արջերին դատեք, այլ տարբերակ չկա: Մյուս կողմից նաև արդեն այսօր հայտնի է, որ ԵՄ ներկայացուցիչը, դեսպանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հանդես են եկել կեղծիքները դատապարտող հայտարարություններով և կոչ են արել մանրամասն քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց, որպեսզի մեր քաղաքացիների, ժողովրդի մոտ վստահություն լինի ընտրական արդյունքների նկատմամբ՝ կապված հանրաքվեի արդյունքների լեգիտիմության հետ: Ես երբևէ չէի ցանկանա, որ մենք շարունակենք մնալ լեգիտիմության թնջուկի մեջ, և պարզ է, որ իրավական առումով լեգիտիմության հարցը բարձրանում է ընտրական տեղամասերը փակվելուց հետո՝ ժամը 20-ին, և ավարտվում է այն պահին, երբ ընդդիմությունը բողոքարկում, է և լինում է դատական ատյանի՝ ՍԴ վերջնական որոշումը: Դրանից հետո խոսել լեգիտիմության մասին, ես կարծում եմ, անիմաստ է, ամեն բան պետք է արվի այդ ընթացքում, այսինքն՝ այսօր, հիմա, երեկվանից սկսած, երբ վերահաշվարկի բողոքները ներկայացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նաև ընդդիմությունը հայտարարել է, որ դիմում է լինելու նաև ՍԴ: Հետևաբար ներքևից պետք է գալ և պատրաստել, փաստաթղթավորել, հիմնավորել՝ ցույց տալու համար այդ ամբողջ խախտումների համակարգային բնույթը, և հետո ՍԴ դիմում ներկայացնել:
Այսօր՝ այսքանը: Հաղորդումը իրական իրավունքի պրիզմայով կշարունակի լուսաբանել պրոցեսները, թե ընտրական իրավունքների պաշտպանության տեսանկյունից ինչ հնարավորություններ կան: Մյուս կողմից պետք է հույս հայտնեմ, որ ՀՀ-ում սա կլինի վերջին նման ընտրությունը, որի վերաբերյալ կարող են լինել զանգվածային խախտումների վերաբերյալ հաղորդումներ, որովհետև քաղաքական համակարգը իրապես առողջացման կարիք ունի, և առանց այդ առողջացման մենք չենք կարող խոսել ազատ, արդար ընտրությունների մասին: Իսկ այն, որ քաղաքական համակարգի առողջացման ուղղությամբ լուրջ քայլեր են արվում՝ ընդդիմադիր հատվածում նոր քաղաքական միավորումներ ձևավորելու միջոցով նաև, սա արդեն կայացած փաստ է, և սրա մասին բազմիցս խոսել ենք: Շնորհակալություն ուշադրության համար: Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն էր, և ձեզ հետ էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan