Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեծ հնարավորությունների ու պատերազմների տարի է. «Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ռուս-թուրքական պատերազմը շատ հավանական է, հայ-ադրբեջանականը՝ ոչ այնքան, քիչ հավանական է նաև սաուդա-իրանական պատերազմը: Սակայն Հայաստանի համար 2016-ը բացառիկ հնարավորությունների տարի է՝ հողային հարցերը լուծելու համար: Մի կողմից Նախիջևան, մյուս կողմից՝ Վիլսոնյան Հայաստան: Եթե ռուսներն ու թուրքերը բախվեն, մենք, այսպես թե այնպես, չեզոքություն չենք պահելու, ավելի լավ է գոնէ մի բան մեր հայրենիքի համար շահենք: Պետք է անպայման օգտվել. սա պատմական շանս է:

Հաղորդման սղագրություն

_ Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջո՛ւյն, պրն. Պապյան:
_ Բարև Ձեզ:
_ Հարգելի ունկնդիրներ, մեր այս տարվա առաջին թողարկումն է: Պրն. Պապյանը, եթե հիշում եք, Հայաստանում չէր, և հաղորդումները հիմնականում նախօրոք էինք ձայնագրել և չենք հասցրել ամփոփել նախորդ տարին: Պրն. Պապյան, ի՞նչ տեղի ունեցավ, Ձեր տեսակետները չհնչեցին մեր եթերում. արդյոք ռուսական ինքնաթիռի կործանումը պլանավորված էր, թե՝ ոչ, ինչու Թուրքիան գնաց այդ քայլին, ինչ շահեց դրա դիմաց: Մի փոքր ամփոփենք:
_ Այո, եկեք ամփոփենք 2015-ը, և ամփոփենք երեք մակարդակում: Առաջինը համաշխարհային մակարդակն է, տեսնենք, թե այստեղ ինչ է տեղի ունենում: Ընդհանուր առմամբ նախորդ տարիներին սկսած միտումը՝ Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների դիմակայության խորացումը, շարունակվեց. մենք տեսնում ենք, որ տարեցտարի Ռուսաստանն ու արևմուտքը, ցավոք սրտի, հակոտնյա շահեր են ունենում: Ձեր նշած ինքնաթիռը և այլ դեպքեր դրա դրսևորումներից են: Այդ մասին դեռ կխոսենք: Մյուս մակարդակը, որտեղ կրկին, ցավոք սրտի, հակասությունների սրացում ենք տեսնում, տարածաշրջանային մակարդակն է: Ակնհայտ է, որ այսօր տարածաշրջանը՝ Միջին Արևելքը և Մեծ Միջին Արևելքը, աստիճանաբար ավելի խառնաշփոթ իրավիճակի մեջ է հայտնվում, և դիմակայությունը՝ հիմնականում շիա, սուննի (գոնե արտաքին դրսևորումներով), ուժեղացել է: Այդ դրսևորումները մենք տեսանք, և այսօր էլ այն ընթանում է՝ Սաուդյան Արաբիա-Իրան, ամեն մեկն իր դաշնակիցներով, սա այդ դիմակայությունն է: Երրորդ մակարդակն արդեն Հայաստան-Ադրբեջան դիմակայությունն է, որը նույնպես, ցավոք սրտի, խորանում է: Այսինքն՝ եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք նշանառուների, նրանց հետ տանելու մասին, ապա 2015-ին ռազմաճակատային գծում մենք արդեն տեսանք տանկերի, հրանոթների, ականանետների ավելի ու ավելի հաճախակի կիրառում: Եվ դրա հետևանքով, բնականաբար, աճում է զոհերի թիվը, անկայունությունը, մենք տեսանք նաև բացահայտ գնդակոծումներ Տավուշի մարզի բնակավայրերի, գյուղերի, այսինքն՝ բուն Հայաստանի վրա, որովհետև Արցախն էլ է Հայաստան, բայց Հայաստանի մարզերից մեկն է: Սա մեզ համար կարևոր է, որովհետև այս բոլորն անդրադառնում է մեզ վրա: Ռուսաստանի դիմակայությունն արևմուտքին մեզ համար տեսական հարց չէ: Օրինակ՝ եթե մենք լինեին Էկվադոր կամ Պերու, մեզ համար տեսական հարց կլիներ, բայց սա անմիջականորեն ազդում է մեզ վրա այն առումով, որ մեր տեղաշարժի հնարավորությունը փոքրանում է: Եթե մենք նախորդ տարիներին նաև ավելի խելամիտ և ավելի որակյալ քաղաքականության շնորհիվ կարողանում էինք կոմպլիմենտար քաղաքականություն իրականացնել, խուսանավել այդ ուժային կենտրոններից, ապա վերջին տարիներին տեսնում ենք, որ աստիճանաբար դա սահմանափակվեց, հատկապես ԵՏՄ մտնելուց հետո, և ԵՄ հետ պայմանագրի ստորագրման մերժումն իսկապես բերեց Հայաստանի առավել մեկուսացմանը: Հիմա ամենակարևորը՝ ի՞նչ կարող ենք կանխատեսել: Ցավոք, շատ դրական բաներ չունենք կանխատեսելու: Առաջինը, Հայաստանում տնտեսական վիճակն ավելի կվատանա, որովհետև ԵՏՄ-ը, որտեղ մենք այսպես գլխապատառ մեզ նետեցինք, և շատերը կանխատեսում էին, որ այն Հայաստանին կբերի տնտեսական վիճակի վատթարացում, իրականացավ, և դա կշարունակվի, որովհետև Ռուսաստանը դադարել է գրավիչ շուկա լինելուց, գնողունակությունն անկում է ապրել: Ես բառացիորեն հենց այսօր խոսում էի մեկի հետ, ով Ռուսաստանից է եկել, լավ տիրապետում է փոքր ու միջին բիզնեսի դաշտը, ասաց, որ փակվում են բազմաթիվ բիզնեսներ, բնականաբար, առաջին հերթին ճնշում են օտարազգիներին՝ հայերին և այլն, և ընդհանրապես, Ռուսաստանի տնտեսական վիճակն այդ առումով վատ է և կվատանա, որովհետև նավթի գների անկումը շարունակվում է և կշարունակվի: Մյուս կողմից մենք մեր բոլոր հնարավորությունները կտրել ենք, օրինակ՝ Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցման հնարավորությունը, որի մասին վերջերս նորից խոսվեց, դժվար իրականանան, որովհետև այդ ամբողջը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, Ռուսաստանն էլ դրանում շահագրգռված չէ: Այսինքն՝ Ռուսաստանը չի զիջելու իր շուկան ուրիշներին՝ որքան էլ Իրանի հետ հարաբերությունների լավացման մասին վերացական խոսակցություն լինի: Տնտեսական վիճակը շատ կարևոր է, որովհետև թեև անվտանգությունն ամեն մեկի և ամեն պետության համար առաջնային է, բայց անվտանգությունը խարսխվում է տնտեսության վրա: Այսինքն՝ եթե մենք ուզում ենք ունենալ լավ պաշտպանություն, պիտի ունենանք հզոր տնտեսություն, և մեզ համար տարեցտարի դժվար են դառնում ռազմական այն մեծ ծախսերը, որը մենք դրել ենք մեր պետության ուսերին: Եվ այսօր դա ակնհայտ է: 2015թ. մի քանի դրական միտում նկատվեց, որը մեր շնորհիվ չի: Ես հաճախ ասել եմ՝ ես հավատացյալ մարդ չեմ, բայց կարծում եմ, որ այդտեղ Աստծո մատն էր խառը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, բացառիկ էր: Օրինակ՝ հենց Ձեր նշած ռուսական ռմբակոծիչի կործանումը թուրքերի կողմից, որն արմատապես փոխեց ռուս-թուրքական հարաբերությունները, մի բացառիկ, չլսված, չկանխատեսված բան էր, որը իսկապես բերեց հնարավորություն: Հիշենք Պուտինի ուղերձը, ինչպես նաև հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ պատրաստ են ավելին անել Թուրքիայի համար և անում են, քան կանեին մինչևիսկ իսկ դաշնակիցները շատ նուրբ հարցերում: Բնականաբար հասկանալի է, որ նուրբ հարցեր ասելով՝ նկատի ունեին ոչ թե Ղրիմի կամ Ռուսաստանի շահերի հարցում պատրաստ լինել զիջումների, այլ այդ նուրբ հարցը վերաբերում է Հարավային Կովկասի, Հայաստանի, Ղարաբաղի շահերին: Եվ սա մեզ փրկեց, որովհետև ակնհայտ նկատվում էր, որ ռուսներն ու թուրքերը համաձայնության են գալիս ինչ-որ հարցերի շուրջ, իսկ ռուս-թուրքական համաձայնությունները միշտ մեր հաշվին են լինում: Սա մեր կամքից և մեր ջանքերից անկախ էր, և սա լավ է, իր մեջ ունի հնարավորություններ: Բայց այս ընթացիկ տարին, այդ հնարավորություններով հանդերձ, մեծ փորձությունների տարի է. կկարողանա՞նք ճիշտ քաղաքականություն իրականացնել, այդ հնարավորություններից կօգտվենք, որովհետև հնարավորությունը պարզապես վերացական բան է, այն նյութականացնելու խնդիրը կա: Դա եղավ նոյեմբերի 24-ին եղավ, դեկտեմբերն անցավ, հիմա հունվարի կեսն է, և ես, ցավոք սրտի, չեմ տեսնում, որ, նախ, ՀՀ-ն այս իրավիճակից օգտվելու որևէ գործնական առաջարկով հանդես գա՝ լինի բացահայտ, հասարակական, հանրային, դիվանագիտության մակարդակով: Կկարողանան օգտվել, ես հույս չունեմ, որովհետև ակնհայտ է, որ մեր քաղաքական և տնտեսական ղեկավարության ո՛չ կրթական, ո՛չ էլ իմացական մակարդակը չի բավարարում աշխարհաքաղաքական մեծ խաղերի մեջ մտնելու համար: Մենք, այսպես ասած, լավ ենք, մեր ղեկավարությունը լավ է ներքին ինտրիգային պայքարների մեջ, բայց, օրինակ, պատկերացնել աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ են և դրա մեջ ինչպես ենք մեր շահն տեղադրում, ես դա չեմ տեսնում: Այստեղ ավելի տեսնում եմ և հույս ունեմ, որ հասարակական ակտիվ անհատներ կկարողանան որոշ դերակատարություն ունենալ: Հիմա ավելի կոնկրետացնեմ. խոսքն այն մասին է, որ Ռուսաստանում, եթե առաջ փակ էր, գոնե հիմա հնարավորություն է տրվում խոսել, առաջ մղել, ռուս-թուրքական հարաբերությունների իրավական հիմքերը քննարկել, դրա ռազմավարական հնարավորությունները և Հայաստանի ու հայերի շահերը: Այստեղ, իհարկե, մտավախություն կա, շատերն են այդ մտավախությունն արտահայտել, որ սա Հայաստանի համար հղի է վտանգներով: Միանգամայն համաձայն եմ, բայց մտածել, ինչպես շատերն են ասում, որ պետք չէ ոգևորվել և մի կողմ մնալ, ես ժամանակին ասել եմ և հիմա էլ եմ ասում, որ հայկական հարցը հայերի հետ կապ չունի, մենք այդ հարցը կբարձրացնենք, չենք բարձրացնի, նշանակություն չունի, եթե գա ժամանակը, և բխի մեծ տերությունների շահերից, դա բարձրացնելու են: Օրինակ՝ նոյեմբեր-դեկտեմբերին ռուսական առաջին մեծության հեռուստառադիոկայանները երբևէ չէին խոսել Թուրքիայի, Հայոց ցեղասպանության, Մոսկվայի պայմանագրի մասին: Այսինքն՝ դա մեզնից կախված չէ: Եթե ռուս-թուրքական բախում է լինելու, եթե դա լինելու է անգամ Հայաստանի տարածքում և Հայաստանի հաշվին, մենք դա չենք կարող կանխել: Կլինենք չեզոք, թե՝ չենք լինի, դա մեզ հետ կապ չունի: Ցավոք սրտի, այսօր ամբողջ աշխարհի աչքում մենք այնքան են նույնականացվում Ռուսաստանի և Ռուսաստանի շահերի հետ, որ այդ չեզոքությունը մեզ ոչինչ չի տալու:
_ Պրն. Պապյան, ի՞նչ եք կարծում, այդ առճակատումը, այնուամենայնիվ, կլինի՞, թե պատմության ընթացքում քիչ չենք տեսել՝ ինչպես են ռուսները թուրքերի հետ պատերազմել և հետո Ձեր նշած անհասկանալի պայմաններում հաշտություն են կնքել:
_ Բայց առճակատում եղել է ամեն դեպքում: Ռուս-թուրքական 12 պատերազմ է տեղի ունեցել, որոնցից 11-ում ռուսներ հաղթել են, ամեն մի հաղթանակը ռուսների համար որոշակի դրական ձեռքբերում է եղել, այլ բան է, որ միգուցե ակնկալածից պակաս է եղել, որ այդ զիջումները եղել են ավելի շատ Հարավային Կովկասում, բնականաբար եղել են մեր հաշվին, բայց Ռուսաստանը կարողացել է ինչ-որ հարցով առաջ գնալ: Ուրիշ բան, որ իր բոլոր նվաճումները, որոնք հիմնականում Բալկանների ուղությամբ էին, ի չիք դարձան: Այսօր Ռուսաստանը մեծ ընտրություն չունի, հասկանում է, որ Թուրքիան այլևս առաջվանը չէ, այն խեղճ ու կրակ երկիրը չէ, ինչպես կարծում են. ակնհայտ է Էրդողանի պահվածքը, և ի վերջո այն, ինչ արեցին օդանավը խոցելով և այլն: Եթե փողոցի լեզվով ասենք, այսօր Թուրքիան ապտակել է Ռուսաստանին և դեռ պատասխանը չի ստացել, որովհետև այդ լոլիկների արգելքները լուրջ չեն: Այսօր ամբողջ աշխարհին պարզ է, որ Թուրքան թքել է Ռուսաստանի երեսին, և Ռուսաստանը դա կուլ է տվել: Ռուսաստանը սպառնացել է, որ համարժեք պատասխան կտա, ապրենք, տեսնենք: Այսօրվա դրությամբ թուրքերը չեն նահանջում, ընդհակառակը՝ սկսեցին ռուսներին շատ բացահայտ մեղադրել, օրինակ՝ Էրդողանի վերջին հայտարարությունները, որ դուք ներկայացնում եք, որ մեզ հրավիրել են, բայց, օրինակ, Վրաստանին չէին հրավիրել, Ուկրաինա չէին դրավիրել, Սիրիա գուցե հրավիրել են: Բայց այստեղ խնդիրը հետևյալն է. այն, որ ռուս-թուրքական պատերազմն արդեն ընթանում է Սիրիայի տարածքում, ակնհայտ է, դա պատերազմ է: Քաղաքական տերմինաբանությամբ ասած՝ կեղծ պատերազմներ կամ այլընտրանքային պատերազմներ: Օրինակ՝ սառը պատերազմի տարինեին Աֆղանստանում վարշավյան ճամբարի և ՆԱՏՕ-ի միջև նույնպիսի պատերազմ էր, պարզապես չէր դրսևորվում զորքերի ուղղակի կիրառմամբ, այլ ամեն մեկն իր շահերը իրականացնող, սպասարկող խմբավորումներ ուներ տարբեր տեղերում: Դա եղավ Անգոլայում, Եթովպիայի տարածքում և այլն: Այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է. այդ բախումներն ու դիմակայությունն արդյո՞ք կլինեն ուղղակի ռուս-թուրքական բախում: Երբ մենք ասում ենք պատերազմ, թերևս դա ենք հասկանում: Ամերիկյան լուրջ շատ կազմակերպությունները, այդ թվում՝ հետախության, կարծում են, որ 2016 թ., այո՛, կլինի ռուս-թուրքական ռազմական բախում: Ես էլ եմ այդպես կարծում, որովհետև այդ հարցում շահագրգիռ կողմեր կան. շահագրգռված է արևմուտքը, Թուրքիան, Ռուսաստանը: Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը և Պուտինի դիրքերի թուլացումը բերելու է նրան, որ Պուտինը պիտի փորձի արտաքին վտանգի առկայության պայմաններում երկիրը համախմբել, ճնշել այդ ամենը: Ակնհայտ է, որ Ռուսաստանում վիճակը վատանալու է: Քննարկվում է հարցը, որ պետությունը ժամանակավոր պետք է վերցնի ժողովրդի՝ Ռուսաստանի բանկերում պահվող անձնական խնայողությունները: Դա նշանակում է ժողովրդի ունեցվածքի պետականացում: Այսինքն՝ Ռուսաստանը տնտեսական ծայրահեղ ինչ վիճակի է հասել , որ այլևս փող չկա, և նա ժողովրդից պետք է խլի այդ փողը: Այսինքն՝ այն, ինչ եղավ հեղափոխությունից հետ, և նման շատ բաներ: Հետևաբար, Ռուսաստանի այսօր իշխող վերնախավին համար պատերազմը ձեռնտու է: Մյուս կողմից, շատ հավանական է, որ իրանա-սաուդյան պատերազմի առկայությունը նույն կերպ ձեռնտու է Ռուսաստանին. կարծում եմ՝ Ռուսաստանը կփորձի այդ հարցում օգնել Իրանին: Այդ պատերազմը նրան ձեռնտու է այն հույսով, որ նավթի գները կարող են բարձրանալ, որովհետև 2016թ. Իրանը պիտի ուղղակի սկսի նավթ վաճառել շուկայում, առաջին խմբաքանքակը Եվրոպայում արդեն վաճառեց: Բայց այստեղ ուրիշ խնդիր կա. վերջին 40 տարվա ընթացքում Ամերիկան առաջին անգամ նավթ արտահանեց, այսինքն՝ Ամերիկան հսկայական նավթ կուտակեց, և անկախ նրանից, որ Իրանը և Սաուդյան Արաբիան գուցե կրճատեն նավթի արտահանումը, Ամերիկան շուկան էլի կհեղեղի: Մենք դրա մասին արդեն խոսել ենք. այն, ինչ տեղի ունեցավ ՍՍՀՄ-ի հետ, այսինքն՝ նավթի գների անկման հետևանքով ՍՍՀՄ-ը տնտեսապես թուլացավ և կործանվեց, այդ սցենարը, ամենայն հավանականությամբ, իրականացնում են Ռուսաստանի նկատմամբ, և, ամենայն հավանականությամբ, կիրականացնեն:
_ Այնուամենայնիվ, Թուրքիան գիտակցում է, որ սա Ռուսաստանն է, ինքը Թուրքիա է, և եթե ռազմական հնարավոր բախում լինի, այնպես չէ, որ Թուրքիան իր հաղթանակները ինչ-որ ձևով գնահատել է: Եթե մենք ասում ենք, որ Սահակաշվիլին գնաց պատերազմի, որովհետև կորցրեց հողը, բայց ձեռք բերեց տնտեսություն, փոխեց երկիրը, ապա ի՞նչ է շահելու Թուրքիան, արդյո՞ք հույսը ՆԱՏՕ-ի վրա է:
_ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական հզորությունների մասին մեր պատկերացումները շատ սխալ են: Թուրքիայի Սևծովյան նավատորմն ութ անգամ հզոր է Ռուսաստանի Սևծովյան նավատորմից: Մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը Սովետական Միություն չէ, Թուրքիան էլ նախկին Թուրքիան չէ: Թուրքիան վերջին 20 տարվա ընթացքում հսկայական աճ է գրանցել, իսկ Ռուսաստանը, հակառակը, անկում է ապրել: Սովորական սպառազինություններով թուրքական բանակը ավելի թույլ չէ, քան՝ Ռուսաստանը: Այլ բան է, որ ռուսական նավատորմն ընդհանուր առմամբ շատ ավելի ուժեղ է, քան՝ Թուրքիայի նավատորմը, բայց բնական է, որ Թուրքիան Սև ծովում ունի նավեր, իսկ Ռուսաստանի հիմնական նավատորմը Խաղաղօվկիանոսյան նավատորմն է, բնական է, որ այնտեղից օվկիանոսյան նավերը չի բերելու: Ռուսաստանի միակ հզորությունն ատոմային զենքն է, և սրանով է սպառնում: Չմոռանանք, որ փոփոխություններ կան նաև դոկտրինալ առումով, դրա մասին պաշտոնական-կիսապաշտոնական հայտարարություններ արվում են, որ Ռուսաստանը կօգտագործի ատոմային զենք: Այսինքն՝ Թուրքիային ջախջախելու Ռուսաստանի միակ ռազմական հնարավորությունն ատոմային զենքն է:
_ Այդ նույնը գիտակցում է նաև Թուրքիան:
_ Այո, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. Ռուսաստանը պետք է կարողանա բավականին նուրբ աշխատանք տանել և հարցն աշխարհին այնպես ներկայացնել, որ ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը, այն է՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ենթարկվում է հարձակման, ապա բոլոր երկրներն են ենթարկվում հարձակման, չգործի: Դա կարող է չգործել այն դեպքում, երբ Թուրքիան ներկայացվի որպես ագրեսոր և լինի նախահարձակ: Ահա այստեղ է, որ ես ասում եմ՝ մեր շահերը: Կրկին վերադառնանք այն թեմային, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ և ասել՝ կգա ժամանակ, որ շատ երկրներ, ելնելով իրենց շահերից, դա կարող է մեջտեղ բերեն: Թուրքիան ե՞րբ կարող է ագրեսոր լինել. եթե Վիլսոնի Իրավարար վճիռն ուժի մեջ է: Այդ պարագայում Թուրքիան ագրեսոր է, որն օկուպացրել է ՀՀ տարածքը: Այսինքն՝ այդ պարագայում իրավական հիմք կա խոսելու այն մասին, որ Թուրքիան՝ որպես ագրեսոր երկիր, պարտավոր է, ենթադրենք, զորքերը հետ տանել և այլն:
_ Բայց նույն ՆԱՏՕ-ի համաժողովում սուր քննադատություն չհնչեց Թուրքիայի հասցեին, և այսպես բնական ներկայացվեց՝ մարդու տարածքը խախտել էին, ինքն էլ ստիպված...:
_ Բայց նաև չեղան Թուրքիային միանշանակ պաշտպանող հայտարարություններ: Թուրքիան, իմ կարծիքով, բավականին մեկուսացված է: Այսօր ձայներ են հնչում ամերիկյան տարբեր մակարդակներում և մամուլում հրապարակումներ են լինում, բավականին լուրջ մարդիկ՝ վերլուծաբաններ, նախկին դիվանագետներ, դեսպաններ ասում են, որ Թուրքիան առաջվա Թուրքիան չէ, պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից, Թուրքիան, և հատկապես Էրդողանի անձը քննադատվում է: Այսինքն՝ չկա այդ միանշանակ պաշտպանությունը, և ակնհայտ է, որ եթե արևմուտքն ունենա Թուրքիային չպաշտպանելու պատրվակ և հնարավորություն, չի պաշտպանի: Եվ անգամ Թուրքիայի ներսում ձայներ են հնչում, որ արևմուտքը մեզ լքում է: Իմիջիայլոց, այդ միտումը վաղուց էր նկատելի, այդ մասին մենք խոսել ենք: 1998թ., երբ ես առաջին անգամ եղա Թուրքիայի գլխավոր շտաբում, և ելույթ էր ունենում շտաբի պետը՝ Գվրիկօղլուն, նա արդեն այն ժամանակ էր մեղադրում արևմուտքին, որ իրենց լքում է: Օրինակ՝ այսօր Թուրքիայում խոսկացություններ են պտտվում, որ Ամերիկայի բուն նպատակը Թուրքիան տրոհելն է, և այս ամբողջ խաղն այդ նպատակն է հետապնդում: Անգամ կարծիքներ կան, որ ինքնաթիռի խոցումը եղել է հրահրված և ուղղորդված Միացյալ Նահանգների կողմից հենց այն պատճառով, որ Միացյալ Նահանգները հետո հետ քաշվեն և Թուրքիային կանգնեցնեն փաստի առաջ:
_ Իսկ ի՞նչ շահեր ունի արևմուտքը Թուրքիան տրոհելուց: Եթե Թուրքիան տրոհվի, ո՞վ է լինելու այստեղ նրա դաշնակիցը:
_ Այդ մասին բազմիցս ենք խոսել, ինքս ասել եմ, արևմուտքը Թուրքիայի նկատմամբ իրականացնում է, այսպես կոչված, կրկնակի զսպման քաղաքականություն, հզոր Թուրքիան բոլորովին պետք չէ արևմուտքին: Եվ հիշում եք, մենք խոսել ենք անգամ ձևակերպումով, որ Թուրքիան ապագա ունի, եթե միայն լինի տարածքով ու բնակչությամբ փոքր, այսինքն՝ եթե քրդական մասն անջատվում է, և Թուրքիան դառնում է Լեհաստանի չափ՝ մի 40 միլիոնանոց երկիր, կլինի Եվրոմիության անդամակցություն, որովհետև այդ դեպքում նրա պատգամավորների թիվն ավելի չի լինում: Մենք այդ մասին խոսել ենք, որ այսօր ԵՄ խորհրդարանում ամենաշատ պատգամավորներն ունեն Գերմանիան, Ֆրանսիան, և իրենք չեն հանդուրժի, որ 120 միլիոնանոց Թուրքիան, իսկ 20-30 տարի հետո Թուրքիայի բնակչությունը 120 մլն է դառնալու, որոշի եվրոպացիների ճակատագիրը: Մյուս կողմից ակնհայտ է նաև Թուրքիայի իսլամացման փաստը, բոլորը հասկանում են, որ քեմալիզմը տապալված է: Ուրիշ բան է, որ ռուսները, և ավելի շատ՝ Պուտինը, բավականին սխալ քաղաքականություն տարան, բայց նա ևս ուրիշ ելք չուներ, այսինքն՝ ամբողջ ռուսական ազգային գաղափարախոսությունը հիմնված է հակաարևմտականության և ռուսական բացառիկության ինչ-որ բաների վրա: Հետևաբար, այդ հակաարևմտականությունը, ի վերջո, դրան բերելու էր: Բայց եթե ռուսները փորձեին ավելի շատ լեզու գտնել արևմուտքի հետ, իրենց համար ավելի լավ կլիներ: Մենք ամփոփում ենք նախորդ տարվա իրադարձությունները, և իրավիճակային ամենամեծ փոփոխությունը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների փոփոխությունն է, որը միանշանակ ազդում է և ավելի ազդելու է: Եթե հիշում եք, առիթ եղավ և մենք խոսեցինք Զանգեզուրի վրայով երկաթգծի կառուցման մասին, դեռ այն ժամանակ ասացի, որ ես թերահավատ եմ, հիմա էլ թերահավատ եմ, հարյուր փաստ կբերեմ, որ հնարավոր չէ կառուցել:
_ Այո, նշեցիք, որ ոչ մեկի շահերից չի բխում:
_ Այո, ոչ մեկի շահերից չի բխում, տնտեսապես էլ ձեռնտու չէ, և այն ժամանակ ես խոսեցի Նախիջևանի վրա երկաթգծի վերահսկողության հաստատուման մասին, որը կա: Այսօր դա լավագույն առիթն է. ստեղծվել է մի իրավիճակ, որ Իրան-Ռուսաստան կապը, և Ռուսաստանում Իրանի հակադրությունը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ դրա հնարավորությունն է ստեղծում: Եթե ես կես տարի առաջ կկասկածեի, թե արդյո՞ք ռուսները մեզ կպաշտպանեն թուրքական հարձակումից, այսօր գոնե այն վիճակն է, որ կպաշտպանեն: Դա Ռուսաստանի շահերից է բխում, և ռուսական նոր ինքնաթիռների, ուղղաթիռների, նոր զենքերի տեղակայումը Հայաստանի տարածքում դա է ցույց տալիս: Կրկնում եմ՝ շատերն ասում են՝ դրանով Հայաստանը թիրախ է դառնում Թուրքիայի համար: Համաձայն եմ, բայց դա արդեն մեզանից կախված չէ, մենք այլընտրանք չունենք: Այն ժամանակ, երբ մենք 50 տարով ռուսական ռազմաբազային համաձայնություն էինք տալիս և պայմանագիր էին տորագրում, որ տալիս ենք էքստերիտորիալ իրավունքներ և այլն: Մենք ընդունել ենք այդ խաղի կանոնները և չենք կարող փոխել: Խնդիրն այն է, որ այդ վատ խաղի կանոնների պարագայում փորձենք մեր խաղը խաղալ, այսինքն՝ եթե պիտի Հայաստանը վտանգվի, գոնե Հայաստանի շահերից ելնելով պիտի վտանգվի, գոնե պիտի փորձենք այս խառնաշփոթի մեջ մի բան շահել: Եվ հենց սա է հարցը: 2016-ը մեծ փորձությունների և մեծ հնարավորությունների տարի է, միջինը չկա, մի բան, որ ես բազմիցս ասել եմ և նորից եմ կրկնում, որ Հայաստանը չի կարող լինել և գոյատևել որպես փոքր և թույլ երկիր. Հայաստանը կամ չի լինի որպես պետություն, կամ պիտի լինի մեծ ու հզոր: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քրդական հարցը դարձել է առաջնային: Արևմտյան կամ ռուսական մամուլը երբևէ այդքան չէր գրում և խոսում քրդական պետության հնարավորության մասին, որքան՝ հիմա: Մենք շեշտել ենք, և ես նշել եմ՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական փակ տվյալները, որ 2020թ. պիտի ստեղծվի քրդական պետություն: Երկու ամիս առաջ ես Երևանում ելույթ ունեցա քրդական պետության մասին, մի թուրքագետ նշեց, թե գիտեք՝ Թուրքիայում քրդերի քանի տոկոսն է քվեարկել Էրդողանի կուսակցության՝ AKP-ի օգտին: Պատասխանը հետևյալն է, որ քրդական պետության ստեղծումը Թուրքիայի ներքին հարցը չէ, դա աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հարց է, անկախ նրանից՝ քրդերը կողմ կլինեն, թե՝ ոչ: Եվ մենք տեսնում ենք՝ Բարզանին ինքը հայտարարեց իրաքյան Քրդստանում քրդական պետության արդեն դե յուրե ձևակերպման մասին, որովհետև դե ֆակտո գոյություն ունի, մենք արդեն տեսնում ենք Սիրիայի տարածքում քրդական պետության որոշակի սաղմեր, տեսնում ենք Ռուսաստանի կողմից Թուրքիայի ներսում քրդական քարտի օգտագործման նոր հնարավորություններ, Լավրովի ու Դեմիրթաշի հանդիպումները: Հենց այստեղ է մեր կարևոր պահը, մենք անպայման պետք է մեր շահերը ներկայացնենք Ռուսաստան-քրդեր հարաբերությունների մեջ, վաղն ուշ է լինելու, հիմա պետք է դրա մասին գոնե խոսել, ներկայացնել:
_ Հաղորդումն ամփոփելով՝ ի՞նչ է սպասվում Ադրբեջանին. երկրի ներսում, կարծես, տնտեսական առումով վիճակն այնքան էլ լավ չէ, փողը, կարծես, հավասարեցվեց զրոյի, նրա գլխավոր դաշնակիցը երկու ոտքով համապատասխան վայրում է: Ի՞նչ է լինելու Ադրբեջանի վերջը:
_ Սա այն երկրորդ բարերար ազդեցությունն է, որ մեր կամքից անկախ տեղի է ունենում, դա նավթի գների անկումն էր, որում Հայաստանը դեր չունի, Ադրբեջանի սխալ քաղաքականությունը և այն հսկայական կաշառակերությունն է, որ կա Ադրբեջանում: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ մեր բախտը բերել է, որ մեր թշնամին ու հակառակորդը Ադրբեջանն է, մի երկիր, որը Հայաստանի համեմատ շատ ավելի կոռումպացված է: Ով ինչ ուզում է՝ ասի, մենք ամեն օր բախվում ենք, Հայաստանն աշխարհի ամենակոռումպացված, ամենակաշառակեր երկրներից մեկն է, բայց Ադրբեջանը մեզանից ավելի վատն է: Եվ սա է մեզ փրկում: Մենք այդքան գովում ենք մեր բանակը, որովհետև մերն է, բայց լուրջ վերլուծությունները ցույց են տալիս, թե ինչ մեծ թերություններ ունի այն: Բայց Ադրբեջանն ահավոր է, այդ պատճառով այս համեմատության մեջ մեզ համար հնարավորություն է բացվում, բայց նորից եմ կրկնում՝ նաև մեծ փորձություններ, որովհետև սա, այսպես ասած, վիրավոր, մեռնող կենդանու վերջին ցատկը կարող է լինել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը հասկանում է, որ ինքն այլևս չի կարող այդ հսկայական ռազմական ծախսերն ապահովել, անգամ ամերիկյան որոշ հրապարակումներ եղան, նույնիսկ՝ շատ որակյալ պարբերականներում տպագրվեցին հենց նույն ադրբեջանցի վտարանդիների կողմից նավթի սպառման մասին և այլն. մենք խոսել էինք, որ նավթի հայթայթման գագաթնակետն արդեն անցել է, և նշել էինք, որ 2014-ից սկսած նավթի արտահանումը կրճատվում է: Այսինքն՝ հնարավոր է Ադրբեջանը գնա պատերազմի, բայց, կարծում եմ, մեծամասշտաբ պատերազմ չի լինի: Ադրեջանը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այդպես էլ չկարողացավ իր նյութական, փողային առավելությունը փոխել ռեալ ռազմական ուժի: Սուբյեկտիվ պատճառվերը, իհարկե, կաշառակերությունն է, թալանը, նաև՝ ժողովրդի հոգեբանությունը, երբևէ կռվող ժողովուրդ չի եղել, իսկ օբյեկտիվն այն է, որ տեղի ունեցավ ազգային շատ փոքրամասնությունների ինքնության վերազարթոնք տարածքի ներսում, նավթի գների անկում և այլն: Հետևաբար, Ադրբեջանին բոլորովին լավ ապագա չի սպասվում: Հայաստանի համար բացառիկ հնարավորությունների տարի է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի ուղղությամբ. մեզանից է կախված, թե ինչ քաղաքականություն կկարողանանք իրականացնել: Ամերիկացիներն ասում են think big` մեծ մտածիր: Եթե չունեք աշխարհաքաղաքական վեհ ու մեծ նպատակներ, ոչ մի մեծ նպատակի չեք հասնի, այդպես չի լինում, եթե դուք մտածում եք կրպակատերի մակարդակի, երբեք Apple կամ Microsoft չեք ստեղծի: Մեր պետությունը, եթե շարունակի մտածել թաղապետարանի մակարդակով, այսինքն՝ որտեղ մի փողոց ասֆալտապատի, կոյուղագիծ անցկացնի, դրանից ավել չի լինի: Բայց երբ հասկանա, որ սա մեր վերջին հնարավորությունն է, վերջին, որովհետև արդեն 20 տարի շարունակվող այս արտագաղթը Հայաստանը կմարդաթափի, մենք պետք է կարողանանք նախևառաջ այնքան էապես բարելավել տնտեսական վիճակը, որ ժողովուրդը զգա, հավատա, մնա այս երկրում: Եվ երկրորդ, պիտի այնպիսի նյութական հիմք ստեղծել, որը կարողանա և բանակի հարցը լուծել, այսինքն՝ ավելի լուրջ մարտահրավերների դիմակայել, և նաև մեր ժողովրդագրական վիճակի բարելավել:
_ Շնորհակալություն, պրն. Պապյան: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք՝ լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էի Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Հաջողություն:

 

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan