Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Միայնակ խաչակիրը. մի կարևոր հայի մասին՝ Վահան Քարտաշյան. «Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Քարտաշյանը մտնում է Թուրքիայի հյուպատոսի մոտ և իր ստացած բոլոր պարգևները, շքանշանները նետում է երեսին և հրաժարական տալիս: Ահա այդ պահից սկսվում է պայքարը: Նախ պայքարում էր Ցեղասպանության հետևանքները մեղմելու համար: Իր կապերով կարողացել է ամերիկյան մամուլում նյութեր տպագրել և իրազեկությունը բարձրացնել: Երբ 1918թ. մայիսին ՀՀ հռչակեց իր անկախությունը, դեկտեմբերին Վահան Քարտաշյանը ստեղծեց մի կազմակերպություն՝ «Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե» անունով, որից, ըստ էության, հետագայում ճյուղավորվեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակները: Ըստ էության, ինքն է այդ ամբողջի հիմնադիրը, որի նպատակն էր Միացյալ Նահանգներին ճանաչել տալ Հայաստանի Հանրապետությունը, որը շատ-շատ կարևոր էր: Եվ նրա աշխատանքները պսակվեցին հաջողությամբ. 1920թ. ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչեց ՀՀ անկախությունը:

Հաղորդման սղագրություն

_ Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջո՛ւյն, պրն. Պապյան:
_ Բարև ձեզ:
_ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք Վահան Քարտաշյանի մասին: Այս ազգանունը միգուցե ոմանց ծանոթ է. եթե հիշում եք, երբ Հայաստանում էր Քիմ Քարդաշյանը, նրան նվիրեցին Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռը»՝ Արա Պապյանի հրատարակությամբ, և այդ ժամանակ խոսվեց նաև Վահան Քարտաշյանի մասին, որը մեծ դեր է ունեցել Իրավարար վճռի պահպանման գործում: Պապյանի կենտրոնում՝ «Մոդուս վիվենդի»-ում, եթե չեմ սխալվում, կա Վահան Քարտաշյանի անվան սենյակ: Հիմա կծանոթանանք Վահան Քարտաշյանին:
_ Այսօր, երբ հնչում է Քարտաշյան ազգանունը, բոլորը Քիմ Քարդաշյանին կամ Քարդաշյան ընտանիքին են հիշում: Աշխարհն արդար չէ, երբեմն մարդկանց, ովքեր ավելի քիչ դերակատարություն են ունեցել, ավելի շատ են հիշում, քան նրանց, ովքեր ունեցել են մեծ դերակատարություն: Ինչո՞ւ եմ կարծում, որ Վահան Քարտաշյանի դերը մեծ է. բազմաթիվ հայանպաստ գործեր է արել, բայց նշեմ կարևորագույնը, հետո արդեն կանդրադառնամ նրա կենսագրությանը: 1924թ. օգոստոսի 6-ին Լոզանում Թուրքիայի և Ամերիկայի միջև ստորագրվել է մի պայմանագիր, որով պետք է վերահաստատվեին 1917թ. ապրիլին խզված դիվանագիտական հարաբերությունները: 1927թ. այդ փաստաթուղթը մտավ Միացյալ Նահանգների Սենատ. ըստ գործող Սահմանադրության, որպեսզի փաստաթուղթը կյանքի կոչվեր, պիտի արժանանար 2/3-ի հավանությանը, բայց մերժվեց: Սա շատ կարևոր հանգամանք էր, և այսօր էլ կարևոր է. առաջինը՝ մերժումը, երկրորդը՝ մերժման հիմնավորումը: Հիմնավորումը հետևյալն էր. քանի դեռ Թուրքիան չի իրականացրել Վիլսոնի Իրավարար վճիռը, ապա Միացյալ Նահանգները չի կարող հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որովհետև, ըստ էության, իրենք գործելու են իրենց իսկ նախկին որոշման վերաբերյալ: Իսկ ո՞րն էր այդ որոշումը: Այդ մասին մենք բազմիցս խոսել ենք. դա Իրավարար վճռով Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մի մասի հանձնումն էր Հայաստանի Հանրապետությանը: Մինչ բուն թեմային անցնելը, ես կուզեի ցույց տալ հենց այդ ժամանակների մի հետաքրքիր փաստաթուղթ, որում նաև Վահան Քարտաշյանի ներդրումը կա, որովհետև նա մշտապես նամակագրություն է ունեցել Ազգերի լիգայի հետ. օրինակ՝ սա Ազգերի լիգայի ինֆորմացիոն բաժնի պաշտոնական հրատարակություն է: Այս սխեմատիկ քարտեզի վրա տեսնում ենք, որ ՀՀ և Թուրքիայի սահմանը հստակ նշված է Վանից հարավ, այսինքն՝ ուժի մեջ է համարվում Իրավարար վճիռը: Սա 1924թ. Ազգերի լիգայի կողմից տպված քարտեզ է: Այս ամբողջը պահպանվում էր Վահան Քարտաշյանի նման մարդկանց ջանքերով: 1927թ., երբ Սենատը մերժեց նման հիմնավորմամբ, այն այլևս երբեք Սենատում չքննարկվեց, չհաստատվեց և հետագայում, մինչևիսկ, հետ կանչվեց: Ո՞վ էր Վահան Քարտաշյանը: Նա ծնվել է 1883թ. Կեսարիայում: Նրա հայրն է եղել Նազար աղան, ինչպես ասում էին, իսկ մայրը՝ Մարիամ Քալայչյանը, ունեցել են երկու որդի՝ Կարապետը և Վահանը, մեկ քույր: Կրթություն է ստացել Բարսեղ Կեսարացու հայկական դպրոցում, ապա 10 տարի սովորել է ֆրանսիական լիցեյում, հետո 2 տարի ամերիկյան Թալասի քոլեջում՝ այս բոլորը Թուրքիայում: Ինչ հետաքրքիր է, որ հայ աշակերտն այդ ժամանակ կարող էր կրթություն ստանալ ֆրանսիական և ամերիկյան հաստատություններում: Երբ 1902թ.՝ 19 տարեկանում, նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, արդեն փայլուն տիրապետում էր ֆրանսերենին, անգլերենին, բնականաբար, նաև՝ հայերենին, որի շնորհիվ ընդունվեց Միացյալ Նահանգների լավագույն համալսարաններից մեկը՝ Յելի համալսարանը, և ստացավ իրավաբանական փայլուն կրթություն: 1908թ. ավարտեց, սկսեց իր մասնավոր գործունեությունը, ապա ամուսնացավ և, թվում էր՝ պիտի լրիվ ամերիկանար, ինչպես շատ-շատ հայեր: Ըստ էության, երիտասարդ տարիներին ազգային մեծ գործունեություն չի ծավալել, թեև գրել է երկու գիրք. մեկը կոչվում էր “ The ottoman empire in the 20th century”՝ «20-րդ դարի Օսմանյան կայսրությունը», մյուսը՝ “Actual life in the turkish harem”`«Թուրքական հարեմի իրական կյանքը»: Հետաքրքիր, նկարագրական գրքեր են, մեր կենտրոնում կան. այդ ժամանակ արևմուտքում սեր կար հարեմի, արևելյան այս տիպի կյանքի նկատմամբ: Ապա Քարտաշյանն աշխատել է Նյու Յորքի Օսմանյան կայսրության հյուպատոսարանում` որպես գլխավոր իրավախորհրդատու, որովհետև այդ ժամանակ երիտթուրքական հեղափոխությունից շատերն էին ոգևորված, թվում էր՝ հավասարություն է, եղբայրություն, և Վահանն էլ այդ ոգևորվածներից մեկն էր. մինչև 1915թ., երբ սկսվեց Ցեղասպանությունը: Կան վկայություններ, որ Քարտաշյանը մտնում է հյուպատոսի մոտ և իր ստացած բոլոր պարգևները, շքանշանները նետում է հյուպատոսին և հրաժարական տալով՝ դուրս է գալիս: Ահա այդ պահից սկսվում է, ինչպես ես վերնագրել եմ նրա մասին մի հոդվածը՝ «Միայնակ խաչակիրը», իր միայնակ խաչակրի պայքարը, որովհետև ինքն իսկապես միայնակ էր պայքարում: Նախ պայքարում էր Ցեղասպանության հետևանքները մեղմելու համար, և իր կապերով կարողացավ ամերիկյան մամուլում նյութեր տպագրել և իրազեկությունը բարձրացնել. «Armenian Press Bureau» գոյություն ուներ՝ Միհրան Սվազլիի գլխավորությամբ, միասին համագործակցում էին: Բայց երբ 1918թ. մայիսին ՀՀ հռչակեց իր անկախությունը, դեկտեմբերին Վահան Քարտաշյանն ստեղծեց մի կազմակերպություն՝ “Armenian committee for the independence of Armenia”՝ «Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտե» անունով, որից, ըստ էության, հետագայում ճյուղավորվեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակները: Ըստ էության, ինքն է այդ ամբողջի հիմնադիրը, որի նպատակն էր Միացյալ Նահանգներին ճանաչել տալ Հայաստանի Հանրապետությունը, որը շատ-շատ կարևոր էր: Եվ նրա աշխատանքները պսակվեցին հաջողությամբ. 1920թ. ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչեց ՀՀ անկախությունը՝ ի տարբերություն այն հանգամանքի, որ նրանք երբևէ չճանաչեցին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այստեղ մեծ դեր ուներ Վահան Քարտաշյանը, որովհետև նրան հաջողվեց ամերիկյան իշխանություններին բացատրել և ցույց տալ դրա անհրաժեշտությունը: Դա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները և նրա նախագահը պետք է ստանձնեին Իրավարար վճռի կայացումը, որն առանց ճանաչման չէր լինի: Այս կոմիտեն շատ ազդեցիկ էր, պատերազմի տարիներին այն գործնականում ղեկավարում էր Գերմանիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջեյմս Ջերարդը. պատկերացրեք՝ պատերազմի տարիներին Գերմանիան ազդեցիկ երկիր էր Ամերիկայի համար, որովհետև առաջին թշնամի երկիրն էր, և երբ 1917թ. ապրիլին պատերազմը հայտարարվեց, բնականաբար, Ջերարդը վերադարձավ Միացյալ Նահանգներ, իսկ պատվո նախագահն էր Չարլզ Էվան Սյուսը, որը հետագայում դարձավ Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Ասեմ, որ նա իր ելույթներում բազմիցս նշել է, որ Իրավարար վճիռն ուժի մեջ է: Այս ամենին մանրամասն անդրադառնում եմ, որովհետև դրանք շատ կարևոր հանգամանքներ են մարդու արածը գնահատելու համար. մենք երբեմն հիշում, պատվում ենք, փողոցներ ենք կոչում այն մարդկանց անունով, որոնք ոչ միայն խիստ անարժան են, այլև՝ դավաճան են՝ բոլշիկներին, Կասյանին, Միկոյանին, որի հերթական արձանն ուզում էին դնել: Կարդացեք հենց բոլշևիկների այդ ժամանակվա փաստաթղթերը, կհասկանաք՝ նրանք ովքեր են եղել: Եթե այսօր նման մարդիկ լինեին, հաստատ նրանց դավաճան կհամարեինք. չգիտեմ՝ ինչու անցյալում դա ներելի է: Իսկ Վահան Քարտաշյանն անմնացորդ նվիրված էր: Միայն մի փաստ բերեմ. 1934 թ. հունվարին, երբ Քարտաշյանը մահացավ, «Հայրենիք» ամսագրում տպագրվեց մի հայտարարություն, որը ժողովրդին դրամահավաքի կոչ էր անում, որ հոգան Քարտաշյանի թաղման ծախսերը, մի մարդու, որը 1915 թ.-ին, երբ սկսեց իր պայքարը, կես մլն դոլար ուներ, իսկ այն ժամանակ կես մլն դոլարն այսօրվա 10 մլնն է, հսկայական փող էր: Այսինքն՝ մարդն ամեն ինչով նվիրված էր, և արդյունքներն էլ շատ կարևոր են. պետք է գնահատենք ոչ միայն այն, որ նա նվիրված է եղել, որովհետև աշխարհում շատ են լինում նվիրված մարդիկ, այլ որ արդյունավետ գործեց. նա էապես նպաստեց Հայաստանի ճանաչմանը, նա կարողացավ նաև կազմակերպել հսկայական օգնության և վարկերի տրամադրում: Օրինակ՝ ԱՄՆ, ճանաչումից անմիջապես հետո, 11 մլն դոլար արտոնյալ վարկ տվեց Հայաստանին, որի մասին այսօր քչերն են խոսում, իսկ դա այդ ժամանակ մեծ գումար էր, և մոտավորապես 18 մլն դոլար էլ անհատուց օգնություն տրամադրեց, իսկ ամեն մի մլն դոլարը մարդկային հազարավոր կյանքեր էին, որ փրկվեցին: Երբ մենք կարդում ենք, որ ՀՀ-ն ցորեն էր գնում և օգնություն էր ստանում, այդ ամբողջը փող արժեր, իսկ դրա թիկունքին կանգնած էին Վահան Քարտաշյանի նման մարդիկ: Երբ Լոզանում Հայաստանը, ըստ էության, դուրս մղվեց բանակցային գործընթացից, որովհետև արդեն գոյություն չուներ, Քարտաշյանը, այդուհանդերձ շարունակեց իր պայքարը: Ասեմ, որ Քարտաշյանի թղթերը` “Papers of Vahan Qartashyan”, ոչ ամբողջությամբ, այլ՝ ինչ պահպանվել է, տպագրել է իրավաբան Կարպիս Եղյանը: Հետաքրքրվողներին խորհուրդ կտայի ծանոթանալ: Ջեյմս Ջերարդի արխիվը կորած էր, երկար ժամանակ չէր հաջողվում հայտնաբերել, որովհետև հետազոտողները որոնում էին կա՛մ Նյու Յորքում, որտեղ եղել է հիմնական գրասենյակը, կա՛մ մայրաքաղաք Վաշինգտոնում: Տարիներ առաջ ինձ հաջողվեց գտնել այդ արխիվը Միզոլայի համալսարանում, որն Ամերիկայի նահանգներից մեկում գտնվող փոքրիկ համալսարան է, որտեղ հայ չկա: Հետաքրքիր է՝ ինչ հնարավորություններ են այսօր տալիս նոր տեխնոլոգիաները: Այդ փաստաթղթերը գտնելու իմ տրամաբանությունը հետևյալն էր. եթե չկա այն նահանգներում, որտեղ աշխատել է, պիտի լինի այն նահանգներում, որտեղ ապրել է: Նյու Յորքում է ապրել, այնտեղ չկա, կարող է ապրած լինի այն նահանգում, որտեղից իր կինն է եղել: Այդ միջոցով հաջղվեց գտնել արխիվը: Ջեյմս Ջերարդի մահից հետո նրա արխիվը տեղափոխել և նվիրել են Միզոլայի համալսարանին: Արխիվի՝ հայերին վերաբերող հատվածը մոտավորապես 2500 էջ է, մի մասը կրկնույթուն է, բայց կան բացառիկ հետաքրքիր փաստաթղթեր, օրինակ՝ Միացյալ Նահանգների նախագահ Քուլիջի նամակը Ջերարդին, որը վերահաստատում է Իրավարար վճիռը և այլն: Այս ամբողջը Վահան Քարտաշյանի շնորհքն է եղել:
_ Պրն. Պապյան, իսկ ինչո՞ւ էիք Դուք այդ գործունեությամբ զբաղվում՝ ելնելով Վիլսոնի Իրավարար վճռի՞ց, դա՞ էր շարունակությունը, որովհետև եթե փորփրենք, պատմության մեջ բազմաթիվ այդպիսի հայեր են եղել, գոնե՝ ամերիկահայերի մեջ:
_ Ո՛չ, նման հայեր բազմաթիվ չեն եղել: Ամերիկահայերի մեջ նման մեծության քաղաքական գործիչ մենք չունենք: Եթե մենք նայենք ամերիկահայ լոբբիստների հաղթանակներին, ամենամեծ հաղթանակն այն է, որ Սենատը մերժեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատումը, մերժեց՝ հաստատելով Իրավարար վճիռը: Դրանից մեծ նվաճում մենք չենք ունեցել: Անգամ նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը, անգամ Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումն իրենց հետևանքային նշանակությամբ այդքան կարևոր չէին, որքան՝ սա: Եվ նման նվաճման թիկունքում Վահան Քարտաշյանն էր, որը գրեթե միայնակ էր այդ ամբողջն անում: Դրա համար պետք է հիշել Վահան Քարտաշյանի անունը: Արևմտյան Միացյալ Նահանգներում նրա անունով մի կոմիտե է կոչվում, բայց, ընդհանուր առմամբ, մոռացված է: Ես տարիներ առաջ գնացի Նյու Յորքի seider groff գերեզմանոցը, որտեղ նա թաղված է, ցավոք, չկարողացա գտնել գերեզմանը: Նրա անունը բացակայում էր ցանկերից, և ես ստացա բացատրություն, որ տասնամյակներ այցելություն չի եղել նրա գերեզմանին, թերևս գերեզմանի վրա վերաթաղում է կատարվել: Ես շատ վատ զգացի այդ փաստից, անգամ հոդվածիս հետգրության մեջ նշեցի՝ «ինչպիսի անարդար ճակատագիր»: Բայց շնորհիվ այն բանի, որ ես այս մասին խոսում և գրում եմ, իմ ընկերներից մի կին իր ընկերների հետ գնաց, որոնեց և գտավ գերեզմանը: Վերաթաղում չէր եղել: Խնդիրն այն էր, որ Քարտաշյան ազգանունն իրենք գրել էին անհասկանալի ձևով: Գրողը երևի կիսագրագետ ամերիկացի է եղել, գերեզմանին միայն հայատառ է գրված անուն-ազգանունը: Բնականաբար, չի եղել արտագրելու հնարավորություն, երևի մեկին ասել է՝ կարդա, ինքն էլ ինչ լսել՝ գրել է: Այսօր, երբ համակարգչով որոնում եք, Քարտաշյան չի բերում: Բայց հաջողվեց վերջերս՝ այս տարվա ընթացքում, փոփոխություններ մտցնել նաև ծրագրավորման մեջ, և Վահան Քարտաշյանի գերեզմանն արդեն կարելի է հեշտությամբ գտնել: Ես ընդհանրապես խորհուրդ կտայի Նյու Յորք այցելող և այնտեղ բնակվող բոլոր հայերին այցելել Վահան Քարտաշյանի գերեզմանին՝ ի նշան երախտագիտության և շնորհակալության: Ասեմ, որ Քարտաշյանը դեկտեմբեր 1-ին է ծնվել, այդ պատճառով մենք հիմա ենք խոսում նրա մասին: Նախորդ դեկտեմբերի 1-ին հնարավորություն չունեցանք խոսելու, որովհետև խոսում էինք ոչ պակաս կարևոր մի թեմայի՝ ԼՂԻՄ և ՀՍՍՀ միավորման փաստաթղթի մասին էինք խոսում: Հիշենք, որ Քարտաշյանը ծնվել է 1883 թ. դեկտեմբերի 1-ին, մահացել է 1934 թ. հունիսի 11-ին: Գոնե այս օրերին կարելի է հիշել, այցելել: Մահացել է բավականին երիտասարդ՝ 51 տարեկանում: Միացյալ Նահանգները շարունակում էր ճանաչել ՀՀ անկախությունը մինչև 1933 թ.. կարծեմ՝ հունվարին Հիտլերը եկավ իշխանության, և Միացյան Նահանգները հասկացավ, որ պատերազմն անխուսափելի է, ունեին դաշնակիցների կարիք, իսկ դաշնակիցների հետ հարաբերվելու համար պետք է իրավականորեն ճանաչես, և 1933թ. ճանաչեցինք ՍՍՀՄ գոյությունը, ինչ նշանակում է՝ դադարեցվեց Հայաստանի անկախության ճանաչումը: Եվ կա ԱՄՆ-ում մեր դեսպան Գարեգին Բաստրմաջյանին ուղղված նամակը, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Հայաստանի ճանաչումը, և կա 1933 թ.-ի նոյեմբերին Վահան Քարտաշյանի գրությունը, որում ասվում է, որ այլևս անելիք չունի: Եվ կես տարի հետո 51 տարեկանում մահացավ, որովհետև, ըստ էության, այն ամենը, ինչի համար ինքն ամբողջ կյանքն էր դրել և պայքարել էր, այլևս դառնում էր անմիաստ: Անգամ Վահան Քարտաշյանի համար շատ ծանր հարված լինելուց բացի անհավանական էր, որ Հայաստանը կանկախանա: Բայց դա 1934 թ.-ն էր, մոտ 60 տարի հետո Հայաստանն անկախ էր: Դրա համար երբեք պետք չէ հուսալքվել: Միշտ պետք է պատրաստել, զարգացնել համապատասխան հնարավորությունները, և այդ ամբողջը մի օր կարող է իրականություն դառնալ: Ես սա ասում եմ, որովհետև մենք արդեն տարիներ ի վեր միասին խոսում ենք տարբեր թեմաների մասին, շատերն ասում էին՝ Թուրքիան անսասան է, հնարավոր չի կործանվի, կամ քրդերը երբեք կարևոր չեն, մենք այսօր տեսնում ենք՝ քրդական գործոնի ինչպիսի էական առաջընթաց կա, քրդական պետության ստեղծման հնարավորության աճ կա, լինի՝ Սիրիայում, Իրաքում կամ Թուրքիայում, մենք տեսնում ենք արևմուտք-Թուրքիա բավականին լարված հարաբերություններ, տեսնում ենք, որ Թուրքիայի հասցեին ԻՊ-ին աջակցելու մեղադրանքներ են հնչեցնում, հնչում է նաև արևմուտքի կողմից, տեսնում ենք, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն են լարվում: Ընդհանրապես, շատ դժվար է կանխատեսել՝ ինչ է տեղի ունենում և ինչ տեղի կունենա, բայց ես միշտ առաջնորդվել եմ մի շատ պարզ տրամաբանությամբ, որ աշխարհում պետությունները ստեղծվում են, կործանվում են, իրավիճակները փոփոխվում են, հետևաբար գալու է մի օր, և մոտենում է այդ օրը, որ Միացյալ Նահանգների Սենատում կայացված այդ որոշումը կդառնա էական, որովհետև ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները, իրենց իսկ շահերից ելնելով, ինչպես շատ երկրներ այսօր Ցեղասպանության հարցն օգտագործում են որպես մահակ Թուրքիայի գլխին խփելու և ինչ-որ բաներ կորզելու համար, պիտի օգտագործի այս Իրավարար վճիռը և Վահան Քարտաշյանի արածները՝ Թուրքիայի դեմ իրավական պայքար մղելու և ինչ-որ բաներ պոկելու համար: Այդ ժամանակ մենք կնկատենք, որ Վահան Քարտաշյանի դերն անուրանալի է: Ես պարզապես կուզեի կոչով դիմել քաղաքային իշխանություններին, որպեսզի Վահան Քարտաշյանի անունով գոնե մի փողոց կոչվի: Մենք շատ անարժանների անուններ ենք հավերժացրել Հայաստանում: Արժի, որ Վահան Քարտաշյանն իր հայրենիքում հիշվի:
_ Շնորհակալություն պրն. Պապյան: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Այս թողարկումը նվիրված էր, ինչպես նշեց պրն. Պապյանը, ամերիկահայ ամենագլխավոր գործիչներից մեկին՝ Վահան Քարտաշյանին: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Հաջողություն:

 

 

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan