Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պայքար տոնածառի դեմ. տարին սկսվեց բռնություններով. «Իրական իրավունք»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Բոլոր երկրներում էլ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ճնշումները երբևէ արդյունավետ միջոց չեն եղել, այլ՝ ընդհակառակը, նրանց տալով զոհի կարգավիճակ՝ ավելի են հզորացրել շարժումները, ավելի շատ մարդկանց համակրանքին են արժանացրել և հենց այդ տուժած մարդկանց համար վերջնական հաղթանակ արձանագրել: Մարդու գործունեության հետ կապված ցանկացած անհամաձայնություն՝ կլինի կարծիքի արտահայտման կամ գործունեության հետ կապված, պետք է իրացվի և ներկայացվի այդ նույն մակարդակում և նույն մեթոդներով:

Հաղորդման սղագրություն

– Բարև բոլորին: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն է, և ձեզ հետ է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նախ, որպես տարվա առաջին հաղորդում, շնորհավորում եմ մեր ռադիոլսողներին, մեզ հետևողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և ցանկանում, որ 2016թ. ընթացքում ձեր բոլոր նախաձեռնություններն ի կատար ածվեն և, ամենակարևորը, լինեք առողջ, հաջողակ, և սահմանին էլ լինի խաղաղություն: Կարծում եմ՝ սրանք էին ամենակարևոր, առաջնային ցանկությունները, որոց համար բոլորս Նոր տարվա սեղանների շուրջ բաժակներ էինք բարձրացնում: Հաղորդաշարի շրջանակում ես ներկայացնեմ, թե 2016թ. ինչ է սպասվում, ինչ խնդիրներ կան, որ պետք է լուսաբանենք, որ ոլորտներից, հնարավոր է, հյուրեր կունենանք: 2016թ. շատ ակտիվ տարի է լինելու թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով, որովհետև այս տարվա ընթացքում բազմաթիվ օրենքներ են ընդունվելու՝ օրենսդրությունը նոր ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Ինչպես գիտեք, մինչև հունիսի 1-ն ընդունվելու է նոր Ընտրական օրենսգիրք, որի շուրջ, կարծում եմ, կլինեն շատ լուրջ քննարկումներ և բանավեճեր, այնուհետև կընդունվեն ԱԺ կանոնակարգ օրենքը, մի շարք այլ դատավարական օրենսգրքեր և օրենքներ, որոնք ուղղված են երկրի կառավարման համակարգի փոփոխությանը ու նաև Սահմանադրությունից բխող իրավակարգավորումների՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված համապատասխանությանը: Մյուս կողմից, լինելու է նախընտրական տարի, որովհետև 2017թ. սպասվում են խորհրդարանական ընտրություններ: ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվում այնպիսի ընտրություն, որը լինելու է 100 տոկոս համամասնական ընտրակարգով, մյուս կողմից լինելու է միակ և գլխավոր ընտրությունը, որովհետև հանրապետության նախագահի ընտրություններ այլևս չեն լինելու: Մինչև խորհրդարանի ընտրություններին հասնելը նշեմ, որ այս աշնանը Հայաստանի հարյուրավոր մեծ և փոքր համայնքներում նախատեսվում են նաև ՏԻՄ ընտրություններ, որը նույնպես շատ կարևոր է: Մեզ լսում են նաև Երևանին հարակից բազմաթիվ գյուղերի, համայնքների բնակիչներ, և շատ կարևոր է, որ մենք «Իրական իրավունք» հաղորդաշարի շրջանակում լուսաբանենք ՏԻՄ մարմինների հետ կապված խնդիրները: Մի խոսքով, մեզ սպասվում է բուռն, կարևոր, ակտիվ տարի, և «Իրական իրավունք» հաղորդաշարն ամեն բան անելու է, որ դուք լինեք իրազեկ, պաշտպանված, ձեր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու մեխանիզմներին տիրապետեք, և ստանաք երկրում կատարվող իրավական փոփոխությունների, բարեփոխումների և խնդիրների մասին ամենաանաչառ, ամենաօբյեկտիվ տեղեկատվությունը: Տարին սկսվեց, ըստ էության, երկու լուրջ դեպքով՝ կապված բռնությունների և կալանավորման հետ, որը շատ բուռն քննադատվեց: Որպես տարվա առաջին հաղորդում՝ կցանկանայի անդրադառնալ այդ դեպքերին: Հիշում եք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը փորձում էր իր ընկերների հետ տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, որի թույլատրությունը նրանք փորձել էին ստանալ, չէին ստացել: Կարծում եմ՝ էականն այստեղ թույլատրությունը չէր, այլ տեղի ունեցածն ու դրան հետևած բռնություններն ու կալանավորումները, որովհետև մենք այս օրերին արժանացանք միջազգային լուրջ կազմակերպության քննադատությանը: «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակով և հայտարարությամբ դիմեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պնդելով, թե ինչ-որ տոնածառի տեղադրման դեմ պայքարելու համար Ազատության հրապարակում այդքան ոստիկանների կուտակման կարիքը չկար, և մյուս կողմից նշված էին նաև այն բռնությունները, որոնց վերաբերյալ, ըստ էության, քննություն չէր տարվում: Պատկերացրեք մի իրավիճակ, որ ոստիկանության և Գևորգ Սաֆարյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ ընդդեմ Գևորգ Սաֆարյանի, սակայն մյուս կողմից նրա հաղորդումն առ այն, որ նա նույնպես բռնությունների է ենթարկվել, առաջին հաղորդումը նրա փաստաբանին երկար ժամանակ չէր հաջողվում որևէ կերպ մուտքագրել պատկան մարմնի ընդհանուր բաժին կամ որևէ կերպ ներկայացնել, որի հետ կապված նույնպես կիրականացվեր քննություն: Այստեղ իրավիճակն այնպիսին է, որ մենք ուղղակի ասում ենք աբսուրդային. տոն օրերին կարելի է քրեական գործ հարուցել, ձերբակալել, այնուհետև դատարան ներկայացնել և կալանավորել մարդուն, բայց այդ նույն տոն օրերին այդ նույն մարդու ներկայացրած հաղորդումը չի ընդունվում որևէ պատկան մարմնի կողմից, որովհետև տոն օրեր են: Նրան բռնելու և կալանավորելու համար տոն օրեր չէին, բայց ընդդեմ ոստիկանությանը նրա հաղորդմանն ընթացք տալու համար տոն օրեր էին: Ես կարծում եմ այս օրինակն այն խնդիրներից է, որ մենք երկար տարիներ Հայաստանում ունենք. սա իրավական պետություն չդառնալու լրջագույն խոչընդոտներից է, մենք ամեն ինչ անում ենք իրավական պետությունում ապրելու, Սահմանադրությամբ հռչակված սկզբունքը կյանքի կոչելու համար, և մեզ այդպես էլ չի հաջողվում այդ սկզբունքն իրական կյանքում ունենալ: Մյուս աբսուրդը, ես կարծում եմ, ձերբակալումն ու կալանավորումն էր, և եթե մենք ասենք, որ ոչինչ, այդ պահին ձերբակալել են, որ պարզեն, թե ինչ է եղել, բայց կալանավորումն ինձ համար շատ անսպասելի էր: Նաև «Human Rights Watch»-ն է նշել, որ այդ նույն քաղաքացին մեկ այլ քրեական գործով՝ մինչև ապրիլի 24-ը նրանց կողմից կազմակերպած ակցիաների շրջանակում հարուցվել էր քրեական գործ, և նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, այնուհետև կալանավորվել էր մի խումբ այլ անձանց հետ, և հետագայում բոլորն ազատ արձակվեցին, այսինքն՝ քրեական գործի քննությունը շարունակվում է, բայց նրանց խափանման միջոցը՝ կալանքը, վերացվեց և փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Եվ ստացվում է, որ այդ մարդը, որը մեկ այլ քրեական գործով այլևս չի խոչընդոտում և չէր կարող խոչընդոտել, չկա այն վտանգը կամ հիմնավոր կասկածը, որ նա կխոչընդոտի նախաքննությանը, կամ կթաքնվի, կամ կազդի վկաների վրա, և դրա հիմնավորմամբ նա ազատ է արձակվում, մեկ այլ՝ նոր հարուցված քրեական գործով նրան կալանավորում են, և որևէ կերպ չի ներկայացվում այն հիմնավոր կասկածը, որի պարագայում նա պետք է նախաքննության ընթացքում անպայման գտնվի անազատության մեջ: Եթե առաջին դեպքում նա կարող էր վկաների վրա ճնշում գործադրել կամ թաքնվել, ապա ազատ արձակելուց հետո այն փաստարկը, որ նա կարող է թաքնվել, ընդհանրապես հօդս է ցնդում, որովհետև նա չի թաքնվել դրանից հետո, ավելին՝ ակտիվ քաղաքացիական գործունեություն է ծավալել: Եվ երկրորդը, եթե քրեական գործ է հարուցվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու կամ դիմադրելու հետ կապված, ապա գործով անցնող վկաները հիմնականում ոստիկանության ներկայացուցիչներ են, և նա չի կարող որևէ կերպ ճնշում գործադրել այդ նույն ոստիկանների նկատմամբ կամ խանգարել ընթացող նախաքննությանը, հետևաբար կալանքի կայացված որոշումն անհիմն է և պետք է վերացվի: Հույս ունեմ, որ վերադաս դատարանները, որտեղ բողոքարկվում է այդ որոշումը, կվերանայեն և խափանման միջոցը կփոխեն: Մենք շատ ենք խոսել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու արատավոր պրակտիկայի մասին, և չէի ցանկանա, որ Նոր տարին սկսենք այդ նույն պրակտիկայի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները քննարկելով: Բայց ունենք այն, ինչ ունենք, փաստորեն, այդպես էլ կա: Այն միջազգային կազմակերպությունները, կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ այլ պետության քննադատում են մարդու իրավունքների խախտումների համար, հետագայում լուրջ հետք են թողնում երկրի միջազգային վարկի վրա, և ես երբեք չէի ցանկանա, որ Հայաստանի Հանրապետությունն այդպիսի խնդիրներ ունենար, օրինակ՝ «Human Rights Watch»-ի կողմից քննադատվեր կամ հետագայում նաև տարեկան զեկույցում անդրադարձ կատարվեր այդ խնդիրներին: Գևորգ Սաֆարյանի գործի հետ կապված, այսքանը, ես իրավական առումով մանրամասն ներկայացրեցի իմ կարծիքը: Մյուս կողմից կցանկանայի անդրադառնալ նաև այդ նույն քաղաքական շարժման մյուս ներկայացուցիչ Սյուզան Գրիգորյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքին: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվիստները տարբեր անձանց կողմից բռնության են ենթարկվում, և հիմնականում այդ գործերը չեն բացահայտվում, և եթե անգամ բացահայտվում են, ապա դրանք ներկայացվում են որպես կենցաղային հողի վրա տեղի ունեցած ինչ-որ դեպքեր՝ նա ինձ հայհոյեց, ընդհանրապես կապ չունի նրա քաղաքական գործունեության կամ քաղաքացիական ակտի դիրքորոշում արտահայտելու հետ, նա ինչ-որ վատ բան էր արել և դրա համար ծեծեցին: Բայց, չգիտես ինչու, այդ դեպքերն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այդ անձինք քաղաքական կամ քաղաքացիական բուռն ակտիվություն են դրսևորում, այսինքն՝ այդ մարդիկ չէին հիշում իրենց ներքին կենցաղային խնդիրները մինչև այդ: Կոնկրետ Սյուզան Գրիգորյանի հետ կապված կա հաղորդում, մի քանի օր շարունակ ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում տարածում էր տեղեկատվություն, որ նա բռնության է ենթարկվել, նրան ծեծի են ենթարկել անհայտ անձինք, իսկ իրավապահ մարմինների կողմից որևէ հայտարարություն դեռևս չկար: Հիմա, որքանով ես տեղյակ եմ, արդեն որոշակի քննություն է իրականացվում՝ փորձելով պարզել, թե ովքեր են եղել ծեծողները, ինչ բռնություն է կիրառվել, և ես կարծում եմ՝ Երևան քաղաքում այսօր բարդ չէ նման գործերը բացահայտելը, որովհետև մենք գիտենք, որ բազմաթիվ խանութներ, անգամ շքամուտքերի մոտ, փողոցները, ճանապարհային երթևեկության կանոնները հսկելու համար մենք ունենք տեղադրված տեսանակարահանող բազմաթիվ սարքեր, և հնարավոր է շատ արագ փորձել գտնել այդ վայրի, տարածքի տեսանկարահանող սարքերը և փորձել վերականգնել այդ օրվա՝ մինչև դեպքը և դեպքից հետո անցուդարձ կատարած անձանց շրջանակը և փորձել բացահայտել այդ հանցագործությունը: Ընդհանրապես բռնությունը, ուղղված քաղաքացիական ակտիվիստների կամ քաղաքական գործիչների նկատմամբ, ժողովրդավարական հասարակություններում ամենադատապարտելի արարքներից է, որովհետև դա առաջին հերթին բռնություն է ազատ խոսքի, քաղաքական, քաղաքացիական գործունեության, մարդու քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշման դեմ, ինչը երկիրը հետ է մղում: Ամեն մի դեպք մեզ՝ որպես ժողովրդավարական կամ իրավական հռչակված պետություն, ոչ միայն խայտառակում է, այլև մեր ներքին բարեփոխումների ժողովրդավարական պրոցեսները ուղղորդում է ոչ թե դեպի զարգացում, այլ հետ է մղում դեպի այն թվականները, որոնց մասին խոսելիս՝ մեր մեծերը պատմում են, թե ժամանակին բռնատիրության ինչ պայմաններում են ապրել մինչև անկախ Հայաստանը: Այս առումով ես խստորեն դատապարտում եմ և հույս ունեմ, որ իրավապահ մարմինները թե՛ այս, թե՛ մինչև այդ տեղի ունեցած բոլոր դեպքերը կբացահայտեն և պետք է բացահայտեն: Այստեղ պետք է գործի պատժի անխուսափելիության սկզբունքը, որ այլևս երբեք նման դեպքեր տեղի չունենան: Եթե այս սկզբունքը չի գործում, ապա որևէ բացահայտում, որևէ անձի հրապարակում, որի մեղավորը պատասխանատվության չի ենթարկվում, համապատասխան պատիժը վրա չի հասնում, այդ պարագայում մենք չենք կարող խոսել կանխարգելման մասին, որովհետև մարդիկ տեսնում են, որ այդ անպատժելիությունը կարող է ծնել նոր հանցագործություններ, և մեկը մյուսին նայելով՝ հասկանում է՝ ով պատժվեց, որ հետո ես պատժվեմ: Եվ սա շատ կարևոր է, որ մենք պատժի անխուսափելիության սկզբունքը ամբողջությամբ կյանքի կոչենք Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար, բոլոր իրավական ընթացակարգերի պահպանման առումով: Իսկ մյուս կողմից աշխարհի պատմությունն էլ ցույց է տվել, որ բոլոր երկրներում էլ մարդու քաղաքական իրավունքների և ազատությունների պաշտպանության և այդ իրավունքներին հասնելու համար պայքարողների դեմ կիրառված ճնշումները երբևէ արդյունավետ միջոց չեն եղել, այլ՝ ընդհակառակը, նրանց տալով զոհի կարգավիճակ՝ ավելի են հզորացրել այդ շարժումները, ավելի շատ մարդկանց համակրանքին են արժանացրել և հենց այդ տուժած մարդկանց համար վերջնական հաղթանակ արձանագրել: Օրինակները բազմաթիվ են թե՛ համաշխարհային պատմության ընթացքում տեղի ունեցող դեպքերի հետ կապված, թե՛ վերջին 25 տարիներին Հայաստանում ընթացող պրոցեսների առումով: Ես կարծում եմ, որ մարդու գործունեության հետ կապված ցանկացած անհամաձայնություն՝ կլինի կարծիքի արտահայտման, գործունեության հետ կապված, պետք է իրացվի և ներկայացվի այդ նույն մակարդակում և նույն մեթոդներով: Եվ եթե մեկը համաձայն չէ մյուսի կարծիքի հետ, կարող է իր կարծիքն արտահայտել ընդդեմ այն կարծիքի, որի հետ համաձայն չէ, և ոչ թե բռունցքներով կամ բռնությամբ վախի մթնոլորտ ձևավորելով փորձի ճնշել որևէ մեկի քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը, կարծիքը, մոտեցումները, ծավալվող կամ պլանավորված գործողությունները: Հաշվի առնելով ասվածը՝ շատ կարևոր է այստեղ նշել, որ իրավապաշտպան գործունեության մեջ մարդու իրավունքների պաշտպանության առումով, նաև՝ այլ ոլորտներում, շատ կարևոր է հետևողական լինել: Եվ նման բոլոր դեպքերում մենք պետք է հետևողական լինենք, չմոռանանք այդպիսի որևէ դեպք և միշտ պահանջենք, բոլոր իրավական ընթացակարգերն օգտագործենք, որպեսզի խախտված իրավունքները վերականգնվեն, պաշտպանվեն, իսկ մեղավոր անձինք հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, որովհետև հուսալքվել և հուսալքություն տարածել, ասել, որ այլևս հնարավոր չէ, որևէ բան չենք կարող անել և այլն, այս մոտեցումները երբևէ որևէ հասարակության որևէ տեղ չեն տարել, նաև մեզ չեն տանի: Հետևաբար, նմանատիպ ամեն մի վերլուծություն շատ կարևոր է ավարտել և եզրափակել շատ դրական, պոզիտիվ նոտայով առ այն, որ որևէ իրավունքի պաշտպանության համար ծախսված էներգիան երբևէ անիմաստ չի վատնվել, երբևէ չի կորել, երբևէ այնպես չի եղել, որ բարձրացված որևէ ձայն չլսվի: Շատ կարևոր է, որ մենք հավատանք, որ կարող ենք մեր իրավունքները պաշտպանել, կարող ենք հասնել այն իղձերին, որոնք հռչակագրային սկզբունքների տեսքով հռչակված են նաև ՀՀ Սահմանադրությունում, և մենք իրապես կարող ենք կառուցել այնպիսի հասարակություն և պետություն, որը խարսխված է իրավունքի գերակայության, իրավական պետության մյուս բոլոր սկզբունքների, ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա, որտեղ նմանատիպ դեպքերն ուղղակի տեղ չեն ունենա, իսկ լինելու պարագայում էլ անպայման կբացահայտվեն, և պատասխանատուները կպատժվեն: Ես կարծում եմ, որ մենք հասնելու ենք դրան, և այս իմաստով 2016 թ. լինելու է շատ առանցքային, կարևոր տարի՝ թե՛ օրենսդրական մակարդակում նշված կառուցակարգերը ամրագրելու և զարգացնելու, թե՛ նաև քաղաքական գործունեության առումով, որովհետև, ինչպես արդեն նշեցի, 2016թ. լինելուէ նախընտրական տարի՝ թե՛ տեղական, թե՛ նաև համապետական:
Այսօր այսքանը: Կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի: Եթերում «Իրական իրավունք» հաղորդաշարն էր, և ձեզ հետ էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan