Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ուշադրություն վարորդներ՝ ձեր կյանքը թեթևանում է. «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 

Ուշադրություն մուգ ապակիներով, առանց տեխզննման ու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներ՝ ձեր տուգանային կյանքում լուրջ փոփոխություններ են արձանագրվել: Պատիժները խստանում են՝ տուգանքները նվազում: Բոլոր մանրամասները ներկայացնում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հաղորդման սղագրություն:

Ողջույն բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ինչպես գիտեք, մենք թե՛ ԱԺ-ում, թե՛ մեր ռադիոհաղորդման շրջանակում բազմիցս անդրադարձել ենք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ կապված տուգանքների անհամաչափությանը, անիրավաչափության խնդիրներին, անհարկի վարչարարության արդյունքում առաջացող հարցերին՝ մարդկանց բանկերից ԴԱՀԿ տանել-բերելուն, շատ նվազ, հասարակական վտանգավորություն չունեցող խախտումների համար միլիոնավոր դրամներով տուգանելուն և բռնագանձելուն: Շատ լուրջ քննադատության արդյունքում ես երեք նախագիծ եմ ներկայացրել, որոնք մերժվել են, չեն ընդգրկվել ԱԺ-ի նստաշրջանի օրակարգում, որի հետևանքով կառավարությունն, ըստ էության, նոր նախագիծ է ներկայացրել, որ իր կողմից այս խնդիրները շտկվեն: Վաղն ԱԺ-ում այս նախագիծը քննարկվելու է, ըստ դրա, մի շարք դրական փոփոխություններ են կատարվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ինչպես նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծով, փոփոխություններ կան նաև «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում: Սա մի ամբողջական փաթեթ է, որով փորձ է արվում, ըստ էության, լուծել համակարգում առաջացած այն խնդիրները, որի հետ կապված կան լրջագույն դժգոհություններ: Կառավարությունն առաջարկում է, որպեսզի այս փոփոխություններով դառնա օրենք, և մեր քաղաքացիների՝ իմ կողմից արդեն նկարագրված խնդիրները մի մասով շտկվեն, որովհետև ես գտնում եմ, որ ամբողջական խնդիրների լուծումն այստեղ տրված չէ: Ամեն դեպքում, նախագիծը դրական միտում ունի, ներկայացվում է հետևյալը. առաջին կարևոր փոփոխությունը, որ անհրաժեշտ է ներկայացնել, մեքենայի դիմապակու կամ հողմապակու (երկու ձևն էլ օգտագործում են) թաղանթապատված վիճակին է վերաբերում: Սրա հետ կապված ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ արդեն պետք է խիստ լինել, հսկել, որովհետև փորձը ցույց է տվել, որ մահվան ելքով դեպքեր են եղել՝ վթարներ, վրաերթեր, որոնց պատճառն ուսումնասիրություններով պարզվել է, որ նաև հողմապակու մգեցված լինելն է, ինչը սահմանափակել է տեսանելիությունը: Գործող օրենսդրությամբ, եթե չի համապատասխանում նորմերին, այսինքն՝ այնքան է մգեցված, որ անցնում է սահմանված նորմը, ապա նախատեսված է 50.000 դրամի չափով տուգանք, նաև պետք է այդ հեռացվի թաղանթը: Փաթեթում առաջարկվում է տուգանքը նվազեցնել և հասցնել 30.000 դրամի՝ պակասեցնել 20.000 դրամով, նաև խրախուսական նորմ է նախատեսված այն պարագայում, երբ մինչ լիազորված մարմնի պաշտոնատար անձի, այսինքն՝ ոստիկանության ներկայացուցչի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացումը վարչական իրավախախտում կատարած անձը վերացնում է թույլ տված իրավախախտումը: Պատկերացրեք՝ ՃՈ տեսուչը կանգնեցրել է մեքենան, ասում է՝ ես սարքով ստուգեցի, և ձեր մեքենայի հողմապակին այնքան է մգեցված, որ նորմերը խախտված են, և ես կարող եմ կազմել վարչական իրավախախտման արձանագրություն, տուգանք՝ 30.000 դրամ: Այս պարագայում քաղաքացին կարող է տեղում թաղանթը պոկել, մաքրել և որևէ կերպ վարչական պատասխանատվության չենթարկվել: Մյուս փոփոխությունը վերաբերում է տեխզննման կտրոնը չփակցնելուն և հաշվառման կտրոն չունենալուն. Վարչական իրավախախտումների գործող օրենսգրքով եթե ուժի մեջ եղած տեխզննման կտրոնը հողմապակու համապատասխան վայրում փակցված չէ, բայց վարորդի մոտ է, ասենք՝ պոկվել է, չի հասցրել կպցնել, կապ չուներ, դրա համար նախատեսված էր 20.000 դրամ տուգանք: Այսօր առաջարկվում է խնդիրը հետևյալ կերպ լուծել. տուգանքն ընդհանրապես հանվում է, ուղղակի, եթե մեքենան կանգնեցվել է, տեսուչը հայտնաբերել է, որ հողմապակու վրա փակցված չէ տեխզննման կամ հաշվառման կտրոնը, հարցնում է, թե արդյոք վարորդն ունի այդ կտրոնները և արդյոք ուժի մեջ են, և եթե ցույց է տալիս, ապա ոչ մի խնդիր չկա, իսկ չունենալու պարագայում արդեն տեխզննում չանցնելու հետ կապված հարց է առաջանում, որի համար մենք առանձին կարգավորում ունենք, տուգանքը նախատեսված է. դա արդեն ճիշտ է, եթե խոսքն իրական տեխզննման մասին: Այլ բան է, որ մենք տեխզննման հետ կապված այլ խնդիրներ ունենք. բոլորս էլ գիտենք, ես նաև ԱԺ-ում բարձրաձայնել եմ այս հարցը, որ մարդիկ բանկերից գնում են տեխզննման կտրոնը, փակցնում հողմապակուն, և վերջ, մեքենաները տեխզննում չեն անցնում. այսինքն՝ տվյալ իրավիճակում մենք ուղղակի ունենք ձև և ոչ՝ բովանդակություն: Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ մենք կամ պետք է Վրաստանի փորձը որդեգրենք, որտեղ միայն մասնավոր անձանց ավտոմեքենաների դեպքում ընդհանրապես հանվել է տեխզննումը, կամ իրական տեխզննում անցկացնենք և ոչ թե ուղղակի զբաղվենք թուղթ վաճառելով: Այս հարցում Տրանսպորտի նախարարությունն ունի հսկողության իրավասություն, և այս հարցը քննարկել ենք Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության մշտական հանձնաժողովում, թուղթ վաճառելու երևույթը շատ սուր քննադատության է ենթարկվել, և պետք է, որ շտկեն, վերանայեն, զեկուցեն ԱԺ-ին: Մյուս խնդիրը կապված է կեղծ համարանիշի հետ: Այս դեպքում, ըստ էության, խստացում է նախատեսվում. այսինքն՝ եթե մարդը կեղծ համարանիշ է օգտագործում, և դա պարզվում է, գործող օրենսդրությամբ տուգանքը 100.000 դրամ էր, հիմա՝ 200.000 դրամ է: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ ուղղակի կեղծ համարանիշեր են տեղադրել մեքենայի վրա և հանգիստ, մեծ արագությամբ, խախտումներ թույլ տալով վարել են մեքենան և որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, եթե, իհարկե, ՃՈ տեսուչը նրանց որևէ տեղ չի կանգնեցրել, քանի որ միայն տեսանկարահանող սարքերով հնարավոր չէ դա հայտնաբերել, որովհետև այդ սարքը հայտնաբերում է խախտում, համարանիշ, բայց կեղծ է, բազայում չկա, որ հնարավոր լինի այդ մարդու հետ կապված վարչական արձանագրություն կազմվի: Մյուս կարևոր խնդիրը կապված է խմածության հետ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել: Ավելացվել է նոր՝ 244.1 հոդված, ըստ որի, շատ խիստ պատիժ է սահմանվում այն անձի նկատմամբ, ով չունի տրանսպորտային միջոցները վարելու իրավունք կամ այդ իրավունքից զրկված է, բայց վարում է տրանսպորտային որևէ միջոց: Այդ հոդվածում ասվում է, որ տրանսպորտային միջոցները վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո 1 տարվա ընթացքում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Այսինքն՝ եթե մարդ մեքենա վարելիս 2 անգամ վարչական տույժի է ենթարկվում և վարորդական իրավունք չունի, ապա 3-րդ անգամ ենթարկվում է քրեական պատասխանատվության՝ մինչև 3 ամիս կալանքով: Մյուսը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո 1 տարվա ընթացքում. սա ավելի խստացված է, և առաջարկվում է առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում: Մենք նաև այլ իրավակարգավորում ունենք, ըստ որի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո 1 տարվա ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Մենք գիտենք նաև, որ մեր Քաղաքացիական օրենսդրությամբ ավտոմեքենան վտանգի առավել մեծ աղբյուր է համարվում և, բնականաբար, կարող է մարդկային կյանքեր խլել կամ առողջությանը լուրջ վնաս հասցնել, եթե վարորդը սխալ է շահագործում է այն կամ ոչ սթափ վիճակում է: Քրեական օրենսդրության վերջին իրավակարգավորումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելն է. եթե մարդն ունեցել է վարորդական իրավունքի վկայական, սակայն զրկվել է, ապա ստացվում է, որ 2 խախտում է արել՝ վարորդական իրավունքից զրկված լինելով ավտոմեքենա վարելը, նաև՝ ոչ սթափ վիճակում վարելը: Սա քրեորեն հետապնդելի արարք է, և շատ խիստ պատիժ է նախատեսվում՝ ազատազրկում առավելագույնը 2 տարի ժամկետով: Սույն հոդվածով ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարել է համարվում նաև այն դեպքը, երբ անձը հրաժարվել կամ որևէ ձևով խուսափել է սթափության վիճակի զննություն անցնել: Բազմաթիվ դեպքեր են լինում, երբ անձն ուղղակի հրաժարվում է այդ զննությունն անցնել, և չկա իրավակարգավորումը, կամ խուսանավում է՝ հաջորդ օրը ներկայանալով, թե՝ կներեք, ես էի: Նրան տանում են ստուգման, և պարզվում է, որ խմած չէ, մինչդեռ երեկ խախտումը թույլ է տվել ոչ սթափ վիճակում, բայց խուսափել է այդ ստուգումից. այստեղ արդեն իրավակարգավորումն այնպիսին է, որ եթե անձը հրաժարվում կամ որևէ ձևով խուսափում է սթափության վիճակի զննություն անցնել, համարվում է, որ նա եղել է ոչ սթափ, այսինքն՝ խուսափելու համար հիմք կա, և այստեղ իրավախախտման հետ կապված լուրջ խնդիր կա: 2014թ. արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների՝ մոտավորապես 700.000 վարչական իրավախախտման դեպքում ակտեր կազմել են չսահմանված վայրերում կանգառի և գծանշումների խախտումների վերադասավորումների հետ կապված խախտումներ առիթով: Այս դեպքերը մենք շատ ենք քննադատել, որովհետև դրանք հանրային վտանգավորություն, ըստ էության, չեն ներկայացնում, բայց մարդիկ դրա համար մեծ տուգանքներ են վճարում: Ստացվում է, որ մի գիծ տրորելու պատճառով, թեև վթարային որևէ իրավիճակ չի ստեղծվել, մենք մարդուն նվազագույնը 5.000 դրամ տուգանում ենք: Այս առումով նոր մոտեցում է ցուցաբերված. եթե կանգառից հետո 1 րոպեն չի անցել, որովհետև տեսանկարահանող սարքերը գրանցում են նաև ժամանակը, այլ մեքենան ուղղակի կանգնել, ինչ-որ մեկին վերցրել կամ ինչ-որ մեկն իջել է մեքենայից, բայց վարորդը մեքենայից դուրս չի եկել-գնացել, նման իրավիճակներում վարորդը միայն կնախազգուշացվի: Նույնը կլինի նաև գծանշումների խախտման, վերադասավորման, մինչև լուսակիրը կանգառի գիծը խախտելու դեպքերում: Եթե վթարային իրավիճակ չի ստեղծվել, վարչական իրավախախտումը հանրային վտանգավորություն չի ներկայացրել, կառավարությունն առաջարկում է որևէ տուգանք չնախատեսել, միայն նախազգուշական մոտեցում ցուցաբերել: Մենք գիտենք, որ երբ ստանում ենք ակտերը, այտեղ կա հատուկ կոդ, որով ոստիկանության կայքից՝ Police.am-ից, կարողանում ենք տեղեկանալ, նաև դիտել մեր կատարած վարչական իրավախախտումների տեսանյութերը և հասկանալ, թե ինչ խախտում ենք թույլ տվել: Հետևաբար, մարդկանց չեն ծանուցի փոստային կարգով, իմաստ չկա ծախս անելու, որովհետև չեն տուգանում, բայց այդ նախազգուշացումների տեսանյութերը կտեղադրվեն կայքում: ԱԺ-ում քննարկումների ընթացքում մենք նաև առաջարկել ենք, որ, եթե հնարավոր է այն խախտումների դեպքում, որի համար վարչական տուգանք պետք է կիրառվի, այդ տուգանքի արձանագրության և փաստաթղթերի հետ միասին վարորդին նաև մեկ էջի սահմաններում տեղեկություն ուղարկվի, թե իր վարած մեքենայով էլ ինչ խախտումներ է թույլ տրվել և նախազգուշացվել, սակայն, հնարավոր է, որ մինչ այդ նա կայք չի այցելել, չի տեսել, չի իմացել: Սա դաստիարակչական, կանխարգելիչ բնույթ կարող է կրել, ինչը, ըստ էության, Վարչական իրավախախտումների օրենսգրքի հիմնական առաքելությունն է: Բարձրացվել են նաև ոչ սթափության հետ կապված տուգանքները՝ 100.000 դրամից դառնում է 150.000 դրամ: Երկրորդ մասով ավելի խստացվում է, արդեն նկարագրեցի իրավիճակը, 150.000-ից դառնում է 200.000 դրամ, և չորրորդ մասով՝ 150-ապատիկի փոխարեն, այսինքն՝ 150.000 դրամի փոխարեն կրկին 200.000 դրամ է լինում, եթե նա խուսափում է սթափության զննություն անցնել, և եթե 1 տարվա ընթացքում կրկնվել է՝ արդեն քրեական հետապնդման խնդիր է առաջանում: Նաև ունենք կարգավորում, թե որ դեպքերում է վարորդը համարվում ոչ սթափ. ասվում է, որ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա 1լ արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից, կամ 1լ արտաշնչած օդի մեջ՝ 0.2 մգ-ից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութ: Մենք գիտենք, որ մարդը կարող է ոչ սթափ լինել նաև առանց ալկոհոլ օգտագործելու՝ տարբեր հոգեմետ դեղերով, տարբեր թմրանյութերով, դրա համար ասվում է՝ ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ այդ զննությունից նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող միջոցներ: Ինչո՞ւ է այս դրույթն ավելացվել. մի քիչ հումորային կարող է հնչել, բայց դեպք է եղել, երբ մեքենան կանգնեցվել է, և ոստիկանության տեսուչն առաջին հայացքից պարզել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է, և նրան առաջարկել են գնալ ստուգման և արձանագրություն կազմել: Նա տեղում հանել է օղու շիշը, խմել է և ասել՝ ես խմած չէի, հենց նոր խմեցի, հիմա խմած եմ և մեքենաս չեմ վարի, տեղում կթողնեմ-կգնամ, և ոտքով շարունակել է իր ճանապարհը: Պատասխանատվությունից խուսափելու համար շատ հնարամիտ մեթոդ է, բայց մյուս կողմից այս իրավակարգավորումն արդեն բացառում է նշված իրավիճակը, այսինքն՝ վարորդը չի կարող ոչ սթափ լինել և հետը ալկոհոլ ման տալ, որ կանգնեցնելու դեպքում ոստիկանության տեսուչի աչքի առջև խմի և ասի, որ նոր խմեց: Կարծում եմ՝ սա նույնպես շատ կարևոր առաջխաղացում է: Մյուսը վերաբերում է վարորդական իրավունքին. եթե համեմատենք Վրաստանի հետ, այնտեղ ճանապարհային երթևեկության կանոնների հսկողություն իրականացնող ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները մեքենայում ունեն ամբողջ երկրի վարորդական իրավունք ունեցողների բազան, և մեքենան կանգնեցնելուց հետո անուն-ազգանունով ստուգում են և արդեն գիտեն՝ այդ մարդն ունի՞ վարորդական իրավունք, թե՝ ոչ: Մենք ճանապարհային ոստիկանության մեքենաների մեջ տեղադրված համակարգչում դեռևս չունենք այդ բազան, և եթե մարդը կանգնեցվել է, և պարզվել է, որ մոռացել է վարորդական իրավունքը, որևէ տուգանք չի հասնում, եթե նա 24 ժամվա ընթացքում բերում և ներկայացնում է իր վարորդական իրավունքը: Կարծում եմ՝ սա նույնպես խրախուսական նորմ է: Մենք միշտ քննադատում էինք, որ այս օրենսդրության և վարչարարության ամբողջ իմաստը գումարներ գանձելն է, բայց եթե մոտեցումներն այս կերպ փոխվեն, կանխարգելիչ լինեն և նախազգուշական, մենք այս առումով այլևս խնդիրներ չենք ունենա և կարող ենք ասել, որ սա մեզ համար շատ լուրջ և կարևոր առաջխաղացում էր: Վերջին և ամենակարևոր հանգամանքը. նախատեսվում է համաներում, որը մեկ անգամ արդեն եղել է: 20-րդ հոդվածում նշված է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ տասնյակ հոդվածներով (այնտեղ նշվում են հոդվածները), նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում վճարելու, վճարված լինելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը և ԴԱՀԿ մասին օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Այսինքն՝ եթե մարդիկ նշված հոդվածներով ունեն տուգանքներ այս 1 տարվա ընթացքում՝ 2012թ. հունվարի 1-ից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 11-ին, կարող են վճարել այդ տուգանքներն իրենց նախնական չափով և ազատվել դրա կրկնապատկման կամ վերջին փոփոխություններով՝ 25%, 50% ավելացումների հետ կապված հավելյալ տուգանքներից, ինչպես նաև կազատվեն ԴԱՀԿ կատարողական ծախսերը վճարելուց, այսինքն՝ հնարավորություն է տրվում վճարել նախնական գումարներով: Ես կրկին նշում եմ, որ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին բազմիցս խոսել ենք, կշարունակենք մեր լոբբինգը թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Շնորհակալություն, այսօր այսքանը: Մենք խոսում էինք ճանապարհային երթևեկության կանոնների փոփոխությունների մասին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն էր, և ձեզ հետ էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan