Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արդարություն՝ շուտով բոլոր դատարաններում. «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Պաշտպանված սեփականություն, արժանապատվություն, ազատություն, արդար դատաքննություն. սա այլևս հեքիաթ չէ:  ՀՀ բոլոր քաղաքացիներն արդեն  պաշտպանված են նոր օրենքով՝ ոչ նյութական վնասի հատուցում:

Հաղորդման սղագրություն

Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Երեկ ԱԺ-ում աշխատանքներն ավարտվեցին, և կարող ենք ասել, որ իրապես շատ ծանր տարի էր: Սա այս տարվա վերջին հաղորդումն է, որի շրջանակում ես կներկայացնեմ մի շատ կարևոր նախագիծ, որը երեկվա նիստում 2-րդ ընթերցմամբ վերջնական ընդունվեց և որևէ կերպ լուսաբանման առարկա չդարձավ, և մեր քաղաքացիները չիմացան, թե ինչ կարևոր նախագիծ ընդունվեց խորհրդարանում: Ես պետք է նշեմ, որ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղված մարդ, իրավապաշտպան, փաստաբան՝ ես շատ եմ կարևորում այս նախագիծը. այն վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը: ՀՀ-ում նման ինստիտուտ երկար տարիներ գոյություն չուներ, հետո փուլ առ փուլ այն ներդրվեց, առաջին անգամ որպես զրպարտության, վիրավորանքի գործերով փոխհատուցում, հետո նաև ներդրվեց եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով: Հիմա վերջնական կարգավորում է տրվում, որովհետև մենք ժամանակին լուրջ քննադատության առարկա դարձրեցինք այն, որ պետք է կոնվենցիոն բոլոր հոդվածների վերաբերյալ ունենանք այս կարգավորումը, որ մեր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման դեպքում նրանք հնարավորություն ունենան ստանալու բարոյական վնասի փոխհատուցում: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ-ի մի շարք վճիռների ճնշման ներքո, դրանից հետո նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումների արդյունքում Քաղաքացիական օրենսդրությամբ վերջապես ներդրեց բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը մեզ համար շատ կարևոր կլինի այն պատճառով, որ ՄԻԵԴ գնալու փոխարեն շատ խնդիրներ կլուծվեն Հայաստանում և Եվրոպական դատարանում դրա հետ կապված մեծ գումարներ չենք վճարի: Նախկինում տեղի էր ունենում մարդու իրավունքների խախտում, որը ճանաչում էին նաև Հայաստանի դատարանները, սակայն քանի որ չունեինք բարոյական վնասի փոխհատուցում, այդ հարցը ՀՀ դատական համակարգում չէր քննարկվում, և դատական համակարգում այդ բարձրացված պահանջներն ուղղակի առանց քննության էին թողնվում՝ ասելով, որ մենք չունենք նման իրավակարգավորում, մինչդեռ մենք միշտ հղումներ էինք կատարում ՄԻԵԴ-ի որոշումներին՝ նշելով, որ ԵԴ-ի նախադեպային իրավունքը կիրառելի է ՀՀ-ում, և դուք պարտավոր եք այն կիրառել: Վերջապես մենք ունենք Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններ, որոնց համաձայն ներդրվում է բարոյական վնասի ինստիտուտը: Նախ ասեմ, թե որ դեպքերում անձը կարող է ներկայացնել նման պահանջ: Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն, իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատվել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները: Ես հիմա կարդում եմ այն իրավունքների ցանկը, որոնց խախտման դեպքերում մենք կարող ենք ներկայացնել նման պահանջ:
Առաջին՝ կյանքի իրավունքը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը:
Երկրորդ՝ խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկին խոշտանգումների են ենթարկել, դա ապացուցված է, կա հարուցված քրեական գործ, պատասխանատվության ենթարկված անձ, սակայն լուծված չէ բարոյական վնասի փոխհատուցման հարցը, այն կարող է լուծվել ընդունված այս օրենքով:
Երրորդ՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Խոսքը անձին անազատության մեջ ապօրինի պահելու մասին է: Եթե իմ անձնական անեռնմխելիության իրավունքը սահմանափակվել է, օրինակ՝ նախաքննական մարմնի հստակ որոշման համաձայն ինձ 3 օր պետք է պահեին ձերբակալված անձանց համար նախատեսված վայրում, սակայն ոստիկանության ՁՊՎ-ում պահել են 5 օր, հետևաբար այդ երկու օրվա համար ես կարող եմ հարց բարձրացնել, որ խախտվել է իմ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունք է:
Չորրորդ՝ արդար դատաքննության իրավունքը: Սա այն դեպքերում է, երբ պարզվում է, որ արդարադատաքննության իրավունքը խախտվել է: Այս իրավունքը շատ տարողունակ է, և սրա մեջ մտնում են մի շարք լրջագույն չափանիշներ. զենքերի հավասարությունը, որ կողմերը հավասար հնարավորություն ունենան իրենց ապացույցները ներկայացնելու և դատաքննության ընթացքում մրցակցելու, մյուս կողմից՝ անձի լսված լինելու, պաշտպան ունենալու իրավունքն է, իրեն հասկանալի լեզվով իր իրավունքները բացատրված լինելու իրավունքն է, ողջամիտ դատաքննության և մի շարք այլ իրավունքներ, որոնք ամփոփված են արդարադատաքննության իրավունքի մեջ:
Հինգերորդ՝ անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Սա լրջագույն, կարևոր իրավունք է՝ կապված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու հետ, որը պաշտպանում է մեզ երրորդ կողմի անհարկի միջամտությունից՝ մեր անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու կամ որևէ կերպ միջամտելու առումով: Եվ հոդվածի շարունակությունը բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է, օրինակ՝ գիտենք, որ բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշման հիման վրա, սակայն տեղի են ունենում լրջագույն, կոպտագույն խախտումներ՝ մարդկանց բնակարանները խուզարկում են առանց դատարանի որոոշումների: Նման դեպքում մենք այս հարցը կարող ենք բարձրացնել:
Հավաքների և միավորման ազատության իրավունքը. գիտենք, որ Հայաստանում այս հարցը շատ է քննարկվել, բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, տարբեր օրենքներ ենք ընդունել, փոփոխություններ կատարել և հիմա ունենք հավաքների մասին մեր օրենքը, որը տարբեր միջազգային կառույցների աշխատանքի արդյունքն է, և այսօր տեսնում ենք, որ հավաքների ազատությունը Հայաստանում, ըստ էության, որևէ լուրջ խոչնդոտի չի ենթարկվում, այսինքն՝ մարդիկ ազատորեն կարողանում են հավաքներ հրավիրել և իրականացնել, մինչդեռ տարիներ առաջ այս հարցի հետ կապված մենք լուրջ խնդիր ունեինք: Ճիշտ է՝ դեռ կան թերություններ, կան խնդիրներ իրավակիրառական պրակտիկայում, և այդ թերություններն ու խնդիրները դատարաններում բարձրացնելու արդյունքում մենք այսօր կարող ենք նաև բարոյական վնասի փոխհատուցում պահանջել, եթե մեր այդ իրավունքը վետ միջոցների իրավունքը: Սա նույնպես շատ կարևոր իրավունք է, երբ մենք կարողանում ենք ապացուցել, որ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից զրկված ենք եղել, այսինքն՝ պետությունը չի ապահովել իրավական պաշտպանության ապահովության այնպիսի մեխանիզմներով, որ մենք կարողանայինք մեր իրավունքի խախտված լինելու հարցը բարձրացնել տարբեր ատյաններում, և եթե մենք կարողանանք ապացուցել, որ չեն եղել արդյունավետ պաշտպանության միջոցներ, ուրեմն խախտվել է այս իրավունքը, և մենք կարող ենք ստանալ բարոյական վնասի փոխհատուցում:
Եվ վերջինը՝ սեփականության իրավունքն է, ինչը քաղաքական և քաղաքացիական իրավունքներից դուրս է, նաև կոնվենցիայի հիմնական տեքստում չկա, սակայն նշված է կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածում, որը նույնպես ՀՀ-ում թե՛ Սահմանադրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք է: Մենք Եվրոպական դատարանում սեփականության իրավունքի խախտման հետ կապված բազմաթիվ դեպքեր ունենք. հիշենք Բյուզանդի պողոտայի, Հյուսիսային պողոտայի գործերը, որոնք սեփականության իրավունքի ներքո են ներկայացվել, հիմա էլ ունենք Թեղուտի հետ կապված գործեր: Մի խոսքով, բազմաթիվ գործեր ունենք Եվրոպական դատարանում, որ հենց սեփականության իրավունքին են վերաբերում: Նախագծում նշվում է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ հղում է կատարում վարչարարության մասին մեր օրենքին, թե ինչպես պետք է այդ հարցը բարձրացնել: Նախագծով նաև առաջարկվում է, թե ինչ ձևով ենք մենք հատուցումը պահանջելու, որքան գումարի շրջանակում, և նշվում է, որ նվազագույն աշխատավարձի 3-հազարապատիկը: Սույն օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում կարող ենք մինչև 3 մլն դրամ գումար պահանջել, եթե խախտվել է կյանքի իրավունքը, խոշտանգումների կամ մարդկային նվաստացնող վերաբերմունքի պատժի չենթարկվելու իրավունքը: Հաջորդը՝ նվազագույն աշխատավարձի 2-հազարապատիկը, վերաբերում է 3-9-րդ կետերով սահմանված իրավունքների խախտմանը. խոսքը անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի, արդարադատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքի մասին է: Օրինակ՝ եթե խախտվել է սեփականության իրավունքը, կորցրել է որոշակի գույք, կա գնահատում, որի շրջանակում նա ստանում է նյութական վնասի փոխհատուցում: Բայց նաև նրա հոգեբանական տառապանքների, կորցրած ժամանակի, ունեցած խնդիրների համար մենք պահանջում ենք ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչև 2 մլն դրամ: Այստեղ նաև հստակ տարանջատում կա՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որտեղ նշվում է, որ եթե սույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնարար իրավունքները խախտվել են տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Պատկերացնենք՝ խախտումը թույլ է տվել տեղական ինքնակառավարման մարմինը, դիցուք՝ Երևանի քաղաքապետարանը որոշակի ծրագիր է իրականացրել մայրաքաղաքում, և ինչ-որ մարդիկ կորցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանները: Հետևավար, նշված գործն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի է, այսինքն՝ պետական բյուջեի հետ կապ չունի, և բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցումները պետք է կատարվեն Երևանի բյուջեից: Նաև նշվում է, որ ոչ նյութական վնասի պահանջը դատարան կարող է ներկայացվել օրենսգրքով նախատեսված և իմ կողմից թվարկած հոդվածներով՝ իրավունքի խախտումը հաստատող պահանջի հետ միասին՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում. այսինքն՝ մեկ տարվա ընթացքում այն պահից, երբ գիտեք, տեղյակ եք կամ կարող էիք իմանալ, որ այդ խախտումը տեղի է ունեցել, այնպես էլ այդ իրավունքը, խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: Օրինակ՝ եթե սեփականության իրավունքից զրկվել եք, և այդ իրավունքի խախտումն արձանագրված է դատական համակարգում, տարբեր դատական ատյաններով անցել եք և վերջնական դատական ակտից հետո 6 ամիս ժամանակ ունեք նշված հայցադիմումը դատարան ներկայացնելու համար, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատելու դեպքում դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան 2 ամսվա, բայց ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում: Այսինքն՝ հստակ նշված է, թե ինչ ժամկետներում մենք կարող ենք այս պահանջները ներկայացնել դատարան: Նաև մի շատ կարևոր նորմ կա, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք. ՄԻԵԴ-ը, օրինակ, որոշումներ է կայացնում ընդդեմ ՀՀ-ի, և մենք բողոքում ենք՝ ասելով, որ 6000 եվրո արդարացի փոխհատուցում է նշանակել դատարանը, և իմանում ենք, որ կառավարության նիստում քննարկվում է հարց՝ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա այսինչ այսինչյանին պետական բյուջեից վճարել փոխհատուցում, և մենք ուղղակի զարմանում ենք՝ ասելով՝ չէ՞ որ դա մի պաշտոնատար անձի կողմից կատարված արարք է, և պետք է հենց նրա միջոցներից վճարվեր, ոչ թե մեր պետբյուջեից, մեր՝ հարկատուներիս հաշվին: Նույնն էլ կարող եմ ասել տեղական ինքնակառավարման բյուջեի մասին, մեծ հաշվով տարբերություն չկա, երկուսի բյուջեն էլ հարկատուների հարկերի և տուրքերի վրա է ձևավորվում, և այս առումով ակնհայտ անարդար է, որ ինչ-որ մի պաշտոնատար անձի կողմից թույլ տված խախտման համար իրավախախտման զոհին վճարեն հարկատուները: Այդ պատճառով մենք այս հարցը շատ ենք բարձրացրել, որ նաև ընթացակարգ լինի՝ դատավորներից, պաշտոնատար անձից այդ գումարները բռնագանձելու, և փորձագիտական մակարդակում չկա այն համաձայնությունը, որ դատավորներից պետք է այդ գումարները բռնագանձվեն, որովհետև կարծիք կա, որ դատավորից նշված գումարը բռնագանձելու վտանգը կարող է հանգեցնել դատավորի՝ որպես դատական իշխանություն, արդարադատություն իրականացնող պաշտոնատար անձի կաշկանդված լինելուն, և նրա անկախության երաաշխիքները դրանով կխախտվեն: Բայց այս նախագծով մենք ունենք մեկ այլ կարգավորում, որը վերաբերում է պաշտոնատար անձանց՝ թե տեղական, թե համապետական մակարդակում, որտեղ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ տվյալ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով: Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը: Այսինքն՝ եթե կոնկրետ դատաքննության ընթացքում արդեն ապացուցված է, որ այսինչ պաշտոնատար անձի կողմից թույլ տրված սխալ վարչարարության արդյունքում ոտնահարվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, որի հետևանքով նշված իրավունքը սահմանափակվել է, խախտվել, հիմա հարց է բարձրացվել նշված իրավունքը վերականգնելու համար, դատարանը ճանաչել է, որ իրավունքը խախտվել է, բարոյական վնասի փոխհատուցում է նշանակվել, և պետական կամ համայնքային բյուջեից այդ գումարը վճարվել է: Այսինքն՝ այս բոլոր փաստերը կան, և կա այդ պաշտոնատար անձի մեղքի առկայությունը, մենք գիտենք՝ դա ով է, վերջնական որոշումն ով է կայացրել, ով է այդ ամենի մեղավորը: Այդ ամենը հիմք է հանդիսանում, որ պետությունը կամ փոխհատուցումն իր բյուջեից վճարած համայնքը ռեգրեսիվ հայց ներկայացնի դատարան՝ իր պաշտոնատար անձից պահանջելով վճարել այն գումարները, որը վճարվել է տվյալ համայնքի կամ պետական բյուջեից: Սա կարող է նաև հստակ կանխարգելիչ դեր ունենալ, որ ապագայում պաշտոնատար անձինք իմանան, որ որևէ կերպ չեն կարող խուսափել պատասխանատվությունից, չեն կարող մարդկանց իրավունքներն ուղղակի ոտնահարել, զանգվածաբար իրավախախտումներ թույլ տալ և մարսել. տարիներն անցնեն, ոչ մի բան չփոխվի, եթե անգամ ինչ-որ բան փոխվի՝ լինի Եվրոպական դատարանի կամ տեղական դատարանի որոշում, ապա դրա համար պետբյուջեն վճարի: Օրինակ՝ Հյուսիսային պողոտայի գործերը. ժամանակին ինչ-որ կառուցապատողներ, որոնք հստակ հովանավորության ներքո են գործել, սեփականության իրավունքով մարդկանց պատկանող տները, գույքը, հողամասերը, տարածքները վերցրել են՝ դրանց դիմաց որպես փոխհատուցում վճարելով ուղղակի կոպեկներ, չնչին գումար: Մարդիկ ասել են՝ սա անօրինականություն է, խայտառակություն է, մարդու իրավունքների ոտնահարում է, և դիմել են դատարան: Առաջին ատյանի դատարանում հայցը մերժվել է, ասել են, օրինակ, վերցրեք ձեր 5000 դոլարն ու գնացեք, Վերաքննիչ դատարանում է մերժվել, Վճռաբեկ դատարանում, և այդ գործերը հասել են ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ը ասում է՝ այս քաղաքացին կորցրել է 80.000 եվրոյին համարժեք գույք, և դուք պետբյուջեից դա պետք է վճարեք, 6.000 եվրո էլ պետք է վճարեք որպես բարոյական վնասի արդարացի փոխհատուցում, որովհետև այդ տարիների ընթացքում նա լուրջ տուժվել է, զրկանքների է ենթարկվել, որի համար դու՝ պետություն, պետք է վճարես: Եվ մենք որևէ կերպ չենք կարողանում հարց բարձրացնել, որ, կներեք, այդ որոշումները երեք ատյանի դատարաններով անցել են, մինչ այդ եղել են ՏԻՄ որոշումներ, և ուղղակի ստեղծվում է մի իրավիճակ, որ մարդիկ կոլեկտիվ անպատասխանատվություն են կրում նշված դեպքերի համար, և այս ամենի համար վճարում է ՀՀ հարկատուն՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ կառավարությունը որոշում է կայացնում պահուստային ֆոնդից այդ գումարը վճարել, վճարել բարոյական վնասի փոխհատուցում և անցնել առաջ: Պարզ է, որ այդ վճիռները կայացնելիս հնարավոր է ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր եղած լինեն, իսկ այդ վճիռները կայացրած դատավորները, պետական պաշտոնատար անձինք, որ նման որոշումներ են կայացրել, և այդ որոշումները հետագայում դատարաններում պահվել և պաշտպանության տակ են առնվել դատական համակարգում, բա այդ մարդկանց պատասխանատվության հարցն ինչպե՞ս է լուծվելու: Ճիշտ է` այս ամենից երկար ժամանակ է անցել, բայց լավ է ուշ, քան՝ երբեք, և մենք այսօր ունենք այս կարգավորումը և այն կիրառելով պրակտիկայու, կարծում եմ, բավականին կանխարգելիչ նշանակություն կունենա: Այսինքն՝ պաշտոնատար անձը կիմանա, որ ինքը ոչ թե իր անպատասխանատվությամբ շարունակելու է գործել, այլ կիմանա, որ վաղը-մյուս օրը հնարավոր է իր կատարած խախտման համար հայց ներկայացվի նաև իր դեմ, և իր միջոցներից բռնագանձվեն այդ գումարները: Ավելին, նաև այն դեպքերում, երբ պետությունը կամ համայնքը վճարել է, հետո ռեգրեսիվ հայցով դիմել է դատարան՝ այդ անձից գումարները բռնագանձելով, նաև այդ անձի պաշտոնեական պիտանիության հարցը պետք է քննարկման առարկա դառնա, քանի որ գումարը բռնագանձելուց բացի քաղաքացու իրավունքն է ոտնահարվել, հետևաբար պետք է նրան աշխատանքից ազատել: Այս հարցը, ճիշտ է, քաղաքացիական օրենսդրությամբ, այս նախագծով լուծված չէ, որովհետև սա զուտ բարոյական փոխհատուցման ինստիտուտի ներդրման մասին է, բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի հեռուն գնալ և նաև այլ օրենքներում այդ կարգավորումները տալ, և ասել, որ նման դեպքերում պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա շատ կարևոր հարց է, և պետք է շատ լուրջ կերպով դնել, որը կբերի իրավունքների ոտնահարման կանխարգելմանը, այսինքն՝ մենք ոչ թե կպայքարենք մարդու իրավունքների պաշտպանության համար post factum, այսինքն՝ իրավունքի խախտումից հետո հարցը բարձրացնելով, հետաքննություն անցկացնելով, դիմելով տարբեր մարմինների, այլ մենք կկանխենք նման խախտումները, և Հայաստանից Եվրոպական դատարան գնացող գործերը կնվազեն, և Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման ավելի քիչ դեպքեր կունենանք, և կիմանանք, թե ինչպես ենք մեր իրավական պետության կառուցման ճանապարհին լուծում նշված խնդիրները: Այս հարցը երկար տարիներ բարձրացվել է, բայց լուծվում է 2015թ., որովհետև մենք սպասել ենք, որ միջազգային դատական ատյաններում, որտեղ Հայաստանը անդամակցում է, օրինակ այս պարագայում մասնավորապես ՄԻԵԴ-ի մասին է խոսքը, պարտվենք մի շարք գործեր, հետո նոր հիշենք, որ պետք է այս խնդիրը լուծեինք: Կարծում եմ՝ այսօր այսքանը: Տարվա վերջին հաղորդումն է, ես նաև շնորհավորում եմ մեր ռադիոլսողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ ամենալավն ու բարին 2016թ.-ին, և ամենակարևորը՝ թող խաղաղ տարի լինի: Շնորհավոր բոլորիս: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն էր, և ձեզ հետ էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan