Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բացառիկ նախադեպ. սգո ծաղկեպսակների գումարը՝ վիրավոր զինվորներին «Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Հայրս՝ Ստեփան Մարկոսյանը, չէր սիրում  ծաղկեփնջեր՝ անիմաստ շռայլություն էր համարում: Երբ նա մահացավ, ընտանիքով որոշեցինք հայտնել հարազատներին ու ընկերներին, որ ծաղկեպսակ չբերեն՝ փոխարենը գումարը փոխանցեն վիրավոր զինվորներին: Վստահ եմ՝ հայրս կքաջալերեր և կողմ կլիներ սրան: Կուզեր, որ իր գերեզմանին անիմաստ բերված այդքան շատ ծաղիկներ չլինեին, այլ այդ նույն գումարը, որ մարդիկ իրենց քրտինքով են վաստակել, ուղղվեր մի ավելի օգտակար գործի: Հավաքված մոտ մեկ միլիոն դրամը արդեն ծառայում է իր նպատակին:
Գիտնական Ստեփան Մարկոսյանը նորագույն տեխնոլոգիաների ավտոմատ համակարգերի նախագծման հիմնական հեղինակներից մեկն է: Ստեփան Մարկոսյանի ուսանողներից շատերը Synopsys, Menthor Graphics, Instigate ընկերությունների համահիմնադիրներից են: «Հայու տեսակ» հաղորդաշարի հյուրը նրա որդին է՝ Արա  Մարկոսյանը: 

Հաղորդման սղագրություն

_ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն է: Այսօր իմ հյուրն է մի մարդ, որը շատ հետաքրքիր կենսագրություն է ունեցել. ապրել է արտասահմանում, վերդարձել է: Ընթացքում կհասկանաք, թե ինչու ենք նրան հրավիրել տաղավար, և թե ինչ հարցեր կան, որ պիտի արծարծենք և ում մասին պիտի խոսենք: Իմ հյուրն է Արա Մարկոսյանը:

            Բարև Ձեզ:

            _ Բարև Ձեզ:

            _ Շատ շնորհակալ եմ, որ չհրաժարվեցիք, համաձայնվեցիք գալ մեր տաղավար:

            _ Շնորհակալություն հրավերի համար:

            _ Անկեղծ ասած՝ երկար ժամանակ հպանցիկ ծանոթ լինելով Ձեզ հետ «Instigate» կազմակերպության տղաների՝ Պողոսյան Վահագնի և մյուսների միջոցով և Ձեր հոր՝ Ստեփան Մարկոսյանի մասին անընդհատ ինչ-որ «ոչ նորմալ» դրական բաներ լսելով՝ անընդհատ հետաքրքրություն կար՝ հատկապես Ձեր հոր անձի նկատմամբ: Եվ մի օր, երբ ես աշխատանքի բերումով «Instigate» կազմակերպությունում էի, զանգ եղավ, և հայտնեցին գուժը: Ինձ համար շատ ավելի տարօրինակ դարձավ այդ ամենը, երբ ես տեսա Վահագն Պողոսյանի արձագանքը այդ մահվան բոթին, և հասկացա, որ այդ մարդը ոչ միայն դասախոս է եղել, ոչ միայն գիտնական է եղել, այլև, նախ և առաջ, մեծատառով մարդ է եղել, մեծատառով հայ է եղել, որ կարողացել է նաև վաղուց շրջանավարտ դարձած իր ուսանողների մեջ այնպիսի հետք թողնել, որ մարդիկ տարիներ, միգուցե, տասնամյակներ անց հիշում են նրան և շատ ցավով ընկալվեց այդ լուրը:

Նախ ցավակցում եմ Ձեզ, թող լույս իջնի Ձեր հոր շիրիմին: Իրականում մարդիկ շարունակում են ապրել, եթե իրենց հետևից թողել են այնպիսի գործ, որ մարդիկ ամեն քայլափոխին առնչվում են այդ մարդու հետ: Ես ինքս ուսուցիչներ ունեմ, որոնք վաղուց չկան, բայց պարբերաբար նրանց տված խորհուրդը, նրանց մոտեցումը հիշվում են. ամեն քայլափոխի ինչ-որ մի քայլ անելիս կարող ես անընդհատ հիշել այդ մարդուն և խուսափել սխալ գործելուց և գայթակղությունից, այնպես որ վստահ եմ, որ Ձեր հայրը շարունակում է ապրել, բայց այն, ինչ ինձ զարմացրեց և գայթակղեց, այս դեպքում՝ Ձեզ հրավիրելու համար…

_ Շատ զգացված եմ բարի խոսքերի համար:

_ Շնորհակալություն այդ մարդուն, որին, ցավոք սրտի, ես չճանաչեցի, որովհետև ես ինքս այդ առումով «խորամանկ եմ» և եթե իմանում եմ, որ այդպիսի մարդիկ կան, փորձում եմ նրանց հետ շփվել, նրանցից «գողանալ» այդ իմաստնությունը, հոգու խորությունը, թե մարդիկ ինչպես են ապրել, որ կարողացել են դեռ կենդանության օրոք այդպիսի հետք թողնել իրենցից եկող սերունդների մեջ: Հազարավոր դասախոսներ կան, և մեզանից յուրաքանչյուրին հարյուրավոր մարդիկ կարող են դաս տալ դպրոցում, ինստիտուտում, տարբեր հիմնարկներում լինել ղեկավար, ուսուցիչ, բայց, այնուամենայնիվ, բացի 1-2 տեխնիկական գիտելիքից ոչ մի հետք չթողնել: Ի՞նչն ինձ զարմացրեց և ի՞նչն ինձ այդպես գայթակղեց, որ Ձեզ հրավիրեմ եթեր՝ մեր տաղավար. երբ հանկարծ լսեցի, որ Դուք  կոչ եք արել, որ թաղման արարողության ժամանակ ծաղիկներ չլինեն, և այդ գումարները փոխանցվեն բանակի կարիքները հոգալուն, հաշմանդամ տղաների առողջության կարիքները հոգալուն: Եվ իրականում ինքս անընդհատ զարմացել եմ այդ շռայլության, այդ անիմաստության վրա: Իրականում առաջին անգամ այդ տեսակը տեսա Ամերիկայում, որ հրեաների գերեզմանների մոտ ծաղիկներ չկան: Երբ գնացինք իմ մտերիմներից մեկի գերեզմանին, տեսա, որ որտեղ հայկական գերեզմանաքարեր կան, այնտեղ կան չորացող, չորացած, թարմ շատ ծաղիկներ, ծաղկեպսակներ, իսկ հրեաների մոտ չկային: Եվ ես հարցրի՝ որ ծաղիկներ չկան, այս մարդկանց մոտ չեն գալի՞ս: Ասացին՝ գալիս են, ուղղակի նրանք այդպիսի կանոն ունեն՝ իրենց այդ ամբողջ գումարը փոխանցում են Իսրայելի բանակին: Եվ իրականում տեսնում ենք տարբեր ճոխ թաղումներ: Արթուր Մեսչյանը կասեր՝ դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի: Ճոխ թաղումներ են լինում, որոնցից հետո, ինչպես մեր նախնական զրույցի ժամանակ նշեցինք, երկու բեռնատար մեքենա ծաղիկը վերածում են աղբի, և անհասկանալի է՝ ինչի համար, երբ մենք տնտեսապես ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող երկիր ենք, առավել ևս՝ չեմ խոսում մեր բանակի անվտանգության մասին: Ի՞նչը Ձեզ դրդեց այդ մտքին: Իրականում ես շատ լավ հասկանում եմ, որ շատ բարդ է մարդկանց նման հարցով դիմելը՝ այդ խորը ցավի, կորուստի վշտի մեջ գտնել ուժ, ներսից հավաքել ինքդ քեզ և գտնել մարդկանց նման կոչով դիմելու ուժը:

_ Նախ ասեմ, որ Ստեփանը ինքը միշտ դեմ էր այդ երևույթին՝ ծաղիկներ շռայլելուն՝ նույնիսկ ոչ միայն թաղումների կամ այդպիսի տխուր դեպքերի ժամանակ, այլև նույնիսկ երբ մարդու տուն են գնում հյուր: Եթե չափից դուրս մեծ ծաղկեփունջ են տանում, նա միշտ նյարդայնանում էր և ասում, թե ինչու են իզուր այդքան գումարներ վատնում, երբ այսքան տարբեր հարցեր կան լուծելու: Եվ հենց այդ փաստը, որ ինքը, վստահ եմ, կքաջալերեր և կողմ կլիներ հարցն այսպես դնելուն, այսինքն՝ ինքը կուզեր, որ իր գերեզմանին անիմաստ բերված այդքան շատ ծաղիկներ չլինեին, այլ այդ նույն գումարը, որ մարդիկ իրենց քրտինքով վաստակել են, ուղղվեր մի ավելի օգտակար գործի:

_ Ազգային գործի, պետական գործի, մեր երկրին:

_ Այո, որևէ դրական ազդեցություն ունենալու: Այս քննարկումը շատ կարճ եղավ. ես մայրիկիցս և քրոջիցս թույլտվություն վերցրեցի և խնդրեցի իմ ընկերներին և բարեկամներին, որ ծաղկի փոխարեն նվիրատվություն անեն որևէ կազմակերպության, որը դեռ կոնկրետ չէինք որոշել, ուղղակի վստահ էինք, որ ինչ-որ մի պատշաճ նախագիծ կարող ենք ընտրել, որը գումարի կարիք ունի: Երբ մարդկանց ասացի, նախ և առաջ բոլորը շատ դրական արձագանքեցին, բայց մեծամասնությունն ասում էր՝ Հայաստանում չես կարող անել նման բան, չի լինի, մարդիկ չեն լսի, և այլն, որոշները զարմացան, որոշներն ասացին, որ շատ լավ նախաձեռնություն է: Ամեն դեպքում մենք ընտանիքով որոշեցինք հայտնել, որ ծաղիկների փոխարեն Ստեփանի անունից և նրա հիշատակի պատվին նվիրատվություն անեն, թե կոնկրետ ինչ գործի, մենք հետո կխոսենք դրա մասին:

_ Իհարկե, անպայման կխոսենք:

_ Եվ, անկեղծ ասած, ես հրապարակայնորեն չէի հայտարարել հորս մահվան մասին, բայց որոշեցի, որ որպեսզի գոնե այս գաղափարը հանրային դառնա, և մարդիկ իմանան դրա մասին և սկսեն խոսել, «Ֆեյսբուքում» հայտարարություն գրեցի, և Ձեզ կարող եմ ասել՝ կոնկրետ սպասելիք չունեինք, թե ինչ կլինի, բայց հպարտությամբ կարող եմ ասել, որ թաղմանը կային ընդամենը մի քանի փունջ ծաղիկներ:

_ Այն մարդիկ, որոնք «Ֆեյսբուքի» օգտատերեր չեն:

_ Գուցե այդպես են որոշել, դա նրանց իրավունքն է, ինչը իսկապես լավ էր. վատ չէ, երբ մի քանի ծաղիկ կա, շատ գեղեցիկ էր: Բայց մարդկանց ճնշող մեծամասնությունը նվիրատվություն արեցին դրամային այդ նախագծին, որը մենք ընտրեցինք:

_ Այստեղ երևի ամենատեղինը Գարեգին Նժդեհի խոսքերն են՝ Ձեր հոր հիշատակին. «Մեռիր այնպես, որ մահդ անգամ ծառայի հայրենիքին»: Այսինքն՝ այդ մարդու համար նույնիսկ մահվան հանգամանքը չխանգարեց իր երկրին ծառայել, իր ազգի խնդիրները որոշ չափով լուծելու:

Ես գիտեմ, որ այդ նախագիծը, որ Դուք ընտրեցիք, հաշմանդամ տղայի՝ Նարեկի բուժման, կենցաղային կարիքները հոգալուն էր ուղղված, քանի որ նա շատ լուրջ խնդիրներ ունի, և ոչ միայն Նարեկի. մենք ունենք խնդիրներ, որոնց լուծումն անհասկանալի է: Ես այդպես եմ ասում այդ բանաձևը, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սահմանին կանգնած զինվորը երբևէ չմտածի, որ ինքը հոգևոր անապատ է պաշտպանում. նա պետք է վստահ լինի, որ ինքը պաշտպանում է իր ոգեղեն հայրենիքը, բայց երբ սահմանին կանգնած զինվորն իր առջև օրինակ ունի, թե այս հաշմանդամ զինվորը, մյուս զոհվածի ընտանիքը, և այլն, ինչ վիճակում և ինչ կարիքների մեջ են ապրում, և կարիքներն այնպիսին են, որ պետականորեն հնարավոր չէ հոգալ կամ չեն հոգում, մարդը սկսում է կասկածանքով վերաբերվել և նույն անվախությունը չի ունենում՝ վստահ չլինելով, որ եթե ինքը, Աստված մի արասցե, զրկվի ոտքից կամ ողնաշարի խնդիր ունենա, ինչ ապագա է իրեն սպասվում: Ինչպես ասում են, թու-թու-թու, լեզուս պապանձվի՝ միգուցե զոհվելն ավելի հեշտ է, քան թե՝ հաշմված ապրելը: Այս դեպքում շատ կարևոր է, որ զինվորը հասկանա, որ անգամ եթե պետությունը չի կարողանում հոգալ կամ պետականորեն դա ընդունված ձև չէ, հասարակությունը, ազգային հոգեկերտվածք ունեցող խավը կանգնած է իր թիկունքին, և ինքն իրականում պաշտպանում է ոգեղեն մի հայրենիք, որտեղ ինքը նույնպես պաշտպանված է՝ իր ապագան պաշտպանված է: Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ Դուք առաջին ծիծեռնակն եք, որ նման բան է արել, առաջին մարդն եք, որ դիմել է նման մոտեցման: Շատ մարդիկ կասկածանքով են վերաբերվում՝ իսկ բարեկամները, ընկերները, հարևաններն ինչպե՞ս կարձագանքեն: Կարծում եմ, որ Ձեր օրինակը շատ տեղին պիտի լինի, և ուղղակի պետք են հստակ կազմակերպություններ, հստակ մեխանիզմներ, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ իրենց նվիրաբերած գումարը, իրենց՝ ծաղիկների շռայլությունը փոխարինող մոտեցումը իրականում հասնելու է տեղ և ծառայելու է այն նպատակին, որը շատ ավելի կարևոր է, քան թե ծաղկով ինչ-որ ձևով սփոփելու հանգուցյալի հարազատներին: Կարծում եմ, որ մենք պիտի ինչ-որ ձև գտնենք՝ հասարակության մեջ ընդունված մտավորականներից, կարևոր և վստահելի դեմքերից ստեղծել կամ մի հիմնադրամ, կամ կազմակերպությունը, որը կստանձնի այդ առաքելությունը և թեկուզ ամիսը՝ մեկ, երեք ամիսը՝ մեկ, հաշվետվություն տա, թե ինչ են արվել այդ գումարները: Բայց պատկերացրեք՝ մենք հաճախ լինում ենք հուղարկավորությունների, և տեսնում ես՝ նույն օրվա մեջ, նույն գերեզմանոցում 2-3 թաղում է տեղի ունենում: Այսինքն՝ պատկերացրեք, թե ինչ ահռելի գումարների մասին է խոսքը, առավել ևս՝ մայրաքաղաքում, ինչ գումարներ են վատնվում: Էլ չեմ խոսում սեպտեմբերի 1-ի մասին, երբ Երևանում եղած 200 դպրոցների յուրաքանչյուր աշակերտի ծնող հարկ է համարում ծաղկով գնալ դպրոց: Այդ օրը ուսուցիչներին, իհարկե, հաճելի է, բայց յուրաքանչյուր ուսուցիչ հետո նույնիսկ ծաղիկը թափելու խնդիր ունի, որովհետև դասարանում 30 աշակերտ են, որոնցից յուրաքանչյուրը պարտադիր դասղեկին ծաղիկ է նվիրում: Ուսուցիչը չգիտի էլ՝ որտեղ այդ աղբից ազատվի, որովհետև լավագույն դեպքում մեկ շաբաթից դա արդեն աղբ է դառնում. դա անիմաստ ինչ-որ բան է: Ես գիտեմ, որ Ազատության պողոտայի վրա գտնվող դպրոցներից մեկը սեպտեմբերի 1-ին նման ակցիա արեց, և գումարն էլի ուղղվեց ազգային խնդիրների լուծմանը: Որոշ դպրոցների կողմից նույնիսկ խնդիր առաջացավ՝ այս ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում ասել սրանով, ինչո՞ւ եք նման բան անում, ի՞նչ եք մեզ ուզում հասկացնել: Մի քիչ տարօրինակ մոտեցում է. մարդը լավ բան է անում, փոխանակ իրենք էլ միանան, բացասաբար են վերաբերվում դրան: Պատկերացրեք 200 դպրոց՝ ամենաքիչը՝ 500 աշակերտով, և պատկերացրեք 500 ծաղկեփունջ, որոնք մեկ շաբաթից թափվում են աղբարկղը, այնուհետև Զատիկ է գալիս, մարտի 8 է գալիս, ապրիլի 7 է գալիս, և այսպես շարունակ: Իհարկե, միայն ծաղիկը չէ, ինչպես Ձեր հայրն է ասել, բազում անիմաստ, աննպատակ ծախսեր, որոնք վերջում հայտնվում են աղբարկղի մեջ: Ձեր քայլը ոչ միայն ողջունելի է, այլև կուզեի, որ ժամանակի հետ, թերևս, ավելի հաճախակի լինեին նման դրսևորումները: Ինքըստինքյան, ժամանակը կպարտադրի ինչ-որ լուծում՝ որևէ կազմակերպություն կամ հիմնադրամ, որը կուղղորդի այդ ամենը ճիշտ նպատակակետերին. մեր բանակն այսօր սպառազինված չէ դիտակետերում հեռադիտակներով, գիշերային տեսանելիության սարքերով, և այլն, իսկ այդ ռազմական ագրեսիան կանխելու լուրջ խնդիրներ կան: Ես գիտեմ, որ «Ոսկանապատ» կայքը փորձում է, տարբեր մարդկանց դիմելով, հայթայթել նման սարքավորումներ, որպեսզի ապահովի բանակին, ապահովի մեր սահմանն ավելի անվտանգ դարձնելը, և, բնականաբար, նաև արդեն կանխելու մեր տղաների հաշմվելը և զոհվելը, որովհետև եթե 1-2 անգամ ինչ-որ դիրքում հասկանան, որ այդ ամենը լրջորեն վերահսկվում է, ադրբեջանցիները դժվար թե նոր ագրեսիայի միտում ունենան: Այսինքն՝ այս դեպքում մենք կկարողանանք կանխել արդեն հաշմվելու հանգամանքը, այսինքն՝ ոչ միայն կփորձենք հետո դրա հետևանքները վերացնել, այլև կփորձենք կանխել այդ խնդիրները, զոհվելու դեպքերը, և այլն:

_ Դա շատ կարևոր է, բայց, իմ կարծիքով, դա պետք է ավելի շատ պետական խնդիր լինի, և եթե մենք փորձենք պետության փոխարեն լուծել այդ հարցերը, ինձ թվում է՝ ճիշտ չի լինի, որ այսպիսի ոչ ստաբիլ եկամուտ կամ ֆինանսների ոչ ստաբիլ աղբյուրի վրա հիմնված լինի մեր բանակի հզորությունը:

_ Շատ լավ հասկանում եմ՝ ինչ եք ասում և կողմ եմ Ձեր մոտեցմանը: Բայց, ցավոք սրտի, մենք տարբեր ոլորտներում պետականորեն թերանում ենք: Պիտի ընդունենք, որ պետությունը նաև հայրենադարձության կոչ պետք է անի: Ձեր հոր նմաններն են, որ դառնում են «պատճառ», որ մարդը վերադառնում է հայրենիք: Շատ մարդիկ կան, որ ինչ-որ անձերի հետ շփումների շնորհիվ սփյուռքից վերադառնում են: Ինչ-որ կերպարներ կան, որոնք պատճառ են դառնում, որ մարդը հասկանա հայրենիքի կարևորությունը: Վահագն Պողոսյանի օրինակը բերեմ. երբ մարդ հասկանում է, որ իրենից ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի բանիմաց մարդ, որ շատ ավելի լավ կարող էր արտասահմանում իր կյանքը դասավորել, և այլն, ոչ թե չի ստացվել նրա գնալը, այլ ինքը գաղափարապես մնացել է և դրա մեջ ինչ-որ լուրջ գաղափար է տեսնում: Եվ այդ խնդիրը, թե ինչո՞ւ այս մարդը, որ ավելի լավ կարող էր այնտեղ իր կյանքը դասավորել, կարող էր այնտեղ շատ ավելի մեծ հաջողություններ ունենալ, սակայն Ստեփան Մարկոսյանը չի գնացել, և ոչ միայն չի գնացել, այլև պատճառ է, որ մարդիկ, ովքեր գնացել են և լուրջ հաջողություններ ունեն, վերադառնան: Դա բավական չէ, նա պատճառ է դառնում, որ այստեղ ներդրումներ արվեն, տեխնոլոգիան զարգանա: Ես գիտեմ, որ Ստեփան Մարկոսյանը դեռ ԽՍՀՄ ժամանակ այստեղ տեխնոլոգիաների նորագույն ավտոմատ համակարգերի նախագծման հիմնական հեղինակներից մեկն էր, բայց դա նրան բավարար չթվաց, և ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ թե գնաց՝ իր գիտելիքները դրսում, ուրիշ երկրներին ի սպաս դնելու, այլ փորձեց այնտեղից ներդրումներ բերել, մեր տնտեսությունը զարգացնել: Եթե Ձեր հայրը նստեր և սպասեր, որ պետությունը կգտնի, որ դա գերակա խնդիր է, դա շատ կարևոր է, դա պետականորեն պետք է լուծվի, այսօր կարող էր ոչինչ չունենալ: Նույն ձևով՝ «Ոսկանապատ» կազմակերպությունը, որը հիմա ղեկավարում է լուսահոգի Լևոն Մելիք-Շահնազարյանի որդին (Լևոն Մելիք-Շահնազարյանն էր հիմնել), նույնպես պետական խնդիր է լուծում: Այսօր էլ հայրենադարձության խնդիրը ինչ-որ մարդկանց կոչերից է կախված, այսօր էլ որևէ քաղաքական գործչի շուրթերից չես լսի, որ պետք է սերունդ դաստիարակել, պետք է վաղվա Հայաստանի քաղաքացի դաստիարակել, անգամ քաղաքացի բառը շուրթերից չես լսի՝ նրանք միայն կուսակցական շահերի հետևից են ընկած: Այսինքն՝ ես ավելի քան համոզված եմ Ձեր խոսքերի ճշմարտացիության մեջ, բայց, ցավոք սրտի, եթե ոչ պետությունը, ապա գոնե իշխանությունները, վստահաբար, թերանում են շատ տեղերում: Եվ այստեղ է, որ Ստեփան Մարկոսյանի նման մարդկանց ունենալու հարց է բարձրանում, որ այդ մարդիկ ոչ միայն լինեն, այլև օրինակ ծառայեն: Նա իր անմռունչ, անձայն, լուռ պահվածքով օրինակ է ծառայում ինձ համար ծանոթ և հարգարժան շատ մարդկանց, ովքեր ոչ միայն վերադարձել են, ներդրումներ են անում, այլև օգնում են ազգային ցանկացած ոլորտում, որտեղ տեսնում են, որ իրենց օգնությունը տեղին է, հասանելի է, և կարող են: Վահագն Պողոսյանն իր կազմակերպությամբ աջակցեց, որ մենք ունենանք պարերի գրառման համակարգի էլեկտրոնային տարբերակը՝ համակարգչային ծրագիր: Այդ ծրագիրը ստեղծվել է 1940թ., և Սրբուհի Լիսիցյանի ստեղծած այդ «Կաքավագիրը»` կինետոգրամայի այդ համակարգը 1940թ.-ից փոշոտվում է՝ որտեղ էլ որ կա: Այն շատ քիչ քանակությամբ հրատարակություն է ունեցել: Ինքը ծրագիրը հրատարակվել է Մոսկվայում: Այլ հատորներ, որտեղ գրառված պարեր կան, դրանք հրատարակվել են 1958թ. և ավելի ուշ, բայց 1940թ. գրքից մի քանի օրինակ կա Հայաստանում, որոնք փոշոտվում են դարակներում: Եվ ավելի քան վստահ եմ, որ Ստեփան Մարկոսյանի ազդեցությունն էր, որ Վահագնը ոչ թե եկավ մեզ աջակցելու, այլ ինքը շատ ավելի խանդավառ էր այդ առաքելությամբ, և այսօր մենք ունենք փաստ, որ մենք ունենք այդ ծրագիրը: Եվ եթե Սրբուհի Լիսիցյանը կարող էր իր գրառած պարերից մեկը 2 օրում գրել, Վահագնի ստեղծած համակարգի շնորհիվ ընդամենը 2 ժամում դա հնարավոր է անել: Եվ պատկերացրեք՝ ինչքան հեշտանում է այդ գործը: Եվ հետո դա կարելի է բազմացնել, ոչ թե դա մնա մեկ հոգու թղթի վրա, այլ դա տարածել և մարդկանց հասանելի դարձնել: Եվ նման բազում գործեր գիտեմ, որ Ձեր հայրը եղել է նախ և առաջ գաղափարական և հոգեբանական պատճառը, որ մարդիկ ուրիշ մտածելակերպ ունենան: Նույն Վահագնն ապրում էր Ամերիկայում բավականին բարեկեցիկ կյանքով, բավականին լուրջ աշխատանք ուներ, բայց մարդուն հանգիստ չթողեց Ստեփան Մարկոսյանի կերպարը:

_ Վահագնը, իհարկե, շատ յուրահատուկ պայծառ անձնավորություն է, նրա մասին Դուք երևի կարող եք մի շարք ծրագրեր կազմակերպել:

_ Այո, պետք է, որովհետև իրականում հայու տեսակը, որը Ստեփան Մարկոսյանի մեջ եղել է, ամբողջությամբ փոխանցվել է Վահագնին, և ոչ միայն նրան: Վահագնին ես շատ լավ գիտեմ, դրա համար նրա օրինակն եմ բերում, բայց Ստեփան Մարկոսյանը, վստահ եմ, շատ-շատերին էր ծանոթ:

_ Նա շատ մեծ ավանդ է ունեցել: Ավտոմատ համակարգերի ոլորտը, որ հիմա Հայաստանում բավականին զարգացած է, չգիտեմ՝ գիտեք, թե ոչ, բայց ամբողջ աշխարհի ավտոմատ համակարգերի առնվազն 5 տոկոսը պատրաստվում է Հայաստանում:

_ Ժամանակին նավթի մագնատ Գալուստ Գյուլբենկյանին ասում էին «Պարոն 5 %», հիմա մենք կարող ենք ասել «Երկիր 5 %»:

_ Հիմա այս բոլոր 3 ընկերությունների, որոնք, վստահ եմ, ծանոթ են Ձեզ՝ Synopsys-ը, Menthor Graphics-ը, Instigate-ը, որ Հայաստանում զբաղվում են ավտոմատ նախագծմամբ, աշխատակիցներից շատ-շատերը եղել են Ստեփան Մարկոսյանի ուսանողները և կապը չեն կորցրել նրա հետ: Նույնիսկ երբ նա արդեն թոշակի էր անցել, չէր աշխատում, հաճախ զանգում էին, փորձում էին այցելել նրան, ինչը նա միշտ թույլ չէր տալիս:

_ Վստահ եմ, որ նրանք չէին այցելում, որպեսզի Ստեփան Մարկոսյանի համար ինչ-որ հաճելի պահ ստեղծեին: Իհարկե, Ձեր հոր համար էլ հաճելի կլիներ, բայց այդ մարդիկ հիմնականում «գողության էին գալիս», որովհետև այդ մարդուց հոգևոր հարստություն ունեին գողանալու. շատ-շատ գաղափարներով էլ կարելի էր վարակվել նրանից, բայց դա՝ մի կողմ. նրանք գալիս էին նրանից հոգևոր մաքրությամբ, ազգային նկարագրով «սնվելու», որովհետև այսօր, ցավոք սրտի, ամեն տեղ չէ, որ կարող ես գնալ և մարդուց «սնվել», իսկ այդ անաղարտ նկարագիրը, ազգային նկարագիրը, որ այդ մարդու մեջ եղել է, շատերի համար վարակիչ տարբերակ է, որի մեջ մարդը փորձում է թաթախվել, ներծծել դա և կրել, և շատ հարցեր շատ ավելի դյուրին են դառնում: Փնթփնթան մարդը, որը միշտ բողոքում էր, թե այստեղ հնարավոր չէ ապրել, այստեղ ներդրում անելն անիմաստ է, հարկային դաշտը, և այլն, Ստեփան Մարկոսյանի հետ շփվելուց հետո կարող է ոչ միայն այլևս չփնթփնթալ, որ այստեղ դժվար է, այստեղ գրեթե անհնար է, այլև վստահ լինել, որ ինքը կարող է և պարտավոր է ազդել հարկային դաշտի վրա, որ հարկային մարմիններն ավելի հստակ և մաքուր աշխատեն, իսկ մյուս կազմակերպություններին էլ ավելի լայն ճանապարհ բացել:

Ես շատ կուզենայի Ձեր հոր մասին բնութագրող փոքր պատմություններ լսել, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ այդ մարդու կերպարը ծանոթ լինի մարդկանց: Ինչպես Նժդեհից մեջբերում արեցի. «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»: Մինչդեռ այդ մարդը դեռ կենդանության օրոք շատ ավելի մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին և՛ իր գործունեությամբ, և՛ իր մարդկային նկարագրով, և՛ իր աշակերտների, իր ուսանողների, նրանց ազգային ձևավորման  մեջ իր լուրջ ներդրումն ունենալու առումով: Կուզենայի, որ մի փոքր նրան նկարագրեիք, որ մեզ համար հասկանալի լինի՝ Ստեփան Մարկոսյանի այդ հայու տեսակը, թե որն էր նրա բանաձևը:

_ Ինձ համար մի քիչ դժվար է, քանի որ իմ հայրն է, ես գուցե ավելի շատ անձնական դրվագներ հիշեմ, բայց կարող եմ ասել, որ ինքը շատ սկզբունքային մարդ էր՝ առաջին հերթին, և ինչ-որ իմաստով՝ խիստ, այսինքն՝ ուսանողները նրան սիրում էին, բայց որոշակի իմաստով գուցե և նույնիսկ վախենում էին, քանի որ նա բավականին խիստ դասախոս էր: Բայց նույնիսկ շատ ուսանողներ վերջին օրերին, երբ այս արարողություններն էին ընթանում, մոտենում և ասում էին՝ ընկեր Մարկոսյանը մեզ դաս է տվել, 5 անգամ կտրել է, բայց այնքան լավ մարդ էր: Կերպարն այսպիսինն էր՝ շատ խիստ, մյուս կողմից շատ բարի և արդարամիտ մարդ է եղել:

_ Մեր ջոկատում՝ «Մահապարտներ» X գաղտնի դասակում, կար ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնից մի դասախոս՝ իմ մարտական ընկերը, ինձ համար նույնպես մեծ մարդ՝ Պախկալյանց տոհմիկ ազգանունով, բայց գրվում էր Վալերի Պախալով, որը խստագույն մարդ էր՝ ահավոր բարի, բայց Ձեր հոր նման շատ սկզբունքային: Նա կարող էր 2 նշանակել, և հետո ոչ թե մեզ հայտնի դասախոսների նման այդ 2-ը 3 դարձնել, այլ անվճար պարապում էր, ստիպում էր ուսանողին հասնել գիտելիքի ինչ-որ պաշարի և հետո հենց այնպես նշանակում էր: Ասում էին՝ «զահլա» ունե՞ս, նշանակիր, անցիր առաջ, միևնույն է՝ վերջում նշանակելու ես: Նա պատասխանում էր՝ ոչ, ես պիտի վստահ լինեմ, որ իմ երկրում գիտությունը կամ տնտեսությունը կամ նորագույն տեխնոլոգիաները չեն քայքայվում այն պատճառով, որ ես սկզբունքային չեմ եղել և այդ մարդուն թույլ եմ տվել առանց գիտելիքի հեռանալ, ես պիտի հասնեմ նրան, որ ով հեռանա իմ մոտից, լինի գիտելիքով, պաշարով լի: Եվ կարծում եմ՝ Ձեր հոր նկարագիրը շատ նման է դրան, այսինքն՝ սկզբունքային էր, որ մարդը դառնա մասնագետ, մարդը իր երկիրը, իր տնտեսությանը և գիտությանը չվնասի, այլ օգտակար լինի:

_ Բացի դասախոս լինելուց նա նաև տաղանդավոր գիտնական էր. նրա բազմաթիվ ուսանողներից շատ քչերն էին, որ կարողանում էին նրա նման ինչ-որ լումա ներդնել այն գիտության մեջ, որն ինքը զարգացնում էր: Նա դիսկրետ մաթեմատիկայի գրաֆների տեսության մասնագետ է եղել: Եվ այն խումբը, որ ինքը ղեկավարում էր 80-ական թթ. վերջին և 90-ական թթ., մի հունգարա-ֆրանսիացի գիտնական կարելի է ասել՝ հայտնաբերեց արևմուտքի համար, և նրանք համագործակցում էին Մարկոսյանի խմբի հետ այստեղ, և, փաստորեն, արդյունքն այն էր, որ այդ ոլորտում՝ հենց կոնկրետ մաթեմատիկայի այդ գեղեցիկ ճյուղում, հիմա կա հայկական թեորեմ, որը հենց Մարկոսյանի և իր խմբի հայտնագործությունն էր:

_ Իսկ որոշ մարդիկ ասում են, որ գիտությունն ազգային պատկանելիություն չունի:

_ Ստացվում է, որ ունի:

_ Ուղղակի պետք է ցավով ասել, որ մականունավոր օլիգարխներին ազգը ճանաչում է, բայց Ստեփան Մարկոսյանի նման մարդկանց՝ ոչ: Ոչ միայն գիտությունն ունի ազգային պատկանելիություն, այլև, նախ և առաջ, գիտնականը պիտի ունենա ազգային պատկանելիություն և իր գիտությունը ծառայեցնի իր ազգի, իր երկրի բարօրությանը: Եվ վստահ եմ, որ Ստեփան Մարկոսյանը լավագույն օրինակներից մեկն է, թե ոնց կարելի է սեփական գիտելիքները, ընդունակությունները, ձեռքբերումները, նաև իր բարեկեցությունը ծառայեցնել իր երկրի բոլոր տեսակի խնդիրների լուծմանը: Շատ ցավալի է, որ չկա: Կրկին ու կրկին խնկարկում Ձեր հորը: Եվ վստահ եմ, որ մեր ժողովրդական լեզվով ասած՝ Ձեր հոր հոգին լույսի բաժին կդառնա, և ես ինքս ցավում եմ, որ չեմ ճանաչել նրան, որովհետև վստահ եմ, որ ես էլ նրանից «գողանալու» բան կունենայի, և ցավում եմ, որ երբեմն այնքան բազմազբաղ ենք լինում, որ կորցնում ենք մարդկանց հետ ուղղակի պարզ շփումների, հոգևոր պաշարով լցվելու, այն մարդկանցով, ովքեր տասնամյակների ընթացքում կուտակած հոգևոր արժեքներ ունեն, լցվելու և այդ մարդկանց տեսակը նաև հետագայում եկող սերունդներին փոխանցելու հնարավորությունը:

Շատ շնորհակալ եմ Ձեզանից, որ եկաք: Կրկին ու կրկին խնկարկում Ձեր հորը: Եվ կուզենայի, որ Ձեր կոչը շատերի համար դառնար նախադեպ, դառնար այն սկիզբը, սկզբունքը, որ մարդիկ հասկանային, որ մեր երկրի նման քայքայված տնտեսությամբ, դեռ լիարժեք անվտանգություն չունեցող երկրում գումարները ծախսվեն նպատակային՝ ծառայեն նպատակների և մեր ազգային, պետական խնդիրների լուծմանը անկախ նրանից, որ պետականությունն այնքան էլ դրա մասին չի հոգում:

_ Շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք այս գաղափարը տարածելուն, և անչափ շնորհակալ եմ Ստեփան Մարկոսյանի հիշատակը վառ պահելուն աջակցելու համար:

_ Շնորհակալություն: Շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում, մեր հաղորդմանը: Վստահ եմ, որ Ստեփան Մարկոսյանն իրական հայու տեսակն էր, մերօրյա հայու տեսակը: Մենք հաճախ ստիպված ենք լինում անցյալի հերոսներից, անցյալի կերպարներից, մտավորականներից, որոնք այսօր չկան. վստահ կարող եմ ասել, որ Ստեփան Մարկոսյանը մերօրյա, մեր կողքին ապրած հայու տեսակներից է, որը պատիվ է բերում յուրաքանչյուր ազգի, և վստահ եմ, որ այդ ամենը շարունակություն է ունենալու ոչ միայն Ձեր կերպարի մեջ, այլև նրա բազում-բազում ուսանողների, նրա գործը շարունակողների մեջ, և նրա նման մարդկանց շնորհիվ հայոց գիտությունը նաև ազգային նկարագիր և ազգային պատկանելիություն կունենա: Շնորհակալություն Ձեզ:

_ Շնորհակալություն Ձեզ: Ձեզ էլ Ձեր հայրենանվեր գործում մաղթում եմ հաջողություն և շնորհակալություն եմ հայտնում դրա համար:

_ Շնորհակալություն: Այս հաղորդումն էլ ավարտվեց: Հիշեցնեմ, որ «Լրատվական ռադիոյի» եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն էր, և իմ հյուրն էր Արա Մարկոսյանը՝ լուսահոգի Ստեփան Մարկոսյանի որդին, որը, ավելի քան վստահ եմ, որ շարունակում է հոր՝ հայու տեսակ ունեցող նկարագիրը:

Շնորհակալություն Ձեզ, ցտեսություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan