Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չգերազանցված ուսուցիչներ՝ խամաճիկ սերունդ. «Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սերունդը կայանում է այն ակնկալիքով, որ ինքն ավելի զորեղ է, քան նախորդը. նախորդ սերնդին գերազանցելու ակնկալիքով է միայն կայանալու ներկա սերունդը: Եվ եթե նման նկրտումներ, նման մղումներ չունենանք, սերունդը երբևէ չի էլ կայանա: Մենք պարբերաբար ունեցել ենք չկայացած սերունդներ՝ խամաճիկների սերունդներ, որոնք ուղղակի, այսպես ասենք, ծառայել են օտարին, օտար գաղափարի՝ միայն կուշտ փոր ունենալու և տաք հագնվելու, բարեկեցիկ ապրելու ակնկալիքով:

Հաղորդման սղագրություն

_ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: Լրատվական ռադիոյի եթերում կրկին «Հայու տեսակ» հաղորդաշարն է: Այսօրվա թեման է նոր սերունդը՝ նոր սերնդի մտավորական խավը, որը պիտի փոխարինի այն մտավորական սերնդին, որը, կարծես թե, այդպես էլ անկախ Հայաստանում որպես իրական ազգային մտավորական, այնուամենայնիվ, լիարժեքորեն չի կայացել: Հայոց հանճարներից մեկը՝ Պարույր Սևակը, պիտի ասեր. «Ամեն սերունդ, նախ և առաջ, մտածում է լռության մեջ, իսկ երբ խոսել է սկսում, բարկացնում է ավագներին և բարկացնում անկեղծորեն, որովհետև կրտսերը միշտ անհասկացող, իսկ ավագը հասկացող է: Ավագ Աստված, մի՞թե իրոք հոմանիշ են ու համազոր հասկացողն ու կասկածողը: Ամեն սերունդ, նախ և առաջ, մահանում է կասկածելով»:
Սիրելի բարեկամներ, այսօր «Լրատվական ռադիոյի» տաղավարում իմ հյուրն է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լիլիթ Հարությունյանը:
Ես ուրախ եմ Ձեզ ողջունել մեր տաղավարում և հուսամ՝ այսօր մենք կկարողանանք գոնե ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել՝ թե ինչպիսինն է այսօրվա մտավորական միտում ունեցող, վաղվա մտավորականի «վեկտորն» ընդունած հայ երիտասարդությունը, հատկապես՝ ուսանողությունը, որը, կարծես թե, պիտի գա փոխարինելու այն սերնդին, որն ինչ-ինչ պատճառներով այնքան էլ կայացած չէ որպես ազգային, որպես ոչ թե իշխանամետ, այլ հատկապես շեշտում եմ՝ պետականամետ և պետականակերտ մտավորականություն: Գարեգին Նժդեհը պիտի ասեր. «Մտավորականն է ժողովրդի ճակատագրի դարբինը»: Բայց, ցավոք սրտի, այսօր այդպիսի տեսարան մենք չունենք, այդպիսի իրադարձություններ չենք տեսնում, որ մտավորականությունը կարողանա դարբնել մեր ճակատագիրը:
Ողջունում եմ և կրկին ողջունելով՝ կուզենայի ի սկզբանե լսել քո տեսակետը`ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդությունը, հատկապես`ուսանողությունը: Եվ հաճախ, ձեր միջոցառումներին ներկա գտնվելով, հույսի կայծեր են ինձ մոտ առաջանում. և արդյո՞ք դրանք երբևէ կբոցավառվեն:
_ Բարև Ձեզ: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այստեղ լինել և խոսել նման պատասխանատու թեմայի մասին: Չեմ ուզի ասել վերամբարձ մտքեր, չեմ ուզի ասել մտքեր, որոնք գուցե շատ ոգևորեն, կփորձեմ չհիասթափեցնել՝ կփորձեմ հնարավորինս պատշաճ ռեալ և պատշաճ ռոմանտիկ տեսակետեր արտահայտել:
Կարծում եմ, որ երիտասարդությունը շատ կարևոր զգացում ունի, այն է՝ ինքնասիրության զգացում, և շատ ավելի կարևոր զգացում՝ գիտի, որ ինքնուժ է՝ գիտակցում է, որ իր ամեն քայլը ուժ է և միտված է ապագային: Փորձեմ ֆիզիոլոգիապես ներկայացնել երիտասարդությանը. ես կարծում եմ, որ ֆիզիկապես իսկապես ուժեղ, ամուր ոսկորներ ունեցող, բայց իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող երիտասարդություն ունենք: Երբ ասում եմ «երիտասարդություն», ես ինքս էլ ինձ դնում եմ դրա մեջ և բոլոր այն խնդիրները, բոլոր թերությունները, որոնց մասին կխոսեմ, առաջին հերթին կվերագրեմ ինձ և հետո միայն՝ իմ ընկերներին և, առհասարակ, երիտասարդներին: Ամուր ոսկորներով, բայց իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող երիտասարդություն. հասկանում են՝ ինչի դեմ է պայքարել, սկսում են, մեկնարկում են, բայց ինչ-որ պահի իմունային համակարգը դավաճանում է. այստեղ, կարծում եմ, որպես դեղամիջոց պիտի հանդես գա մտավորականությունը՝ ավագ մտավորականությունը, որին շատ հաճախ չենք ճանաչում: Առանձին՝ ինչ-որ կերպ՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, այս կամ այն կերպ երևացող անհատներին, անհատականություններին այս կամ այն կերպ ճանաչում ենք, բայց շատ հաճախ այդ քիչ թե շատ երևացող մտավորականներն էլ արգելք են դրել՝ պատնեշ կա երիտասարդների և նրանց շփման միջև: Այս առումով մի կարևոր պահ կա, երբ մտավորականը պիտի գա և ասի՝ «շատ լավ է, որ դուք մեկնարկը տվել եք, եկեք այսպես շարունակենք», շարունակություն տվող չկա, ուղորդող չկա, քաջալերող չկա, ճիշտ վեկտոր՝ ուղղություն տվող չկա: Եվ երիտասարդության ամենամեծ մտավախությունն այն է, որ երբ անգամ այս կամ այն ուժը, գալիս է ուղղություն տալու, կասկածամտություն է առաջանում՝ գուցե անձնական շա՞հ, գուցե մեկ ուրիշի՞ շահ, քաղաքական շահ: Երիտասարդություն, որ կարող է և գիտակցում է, որ պետք է պայքարել, բայց կան ազդակներ, որոնք պակասում են այս երիտասարդությանը. ներքին խնդիրներ շատ կան, որովհետև որքան էլ որ առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդները շատ են, անգամ այս երիտասարդներին շատ է պակասում կրթվածությունը:
Շատ հաճախ, ռոմանտիկական հովերով տարված, ասում են, որ մենք պիտի Հայաստանը ներկայացնենք, Հայաստանը դարձնենք այսպիսին, այնպիսին, ներկայանալի, բայց տարրական բան՝ երբ դու լեզվի հետ՝ ռուսերենի, անգլերենի հետ, խնդիր ունես, անգամ ինֆորմացիոն հարթակներում՝ տեղեկատվական պատերազմի ոլորտում դու քո լեզվով չես կարող պայքարել, որովհետև գերակայողն այսօր անգլերենն ու ռուսերենն են: Անգամ այդ պարագայում մենք շատ հաճախ ընկճվում ենք, որովհետև օտար լեզուն թույլ չի տալիս ասել այն, ինչ մենք կասեինք հայերենով: Պատմության իմացությունը՝ մեր պատմությունը սովորելը, իհարկե, հեշտ չէ, և, առհասարակ, պատմություն սովորելը հեշտ չէ, բայց մենք պարտավոր ենք շատ լավ իմանալ մեր պատմությունը, որպեսզի ժամանակին կարողանանք դիպուկ կերպով համադրել և դասեր քաղել, ճանաչել սեփական հայրենիքը: Ես կփորձեմ կենցաղային օրինակներ բերել, որոնք ցույց կտան, որ խնդիրն իսկապես իրական է, և լուծումն էլ է իրական: Շատ հաճախ արձակուրդին՝ ամառային կլինի, թե ձմեռային, անգամ փոքր գումարով էլ կարելի է Հայաստանում լինել, Հայաստանում մնալ և հրաշալի արձակուրդ անցկացնել, բայց քանի որ դու չես ճանաչում քո հայրենիքը, դու չգիտես՝ այս լեռան հետևում ինչ բնաշխարհ կա, կամ այս բնաշխարհից այն կողմ նորից բնաշխարհ կա, դու թերահավատորեն ես վերաբերվում քո հայրենիքին, և պարզ է, որ այդ թերահավատությամբ չես կարող այն դարձնել ավելի ներկայանալի՝ այնքան ներկայանալի, որքան որ պետք է: Ուղիղ կապելով երիտասարդությանը, ես կարծում եմ, որ մեր առաջին խնդիրը կրթվածությունն է՝ որքան կրթված ես, որքան իրազեկ ես, այնքան պաշտպանված ես: Այնքան քիչ են սոցիալական, քաղաքական և շատ-շատ այլ խնդիրներ: Ես կարծում եմ, որ այսօրվա երիտասարդությունն իսկապես ներուժ ունի պայքարելու, կերտելու ապագա, բայց այսօրվա երիտասարդությանը խնդիր է դրված՝ կերտելու նաև ներկան:
_ Ցավոք սրտի, ներկան կերտելու առաքելության մեջ մենք երևի թերացել ենք, և այսօրվա մեր կենցաղը, թերևս, դրա ապացույցն է: Դու բարձրաձայնում ես այն իրողությունը, որ երիտասարդությունը երբեմն սկսում է ինչ-որ պայքար և կիսատ թողնում: Դա, կարծում եմ, ուղղակի համառության, հետևողականության պակասի հետևանք է. դա էլ ինչ-որ բնութագիր է և բնավորության գիծ: Թերևս, նաև այլ պատճառներ կան. երբ որ տեսնում են, որ շատ ավելի տարեց մարդիկ պայքարի են ելնում և կիսատ թողնում, և հաճախ տեսնում են, որ նրանց պայքարն էլ անիմաստ է, հասկանում են, որ ուղղակի հիասթափվում են: Բայց սերունդները կայանում են նաև այն ակնկալիքով, որ ինքն ավելի զորեղ է, քան նախորդը. նախորդ սերնդին գերազանցելու ակնկալիքով միայն կայանում է ներկա սերունդը: Եվ եթե նման նկրտումներ, նման մղումներ չունենա, սերունդը երբևէ չի էլ կայանա: Մենք պարբերաբար ունեցել ենք չկայացած սերունդներ՝ խամաճիկների սերունդներ, որոնք ուղղակի, այսպես ասենք, ծառայել են օտարին, օտար գաղափարի՝ միայն կուշտ փոր ունենալու և տաք հագնվելու, բարեկեցիկ ապրելու ակնկալիքով:
Նաև մտավորականության անունը շեշտեցիք, որ չկա այդ կապը. վստահ եմ, որ, բացառությունները հաշվի չառնելով, իրականում մտավորականը պիտի ինքը ձգտի երիտասարդության հետ շփվել, որովհետև պիտի որ ինքը հասկանա, թե իր կայացման ճանապարհին ինչքան մեծ ազդեցություն են գործել կայացած մտավորականները և ազգային նկարագիր ունեցող անհատները: Եվ, թերևս, նրանք պիտի ձգտեն այդ շփմանը՝ հասկանալով հետևյալը՝ ես մի աֆորիզմով ասեմ. «Մենք իրավունք չունենք մեռցնել այն, ինչին որ մենք չենք կյանք տվել»: Այսինքն`այն, ինչ փոխանցվել է մեզ, և այն առաքելությունը, որ, կարծես, ինչ-որ մի ժամանակահատված յուրաքանչյուր սերունդ կրում է: Անդրանիկը պիտի մահանալուց ասեր. «Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կես մնաց»: Այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ ինքը հավերժ չէ, և իր առաքելությունը դատապարտված է, եթե այն չի փոխանցվելու, և նոր սերունդը չի շարունակելու և չի զարգացնելու այն: Եվ վստահ եմ, որ իրականում դա չկայացած մտավորականության գաղափար է՝ ինքնահավան մտավորականության, որը, կարծում եմ, նույն ինքն է՝ չկայացած մտավորականությունը. գոնե ինձ համար դրանք հոմանիշներ են, որովհետև յուրաքանչյուր մտավորականի առաքելության գերակշիռ մասը նպատակն է՝ այն փոխանցելու: Յուրաքանչյուր սերունդ, կամա թե ակամա, իրենից առաջ և իրենից հետո եկող սերունդների միջև կամուրջ հանդիսանալն է, և եթե որևէ սերնդի հետ քո ամրությունը, քո միացումը լիարժեք չէ, քո դերը՝ որպես սերունդ, որպես կամուրջ, ուղղակի դատապարտված է: Եթե դու շատ լավ ընկալել ես նախորդ սերունդների փորձը, և այն չես կարող փոխանցել, կամ հակառակը՝ այս նոր սերնդի հետ շատ սերտ հարաբերություններ ունես, բայց չունես փոխանցելու բան, նշանակում է՝ ձեր հարաբերությունները դատապարտված են դատարկախոսության, դատարկաբանության:
Ես շատ հաճախ, շփվելով երիտասարդության հետ և երիտասարդության ակնկալիքը տեսնելով, ակնածանքը տեսնելով, ուղղակի պիտի ասեմ, որ այսօր շատ քիչ են անկախ մտավորականները, ցավոք սրտի, և դա էլ է բերում այդ խեղմանը: Իսկ դրա համար, թերևս, նախադրյալները կան. մի ամբողջ մեքենա աշխատում է՝ խամաճիկացնելու մտավորականությանը: Ի վերջո, ցանկացած երկրում գլխավոր գործուն ուժերը մտավորականությունը և երիտասարդությունն են. և ամենավտանգավորը՝ երբ դրանք միասին են և միակամ են: Ի՞նչ պետք է անել, որպեսզի այսօրվա երիտասարդությունն իրոք ունենա ազգային նկարագիր. այդ ճանապարհը երկկողմանի ճանապարհ է՝ և մտավորականությունը պետք է ձգտի գտնել հայեցի հոգեկերտվածք ունեցող երիտասարդությանը, հատկապես՝ ուսանող երիտասարդությանը, որը վաղվա մտավորականությունն է, և երիտասարդությունը պիտի ձգտի գտնել այն հատուկենտ ազգային մտավորկանությանը: Իսկ շատ հաճախ մենք ականատեսն ենք նրա, որ ամբիոն ունեն միայն նրանք, ովքեր խամաճիկացված են, իսկ այն մտավորականությունը, որն իրոք անկախ մտավորականություն է, ազգային նկարագրով մտավորականություն է, նրանք ամբիոնազուրկ են, որոնց ուղղակի ինչ-որ չափով նաև «պեղել» է պետք: Ո՞րն է, ըստ Ձեզ, այդ գաղտնիքը, և ո՞նց կարելի է այդ խնդիրը լուծել, ինչպե՞ս «կայացնել հանդիպումը» երիտասարդ մտավորականության, ուսանողության, ազգային նկարագիր ունեցող սերնդի և ճիշտ ազգային մտավորականության, որը ազգի, պետականության ճակատագրով մտահոգ մտավորականությունն է:
_ Իրականում բարդ, կարևոր, տեղին հարց: Ես կարծում եմ, որ բոլորիս՝ բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց չէր խանգարի մի քիչ ավել անկախության զգացումը. ինչքան քիչ բաներից կախված լինես, ինչքան քիչ լինեն քեզ ինչ-որ բանին կապող թելերը, այնքան ազատ, անկախ, ինքնավստահ և համարձակ կլինես: Այսօրվա երիտասարդությունն այս առումով քիչ թե շատ ստացված է՝ ազատության, անկախության ձգտումը, ինքնասիրությունը շատ բարձր է, բայց կրկին պիտի ասեմ, որ շատ հաճախ սա դատարկ է. դատարկ է, որովհետև մենք բավարարվում ենք միջակություններով, դատարկ է, որովհետև շատ հաճախ չենք զբաղվում ինքնաքննադատությամբ, մեր խնդիրները վերագրում ենք անցյալին, շատ հաճախ՝ ապագային, բայց ոչ ինքներս մեզ:
Մարդը, որ ներկայանալի է, և ներկայանալի է ամենակարևոր որակներով, միշտ տեղ ունի. անգամ ամենակոռումպացված երկրում խելացի, գիտակ մարդն իր տեղը կգտնի. լավ օրինակներ մենք, փառք Աստծո, ունենք: Եվ հատուկենտ անկախ, ազատ, առողջ մտավորականներն էլ, կարծում եմ, լայն ձեռքերով սպասում են այն երիտասարդներին, ովքեր իրենց շարունակողը պիտի լինեն: Բնության մեջ ամեն ինչ շատ ներդաշնակ ու բնական է՝ անկախ այն տարերքներից, անկախ այն խնդիրներից, որոնք մարդն իր գոյությամբ, կեցությամբ դնում է բնության մեջ. նույնն էլ հասարակության մեջ՝ անկախ այն անառողջ, հիվանդ երևույթներից, որ խամաճիկները բերում են մեր կյանք, ամեն դեպքում ի ծնե լավ որակներ ունեցող մարդը և կյանքի որոշակի փորձ ձեռք բերած չփչացած, առողջ մտավորականը ամեն դեպքում կհանդիպեն: Ես կարծում եմ, որ առանձին, հատուկ, լուրջ քայլեր պետք չէ անել մի բանի ուղղությամբ, որ ինքնըստինքյան կստացվի:
_ Իսկ եթե հատուկ նպատակամղված քայլեր կան, որպեսզի այդ հանդիպումը չստացվի՞:
_ Այ սրա դեմ է պետք պայքարել, էներգիան սրա դեմ պիտի ուղղել, ոչ թե փորձել անընդհատ կազմակերպել և չհասկանալ, թե որն է պատճառը, որ այդ հանդիպումն այդպես էլ տեղի չի ունենում:
_ Պետք չէ ոչինչ կազմակերպել, ուղղակի, կարծում եմ, Ձեր ասածը, որ մտավորականները հաճախ չեն հանդիպում ուսանողներին կամ երիտասարդությանը, ժամանակ չունեն, չեն կարևորում կամ անիմաստ են գտնում...
_ Բաց ճակատի խնդիրն է այստեղ. մարդիկ, ովքեր թաքցնելու բան չունեն, ովքեր անկախ են, կայացած են, առողջ են, բայց գուցե սոցիալապես այնքան էլ կայացած չեն, հարուստ չեն, և այլն, շատ ավելի բաց ճակատով են ներկայանում ուսանողներին՝ որևէ բան թաքցնելու խնդիր չունեն և ամենուր՝ փողոցում հանդիպում են, համալսարանում հանդիպում են, թատրոններում հանդիպում են. ամենուր կարելի է հանդիպել այս մարդկանց: Բայց հետաքրքիր է, որ ամեն դեպքում նրանց հասանելիությունը չի խանգարում, որ դու նրան մեծարես, հարգես և պատշաճ սահմանից նայես. այս պատշաճ սահմանը շատ կարևոր է: Բայց կան մարդիկ, ովքեր ինչ-որ բարձունքում են իրենց դրել՝ կարծելով, որ իսկական մտավորականը պիտի լինի անհասանելի. ես կարծում եմ, որ այս մտածելակերպը հարիր է հատկապես մեր շոուբիզնեսային չկայացած աստղերի մտածելակերպին`ինչ-որ տեղ նրանք հատվում են: Նրանք իրենց դատարկությունը ծածկելու համար կանգնում են մի տեղ, որտեղ չեն երևում, բայց այնպես, կարծես թե իրենք գոյություն ունեն:
Իսկ ինչ վերաբերում է ճիշտ մտավորականի և ճիշտ երիտասարդի հանդիպմանը, պրն. Գինոսյան, մենք հանդիպել ենք, չէ՞:
_ Հանդիպել ենք:
_ Երբեմն անհամեստություն անել պետք է. սա իմ մասին եմ ասում: Ես ինձ չեմ համարում, փառք Աստծո, մտավորական, դեռ տարիքս էլ թույլ չի տալիս, բայց ես ինձ համարում եմ, ամեն դեպքում, մտածող մարդ:
_ Շատ լուրջ են խնդիրները, որովհետև երիտասարդությունը, ուսանողությունը պիտի տարբերակում ունենա, պիտի տեսնի տարբեր շերտերի մտավորականներին, օրինակ՝ Սամվել Կարապետյանը պարբերաբար հանդիպում է երիտասարդության հետ: Եվ նաև տեսագրություններով, հղումներով, ինտերնետ կայքէջերով, և այլն, մտավորականի իր կեցվածքը ցուցադրում է: Նա երբեք չի խուսափում իր տեսակետը բարձրաձայնել, նա միշտ ունի տեսակետ, և եթե հարց կա, նա փորձում է գտնել դրա պատասխանը: Հաճախ քարկոծվում է ոչ փափուկ դիրքորոշումների համար, հաճախ կարծրատիպեր է կոտրում, և մարդիկ ասում են, որ չի կարելի այդպես խոսել, անգամ եթե նա ճիշտ է: Ի վերջո, պիտի սովորենք, որ ճշմարտությունը բարձրաձայնել պետք է, եթե անգամ դա շատ սուր և ցավոտ է: Ես ինքս փորձում եմ քննադատել սկզբունքորեն առանց անհատների մատնանշման, որովհետև ինձ համար կարևոր է գաղափարական մոտեցումը, երևույթները քննադատել և անձերի հետ գործ չունենալ, որովհետև կարծում եմ, որ անձերը ժամանակավոր են, և փառք Աստծո, կամ ցավոք սրտի, Հայաստանում կեսարներ, նապոլեոններ կամ մակեդոնացիներ չունենք (սա ասում եմ իշխող թևի մասին), բայց, ցավոք սրտի, չունենք նաև նժդեհներ, կոմիտասներ մեր մտավորականության շերտի մեջ, որպեսզի ենթադրենք, որ անհատները շատ բարձր են և կարևոր, և անհատներն են շատ բան փոխելու: Կարծում եմ, որ ավելի շատ երևույթների ձևավորված կամ ձևավորվող զարգացումների մասին պետք է բարձրաձայնել, ազգային մշակույթի անկման մասին պետք է բարձրաձայնել, օրինակ՝ կուզենայի Ձեզ հարցնել. ոչ վաղ անցյալում Դուք աշակերտ եք եղել, հիմա ուսանող եք. Ձեր կարծիքով՝ Հայաստանում կրթական համակարգը՝ և հանրակրթական դպրոցում, և բուհ-երում, ունի՞ այն նախադրյալները, որ այնտեղ ինքնըստինքյան կարողանա ձևավորվել հայ տեսակ ունեցող, հայու տեսակ կրող հայ երիտասարդությունը: Այլ բան է, որ մարդիկ կան, որոնք ինքնուսուցմամբ, ինքնակրթմամբ, սեփական ջիղով, ցանկությամբ, ձգտումով, տաղանդով, գենով, ինչպես նաև Ձեր նշած մտավորականության հետ շփվելով, որոնք չեն խորշում երիտասարդության հետ շփվել, ի վերջո կայանում են՝ որպես հայ տեսակ, սակայն խոսքը դրա մասին չէ. ընդհանուր համակարգը նպաստո՞ւմ է այդ ինքնաճանաչ, հայրենաճանաչ, սեփական տեսակը գիտակցող և, ի վերջո, ազգային արժանապատվության, սեփական տեսակի գիտակցման և հպարտությամբ այդ տեսակը կրելու ունակ երիտասարդության ձևավորմանը. արդյո՞ք այս ամենին հանգեցնում է կրթական համակարգը Հայաստանում:
_ Կարծում եմ, որ համակարգում շատ խնդիրներ կան: Վերցնենք երկու բևեռ՝ աշակերտ և ուսուցիչ, հետո նաև՝ դասախոս և ուսանող. եթե ուսուցիչն անում է իր գործն ամենայն պատասխանատվությամբ`իր մանագիտությունը և իր գործը հարգելով, աշակերտի հարգանքը ուսուցչի, այնուհետև՝ դպրոց կառույցի նկատմամբ պետք է փոխադարձ լինի: Շատ հաճախ ցածր աշխատավարձի և նման պատճառաբանություններով ուսուցիչներն արդարացնում են իրենց պակաս նվիրավածությունը աշակերտին:
_ Ապիկարությունը:
_ Ապիկարությունը: Բայց ես կարծում եմ, որ կան մասնագիտություններ, որոնք ինքնազոհաբերման նման բան են. եթե դու որոշել ես դառնալ ուսուցիչ, պիտի գիտակցես, որ դու ինչ-որ տեղ ինչ-որ բան զոհաբերել ես, կարևոր չէ`ինչ. գուցե հենց այն, որ դու մի քիչ ավելի քիչ պիտի ուտես, քան մյուս մասնագիտությունների տեր մարդը, մի քիչ ավելի վատ պիտի հագնվես: Իհարկե, ցավալի է, որ այդպես է, բայց այդ ինքնազոհաբերման գաղափարը պիտի լինի:
Ես հիշեցի Մուրացանի հերոս առաքյալին`Կամսարյանին՝ եվրոպական բարձր կրթություն ստացած երիտասարդը որոշում է, որ հայրենիք վերադառնալով`պիտի գնա գյուղեր ու գյուղերից սկսի. գալիս է և, ինչ-որ պահի խնդիրների բախվելով`վատ քնելով, վատ սնվելով, գյուղացու ապրած կյանքին ընդամենը մի քանի օր բախվելով հասկանում է, որ սա իր համար չէ, և ինքը պիտի ավելի բարձր հարթակներում լինի և այդտեղից ինչ-որ բան փոխի: Մեզ պակասում է ինքնազոհաբերման պատրաստակամությունը. եթե մեզնից յուրաքանչյուրը փորձի ինչ-որ բան զոհել, ես կարծում եմ, որ կունենանք ավելի լուսավոր, ավելի կայուն ապագա. ուսուցիչները պիտի պատրաստ լինեն դրան: Բայց շատ ավելի կարևոր է ծնողների պատրաստակամությունը. դպրոցին թերահավատորեն են վերաբերվում, որովհետև եթե նախկինում`մոտ 2-3 տարի առաջ աշակերտները սկսում էին պարապել 10-րդ դասարանից, հիմա երեխաներն անհատական պարապմունքների հաճախում են 5-րդ դասարանից, 6-րդ դասարանից: Այսինքն`չեն վստահում դպրոցին, վստահ չեն, որ մինչև 9-րդ, 10-րդ դասարան իրենց երեխան կստանա հիմնարար կրթություն:
_ Եկեք գիտելիքները թողնենք մի կողմ. գիտելիքների առումով, իհարկե, բազմաթիվ մեծ բացթողումներ կան: Գիտենք՝ ինչ է «կոնվեյերը»՝ մեքենայացված արտադրություն, երբ մեխանիկից կախված է, որ ինքն այդ սարքը պահի սարքին վիճակում, որպեսզի ապրանքն ինքնըստինքյան արտադրվի: Մեր կրթական համակարգը կարո՞ղ ենք այդպիսի «կոնվեյերային համակարգ» կոչել, որտեղից հայ մարդ է «արտադրվում», հայ քաղաքացի: Պիտի լինի այդպես, եթե մենք ուզում ենք: Պիտի ձգտենք նաև, որ Ձեր ասած ուսուցիչն ավելի որակյալ մասնագետ լինի, որը ոչ միայն մտածի սարքին պահելու մասին, այլև գործելու մասին: Բայց երբեմն հակվում ես այն մտքին, որ ոչ մի նման «կոնվեյեր» գոյություն չունի. եթե ուսուցիչը լավն է, և նրան հանդիպեց ևս մեկ լավ աշակերտ, ինքն ուղղակի անհատականորեն կկերտի որևէ նոր քաղաքացի, բայց, որպես այդպիսին, չկա այդ մեխանիզմը, որը կերտում է քաղաքացի, ինչը Հայաստանի կրթական համակարգի առաջնային խնդիրն է: Ոչ կրթություն, ոչ գիտելիք՝ ոչինչ այդքան կարևոր չէ, ինչքան քաղաքացի դաստիարակելու առաքելությունը: Եվ երբ մենք ասում ենք, որ կրթական համակարգում կան բացթողումներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ թերացումներ, կա գիտելիքի պակաս, Ձեր նշած՝ 10-րդ դասարանի փոխարեն պարապում են արդեն 5-6-րդ դասարանից՝ չենք վստահում մեր կրթական համակարգին, բայց կա ինչ-որ բան, որը տրվում է, թեկուզ մինիմալ գիտելիք, բայց քաղաքացիության առումով կարող եմ ասել, որ ոչինչ չի տրվում: Այսինքն՝ չկա նման մոտեցում, որտեղ հայ կրթական համակարգի «խողովակով» (դպրոց, հետագայում`բուհ) անցնող երեխան՝ վաղվա երիտասարդը, ոչինչ է ստանում որպես վաղվա հայ քաղաքացի՝ նա այդպես էլ չի գիտակցում իր քաղաքացի լինելու առաքելությունը, որովհետև կրթական համակարգը բացառապես նման խնդիր չունի իր առջև դրած. խնդիրը սրա մեջ է: Իհարկե, մեր նման ազգը վաղը պիտի հաղթի և կայանա, և պետականությունը մեր պիտի կայանա և գոյատևի զուտ իր գաղափարի շնորհիվ, որովհետև մենք դարերով ապացուցել ենք, որ մենք հոգու և մտքի ազգ ենք, մենք մշակույթ ստեղծող, գաղափար ստեղծող, գիտելիք ստեղծող ազգ ենք, այլ ոչ սպասարկող ազգ: Բավական է մեզ ստրկացնեն և մեզ սովորեցնեն մատուցողներ լինել, մեզ սովորեցնեն օտար երկրների, գերտերությունների սպասարկման ոլորտ դառնալ: Մենք պետք է հասկանանք, որ մենք պակաս չենք Ճապոնիայից և մյուս այն երկրներից, որոնք կայացել են, նախ և առաջ, որպես ազգ, և հետո`պետություն, մենք պետք է հասկանանք, որ, նախ և առաջ, մեր երեխային պետք է ներարկել հայ լինելու հպարտությունը, բայց ոչ սին խոսքերով, ոչ լոպազությամբ, ոչ պոռոտախոսությամբ, այլ իրական հենքի վրա, որովհետև մենք ունենք այդ բոլոր նախադրյալները՝ նրան տալու հայ լինելու հպարտությունը՝ և՛ պատմական նախադրյալներն ունենք, և՛ այսօր կերտված անկախություն ունենք, ազատագրված Արցախ, մի ամբողջ փաղանգ, և որևէ ժողովուրդ մեր այսօրվա նորօրյա պատմության մեջ այդքան հերոսական կերպարներ չունի՝ սերունդ դաստիարակելու համար: Բայց մենք հաճախ երիտասարդության շուրթերին տեսնում ենք շատ ավելի սերիալային կերպարների անուններ, շոու-բիզնեսի, օլիգարխիկ համակարգի, պետական պաշտոնական համակարգի աթոռ մաշեցնող ինչ-որ կերպարների անուններ: Ի՞նչ պետք է անի կրթական համակարգը. Դուք`որպես ուսանող, վաղը, ենթադրենք`որպես լրագրող, կամ կվերադառնաք դպրոց, ի՞նչն է, ըստ Ձեզ, վերափոխման ենթակա, ի՞նչը պիտի փոխվի հայկական կրթական համակարգում, և ի՞նչն է արդյոք, որ թերանում է, որ հայ երիտասարդությունը հայի տեսակ ունենա, ի՞նչն է, որ չի ձևավորում այդ հայու տեսակը, արդյո՞ք մենք չունենք այդ բրիչը`այդ գործիքը, որով քանդակագործը՝ հայ մտավորականը, հայ ուսուցիչը, հայ գիտնականը չի կարողանում, ի վերջո, կերտել այդ տեսակը:
_ Ես մնում եմ իմ համոզմանը, որ եթե յուրաքանչյուրն իր տեղում լինի և իր գործն անի ամենայն պատասխանատվությամբ, կունենանք այն, ինչ ուզում ենք ունենալ: Համակարգն առողջ չէ, որովհետև համակարգում եղած մարդիկ ունեն «առողջական խնդիրներ»: Ուսուցիչ, աշակերտ, ընտանիք, հասարակություն, այս ամենը ղեկավարող մարմիններ. ամեն մեկն իր օղակում պիտի անի այն, ինչ իրենից պահանջվում է: Մեքենայացնել ու հուսալ, որ կունենանք մի համակարգ, որը շատ հարթ, ամոթ էլ է ասել, որ պարբերաբար կտա չարենցներ, սևակներ, մտավորականներ, քաղաքացիներ, կարծում եմ, որ շատ բարդ է. որքան էլ որ համակարգն այնպիսի բանաձևերով ստանանք մեքենա, որը «կարտադրի», դա հնարավոր չէ, որովհետև որքան էլ որ մեքենան լավն է, դա ղեկավարում է մարդը`ուր էլ գնանք, պիտի հանգենք այն բանին, որ մարդն է, մարդկային գաղափարն է, ուղեղն է ամեն ինչին տալիս լավ կամ վատ որակ: Այս հարցին ես կպատասխանեմ, որ ուսուցիչը պիտի վերականգնի իր դիմագիծը, ընտանիքում պիտի դաստիարակվեն երեխաներ, և, ինչո՞ւ ոչ, պարտադրվի, որ տվյալ սերիալները երեխան չպիտի նայի, որովհետև պարզ է, որ երեխան չի հասկանում, թե իրեն ինչն է լավ, ինչը`վատ: Հասարակությունը պիտի պատրաստ լինի ծափահարելու, դիմավորելու առողջ, լավ դաստիարակված երիտասարդներին և ինչ-որ կերպ պատժամիջոցներ սահմանի սերիալային մտածողություն ունեցող երիտասարդների նկատմամբ: Անցում կատարեմ Համալսարանին. ունենք ֆակուլտետներ, որոնք գերբեռնված են`Իրավաբանության ֆակուլտետ, և այլն. ուսանողների կեսը չգիտի՝ ինչի համար է այստեղ, այսինքն`գիտի, որ ընդունված է, որ պիտի սովորեն իրավաբանության ֆակուլտետում:
_ Ծնողները գիտեն:
_ Հավատացնում եմ՝ ծնողներն էլ չգիտեն՝ ինչքան մեծ վատություն են անում առաջին հերթին երկրի հանդեպ, իրենց հանդեպ և իրենց երեխայի հանդեպ. վատ չէ ախր լավ կոշկակար լինելը՝ ամոթ է վատ իրավաբան լինելը, որովհետև դու այդպես էլ չես կայանա: Կարծում եմ՝ անգամ Բժշկական համալսարանի բոլոր ֆակուլտետներում, որոնք ունեն որոշակի համբավ, ուսանողների մեծ հոսք կա, բայց այդ մեծ քանակությունը որակ չի տալիս:
_ Այդպես էլ չունենք բժշկություն, կարծես թե:
_ Այդպես էլ չունենք բժշկություն, չունենք իրավաբանություն, այս «ությունները» կաղում են մեզ մոտ: Որտեղի՞ց է գալիս. այնտեղից, որ ծնողներն ուղղակի պարտադրում են երեխային, կամ երեխան դպրոցում, այդ կրթական բազան չստանալով, չի կողմնորոշվել, թե ինքը, ի վերջո, որտեղ է պիտանի: Տեսեք՝ այս ամենը շղթայված է, և երբ մի օղակը չի գործում, մյուս օղակը վատ է գործում: Բախտի բերմամբ մի օղակ կարող է կողմնորոշվել և ինչ-որ կերպ աշխատել, բայց, ընդհանուր առմամբ, այս օղակների վատ վիճակից է, որ, ընդհանուր առմամբ, մեր համակարգն այսքան վատն է:
Կուզեմ խոսել «ուղեղների արտահոսքից». կա կարծիք, որ խելացի մարդիկ գնում են դուրս և չեն էլ վերադառնում: Ես կարծում եմ, որ Հայաստանի բնաշխարհն այս լավ ուղեղներին ներարկել է նաև վերադառնալու հյութը, և ես կարծում եմ, որ այս առումով վախենալ պետք չէ. թող երևան այդ լավ ուղեղները, ակնհայտ լինի նրանց լինելը, և հետո միայն մտածել`ինչպես վերադարձնել այդ երեխաներին հայրենիք: Վստահ եմ, որ բոլոր խելացի, լավ դաստիարակություն ստացած երիտասարդները, ամեն դեպքում, վերադառնում են, բայց ո՞ւր են վերադառնում՝ հայրենիք՝ Հայաստան՝ երկիր, որտեղ ինչ-ինչ մեծ ու փոքր խնդիրներ կան, բայց որը խիստ կարիք ունի մասնագետների՝ պրոֆեսիոնալ մարդկանց. միջակությունը մեզ ուղղակի խեղդում է:
_ Պիտի ասեմ, որ խորհուրդ կտայի կարդալ Կոստան Զարյանի «Ուղղագրության մասին» հոդվածը՝ ոչ թե Ձեզ, այլ մեր ռադիոլսողներին և ռադիոդիտողներին. վստահ եմ՝ դու արդեն կարդացել ես, և միջակությունների առկայությունը հենց այդտեղից էլ գալիս է: Ես պիտի ասեմ, որ հասարակությունը պիտի ստեղծի պահանջը: Ես մի անգամ շատ բարձրաստիճան պատոնյայի, որն ասում էր, որ մտավորական չկա, և այլն, ասում էի, որ պահանջը չի դրվել: Շուկա են բերում այն, ինչի պակասը և պահանջարկը կա շուկայում. եթե ես գիտեմ, որ օրինակ՝ վարունգ չի վաճառվում շուկայում կամ վարունգը շատ է շուկայում, ես չեմ վարունգ բերի հաջորդ առավոտյան վաճառելու, ես կբերեմ ծիրանը, որի պահանջարկը զգում եմ, որ կա, որպեսզի իմ առևտուրը կայանա:
_ Եվ ես հաջողված բիզնեսմեն լինեմ:
_ Եթե մեր կենցաղային շուկայի մեջ չի դրվում մտավորականության պահանջարկը, եթե հասարակության մեջ անընդհատ բարձրաձայնվում են Ձեր ասած իրավաբանի և նման այլ շահավետ մասնագիտությունների՝ ոչ թե գաղափարական, ոչ թե վեհանձն, այլ շահավետ, գրպանային, ստամոքսային մտածելակերպ ունեցող մասնագիտությունները, մտավորականությունը չի կարող կայանալ: Ես վստահ եմ, որ Մաշտոցի պահանջը կար օդում կախված, երբ Մաշտոցը «ծնվեց», ավելի քան վստահ եմ, որ Կոմիտասի և Նժդեհի պահանջարկը կար օդում կախված: Եվ պատահական չէր նաև մերօրյա հերոսների ծնունդը՝ նրանց պահանջը կար. պահանջը կար, որովհետև հասարակությունը պատրաստ էր այդ պահանջը դնելու: Եվ այսօր բացթողումը, կարծում եմ, կրկին մտավորականությանն է, որը պիտի կարողանա, այս հոգևոր և մտավոր շրջափակումը, որը տեղի է ունենում հենց Հայաստանի մեջ, ոչ թե դրսից, ճեղքելով, լույս աշխարհ գալ և դնել այդ պահանջը՝ մերօրյա սևակների, կոմիտասների, նժդեհների, մաշտոցների, որպեսզի մերօրյա երիտասարդությունն ունենա այն փարոսը, տեսլականը, ուր ինքը պետք է գնա: Եթե մենք չհանդգնենք ճեղքել շրջափակման այդ օղակը, մեզանից զատված ամբիոններին հասնել և բարձրաձայնել այն ցավը, խնդիրը, որ գոյություն ունի մեր երկրում, մենք վաղը կրկին կանգնելու ենք նոր Կարսի անկման առջև, կանգնելու ենք նոր դեկտեմբերի 2-ի առջև, այսինքն՝ պետականության կորստի, որովհետև խամաճիկացող ազգը, որը չի հասկանում, չի գնահատում իր անկախության գինը, չի կարող պահել այդ անկախությունը: Նապոլեոնն ասում էր, որ ամենահզոր բանակն անգամ անզոր է պաշտպանել մի երկիր, որը պաշտպանված չէ իր ժողովրդով: Իսկ եթե մենք այս ճանապարհն ենք ընտրել, վաղը այս ժողովուրդը չի ուզենալու պաշտպանել այս հայրենիքը, որովհետև այս հայրենիքը...
_ Ասոցացվում է իշխանությունների հետ:
_ Նժդեհը պիտի ասեր. «Վատն է այն հայրենիքը, որի զավակները հավասար չեն մահվան և օրենքի առջև»: Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ մենք շատ անելիք ունենք, և մեր, օտար բառով ասեմ`տանդեմը մի փոքր ավելի ավագ սերնդի, կայացող մտավորականության կամ կայացած մտավորականության և երիտասարդ սերնդի, որոնք, կարծես, արժանապատիվ տեսակ ունեն, նախ և առաջ, ինքնահարգանք ունեն և ազգային նկարագիր. այդ երկու տեսակների զորակցումը և համախմբումն է, որ վաղը բերելու է ինչ-որ հաջողության, այլապես և մենք, և դուք դատապարված եք նորից հոգևոր անապատներում դեգերելու: Նժդեհը, հայրերի դեմ որդիների պայքարին ուղղված, պիտի ասեր. «Եթե դու չես և պիտի չդառնաս այն փրկարար սերունդը, որը պիտի փրկե մեր ազգը, ապա հայ ժողովրդին մնում է մեկ հատիկ ճանապարհ՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը»: Ձեր միջոցառումներին հաճախ ներկա լինելով, տեսնելով այն, ինչ կատարվում է Ձեր միջոցառումներին, վստահ եմ, որ Ձեզ նման մարդիկ և այն ջիղը, այն ցավը, այն նվիրումը, այն հոգևոր հզոր հենքն ունեցող սերնդին հաղթել չի լինի: Բայց որպեսզի այդ սերունդը ոչ միայն չպարտվի, այլև հաղթանակող սերունդ լինի և կերտի վաղվա ավելի հզոր և ավելի կայացած Հայաստանը, վստահ եմ, որ զորակցությունն այսօրվա կայացած ազգային նկարագրով մտավորականության հետ ավելի քան առկախ է օդում, և այդ զորակցումը, այդ համախմբումը պետք են: Կուզենայի Ձեր խոսքն ասեիք՝ այն, ինչ կուզենայիք հղել այսօրվա երիտասարդությանը, որովհետև կարծում եմ՝ Ձեզ նման ակտիվ և ազգային նկարագիր ունեցող, հանգիստ չունեցող, և ազգային-պետական ցավերը սեփական ցավից չզատող երիտասարդ այդ տեսակի խոսքը կարևոր է այն երիտասարդության համար, որը դեռևս կողմնորոշված չէ, թե ինքն ով է:
_ Շնորհակալություն: Գուցե տարօրինակ հնչի, բայց ես ուղղակի կասեմ՝ մի վախեցեք քիչ սնվելուց. մարդ կարող է 40 և ավելի օր չուտելով ապրել: Մի արթնացրեք բնազդները ձեր մեջ, որովհետև մարդը գաղափարապես այնպիսի էակ է, որ պիտի ապրի առանց բնազդի: Մի վախեցեք վատ հագնվելուց, մի վախեցեք վատ քնելուց, մի թերագնահատեք ձեր ֆիզիկական և հոգևոր ուժը և հաճախ գնացեք ինքնազոհաբերման՝ ազնիվ, լուսավոր ու առողջ գաղափարների: Շատ կարդացեք, շատ: Երբ ասում եմ շատ կարդացեք, այն ամենը, ինչ ասում եմ, ես առաջին հերթին ուղղում եմ ինձ, ընկերներիս, և մյուսներին. շատ կարդալ սեփական պատմությունը, սեփական գրողներին, հետո գրականության այլ նմուշներին ծանոթանալ, գաղափարախոսներին, ճանաչել ազգային հերոսներին, Եռաբլուր գնալ գոնե ամիսը կամ երկու ամիսը՝ մեկ անգամ և ծաղիկներ դնել նաև այն շիրիմներին, որոնք ինչ-ինչ տխուր պատճառներով մեզ այնքան էլ հայտնի չեն: Շնորհակալություն հայտնելով Մոնթեին, Վազգեն Սարգսյանին՝ մարդկանց, որոնց անունները, փառք Աստծո, հաճախ մենք լսում ենք՝ կան անուններ, որոնք շատ քիչ են հնչում. նրանց շիրիմներին ծաղիկներ դրեք, անուն-ազգանունը կարդացեք, կարդացեք, թե քանի տարեկան հասակում են նրանք մահացել. Արցախյան ազատամարտում 20 տարին բոլորած երիտասարդը գնաց ու գաղափարապես պայքարեց. չմահացավ, որովհետև գաղափարապես պայքարեց: Վերադարձեք տուն, և թող ձեր խղճի խայթը միշտ բաց լինի. այդպես ապրելը շատ ցավոտ է, երբ արթուն է միտքդ, սիրտդ գաղափարդ, բայց միայն այդպես է հնարավոր արձագանքել ստոր, ցածր, նաիվ երևույթներին: Ես չեմ ուզում՝ ասելիքս հնչի շատ բարձր, բայց ես ուզում եմ, որ վաղը, մյուս օրը, երբ կծնվեն մեր երեխաները, ունենան այն հայրենիքը, որը կունենա շարունակություն, կունենա ապագա, կունենա ուժ, կլինի ներկայանալի: Շատ հաճախ մեր ծնողներն ասում են՝ դե, մենք այս ռեսուրսը չունենք, դե, մենք սա չունենք, դե, մենք նա չունենք. մենք շատ բան ունենք. ես ուզում եմ, որ հենց հիմա, այսօր այդ գիտակցումն ամրապնդվի՝ մենք ունենք ամեն բան հզորանալու, կայանալու և դառնալու թելադրող, և ոչ թե թելադրվող: Մի վախեցեք քիչ սնվելուց:
_ Մենք ունենք ամենակարևոր ռեսուրսը, որն աշխարհում շատ քիչ ազգեր ունեն. դա հոգևոր և մտավոր ռեսուրսն է: Եվ վստահ եմ, որ Ձեզ նման երիտասարդության շնորհիվ այդ ռեսուրսը պիտի դառնա գերակա նախ Հայաստանում, ապա նաև մեր ազգի, մեր պետականության նկատմամբ հարգանք ներշնչի բոլոր օտար երկրների մոտ, և ապա նաև ստիպի հաշվի նստել մեզ հետ:
Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք:
Տաղավարում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լիլիթ Հարությունյանն էր, մեր քննարկման թեման՝ ազգային երիտասարդություն, հայու տեսակ կրող երիտասարդություն, և արդյոք սերունդն այն է, որին սպասում ենք որպես վաղվա օրվա հայ այն մտավորականը, որը պիտի կայացնի և ավելի զորեղ դարձնի հայ պետականությունը: Շնորհակալություն, ձեզ հետ «Հայու տեսակ» հաղորդաշարն էր, դուք «Լրատվական ռադիոյի» եթերում եք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan